2012-2015` 3 տարի էր պետք, որ ԲՀԿ-ն այլընտրանքից դառնար ընդդիմություն՝ ինչպես ԱԺ կանոնակարգն է սահմանում: Բայց եթե այլընտրանք ԲՀԿ-ն ուներ ընդդիմադիր որակներ, ընդդիմադիր ԲՀԿ-ն լինելու է բացառապես իշխանական: Սա հայկական քաղաքական դաշտի երկրորդ ներդրումն է քաղաքագիտության պատմության մեջ՝ առաջին դեպքում բովանդակության և ձևի անհասկանալիության, երկրորդ դեպքում՝ անհամապատասխանության ձևով: Ընդհանրապես ԲՀԿ-ին հիմա պետք է վերաբերվել իբրև չարություն արած հիվանդ երեխայի, ում նախ պետք է բուժել, հետո արած-չարածի մասին հիշեցնել: Երեխան իսկապես հիվանդ է, իսկ հիվանդին բուժում ու աջակցություն է պետք: Բուժման համար նախ ախտորոշում է պետք, հետո բուժման արդյունավետ մեթոդների ընտրություն ու հոգատար խնամք:
Ախտորոշման հարցը լուծվեց փետրվարին, ոչ միայն ախտորոշման, այլև բավականին ծանր անդամահատության, դա շոկային բուժում էր, որից դեռ պարզ չէ՝ հիվանդը կապրի, թե կմեռնի՝ այնպիսին, ինչպիսին կար: Համենայն դեպս՝ նա այլևս երբեք չի լինի նախկինը, իսկ ո՞վ է նոր հիվանդը: Արդեն ազդարարվեց՝ «առողջ, նորմալ ընդդիմություն»: Եթե ընտրվել են այդ որակումները, ենթադրվում է, որ առաջ ԲՀԿ-ն եղել է անառողջ կամ աննորմալ ընդդիմություն կամ՝ հիմա դաշտում կան անառողջ ու աննորմալ ընդդիմություններ:
Սեփական անցյալի գնահատականը ԲՀԿ-ն հրապարակավ չի տվել, ամենայն հավանականությամբ՝ չի էլ տա: Բոլորն ամեն ինչ տեսան, բայց բոլորն ամեն ինչ չիմացան ու չհասկացան, տրամաբանական կլիներ, որ իր նոր ռազմավարությունն ու մարտավարությունը որոշարկող ԲՀԿ-ն սկսեր անցած ճանապարհի գնահատականից ու անցներ ներկա խնդիրներին՝ սահմանելով նպատակները: Եթե ԲՀԿ-ն ուզում է պահպանել քաղաքական դաշտում տեղը՝ պետք է այդ պարտադիր գործընթացներով անցնի, որքան ժամանակի մեջ երկարում է ԲՀԿ-ի ներկա խնդիրների ու նպատակների հրապարակումը, այնքան անորոշությունը պակասեցնում է նրա ազդեցությունը: Եվս մեկ արտահերթ համագումարի հրավիրումը և խնդիրների քննարկումը շատ օրինաչափ կլիներ, պայմանով, որ համագումարը կես ժամից ավելի տևի և իսկապես քննարկում ծավալվի, այլ ոչ թե ԲՀԿ-ականներն իրազեկվեն, թե ինչ է որոշել քաղաքական խորհուրդը: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի խնդիրները գուցե այդքան դժվար ու շատ չեն, որքան ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի խնդիրները: Կուսակցությունից դուրս եկած, բայց խմբակցությունում մնացած պատգամավորների հարցը (իսկ նրանք դուրս չեն գալիս խմբակցությունից, որովհետև այդ դեպքում պիտի վայր դնեն մանդատները) հավանաբար մինչև այս գումարման խորհրդարանի գործունեության ավարտը կմնա օրակարգում: Յուրային 22 պատգամավորների միասնությունն ապահովելուց զատ՝ խմբակցության ղեկավարի խնդիրը պիտի լինի կուսակցությունից անկախացած պատգամավորների ընդդեմ կուսակցության քայլերի կանխումը: Իհարկե, սրանք խնդիրներ են, որ Նաիրա Զոհրաբյանն անձամբ չի լուծելու, ու հենց դա է նրա դիրքը դարձնում խոցելի, որովհետև միշտ կարող են ստեղծվել վիճակներ, երբ հարցի լուծման լծակներ չունենալով՝ հենց նա կկրի հարցի չլուծման պատասխանատվությունը: Հովիկ Աբրահամյանի հոգածությանը հանձնելով ԲՀԿ-ն, Սերժ Սարգսյանը նրան թե լրացուցիչ հնարավորություն տվեց «սխալներն» ուղղելու, թե իրեն վերապահեց անհրաժեշտ պահին ԲՀԿ-ն արդեն Հովիկ Աբրահամյանի դեմ ուղղելու հնարավորությունը: 22 պատգամավոր մշտապես ունենալով խորհրդարանում՝ կառավարության պաշտպանության համար, Հովիկ Աբրահամյանը փորձելու է ուժեղացնել իր դիրքերը ՀՀԿ-ում: Կուսակցությունը վարչապետը փորձելու է խաղի մեջ մտցնել նաև իր անձնական հավակնությունների համար, համենայն դեպս՝ դեռ պարզ չէ, թե իշխանական բուրգը ինչ կառուցվածք կունենա և ով կլինի բուրգի գագաթին: Նա, բնականաբար, նախընտրելու է իր տարբերակը՝ նախագահական կառավարման պահպանության դեպքում՝ նախագահ, խորհրդարանական կառավարմանն անցման դեպքում՝ վարչապետ լինելու պայմանով: Դժվար է ասել, որ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ին հրաժեշտ տալով՝ քաղաքական դաշտը ընդհանրական հրաժեշտ տվեց Գագիկ Ծառուկյանին, Վարդան Օսկանյանին, Ռոբերտ Քոչարյանին: Նրանցից յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող է վերադառնալ շատ մեծ քաղաքականություն մենակ, կամ՝ կուսակցությունով, ու այդ դեպքում քաղաքական սցենարները այլ ընթացք կունենան:
«Առողջ, նորմալ» ընդդիմության իր բանաձևով ԲՀԿ-ն նաև անառողջ ու աննորմալ դաշտում է դնում գործընկերներին: Հիմա արդեն նրանք պիտի բանաձևեն սեփական «առողջությունն» ու «նորմալությունը»: Եթե ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի համար դա առանձնապես դժվար չէ, նրանք ընդամենը մրցակից են ստացել ՀՀԿ-ի նկատմամբ իրենց լոյալ պահվածքի դրսևորումներում, «Ժառանգության» ու հատկապես ՀԱԿ-ի համար իսկապես դժվար է լինելու լոյալ մնալ ու չքննադատել համաժողովրդական պայքարի նախկին ջահակրին: Ինչպե՞ս: Այս հարցը օրեցօր առավել սրվելու է: Նրանցից յուրաքանչյուրն ունի ապագա խորհրդարանում սեփական անհրաժեշտությունն ապացուցելու խնդիր: Նախ և առաջ՝ իշխանությանը, իսկ ՀՀԿ-ի ինչի՞ն են նրանք պետք: Արտախորհրդարանական դաշտում կան բազում ուժեր, որ հիանալի կարող են փոխարինել ՀԱԿ-ին ու «Ժառանգությանը» և անգամ ԲՀԿ-ին, եթե չկատարի իր՝ ՀՀԿ-ին սատար ու ոչ մի դեպքում հակառակորդ չլինելու հանձնարարականը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ԲՀԿ-ն այսօր իսկապես հիվանդ երեխա է և նրան ժամանակ ու խնամք է պետք ապաքինման համար: Բայց հիվանդ երեխա է նաև ողջ քաղաքական դաշտը, որտեղ բոլոր կուսակցություններն ունեն ինքնավերարտադրման խնդիր, որի լուծումները կատարվում են ոչ թե ընտրությունների միջոցով, այլ՝ քաղաքական պայմանավորվածությունների: Եվ որտե՞ղ մնացին սահմանադրական բարեփոխումները, որոնք պիտի համակարգային փոփոխություններ բերեն: