Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

ՀՀԿ կին անդամների կոչը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին

 ՀՀԿ կին անդամների կոչը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին
06.04.2015 | 00:20

Մենք՝ ՀՀԿ կին անդամներս, դիմում ենք աշխարհի բոլոր մայրերին ու կանանց
իբրև ժառանգները 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը ենթարկված ժողովրդի, որին Օսմանյան կայսրության տարածքում 1894-1923 թթ. տեղահանում, աքսորում ու անապատներում սպանում էին հայ լինելու պատճառով: Սպանում էին՝ ծրագրված, պետական քաղաքականության մակարդակով, որպեսզի ուրիշի հայրենիքը դարձնեն հայրենիք իրենց համար:
Մենք դիմում ենք աշխարհի բոլոր մայրերին ու կանանց՝ համոզված, որ Օսմանյան կայսրության տարածքում բնիկ հայերիս ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունեցող ոճրագործություն է՝ ուղղված քաղաքակրթության ու մարդկության դեմ և նպատակ ուներ ոչնչացնել ոչ միայն մի քանի միլիոնանոց ժողովրդին, այլև նրա արժեքները, պատմությունը, մշակույթը, սեփականելու համար նրա դարերով կուտակած նյութական ժառանգությունը:
Մենք դիմում ենք աշխարհի բոլոր մայրերին ու կանանց՝ անկախ ազգային պատկանելության ու դավանանքի՝ հավատալով, որ միասին կարող ենք լինել այն ուժը, որ այլևս երբեք աշխարհի որևէ անկյունում թույլ չի տա իր պետությանը ցեղասպանությամբ լուծել որևէ հարց:
Մենք դիմում ենք աշխարհի բոլոր մայրերին ու կանանց՝ կոչելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի այս օրերին մեզ հետ միասին հարգել միլիոն ու կես սպանվածների հիշատակը, որ նույնիսկ գերեզման չունեցան իրենց հայրենիքում, հարգել սխրանքը նրանց, որ հրաշքով փրկվելով՝ սփռվեցին ամբողջ աշխարհում ու ուժ գտան կյանքը շարունակելու, կարողացան ապրել ու զավակներ ունենալ՝ պահպանելով իրենց գենն ու լեզուն, ինքնությունն ու գոյությունը աշխարհում: Մենք երախտապարտ ենք օտարազգի այն կանանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը՝ փրկում էին հայ որբերին մահից, թուրքանալուց, սովից, ապահով տանիք ու մայրական ջերմություն էին տալիս նրանց: Մենք նաև մեր համերաշխությունն ենք հայտնում այն կանանց, ովքեր այսօր էլ աշխարհի տարբեր անկյուններում պայքարում են հանուն ինքնության պահպանման, հանուն խաղաղության՝ իրենց երկրի ու իրենց զավակների ապահով կյանքի: Մենք երախտապարտ ենք այն պետություններին, միջազգային, կրոնական և հասարակական կազմակերպություններին, որոնք քաղաքական խիզախություն ունեցան ճանաչելու և դատապարտելու Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված ոճիր: Մենք կարևորում ենք Եվրախորհրդարանի և ազգային մյուս խորհրդարանների ընդունած բանաձևերը՝ իբրև ներկայացուցչական մարմնի գնահատական, որ արտահայտում է ժողովրդի հավաքական կամքն՝ ընդդեմ ցեղասպանության և ժխտողականության: Դիմելով աշխարհի բոլոր մայրերին ու կանանց՝ մենք ակտիվ քաղաքացիական դիրքորոշման կոչ ենք անում, որովհետև մեր օրերում նույն ցեղասպանությունն է ցեղասպանության ժխտողականության քաղաքականությունը:
Հիմք ընդունելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, մենք մեր կոչն ուղղում ենք Թուրքիայի կանանց ու մայրերին՝ առերեսվելու սեփական պատմության ու հիշողության հետ՝ հրաժարվելով կեղծարարության, անհերքելի իրողության ժխտման քաղաքականությունից՝ հանուն մեր բոլորի զավակների: Միասին մենք կարող ենք դառնալ մեր զավակների խաղաղ կյանքի ու մեր պետությունների խաղաղ գոյակցության երաշխիքը:

Դիտվել է՝ 1247

Մեկնաբանություններ