Մայիսի 21-ին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Ռիգայում է լինելու, և ՀՀԿ Գերագույն մարմնի նիստը մեկ օր առաջ տեղի ունեցավ: Բնականաբար՝ Ռիգա մեկնելու նախօրեին ԳՄ նիստում պիտի խոսվեր գագաթնաժողովի ակնկալիքներից, տրամաբանորեն՝ ՀԷՑ-երի ներկայացրած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտից, գուցե առաջիկա ՏԻՄ ընտրություններից, «Նաիրիտից» և այլ խնդրահարույց թեմաներից: Բայց ժամը վեցի կողմերը Երևան-Գորիս ճանապարհին դեռ անհայտ անձինք կրակ էին բացել մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա: Բարեբախտաբար՝ առանց լուրջ հետևանքների: «Վախկոտ մարդիկ էին»՝ ավելի ուշ պիտի ասեր մեքենայում եղած մարզպետը: Մայիսի 20-ին ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ստիպված էր պատասխանել մարզպետի դեմ արձակված կրակոցներին վերաբերող հարցերին: «Ճիշտ չի լինի նախապես ենթադրություններ անել՝ առանց իրավիճակն իմանալու: Մենք պիտի չշտապենք, իրավագետներն ու քրեագետները նախ պիտի իրենց տեսակետը հայտնեն»՝ ասաց ԱԺ փոխնախագահը: «Արդարադատությունն իրականացվում է օրենքների համապատասխան, որոշակի գործընթացներով»՝ պատասխանեց նա վրիժառուների տարբերակին վերաբերող հարցին:
Ի՞նչ ակնկալիքներ ունի ՀՀԿ-ն Ռիգայում կայանալիք գագաթնաժողովից հարցին ի պատասխան կարևորը համարվեց, որ Հայաստանը շարունակում է հավասարակշիռ քաղաքականությունը՝ ուղղված ԵՄ-ի հետ երկրի շահերից բխող հարաբերությունների պահպանմանը: Նա կարծում է, որ աշխատանքային գործընթացներն արդեն արդյունքներ են տալիս և գագաթնաժողովում կպարզվի, թե ինչ շրջանակներում են զարգանում պետական շահերին, հասարակության հետաքրքրություններին համահունչ երկկողմանի հարաբերությունները: «Մենք աշխատում ենք արդեն ստանձնած պարտավորություններին համահունչ որոշումներ կայացնել: Մենք չենք կարող անել քայլեր, որ կհակասեն մեր պարտավորություններին, բայց կարող ենք անել քայլեր, որ չեն հակասում մեր պարտավորություններին և բխում են մեր շահերից: Ակնկալիքն է՝ ունենալ փաստաթուղթ ու հնարավորություն՝ շարունակելու համագործակցությունը ԵՄ-ի հետ։ Կարևոր է և քաղաքական, և տնտեսական շահերը համադրել: Դա հնարավոր կլինի հիմա, թե հետագայում՝ կերևա գագաթնաժողովում»՝ Ռիգայի գագաթնաժողովին վերաբերող մի քանի հարցերին ի պատասխան ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա հիշեցրեց, որ Հայաստանը սեպտեմբերի երեքից հետո էլ ասել էր, որ տեսնում է ԵՄ-ի հետ համագործակցության շարունակականության հնարավորությունը:
ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ պարզվեց, որ ՀՀԿ-ն միշտ ակտիվ է այդ ընտրություններում, գործադիր նիստում ընտրություններին վերաբերող հարցեր, սակայն, չեն քննարկվել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Այսքանը: Փաստորեն՝ լրագրողները ՀՀԿ-ից սպասելիքներ չունեն երկրի համար կենսական կարևորություն ունեցող հարցերում: