Երեկ ՀՀԿ ԳՄ նիստն էր, ինչպես հետո հաղորդվեց՝ քննարկվել են ներկուսակցական հարցեր, արտաքին քաղաքական հանդիպումների մանրամասներ: ԳՄ նիստը վարել է ՀՀԿ նախագահը: Սերժ Սարգսյանը հանրապետականներին պատմել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների հետ հանդիպումների արդյունքների մասին: ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց, որ միջնորդները առաջին հերթին պետք է Ադրբեջանի հետ աշխատեն, որ Իլհամ Ալիևը վերադառնա բանակցությունների սեղան: «Հասկանա, որ մաքսիմալիզմը, թշնամական հռետորաբանությունը, հայատյացությունը որևէ տեղ չեն տանում»: Անդրադառնալով Իլհամ Ալիևի մտքի հերթական «գոհարներին»՝ նա հիշեցրեց, որ Ալիևն առաջին պաշտոնյան չէ, որ նման հայտարարություններ է անում: Նույն «գործի» վրա են Ադրբեջանի առաջին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյից սկսած, որ «խոստումներ էր տալիս մեկ շաբաթից ոտքերը Սևանում լվանալ»:
Էդուարդ Շամազանովը առաջընթաց համարեց ՀԱԿ-ի արձագանքը սահմանադրական բարեփոխումներին. «ՀԱԿ-ը առաջընթաց է արձանագրել, եթե նախկինում կտրականապես մերժում էին սահմանադրական բարեփոխումների քննարկումը, ապա այսօրվա նրանց հայտարարությունը, նախագծի տեքստից մեջբերումներ անելը, իրավական գնահատականներ հնչեցնելը, դրանով ՀԱԿ-ն այլևս մտել է բովանդակային քննարկումների մեջ, անկախ նրանից, թե ես համամիտ եմ, թե չէ»: Փաստորեն՝ Սահմանադրության հայեցակարգը «պետական հեղաշրջման ծրագիր» որակելը առաջընթաց է: Իսկապե՞ս Հայաստանում, ինչպես ՀՀԿ խոսնակն է ասում՝ «Քաղաքական բազմակարծություն է, չենք էլ ակնկալում, որ բոլոր քաղաքական ուժերը կողմ կլինեն սահմանադրական բարեփոխումներին»։ Ակնկալեն-չակնկալեն՝ ակնհայտ է, որ ՀՀ առաջին ու երկրորդ նախագահները դեմ են նախագծին ու պայքարելու են նախագահի պաշտոնի պահպանության համար: Առաջինը՝ ապրիորի, երկրորդը՝ գործնական նպատակներով: Եվ գուցե այս ամբողջ պատմության իմաստն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը նախագահ չդառնա, երբ նախագահի պաշտոնը՝ իր ներկա իրավասություններով, վերանա: Բայց դա չի վերացնում վտանգը՝ նախագահական, թե խորհրդարանական կառավարման պարագայում Հայաստանի փորձը ցույց է տալիս, որ ամեն ինչ որոշում է ոչ թե օրենքը՝ Հիմնականից սովորական, այլ՝ անձը: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը չունեցած իրավասություններով էլ նախագահի պաշտոնում կարող է իր ձեռքը հավաքել իշխանությունը: Իսկ Հովիկ Աբրահամյա՞նը:
ՀՀԿ ԳՄ նախորդ նիստում Սերժ Սարգսյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին հանձնարարեց ղեկավարել սահմանադրական հանրաքվեի կազմակերպական աշխատանքները: Այսինքն՝ նախագծի անցկացման պատասխանատվությունը: Պատկերացնո՞ւմ եք Հովիկ Աբրահամյանի վիճակը՝ երբ Սերժ Սարգսյանը հրապարակավ հայտարարում է, որ ինքը սահմանադրական փոփոխությունների կողմնակից չէ ու հանձնարարում է անցկացնել նախագիծը: Սա այն դեպքն է, երբ նախագիծը անցնի՝ Սերժ Սարգսյանը հիշեցնելու է, որ ինքը կողմ չէր, չանցնի՝ հիշեցնելու է, որ ինքը հանձնարարել էր անցկացնել: Նա նաև ասել էր, որ նոր Սահմանադրության ընդունման դեպքում ապագա վարչապետը լինելու է Հովիկ Աբրահամյանը, իսկ ինքը չի հավակնում նաև ԱԺ նախագահի պաշտոնին: Կմնա միայն ՀՀԿ նախագահ: Իսկ 2018-ի նախագահական ընտրություններից հետո կդառնա վարչապետ: ՈՒրեմն Հովիկ Աբրահամյանի ինչի՞ն է պետք մեկ տարվա վարչապետությունը, հետևաբար՝ նրա ինչի՞ն է պետք, որ Սահմանադրությունը փոխվի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երբ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ քննարկվել են ներկուսակցական հարցեր ու արդարադատության նոր նախարարի նշանակման հարց չի քննարկվել, նշանակո՞ւմ է, որ նոր նախարարը ՀՀԿ անդամ չի լինելու: Սա նոր տարբերակ չէ՝ Կորյուն Նահապետյանի, Արփինե Հովհաննիսյանի անունների հետ շրջանառվում է և ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի թեկնածությունը: