Արծվիկ Մինասյանը թողնելու է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, և հնարավոր է՝ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունում գլխավորի այլ նախարարություն, ասուլիսում տեղեկացրեց Մինասյանը՝ չասելով, թե ինչ նոր նախարարություն կամ գուցե պետական այլ գերատեսչություն կարող է ղեկավարել: «Այո, եղել է առաջարկ տարբեր ուղղություններով, ես, որպես ՀՅԴ-ի կողմից առաջադրված թեկնածու, բնականաբար, այդ առաջարկությունը քննարկման առարկա եմ ակնկալում դարձնել կուսակցության Գերագույն մարմնում, որից հետո նոր մեր մոտեցումը կներկայացնենք»,- հայտարարեց Մինասյանը։
Թե ինչո՞ւ է թողնում պաշտոնը, Արծվիկ Մինասյանը բացատրեց. «Եթե կառավարության երեկվա հավանությանն արժանացած օրենքի նախագիծն ընդունվում է, ակնհայտ է, որ էկոնոմիկայի նախարարությունը չի լինում և, հետևաբար, անկախ նրանից ցանկանում եք, թե՝ ոչ, ինչը ինձ համար, որպես էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի, ես երեկ էլ եմ ասել, ընդունելի չէ, էկոնոմիկա բառը հանել նախարարության անվանման միջից, և ասել եմ երեկ այն, ինչ-որ ասել եմ»։
Երեկ կառավարության նիստում հավանության արժանացավ վարչապետ Կարեն Կարապետյանի առաջարկը՝ էկոնոմիկայի նախարարությունից դուրս բերել մի շարք կառույցներ, իսկ գերատեսչությունը վերանվանել ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն: «Այո, պարոն վարչապետը նոր դիրքում, նոր խնդիրների մասով այլ անձի տեսնելու ցանկություն է հայտնել», - ասաց Արծվիկ Մինասյանը։ ՀՅԴ ներկայացուցիչը հավելեց՝ իրենց նպատակը ոչ թե ամեն գնով որևէ պաշտոնի մնալն է, այլ ՀՀԿ-ի հետ փետրվարին կնքված կոալիցիոն համաձայնագրի իրականացումը:
«Հրաժարական տալու խնդիր չկա, որովհետև մենք ներկայումս ժամանակավոր զբաղեցնում ենք այս պաշտոնը, որպես պաշտոնակատարներ ենք, և ըստ Սահմանադրության, ըստ օրենքի, կառավարության կազմավորումը ենթադրում է հանրապետության նախագահի հրամանագիր՝ վարչապետի առաջարկությամբ, որից հետո նոր կհամարվի, որ նախարարը նշանակված է, թե՝ ոչ։ Այս պահին ես պաշտոնակատար եմ էկոնոմիկայի նախարարի, շարունակելու եմ այնքան ժամանակ՝ քանի դեռ չի եղել նոր հրամանագիր»,- ասաց Մինասյանը։
Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության միայն երկու նիստ է վարել, բայց երկուսի ժամանակ էլ հրապարակային բանավեճ է ծավալվել Արծվիկ Մինասյանի հետ: Առաջին նիստում վարչապետն ասաց, թե չի հավատում դաշնակցական նախարարի ներկայացրած տվյալներին, ինչին կտրուկ արձագանքեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը. «Զերծ մնանք ընդհանրապես շոուների տրամաբանությանը համապատասխանող, ինչ-որ տպավորություն ստեղծող քայլերից, որոնք շատ կարճաժամկետ կյանք կարող են ունենալ»։
Երկրորդ նիստում վարչապետին հակադարձեց արդեն անձամբ Մինասյանը՝ հայտարարելով, որ դեմ է էկոնոմիկայի նախարարության ձևափոխմանը: Արծվիկ Մինասյանը ասաց, որ ամենևին չի կարծում, որ Կարեն Կարապետյանը շոուներով է զբաղված: «Ինչ վերաբերում է իմ և պարոն վարչապետի հարաբերություններին՝ չկա որևէ լարվածություն, չի եղել որևէ կոնֆլիկտ, ես անկեղծորեն եմ ասում, նույնիսկ Ազգային ժողովում հանդիպման ժամանակ էլ եմ լրագրողներին ասել, ես իսկապես շնորհակալ եմ, որ վարչապետն ունի հստակ տեսակետ՝ բիզնես հանրության, բիզնես հատվածն առավել թեթևացնելու բեռը, ավելի բյուրոկրատիան և չինովնիկությունը նվազեցնելու, և սա կարևոր ուղղորդում է, ուղղություն է, որ մեր պետական կառավարման համակարգը շարժվի այդ ուղղությամբ»,- հայտարարեց Մինասյանը։
Երբ Կարեն Կարապետյանը 2011 թվականին Երևանի քաղաքապետն էր, Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ Կարապետյանը լավ մենեջեր է, բայց՝ վատ քաղաքական գործիչ: Հարցին, թե այժմ նույնպե՞ս այդ կարծիքին է, էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը պատասխանեց. «Հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ պարոն Կարապետյանը քաղաքապետ էր և արվել է այն ժամանակ»։
Արծվիկ Մինասյանը լավատեսական նոտայով է ավարտել ասուլիսը. «Հեռանկարում ես տեսնում եմ Հայաստանն առնվազն 5 -միլիոնանոց, և յուրաքանչյուր քաղաքացու համախառն ներքին արդյունքի հաշվարկով բաժին ընկնող եկամուտը Արևելյան Եվրոպայի երկրների եկամուտին համարժեք», և հավելել է, որ հեռանկարը 2050-ն է: