Ստորև ներկայացվող վերլուծությունը բերված է թուրքական մամուլի նյութերից։ Այն արտացոլում է Անկարայի քաղաքական և փորձագիտական շրջանակներում շրջանառվող տեսակետները Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ։ Տեքստը ցույց է տալիս, թե ինչպես է Թուրքիայում ներկայացվում միջանցքի ռազմավարական նշանակությունը՝ որպես էներգետիկ, լոգիստիկ և աշխարհաքաղաքական խաչմերուկ, որտեղ Անկարան փորձում է ամրապնդել իր դիրքերը, իսկ Ռուսաստանի ազդեցությունը ներկայացվում է նվազման միտումով։
Զանգեզուրի միջանցք․ տարածաշրջանի նոր ռազմավարական խաչմերուկ
Մասնագետների գնահատմամբ՝ Զանգեզուրի միջանցքը մեծ ներուժ ունի ոչ միայն առևտրի, այլև էներգետիկ անվտանգության տեսանկյունից։ Այն դիտարկվում է որպես Եվրոպայի համար անհրաժեշտ այլընտրանք` նավթի, գազի և էլեկտրաէներգիայի հաղորդուղիների ռազմավարական երթուղի։ Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի (ODTÜ) դասախոս, պրոֆեսոր Օքթայ Թանրիսևերը ընդգծում է, որ միջանցքը կարևոր ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այն անցնում է ավելի քիչ երկրների տարածքով և գտնվում է Ռուսաստանից հեռու: Թանրիսևերը նաև նշել է, որ Հայաստանի ներքին քաղաքական զարգացումներով պայմանավորված և Ռուսաստանի քաղաքականության հստակեցումից հետո միայն հնարավոր կլինի տարածաշրջանում իրականացնել էներգետիկ ներդրումներ։ Եթե Զանգեզուրի միջանցքով Կասպյան տարածաշրջանից ավելի շատ նավթ, գազ և էլեկտրաէներգիա հասնի Թուրքիա, դա կարող է նպաստել Թուրքիայի՝ Եվրոպական շուկաների համար կարևոր տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալուն։ Մուտք ունեցող էներգակիրների քանակի ու ծագման երկրների բազմազանությունը ևս կխթանի այս ռազմավարական նպատակին հասնելը։ ԵՄ-ն և ԱՄՆ-ը Զանգեզուրի միջանցքին ռազմավարական աջակցություն են ցուցաբերում։ ԱՄՆ-ը դիտարկում է այն ոչ միայն էներգետիկ ուղի, այլև ռազմավարական միջոց՝ Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը սահմանափակելու համար, իսկ ԵՄ-ը, հատկապես Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմի ֆոնին, մեծ կարևորություն է տալիս միջանցքին։ Չինաստանը, իր հերթին, Զանգեզուրը դիտարկում է որպես «միջանցքների պատերազմների նոր ճակատ» և ներդրումներ է կատարում Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի լոգիստիկ ցանցերում՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։
Զանգեզուրի միջանցքը միավորում է էներգետիկ, տրանսպորտային և լոգիստիկ հետաքրքրությունները՝ ծառայելով որպես Կասպյան ավազանի էներգակիրները Թուրքիայով Եվրոպա հասցնելու լրացնող օղակ։ Անկարայի սոցիալական գիտությունների համալսարանի (ASBÜ) դասախոս, պրոֆեսոր Լևենթ Այդինը նշել է, որ այն կտրամադրի նոր ցամաքային և երկաթուղային կապ, ինչպես նաև խողովակաշարերի նոր երթուղի՝ էլեկտրահաղորդման գծերի և ֆիբրօպտիկ հաղորդակցական ենթակառուցվածքների համար։ Անշուշտ, ներկայում այս միջանցքը դեռևս «էներգետիկ գիծ» չէ, սակայն ապագայում կարող է ծառայել ռազմավարական ենթակառուցվածքային միջանցք՝ TANAP-ին զուգահեռ նոր գազատարների, նավթատար խողովակաշարերի, Ադրբեջան-Թուրքիա էլեկտրական փոխկապակցման կամ թվային հաղորդակցական գծերի համար։
Այլ մասնագետներ նշում են, որ Թուրքիայի դերը այս միջանցքում կուժեղացնի երկրի դիրքերը որպես տարածաշրջանային էներգետիկ և առևտրային հանգույց, և ամենակարևորը, միջանցքը տեղակայված է այնպես, որ անցնում է Ռուսաստանի ազդեցությունից հեռու՝ սահմանափակելով նրա անմիջական վերահսկողությունը տարածաշրջանում։ Սա հատկապես կարևոր է էներգետիկ անվտանգության տեսանկյունից, քանի որ Թուրքիան և գործընկեր երկրները կստեղծեն այլընտրանքային երթուղիներ՝ նվազեցնելով Ռուսաստանի ազդեցությունը Կասպյան էներգակիրների փոխադրման վրա։ Ռուսաստանի ռազմավարական և անվտանգության շահերը, ինչպես նաև տարածաշրջանի նկատմամբ նրա քաղաքական ազդեցությունը ստիպում են Թուրքիային զգալի ռազմավարական առավելություն ունենալ այս միջանցքում՝ դառնալով հիմնական խաղացող, որը կարող է ձևավորել միջանցքի ենթակառուցվածքները և վերահսկել կարևոր էներգետիկ հոսքերը։
Այսպիսով, Զանգեզուրի միջանցքը ոչ միայն Թուրքիային տալիս է նոր հնարավորություններ տարածաշրջանային էներգետիկ և առևտրային դաշտում, այլև ծառայում է Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու գործիք։ Այն դառնում է ռազմավարական խաչմերուկ, որտեղ Թուրքիան ստանում է դերակատարություն էներգետիկ, լոգիստիկ և աշխարհաքաղաքական ոլորտներում՝ նվազեցնելով Ռուսաստանի ուղղակի վերահսկողությունը տարածաշրջանի կենսական միջանցքների վրա։
Գրիգոր Գրիգորյան