Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

«Աստղերը հուշում են միայն «չիմացողներին»

«Աստղերը հուշում են միայն «չիմացողներին»
01.01.2013 | 15:43

Ի՞նչ է բերելու 2013-ը: Շատերն այս հարցի պատասխանը փնտրում են հորոսկոպներում:

Ի՞նչ կապ ունի աստղերի դասավորվածությունը մարդկային ճակատագրի հետ: Իսկապե՞ս աստղերը դժբախտություն են բերո՞ւմ մարդկանց կամ ճակատագիր կանխորոշում:
«Կապ չեմ տեսնում: Մարդիկ մեծամիտ են: Մենք ավելի շատ ղեկավարությունից ենք կախված, քան, օրինակ, Նեպտունից»,- ասում է աստղաֆիզիկոս, Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ ՍՄԲԱՏ ԲԱԼԱՅԱՆԸ:
Ի դեպ, աստղաբաններին, աստղագուշակներին հաճախ շփոթում են աստղագետների հետ:
ՀԱԸ-ի համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ վստահեցնում է, որ նրանց գործունեությունը, հետաքրքրաշարժ հայտարարությունները գիտական հիմնավորում չունեն: «Մեզ մոտ հայտնվել են մարդիկ, որոնք, ըստ էության, աստղագուշակներ են, բայց իրենց աստղաբաններ են անվանում,-ասում է նա:- Ես կարող եմ ևս մեկ անգամ կրկնել, որ Հայաստանում գոյություն չունի աստղաբանի մասնագիտություն, եթե որոշ երկրներում կա (այն էլ բացառության կարգով, մի քանի տեղ), ապա մեզ մոտ իրեն աստղաբան կոչողը պարզապես շառլատան է: Նման մասնագիտություն չկա»:
ՈՒշագրավ է նաև Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն, աստղագետ, տոմարագետ ԳՐԻԳՈՐ ԲՐՈՒՏՅԱՆԻ մեկնաբանությունը: «Իրատես de facto»-ի հետ զրույցներից մեկում նա նշեց, որ աստղագուշակությունը ավանդական գիտություն է, վեդայական ավանդույթով մեզ հասած տարբեր բնագավառներից մեկը։ «Այդտեղ գուշակության արվեստն ունի ընդամենը մարդուն օգնելու, օժանդակելու դեր։ Այսօր մենք քիչ բան գիտենք այդ գիտության մասին: Պահպանվել են որոշ տարրեր (ոչ ամբողջական) տարբեր ժողովուրդների հավատալիքների, սովորույթների մեջ: Կարող ենք ասել, որ Հայաստանում էլ նման գիտություն եղել է, բայց վաղուց կորել է»:
Աստղագետի խոսքով` իր ավանդական վիճակով դա բնավ շառլատանություն չէ, բայց քանի որ շատ տեղերում կորսված է, նախնականը չկա, այն փոխարինվել է ստով, խաբեությամբ:
«Աստղերը, մոլորակները ոչինչ չեն կանխորոշում, իսկ հուշում են, ընդհանրապես, միայն «չիմացողներին»: Ով գիտի իր կյանքը, իր անելիքը, նա աստղերի «խորհրդի», «հուշումների» կարիքը չունի»,- եզրափակում է իր խոսքը նա:
Հետաքրքիր է իմանալ նաև` պաշտոնական բնույթի բանավեճեր լինո՞ւմ են աստղագետների և աստղաբանների միջև: Գուցե իրար ասելու բա՞ն ունենան:
«Բոլորովին,-ասում է Սմբատ Բալայանը:- Աստղաբանները գիտական հայտնագործություններին կարող են տալ սխալ, անհիմն մեկնաբանություններ, մոլորության մեջ գցել մարդկանց: Միշտ պետք է զգուշությամբ վերաբերվել նմանատիպ հայտարարություններին: Հիմա տեղեկատվական միջոցները ազատ հասանելի են, ինֆորմացիան հեշտ է տարածել: Կարծում եմ` նման բնույթի յուրաքանչյուր բանավեճ ժամանակի անիմաստ վատնում է, իսկ աստղաբանների հայտարարությունները` հակագիտական»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5947

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ