Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Խաչմերուկում դեռ կանաչ լույս է

Խաչմերուկում դեռ կանաչ լույս է
28.02.2014 | 00:34

Հիշո՞ւմ եք Օստապ Իբրահիմ Մարիա Բենդեր բեյի հանրահայտ ասույթը. «Ավտոմեքենան շքեղություն չէ, այլ փոխադրամիջոց»: Օստապ Բենդերը, իհարկե, ճիշտ էր՝ ավտոմեքենան փոխադրամիջոց է, բայց կարող է դառնալ և շքեղություն, համենայն դեպս, անհասանելի փոխադրամիջոց մեր օրերում ու մեր երկրում:
Պատճառը, ինչպես ենթադրում եք, գինն է: Ավելի ճիշտ՝ գնի բարձրացումը: Իսկ գնի բարձրացման պատճառը, վերստին կռահեցիք, Մաքսային միությանն անդամակցությունն է: Տարբեր ապրանքատեսակների հնարավոր թանկացումների մասին լուրերը շրջանառվում են նախանձելի հետևողականությամբ և նույնքան նախանձելի հետևողականությամբ անվանվում են բանակցությունների նյութ: Բանակցությունների արդյունքը ոչ ոք չի կարող կանխատեսել, բայց բանակցությունները գործառնում են թվերով ու փաստերով, ուստի հաշվարկել միանգամայն հնարավոր է: Շրջանառվող լուրերը ավտոմեքենաների թանկացումների սկիզբ նշում են մեկ ապրիլի մեկը, մեկ՝ հունիսի մեկը, թեպետ որևէ պատճառաբանություն չի բերվում՝ ինչո՞ւ հենց ապրիլը կամ հունիսը: Բնական է, որ թանկացումները վերաբերելու են միայն ու միայն ոչ ռուսական արտադրության ավտոմեքենաներին: Հայաստանի ներքին շուկայում եվրոպական, ամերիկյան, հարավկորեական ու ճապոնական արտադրության ավտոմեքենաների գները կարող են եռապատկվել: Այս թիվը, ի տարբերություն ժամկետի, հիմնավորում ունի. հիմա ավտոներկրողը վճարում է 10 % մաքսատուրք, գումարած 20 % ԱԱՀ, որ հաշվարկվում է ավտոմեքենայի մաքսային արժեքից: Իր ավտոարդյունաբերությունը պաշտպանելու և արտասահմանյան ավոմեքենաների մուտքը երկիր նվազեցնելու նպատակով Ռուսաստանը բարձր մաքսատուրք է սահմանել և այդ հարկատեսակը գործելու է Մաքսային միությունում: Ռուսաստանում արտասահմանյան մարդատար ավտոմեքենաների մաքսատուրքը միջինը 25 % է, իսկ Ղազախստանում՝ 35 %: ՌԴ-ում ներկրվող ավտոմեքենայի մաքսատուրքը հաշվվում է շարժիչի աշխատանքային ծավալի յուրաքանչյուր խորանարդ սանտիմետրի համար սահմանված գործակցով՝ 0,5-4 եվրո յուրաքանչյուր խորանարդ սանտիմետրի համար: Տատանումը կախված է շարժիչի հզորությունից և տարիքից, այսինքն՝ մաքսատուրքը կարող է գերազանցել 25-35 %-ը, հավելեք ԱԱՀ-ն, և կստացվի, որ ամենասովորական ավտոմեքենան դառնում է շքեղություն: Բանակցեն, թե չբանակցեն, հաջող բանակցեն, թե հարկադրված համաձայնեն, կա երկու տարբերակ. առաջին. շատ եք վճարում և գնում եք արտասահմանյան արտադրության ավտոմեքենա, որը որակով է, հուսալի և երկար կծառայի, եթե դուք Շումախերը չեք, երկրորդ. համեմատաբար քիչ եք վճարում և գնում եք ռուսական արտադրության ավտոմեքենա, որը որակով անհամեմատ զիջում է արտասահմանյանին, օգտագործում է ավելի շատ վառելիք և շուտ-շուտ խափանվելու սովետական սովորություն ունի, այսինքն՝ ժլատը կրկնակի է վճարում, թերևս և եռակի՝ մեքենայի համար, բենզինի համար, ավտոպահեստամասերի ու նորոգման համար: Իհարկե, կա նաև երրորդ տարբերակը, որ գործում է, երբ միանում է հայի հետին խելքը. մեքենան գնում եք մինչև անխուսափելի թանկացումը: Գնում եք արտասահմանյան մեքենա ու մեքենայի պատուհանից ցավակցաբար ու ըմբռնումով նայում եք ռուսական արտադրության մեքենա վարողների բարկացած դեմքերին: Եթե, իհարկե, նրանք կարողանում են զարգացնել համարժեք արագություն և զուգահեռ ընթանալ ձեզ հետ:
Հիշեցնեմ, որ թանկացումը վերաբերելու է հատկապես նոր ավտոմեքենաներին, որոնք վաճառվում են ավտոսրահներում: Դե իսկ նոր ու օգտագործած (մի քանի անգամ գուցե մասերը փոխած) մեքենաների տարբերությունների մասին, կարծում եմ, լուրջ չէ խոսելը: Թեպետ հինումին մեքենաներն էլ, որոնք ավտոսրահներում չեն վաճառվում, հաստատ կթանկանան: Ամեն օր նրանց տեսնում եք փողոցներում՝ ապակիներին փակցված հայտարարություններով ու հեռախոսահամարներով: Իհարկե, որևէ մեկը ստույգ թիվ չի կարող ասել, թե հիմա ինչքան ավտոմեքենա կա ավտոսրահներում վաճառվող, բայց ակնհայտ է, որ վաճառքի թվերը մեծացել են ու մեծանալու են: Շատ խելք պետք չէ հասկանալու համար, որ ավելի լավ է այսօր հինգ հազարով ձեռք բերես այն, ինչի դիմաց վաղը վճարելու ես տասնհինգ հազար: Ընդ որում՝ որակի ու քանակի որևէ փոփոխություն չի լինելու, միայն գրպանիդ պարունակությունն է եռակի պակասելու: ՈՒ եթե իսկապես որոշել եք ավտոմեքենա գնել ու գումարն էլ ունեք, մի հետաձգեք վաղվան, այսօր ձեր երազած շքեղությունը իբրև ավտոմեքենա կարող եք ձեռք բերել, վաղը նույն գումարով կունենաք ավտոմեքենա իբրև փոխադրամիջոց: Համենայն դեպս, ասեմ, որ ԱՊՀ տարածքում ռուսական արտադրության ավտոմեքենաների վաճառքը կտրուկ անկում է ունեցել, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը հաշտվել է իր ավտոարտադրության կիսաաղետալի վիճակի հետ: Եթե արտասահմանյան մեքենաները առաջ են անցնում որակով ու համեմատաբար էժան գնով, Ռուսաստանն առաջ է ուզում գնալ քանակով և արտասահմանյան ավտոմեքենաների համար իր (համարեք Մաքսային միության) ողջ տարածքում կարմիր լույս վառելով: Բելառուսում ու Ղազախստանում էլ ռուսական արտադրության մեքենաների վաճառքը շատ քիչ է՝ արտասահմանյան ավտոմեքենաների համեմատ: Հայաստանում էլ այսօր արդեն շատ քիչ են ռուսական արտադրության ավտոմեքենաները՝ հիմնականում վաղուց գնածներ, որ պահպանվել են հմուտ ու հոգատար վարորդների շնորհիվ:
ՈՒրեմն ի՞նչ: Մի բարդացրեք ձեր կյանքը: Առավել ևս, որ հասարակական տրանսպորտը, հատկապես Երևանում, նույնպես անշեղ թանկանալու ու որակի, արագության, հարմարավետության մեջ մշտապես զիջելու սովետական բնավորություն ունի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Իր հավատարիմ ընկեր Ադամ Կոզլևիչի համար Օստապ Բենդերը հայթայթել էր քսայուղի խողովակ նրա «Անտիլոպը» տեղից շարժելու համար, բայց երբ խողովակը հանդիսավորապես հանձնեց Կոզլևիչին, «Անտիլոպից» մնացել էին միայն անիվները: Կոզլևիչ մի եղեք, Բենդերն արդեն չի գալու:

Դիտվել է՝ 2134

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ