Խաբուսիկ է տպավորությունը, թե Հայաստանում առանձնապես զարգացումներ չկան: Հարաբերական անդորրի հատակում անձայն խլրտոց է՝ արտքաղաքական, որից էլ կածանցվի ներքաղաքական դոմինոյի էֆեկտը:
Թվում էր, թե ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից, խորհրդարանում «հավսա՜ր, զգա՛ստ, ուշադրությունը դեպի Ռուսաստան» պայմանագրի վավերացումը մեկընդմիշտ կհաստատեր հայոց արտքաղաքական օրակարգը` տարընթերցումների ճեղք իսկ չթողնելով:
Իզուր: Հենց միայն մեկ օրվա քրոնոլոգիան գալիս է ասելու, որ Հայաստանը, հետևաբար, Հարավային Կովկասը, վերածվում է «երկրորդ ճակատի», ուր փորձ է արվում սեղմելու օղակը Ռուսաստանի շուրջը` կյանքի կոչելով Բժեզինսկու խելահեղ նախագիծը՝ մի կողմից` Մեծ Մերձավոր Արևելքը հնազանդեցնելուն, մյուս կողմից` Ռուսաստանը «գուբերնիաների» բաժանելուն միտված, որը իր ժամանակին ահավոր աբսուրդային էր թվում, սակայն դիտարկելով արևմտյան, առավել ստույգ` ամերիկյան խաղի «շառավիղը», ուղեղային կենտրոնների` առաջ-հետ քայլերի հաջորդականությունը, հասկանում ես` ծերուկն իզուր չի ժամանակ կորցրել, ավելին` ինքը լուրջ է «խրվել» այդ իդեա-ֆիքսի մեջ` իր հետևից քարշ տալով ոչ միայն Նահանգներն ու Միացյալ Եվրոպան, այլև ողջ աշխարհը:
Այսպիսով, ՈՒկրաինայում… Ձգենք դադարը՝ մեկընդմիշտ ֆիքսելու՝ այդ ԱՄՆ-ը վերցրեց ՈՒկրաինան, մի փշուր` Ղրիմը թողնելով Ռուսաստանին, և ոչ Ռուսաստանը վերցրեց երբեմնի իրեն պատկանող Ղրիմը:
Այդ ԱՄՆ-ը վերցրեց Վրաստանը, մի փշուր` Աբխազիա-Օսիա «տալով» Ռուսաստանին:
Անչափ պարզունակ պատճառով. Ղրիմը, Օսիան, Աբխազիան ավելորդ բալաստ էին ԱՄՆ-ի համար` ՈՒկրաինան ու Վրաստանը դեպի ՆԱՏՕ քարշ տալու, ՆԱՏՕ-ն տարածելու, ՆԱՏՕ-ի ձեռքերով Ռուսաստանը շրջափակելու համար:
Եվ այսօր, որքան էլ Պուտինն իրեն ինքնավստահ զգա, ժամերով ասուլիսներ տա, բոլորին համաժամանակյա «ՎՏփՌՑՖ» անի կողքի «սարտիրում», Սաակաշվիլուն «մի տեղից կախի կողքի ծառից», պատային, դժվար իրավիճակում է ոչ միայն պատժամիջոցների, այլև նավթի գների առումով, որոնք առասպելական արագությամբ անկում են ապրում` իրենց հետ գահավիժման տանելով ոչ միայն ռուսաստանյան տնտեսությունը, այլև Ռուսաստանի բոլոր իդեա-ֆիքսերը:
Ընդ որում, հենց այնպես չէ, որ հակասություններ են առաջացել այդպես էլ դեռևս չամբողջացած ու չկայացած ԵԱՏՄ-ում` Ռուսաստանի-Ղազախստանի ու Բելառուսի միջև. վերջիններս հետ-առաջ տեխնոլոգիայի կիրառմամբ իրենց համար փափուկ բարձիկների ռեժիմներ են ապահովում այս խաղում, որպեսզի եթե այնպես լինի, որ Ռուսաստանի տնտեսությունը փլուզվի, ինչպես եղավ իննսունականներին, իրենք դրա տակ չմնան:
Իսկ Հայաստանում, ինչպես ասացինք, միայն մեկ օրվա քրոնոլոգիան անզիջում այդ պայքարի վավերագիրն է ամրագրում. ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում, ԵԱՏՄ պայմանագրի ֆոնին, ԱԺ է շտապում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնը. երկարատև, փակ հանդիպում ունենում արտաքին կապերի մշտական հանձնաժողովի հետ:
Ամերիկյան պետդեպի` ուղղաթիռի օպերացիային ուշի ուշով հետևելու հայտարարության հետևից արագությամբ Հայաստան է ժամանում ոչ անհայտ Բորդյուժան, որը միշտ լուռ էր ադրբեջանական բոլոր կարգի ոտնձգությունների ու դիվերսիաների ժամին և նույնքան արագ ասում. «Գիտե՞ք, ուղղաթիռի հետ կապված միջադեպը քննարկման թեմա կդառնա ՀԱՊԿ նստաշրջանում»:
Մենք հիմա ժամանակ չունենք «հաշվելու», թե ինչ է իրականում ասում նա, ինչ կա նրա այս մտքերի «տակ», և ինչու է ՀԱՊԿ-ը հիշել, ուստի շարունակենք «օրվա» քրոնոլոգիան։
Հայաստանը ՆԱՏՕ-ի հովանու ներքո զորամիավորում ուղարկեց Լիբանան:
Պուտինը պատրաստվեց մեկնելու Թուրքիա:
Եվ վերջապես, Դաղստանում սկսեց ակտիվանալ Իսլամական պետությունը:
Հանգամանքներ, որոնք ոչ միայն սեղմում են օղակը Ռուսաստանի, այլև Հարավային Կովկասի, այդ թվում՝ Հայաստանի շուրջը` մոտեցնելով «ճշմարտության պահի» ժամը, ինչը առավել ծավալուն ու հանգամանալից քննարկման թեմա է:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ