ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Հայը միայն կը հավերժանա իր հողին վրա»

«Հայը միայն կը հավերժանա իր հողին վրա»
12.12.2014 | 11:21

ԱՍԱԼԱ-ի 40-ամյակին ու գործունեությանն ընդառաջ լույս է տեսել «Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) վավերագրություն զինյալ և հրատարակչական գործունեության» գիրքը, որը հրատարակել է Լիբանանի «Սփիւռք» պարբերաթերթի հրատարակչությունը։
Հեղինակն է ՍԱԳՕ ՕԳՆԱՅԵԱՆԸ, որի հետ էլ զրուցում ենք կարևոր այս իրադարձության մասին:

-Պարոն Օգնայեան, խնդրում եմ, մի քանի խոսքով ներկայացրեք Ձեր աշխատանքը:
-Վավերագրությունը կը բաղկանա երեք մասերէ, որոնց ենթախորագիրներն են.
Ա) «ՀԱՀԳԲ-ի ռազմական գործողությունները». մանրամասնորեն կը տրվին այն զինվորական գործողությունները (ընդամենը 256 թիրախ և 45 մահ), որոնց պատասխանատվությունները ստանձնած են ՀԱՀԳԲ-ն և իրեն ենթակա փոքր խմբավորումները:
Բ) «ՀԱՀԳԲ-ի գրահրատարակչությունը», որը կը բովանդակէ.
1. տեղեկություններ ՀԱՀԳԲ-ի պաշտոնաթերթ «Հայաստանի» մասին, որուն մեջ լույս տեսած են հայերեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, թրքերեն, պարսկերեն և ռուսերեն հոդվածներ:
2. ՀԱՀԳԲ-ի հրատարակած գրքույկներն ու գրքերը հայերեն, արաբերեն, անգլերեն և ֆրանսերեն, ընդամենը 40 հատ, տրված են տեղեկություններ այս հրատարակություններուն մասին:
3. ՀԱՀԳԲ-ի որմազդերը, բացատրություններ յուրաքանչյուրին բովանդակությունը իրենց նկարներով, ընդամենը 52 որմազդ:
Գ) «ՀԱՀԳԲ-ի նահատակները», որոնց դամբանաքարերը զետեղված են Եռաբլուրի մեջ: Հոս կը տրվին յուրաքանչյուրին մասին կարճ տեղեկություններ իրենց նկարներով, ընդամենը 39 նահատակ:
-Գիրքը, ըստ Ձեզ, նոր էջ կբացի՞ մեր նորագույն զինյալ ազատագրական պայքարի պատմության մեջ՝ ծառայելով որպես ձեռնարկ պատմաբանների և հասարակության համար:
-Գիրքին Ա և Բ մասերը թեև նախապես լույս տեսած են Լիբանանի մեջ հրատարակվող «Սփիւռք» պարբերաթերթի համարներուն մեջ, սակայն որպես գիրք առաջին անգամ լույս կը տեսնե և կարգ մը փոքր հավելումներով կը նկատվի գրեթե ամբողջական, որմե կրնան օգտվիլ ուսումնասիրողներն ու լայն հասարակությունը: Աղբյուրները հարազատ են, հիմնականապես օգտվելով ՀԱՀԳԲ-ի արխիվներեն, նաև զանոնք բաղդատելով ուրիշ հայ և օտար աղբյուրներու հետ, ըլլան անոնք մամուլ, թե գիրքեր:
-2015 թվականի հունվարի 20-ին լրանում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) 40-ամյակը, այս առիթով ի՞նչ կասեք, արդյոք եղե՞լ են ձեռքբերումներ ու բացթողումներ Հայկական հարցի արդարացի լուծման վերաբերյալ:
-2015 տարեթիվը ոչ միայն կը հատկանշվի ՀԱՀԳԲ-ի ծննդյան 40-ամյակով, այլև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցով: Վերջինով մենք կորսնցուցինք մեր պատմական հողերուն մեծամասնությունը, իսկ առաջինը ծնունդ առավ այդ պատմական հողերու ազատագրության նպատակով: Շատեր կը խեղաթյուրեն ՀԱՀԳԲ-ի հիմնական այս նպատակը, շփոթելով զայն ուրիշ հայկական կազմակերպություններու նպատակներուն հետ: ՀԱՀԳԲ-ին անունը հստակորեն կը բացատրե իր նպատակը, որն է՝ ազատագրել հայկական պատմական հողերը թուրք բռնագրավիչներեն: Անոր նպատակը բնավ չէ եղած եղեռնի նահատակներուն վրեժը լուծել, քանի որ այդ ժամանակահատվածը կը նկատվի 1920-ականները, ուր «Նեմեսիս» խումբը ծրագրեց և իրագործեց՝ սպանելով թուրք ոճրագործներուն մեկ մասը, այսպիսով վրեժը լուծելով հայ նահատակներուն: ՀԱՀԳԲ-ի հիմնական նպատակը նաև բնավ չէ եղած զինվորական գործողություններ կատարելով քարոզչական աշխատանք տանիլ: ՀԱՀԳԲ-ն «Հայկական դատ» կամ «Հայկական հարց» ըսելով կը հասկնա միայն զինյալ գործողություններով ազատագրել հայկական հողերը, իսկ մնացյալները` գրահրատարակչությունը, քարոզչությունը և այլն, կուգան ամբողջացնելու զայն: Շատեր, ազդված արևմտեան քարոզչութենէ, ՀԱՀԳԲ-ն կը նկատեն ահաբեկչական կազմակերպություն, մինչ ան եղած է հեղափոխական միակ կազմակերպությունը Սփյուռքի տարածքին: ՀԱՀԳԲ-ն ժամանակավորապես սառեցուց իր գործողությունները Հայաստանի Հանրապետության անկախացումեն և Արցախի ազատագրութենեն հետո: Այս վերջինին մեջ նկատելով իր նպատակներեն մեկ փոքր մասի` հայկական հողերու արևելեան կողմի ամբողջական ազատագրումը: Իսկ հողերու արևմտեան մասի ազատագրումը տակավին կը մնա հիմնական նպատակակետը այս կազմակերպության: ՈՒստի ան չի լուծարվիր, մինչև որ չհասնի իր հիմնական նպատակին, որն է՝ ազատագրել Թուրքիո բռնակցված հայկական հողերը:
-2015 թվականի ապրիլի 24-ին լրանում է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, այս առիթով Ձեր խոսքը հայ ժողովրդին:
-Հայ ազգի մեկուկես միլիոնի եղերական բնաջնջումին և հողերու կորուստն ու հայ մնացորդացի ցիրուցան տարածվիլը տարբեր երկիրներու մեջ կը նկատվին մեր պատմության մեջ եզակի իրողություն մը, որ չէ պատահած նախապես: Սփյուռքը վերջավորության ուծացումի պիտի երթա և տկարանա: Հայը միայն կը հավերժանա իր հողին վրա: ՈՒստի, ամեն մարզի մեջ (տնտեսապես, ռազմականորեն, բազմածնությամբ, արտագաղթի դեմ պայքարելով) զօրացնենք այժմու Հայաստանի և Արցախի հանրապետությունները, որպեսզի հետագային զայն խարիսխ ծառայելով ազատագրենք մնացած հողերը:
-Արդյոք հետագայում կընդլայնվի՞ Ձեր փաստավավերագրական աշխատությունը, որպեսզի ընթերցողն ավելի մոտիկից ծանոթանա Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) 40 տարվա գործունեությանը:
-Բնական է, որ 40 տարվա գործունեությունը չի կրնար ամփոփուիլ մեկ կամ քանի մը գիրքերու մեջ: Մանավանդ իր ծնունդեն մինչև 1986 թվական ՀԱՀԳԲ-ն հսկա պատմություն թողած է, որ պետք է պրպտենք և բոլորին ներկայացնենք: ՀԱՀԳԲ-ի 39 նահատակները, որոնք հերոսներ են՝ զոհված Հայ դատի վեհ նպատակին համար, յուրաքանչյուրը ունեցած է իր յուրահատուկ գործունեությունը և ազատագրության ճամբուն վրա իրենց երիտասարդ կյանքը նվիրած են ազգին: ՀԱՀԳԲ-ն ունեցավ իր մեծ դերը Հայկական հարցի նկատմամբ, որ չէր պատահած նախապես Սփյուռքի ամբողջ պատմության ընթացքին:


Զրույցը՝
Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3377

Մեկնաբանություններ