Նորից Հայաստանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նրան ընդունել են ՀՀ նախագահը և պաշտպանության նախարարը: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ «Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը, ծրագրված համատեղ միջոցառումների կազմակերպմանը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2015» համատեղ զորավարժության նախապատրաստման ընթացքին, Կազմակերպության Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր»: Սա՝ նախագահի հետ հանդիպման մասին: Պաշտպանության նախարարի հետ՝ նույնը, հավելյալ՝ «Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի 2014թ. դեկտեմբերյան վեհաժողովի որոշումների իրականացման հարցերն` ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ»: Բնականաբար՝ ոչ մի խոսք սահմանային նոր միջադեպի մասին, չէ, որ Նիկոլայ Բորդյուժան հստակ էր ասել, որ ՀԱՊԿ-ը չի խառնվում հակամարտության կարգավորմանը: Ոչ մի խոսք նաև ՀՀ նախագահի հայտարարության մասին, որ ռուսական զենքի վաճառքը հայ-ռուսական հարաբերությունների վրա կարող է ազդել: ՀԱՊԿ-ը զենք չի վաճառում, Ռուսաստանում այդ գործով բոլորովին այլ կառույցներ են զբաղվում: Բայց Բորդյուժան նորից Հայաստանում է, ուրեմն՝ խնդիր կա: Այդ խնդիրների մասին, սակայն, երբեք պաշտոնապես չի հաղորդվում: Հանդիպումներին հաջորդող իրադարձություններից միայն կարելի է ենթադրել քննարկված խնդիրներն ու դրանց լուծումները: Բայց այս դեպքում կա նաև մեկ այլ տեղեկատվություն: Բորդյուժան միայնակ չի եկել, նրա հետ է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինը: «Նրա ղեկավարությամբ գործնական խաղ Է անցկացվել, որի շրջանակներում քննարկվել Է հավաքական անվտանգության միջոցների ծավալումը «Իսլամական պետության» դեմ պայքարի ֆոնին: Խաղի մասնակիցները փորձարկել են պայմանական Գյումրիա և Թուրան պետություններին ռազմական օգնության տրամադրման հարցերը: Այդ պետություններում, կտրուկ սրվել էր իրադրությունը՝ քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորված, որն ուղեկցվում է ծայրահեղական տարրերի և խմբավորումների միջամտությամբ, որոնք պատրաստություն են անցել ահաբեկչական Թալիբան շարժման և «Իսլամական պետություն» խմբավորման բազաներում: Խաղի մասնակիցները փորձարկել են ՀԱՊԿ-ի Ճգնաժամային արձագանքման կենտրոնի աշխատանքի կարգը: Բանակցվել է, թե միջազգային կազմակերպությունների հետ միասին ինչ քաղաքական, դիվանագիտական և տնտեսական միջոցառումներ պետք է ձեռնարկվեն ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային շահերի պաշտպանության համար»: Այսքանը: Տեղեկատվությունը չի հաղորդում՝ ո՞վ է խաղը շահել՝ Գյումրիա՞ն, թե՞ Թուրանը: Ռազմական շատ մեծ պատրաստվածություն պետք չէ հասկանալու համար, որ պայմանական Գյումրիան Հայաստանն է՝ ՀԱՊԿ-ի համար ՀՀ մայրաքաղաքը Գյումրին է, իսկ Թուրանը՝ Թուրքիան: Եվ իրավիճակն այդ պետություններում սրվել է «քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորված, որն ուղեկցվում է ծայրահեղական տարրերի և խմբավորումների միջամտությամբ»: Շատ ծանոթ ձևակերպումներ են բոլոր նրանց համար, ովքեր հաճախ են դիտում ու ունկնդրում ռուսական լրատվամիջոցներին: Այսինքն՝ եթե պայմանականություններից դուրս ենք գալիս, ստացվում է, որ ՀԱՊԿ-ը Հայաստանում է ոչ միայն ու ոչ թե ՀՀ սահմանը Թուրքիայից պաշտպանելու համար, ինչը այդքան թմբկահարվում է, այլ՝ Հայաստանից Թուրքիային օգնելու համար, երբ նրա վրա հարձակվեն ահաբեկչական Թալիբան շարժման և «Իսլամական պետություն» խմբավորման բազաներում ռազմական պատրաստություն անցած զինյալները: Համենայն դեպս՝ խաղի մակարդակով: Եվ ինչպե՞ս է այդ «խաղը» կոչվում իրականում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ինչի՞ համար էր եկել Բորդյուժան իրականում: Որ Սերժ Սարգսյանին ասի՝ զենքը վաճառել ենք, վաճառելու ենք, դա ստրատեգիական զենք է, որ ոչ միայն բիզնես շահ է ապահովում, այլև քաղաքական ներգործություն Բաքվի վրա, այսինքն՝ երբ պետք է, հրադադարը կխախտվի, ու նահանջող ադրբեջանցի զինվորները մարտադաշտում կթողնեն իսրայելական արտադրության զենք, որ հայ զինվորը հանգիստ լինի՝ իր վրա Իսրայելն է «կրակում»: Թե՞ ասելու, որ հրադադարը չի խախտվի, երբ շփման գծում խաղաղապահներ տեղակայվեն, ի վերջո՝ ինչքա՞ն կարելի է, աշխարհում միակ կոնֆլիկտն է, որ հակառակորդ ուժերին խաղաղապահները չեն բաժանում, այլ՝ իրենք են դեմ դիմաց կանգնած: Կարգ ու կանոն է պետք, չէ՞: Թե չէ՝ զենք եք վաճառում, Պերմյակովին չեք տալիս, Բաքվի հետ ռազմավարական գործընկերություն եք անում: Ինչքա՞ն կարելի է հանդուրժել: Այ կգա Վլադիմիր Վլադիմիրովիչը ու նրա՞ն էլ եք ասելու՝ Պերմյակովին մեզ տուր, Ադրբեջանին զենք մի տուր: Կարգ ու կանոն չկա, կարգ ու կանոն: Իսկ երբ կարգ ու կանոն չկա, կարող է հաղթել և Թուրանը՝ հակառակ «Անսասան եղբայրություն-2015»-ի: