Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ինչքան բարձր է հասարակության մարդկային մակարդակը, այնքան քիչ է օրենքի անհրաժեշտությունը»

«Ինչքան բարձր է հասարակության մարդկային մակարդակը, այնքան քիչ է օրենքի անհրաժեշտությունը»
27.03.2015 | 01:20

Տարօրինակ հարցազրույց ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:

-Ինչպե՞ս սահմանել համակեցությունը:
-Համակեցությունը մարդկանց և մարդկային խմբերի միաժամանակյա համատեղ գոյության հանգամանքն է, և դա նախադրյալ պայման է, որովհետև մարդը կա միայն համակեցութային իրավիճակում:
-Մարդկությունը ներկա համակեցությանն ինչպե՞ս է հասել:
-Համակեցությունն ինչ-որ կերպ պիտի կարգավորվի և կարգավորվում է հիմնականում չորս եղանակով՝ օրենքներ, ֆինանսատնտեսական միջոցներ, ավանդույթներ ու սովորույթներ և անհատի կրթադաստիարակչական մակարդակ:
Այս սանդղակը լավագույնս բացատրում է Հովհաննես Թումանյանի քառյակը՝
Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ
Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
ՈՒ հեռու է մինչև Մարդը իր ճամփան:
Քառյակը, իհարկե, գեղարվեստական խոսք է, բայց ճշգրիտ արտացոլում է քաղաքակրթության անցած դարաշրջանները՝ ինչո՞ւ էր բերանն արնոտ մարդակերն անբան, որովհետև մարդ էր ուտում և աշխատելու կարիք չուներ, ինչո՞ւ հազար դարում հազիվ դարձավ մարդասպան, որովհետև անցնում է նոր՝ ավելի բարձր որակի՝ մարդակերի համեմատ: Ձեռքերը դեռ արնոտ են, բայց հեռու է մարդ դառնալուց: Պատկերացրեք ադամական մարդուց սկսած՝ մարդու անցած ճամփան: Մենք որպես մարդ միշտ ինչ-որ միջանկյալ մակարդակում ենք, չորրորդ գործոնը բնորոշում է մարդու մեջ մարդուն, որ համարվում է մշակույթը, կրթությունը, բարոյականությունը:
-Համակեցության կարգավորման չորս եղանակները հավասարազո՞ր են, թե՞ կան գերակայողներ:
-Կան հարցեր, որ կարգավորվում են օրենքով, կան հարցեր՝ որ սովորույթներով ու ավանդույթներով, կան հարցեր, որ ֆինանսական-տնտեսական միջոցներով են լուծվում, կան հարցեր, որ ոչ օրենքներն են լուծում, ոչ ավանդույթները, ոչ ֆինանսները, մարդու մակարդակն է տալիս ելքը: Օրինակ, չկա որևէ օրենք, որ մարդ ուտելն արգելում է, որովհետև ակնհայտ է, որ մարդը մարդուն չի ուտելու, ուրեմն ինչո՞ւ օրենքով կարգավորել: Կրթության որակը արժեքային համակարգ է, որ համապատասխան կարգավորում է բերում՝ առանց ֆինանսների, օրենքների ու ավանդույթների:
-Իսկ երբ օրենքները բավարար չեն, ֆինանսներ չկան, մարդը չի կարող ստանալ բավարար կրթություն:
-Օրենքը մեզ պետք է, երբ մարդու մակարդակը չի բավարարում կարգավորման համար, օրենքն ընդունվում է ըստ անհրաժեշտության, երբ չորրորդ գործոնի վրա հույս դնել չենք կարող: Շատ հարցեր կարելի է լուծել ֆինանսներով ու օրենքներ չընդունել: Երբ ինչ-որ հարց հարկադրված կարգավորում ենք օրենքով, նշանակում է՝ մենք գնահատում ենք մեր ֆինանսական հնարավորությունները ոչ բավարար, ավանդույթներն ու սովորությունները՝ ևս, կրթական-դաստիարակչական մակարդակը՝ նույնպես: Ինչքան զգում ենք օրենքի անհրաժեշտություն, այնքան ցածր է մեր զարգացածության մակարդակը: Օրենքն ու կրթությունը հակադարձ կախվածության մեջ են: Պետերգոֆում, որ Պետրոս Մեծի ամառանոցն էր, պատին հյուրերի վարքագծի տասը կանոններ կան փակցված: Տասներորդ կանոնն արգելում է ճտքակոշիկներով անկողին մտնել, այսինքն՝ մարդիկ այն ժամանակ իրենց թույլ են տվել դա անել, և ցարը ստիպված արգելել է օրենքով: Հիմա որևէ հյուրանոցում՝ ամենաբարձրակարգից մինչև ցածրակարգ, նման արգելք չեք գտնի, որովհետև մարդը հյուրանոցում կարող է իրերը թափթփել, անկողինը չհավաքել, բայց մտքով չի անցնում կոշիկներով անկողին մտնել:
-Եթե Դուք խոսում եք համակեցության կարգավորման կանոնների մասին, չեք կարող չմտածել հարաբերությունների մասին: Այդ լծակներով կարգավորվո՞ւմ են պետությունների հարաբերությունները: Ո՞ր դեպքերում են պատերազմներ սկսվում:
-Պատերազմների հարցը կարելի է կարգավորել օրենքով:
-Չի կարելի, եթե կարգավորվեր, պատերազմ չէր սկսվի:
-Իսկ միջազգային իրավունքի նորմե՞րը, ՄԱԿ-ի բանաձևերն ու օրենքները, որ կանխել են որոշ պատերազմներ: Դեպքեր կան, երբ օրենքը չի աշխատում ֆինանսական պատճառներով: Պատերազմ երբեմն լինում է սովորությունների պատճառով: Երբեմն կրթադաստիարակչական մակարդակն է կանխում պատերազմը:
-Իսլամական պետության զինյալները ո՞ր օրենքով են վառում քրիստոնյաներին:
-Այնտեղ մեծ փողեր են աշխատում, և դա քողարկելու համար օգտագործվում են կրոնական հակադրությունները:
-Բաբելոնի մի քանի հազար տարվա մշակութային ժառանգությունը ֆինանսների՞ համար ոչնչացրին:
-Հարթությունը մի փոխեք:
-Հարթությունը չեմ փոխում, հինգերորդ կետն եմ ավելացնում, որը դեռ ինքս էլ չեմ բանաձևել, բոլոր հարաբերությունները կարգավորել չորս եղանակներով հնարավոր չէ: Ի վերջո, միշտ կա այն, որ ոչ կարող ես կանխատեսել, ոչ կանոնակարգել, դա հինգերորդ տարրն է, որ կարգավորման չի տրվում, չի բացատրվում, բայց և դու ես պարտադրված հանգուցալուծել:
-Ո՞րն է այդ կետը, անվանեք: Այս չորս կետերը ոչ թե ապագան, այլ ստեղծված իրադրության կարգավորման լծակներն են: Մարդը կարող է օգտագործել օրենք և արդյունք չստանալ, որովհետև իրավիճակն այլ լծակով է կարգավորվում: Այս գործիքները պետք է ճիշտ օգտագործես, որ իրավիճակը կարգավորվի, սխալ օգտագործես, կոնֆլիկտը կմնա: Մարդկության գերխնդիրն է, որ օրենքի անհրաժեշտությունը վերանա:
-Քաոսի դուռ եք բացելու: Մարդկությունը չունի զարգացածության այդքան բարձր մակարդակ, որ ինքնակարգավորվի:
-Այդ պատճառով էլ գերխնդիր է, հորիզոնի գիծ, մարդու մակարդակը պիտի շատ բարձր լինի, ֆինանսատնտեսական միջոցները՝ բավարար, այնպիսի ավանդույթներ լինեն, որ իրենք ապահովեն հարաբերությունների կարգավորումն առանց օրենքների:
-Հիշեցնեմ Թեոդոր Դրայզերի եռագրությունը՝ «Ֆինանսիստը», «Տիտանը», «Ստոիկը»: Զրոյից սկսելով ու ամեն ինչի հասնելով Ֆրենկ Ալջերնոն Քաուփերֆուդը ինչո՞ւ է ինքնասպան լինում իր ցանկությունների կատարման գագաթնակետին, թող ապրի ու ապրի, ի՞նչ է պակասում: Մարդուն միշտ ազդակ է պետք, բարեկեցության որոշակի մակարդակում աշխատելու դրդապատճառը կորցնելով, ի՞նչ խթան պետք է ունենա ապագայի մարդը, որ ոչ թե հետ դառնա, այլ առաջ գնա:
-Խոսքը գործընթացի մասին է:
-Գործընթացը միշտ չէ ընթացք առաջ, հետընթաց էլ կա, աջ ու ձախ շեղում:
-Ամեն ինչ էլ կարող է լինել, բայց միշտ պիտի ձգտում լինի, երբեք հնարավոր չէ կրթական մակարդակն այնքան բարձր լինի, որ ավելի բարձրի կարիք չլինի: Երբեք հնարավոր չէ, որ լրացուցիչ ֆինանսների կարիք չլինի: Չեն լինի ավանդույթներ, մի մասից պետք է ազատվել իբրև նախապաշարմունք, մի մասն էլ պետք է նոր ստեղծել, որովհետև չկա: Միշտ կլինի կրթական մի մակարդակ, որը բավարար չէ, կլինեն ավանդույթներ, որոնց մի մասից պետք է հրաժարվել, մի մասը ստեղծել, միշտ կլինեն անբավարար ֆինանսական միջոցներ: Հենց այդ պատճառով միշտ էլ լինելու են օրենքներ: Բայց մարդը պիտի ձգտի, որ օրենք չլինի, իսկ դրա համար մարդու մակարդակը պիտի ամենաբարձրը լինի: Դա մարդու գոյության իմաստն է, որին չի կարող ամբողջությամբ հասնել և դա էլ արժեքային համակարգի ձևավորման դրական ազդակ է: Այդ ազդակը միշտ է լինելու, մարդը միշտ անբավարար է համարելու իր մակարդակը և ձգտելու է ավելիին: Մարդկությունը միշտ ավելիի կարիք է ունենալու՝ փողի, տեխնիկական միջոցների, գիտելիքի, դա գիտակցական գերխնդիր է, ոչ թե կանխատեսում, որ կյանքն այդպիսին կլինի:


Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2766

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ