Տևական ժամանակ ռուս բարձրաստիճան պաշտոնյաները մոռացել էին Հայաստանի տեղը, բայց բավական էր Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մասին մի քանի հայտարարություն, որպեսզի նրանք շարան-շարան բռնեն Հայաստանի ճամփան: ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն այդ շարքում վերջինը չի լինելու, գալու են, շարունակելու են գալ: Զարմանալին դա չէ, զարմանալին մեր զարմանքն է, թե ինչո՞ւ է ՌԴ Պետդումայի նախագահը Հայաստանում պայքարում ԵՄ-ի դեմ: Զարմանալի կլիներ, եթե նա կամ նրա մակարդակի ռուս որևէ այլ պաշտոնյա գար ու ասեր՝ այո, Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք շահագրգիռ ենք մեր գործընկեր երկրի քաղաքական կայունությամբ ու տնտեսական զարգացմամբ և ընդունում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը իր շահերից ելնելով՝ համագործակցի ԵՄ-ի հետ, Արևելյան հարևանության ծրագրի շրջանակներում համաձայնագիր կնքի Ռիգայում: Դա բխում է նաև մեր շահերից: Դա կլիներ սենսացիա: Առավել մեծ սենսացիա կլիներ, եթե այդ պաշտոնյան վերադառնար տուն ու շարունակեր պաշտոնավարել: Բացարձակապես անտրամաբանական կլիներ, եթե Ռուսաստանը միայն Հայաստանի նկատմամբ տարածաշրջանում վարեր այլ քաղաքականություն: Այո, միանգամայն սպասելի էր, որ իր պաշտոնական այցը ՌԴ Պետդումայի նախագահը պիտի նվիրեր Հայաստանին անթաքույց սպառնալիքներ ուղղելուն՝ իբրև նախազգուշացում, որովհետև ռուսական քաղաքականոթյան տեսակետից դա գնահատվում է ոչ թե անկախ երկրի ներքին հարց՝ ո՞ւմ հետ, ի՞նչ մակարդակով համագործակցել, այլ՝ դավաճանություն ռուսական շահին: Եթե Ռուսաստանը անկման մեջ է, եթե Ռուսաստանի տնտեսությունը փլուզվում է, եթե Ռուսաստանը քաղաքական մեկուսացման մեջ է, պետք է անկում, փլուզում ու մեկուսացում ապրեն Ռուսաստանի շահերի շրջագծում գտնվող բոլոր պետությունները: Դա կոչվում է հավատարմություն: Սերգեյ Նարիշկինը, վստահ եղեք, շատ ավելի մտահոգ հեռացել է Հայաստանից, քան եկել էր: Որովհետև իբրև փորձառու քաղաքական գործիչ՝ նա շատ լավ գիտի ինչ ասել ու ինչ չասել, ավելի լավ գիտի, թե որ հայտարարություններին ինչ պիտի հետևի: Բայց Հայաստանում նա գործնականում ձախողվեց՝ նրան չառարկեցին: Նրան ոչ իշխանությունը, ոչ էլ ոչիշխանությունը որևէ ակնարկ չարեցին, որ ինքն անկախ պետությունում է, որը ի զորու է ինքնուրույն որոշել իր ներքին ու արտաքին հարցերը: Հայերը հրապարակավ երդվյալ լռեցին: ՈՒ հիմա Սերգեյ Նարիշկինը, որ հաստատ գիտի ՝քաղաքականության մեջ ոչ մեկին չի կարելի ու պետք չէ ոչ հավատալ, ոչ վստահել, դիլեմայի առաջ է՝ իսկ ի՞նչ են մտադիր անել այդ հայերը, որ իրեն չեն առարկում: Վա՞խն է լռության պատճառը, թե՞ թաքցնում են իրենց «հանցանքը»: Իբրև հանցանք հասկացեք՝ ինչ ուզեք: Եթե Ռուսաստանի թելադրանքը չէ, հանցանք է ի սկզբանե: Սերգեյ Նարիշկինը առավել քան լավ գիտի, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի ընտրությունը չէ, ոչ էլ հայ ժողովրդի, ու երբ խոսում է հայ ժողովրդի «ընտրության» անունից, ընդամենն ուզում է ասել՝ եթե հանկարծ հայ ժողովուրդը «այլ» ընտրություն ցանկանա անել, Ռուսաստանի համար բոլորովին դժվար չէ «խաղաղություն պարտադրել», օրինակներ կան: Պե՞տք է կրկնել: Որովհետև ոչ նա, ոչ որևէ այլ ռուս պաշտոնյա ուրիշ ասելիք չունեն:
170-միլիոնանոց շուկայի փոխարեն` մենք ստացանք արտահանման ծավալների շեշտակի անկում, և Ռուսաստանի շուկան հայկական արտադրողների համար գրեթե փակ է ռուբլու անկայունության և արժեզրկման հետևանքով: Հայ արտադրողի համար 80 % արժեզրկված ռուբլու պարագայում ձեռնտու չէ որևէ ապրանք ՌԴ արտահանելը: Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Հայաստանի միջև ներքին առևտուրը հունվարին նախորդ տարվա համեմատ կրճատվել է մոտ 36 տոկոսով: Ռուս և հայ պաշտոնյաները իրար հերթ չտալով ներկայացնում էին ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխությամբ արտագնա աշխատանքի մեկնող հայերի առաջ բացվող հնարավորությունները: ՈՒ՝ ի՞նչ: Տասնյակ հազարավոր հայերի առաջ Ռուսաստանի սահմանը փակ է, տնտեսական անկման պատճառով մեկնածներն էլ չեն կարողանում աշխատանք գտնել, չեն կարողանում նաև վերադառնալ Հայաստան, որովհետև չեն կարող վերադառնալ Ռուսաստան: ՌԴ Պետդումայի նախագահը դա գիտի: Նա նաև գիտի, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամակցությունից հետո ոչինչ չստացավ անվտանգության առումով՝ սահմանային միջադեպերն ավելացան, Ադրբեջանն արդեն սկսել է կիրառել ծանր զինատեսակներ: Բացահայտորեն Ռուսաստանը ոչ թե տարածաշրջանային խաղաղության երաշխավոր է, այլ տարածաշրջանը դիտում է իբրև բիզնես-նախագիծ սպառազինությունները վաճառելու, վաճառելուց հետո կիրառումը ուսուցելու, սովորեցնելուց հետո կիրառումն ապահովելու համար: Նարիշկինը նաև լավ գիտի, որ Հայաստանը մտքով էլ չի անցկացնում ԵԱՏՄ-ից դուրս գալ: Դա նրան առանձնապես չի էլ հետաքրքրում: Կարևորը՝ Հայաստանը սպասելիքներ չունենա ԵԱՏՄ-ից, խոստումները կատարելու անհրաժեշտությունը չհիշեցնի: Որ այլևս Գալուստ Սահակյանը, կամ որևէ մեկը չկարևորի «Ռուսաստանի կառուցողական դերը տարածաշրջանային անվտանգության ամրապնդման հարցում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում» իրական քաղաքականության մեջ: Փոխարենը նա կարող է խոստանալ, որ Պետդուման առաջիկայում կընդունի փաստաթուղթ, որը կարտահայտի ռուսական կողմի վերաբերմունքը ցեղասպանության առնչությամբ: Պետական դուման 1995-ին արդեն դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Ի՞նչ պիտի հիմա ասի, որ նորի՞ց է դատապարտում: Ի՞նչ գին ունի այդ դատապարտումը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության խորացմանը զուգահեռ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.
Իրականում Սերգեյ Նարիշկինը Հայաստան չէր եկել զգուշացնելու-վախեցնելու-սպառնալու՝ ԵԱՏՄ-ից հեռանալ չկա, ԵՄ-ի հետ անպատիժ համագործակցություն չկա: Նա հիանալի գիտի՝ նույնիսկ եթե երկիրը պահելու անհրաժեշտությունից ելնելով՝ իշխանությունը փորձի ինչ-որ քայլեր անել, փառապանծ ոչիշխանությունը թույլ չի տա ռուսական շահը վտանգել Հայաստանում: Նա եկել էր Պերմյակովի հարցով, որպեսզի այս ամենից հետո որևէ մեկի մտքով անգամ չանցնի Հայաստան ժամանող ՌԴ նախագահին հարցնել՝ Պերմյակովին ինչո՞ւ Հայաստանին չեք հանձնում, ինչո՞ւ հայ իրավապահները նրան չեն տեսնում: Երբ իշխանությունն ու ոչիշխանությունը բացարձակապես կառավարելի են, անկառավարելի է դառնում ժողովուրդը: Սերգեյ Նարիշկինի Հայաստան այցը ՌԴ-ում կգնահատվի միայն Վլադիմիր Պուտինի Հայաստան գալ-գնալուց հետո: Հաջողված՝ եթե անցանկալի «միջադեպեր» չլինեն, ձախողված՝ եթե հայերը նորից հայություն անեն ու որևէ մեկը հանկարծ հարցնի՝ լավ, ադրբեջանցուն զինում եք, որ մեզ սպանի, երբ մեզ ռուս զինվորն է սպանում, ինչո՞ւ նրան չեք տալիս, որ մենք դատենք: Մենք, միևնույն է, կայացնելու ենք այն վճիռը, ինչ ձեզ է պետք: Թե՞ Պերմյակովը Ավետիսյանների ընտանիքի հետ կապ չունի: «Պերմյակով» օպերացիան կարող է փլուզվել այնպես, ինչպես Բորիս Նեմցովի սպանության «բացահայտումը»՝ իր վարկածների բազմազանությամբ: