Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պատմությունը խմոր է՝ հունցիր, ինչ ուզում ես

Պատմությունը խմոր է՝ հունցիր, ինչ ուզում ես
27.04.2015 | 22:42

«Ի՞նչ է պատմությունը և ինչպե՞ս ենք մենք վարվում պատմության հետ: Մի շտապեք պատասխանել: Պատմությունը չափազանց հաճախ է դառնում գործիք՝ ապացուցելու օրվա ճշմարտությունը և այդ ընթացքում դառնում է ինչ ասես, բայց ոչ անցյալի համարժեք տարեգրություն: Պատմությունը զենք է՝ գերմանացի գիտնականները Երրորդ ռայխի օրերին պատմության միջոցով ապացուցում էին, որ գերմանական հայրենիքը այնտեղ է, որտեղ հնչում է գերմաներենը: Հետո նաև՝ որտեղ գերմանացիները հող են մշակում: Պատմության միջոցով քաղաքականություն կառուցելը նոր ժամանակների հայտնագործություն չէ: Տարեգիրների ու արքունական պատմաբանների խնդիրը միշտ եղել է տերերին փառաբանելը և նրանց հերոսական գործերը սերունդների հիշողությանը հանձնելը: Պատմության մերօրյա մանիպուլյացիաները ավելին են՝ դեռ Առաջին համաշխարհային պատերազմի օրերից պատմության ձևավորմանը ձեռնամուխ են եղել գիտնականները, ուսուցիչները, լրագրողները: Քսաներորդ դարի ռազմական վնասվածքները անանց դժբախտություններ են բերել, որ գործնականում անհնար էր պատճառաբանել ու իմաստավորել, ու՝ ստեղծվեցին առասպելներ, որ բոլոր ժողովուրդներն ունեն, որովհետև այդ առասպելները նաև միասնականություն էին ձևավորում: Շատ ավելի ահավոր է, երբ անցյալը բացատրելիս՝ անցյալը ջնջում են: Անհարմար փաստերը պարզապես շրջանցում են՝ մոռանում տասնամյակներով, որ պայմանավորում են իշխող գաղափարախոսությունը, պարզապես իշխանությունը, քաղաքականությունը, նաև՝ կրոնը: Վճռորոշը՝ հաղթո՞ղը, թե՞ հաղթվողն ենք եղել: Իրավիճակը բարդանում է, երբ հստակ սահմանազատում չկա, երբ չկան հաղթողներ ու հաղթվողներ: Բոլոր ժողովուրդներն էլ ուզում են հպարտանալ իրենց պատմությամբ, և պատահում է, որ նախընտրում են զոհ լինել, քան՝ հանցագործ: Մեղքը կաշկանդուն է, ստիպում է պաշտպանվել, ի վերջո սեփական ես-ի կեղծ կերպար է ստեղծում: Զոհի դերը, հակառակը, միավորում է՝ ընդհանրական հիշողության մեջ տառապանքներն ավելին են, քան հաղթանակները, իսկ սուգը պարտավորություններ է բերում ու ակտիվ է պահում: Միայն տոտալիտար վարչակարգերի պարագայում են հիշողությունն ու մոռացումը թելադրվում: Ժողովրդավարությունը հիշողության բազմազանություն է արտոնում, ուրեմն և բազում գործող անձանց: Պատմական մշակույթը ազատության մեջ դառնում է տարակարծության մշակույթ, որտեղ պիտի գտնես քո տեղը: Ջրբաժանը նրանց միջև է, ովքեր պահանջում են պատմության պետականացում, համարյա թե պատմական ճշմարտության նախարարության ստեղծում, և նրանց, ովքեր գերադասում են գաղափարների ազատ շուկան: Պատմության խմբագրումը պատմության դրվագների կամ գիտելիքի գիտակցական փոփոխությունն է, որը ծառայում է հասարակության վրա ներգործությանը և սեփական շահերի ու նպատակների հիմնավորմանը: Դա ոչ միայն քաղաքական գործիչների հարցն է, այլև՝ գիտնականների, ինտելեկտուալ էլիտաների, լրատվամիջոցների, եկեղեցու, տեղական իշխանությունների, ցանկացած միավորման, որ խնդիր ունի լուծելու: Պատմության ընտրական օգտագործումը կամ ուղղակի նենգափոխումը և հիշողության կառավարումը միշտ ինչ-որ խնդիր է լուծում և ոչ միշտ են նպատակները նենգ: Պատմության մեջ հիմքեր ու իմաստ կարող են որոնել տարբեր սոցիալական խմբերը, ժողովուրդները՝ ապացուցելու իրենց պատկանելությունը որևէ կրոնական կամ էթնիկ խմբի: Այդպես լինում է շրջադարձերի և նոր համակարգերի ձևավորման պահերին, որոնց հաճախ նախորդում է պատմության վերագնահատումը: Ժողովուրդները, որ նախկինում պետականություն չեն ունեցել, սովորաբար ջանում են միավորվել պատմության ընդհանուր պատկերացման շուրջ, որը հիմք է տալիս հաստատելու, որ իրենք իբրև ժողովուրդ միշտ են գոյություն ունեցել: Պատմությունը նրանց համար դառնում է անսպառ աղբյուր՝ ազգային նույնականության ձևավորման համար: Միշտ էլ հնարավոր է ժողովրդի ծննդյան տարեթիվը խոր անցյալ տեղափոխել: Այդպես ստեղծվում է ազգային պատմություն՝ հայրենասիրական հենքով և հանուն ընթացիկ պահի: Բայց ինչ նպատակներ էլ լինեն, դա պատմության նենգափոխում է, պարզապես սուտ: Պատմությունը հնարավոր չէ փոխել, բայց հնարավոր է փոխել պատմության մասին հիշողությունը: Հիշողությունը կարելի է ձևավորել, ընդգծել, արդարացնել, տարբեր պատկերներ ստանալ նույն փաստից: Ոչ միայն մեկնաբանությունների վերաբերյալ բանավեճերով, այլև վրեժով: Սովորաբար քաղաքական ընթացիկ շահերը պատմական նույն փաստերը մեկնաբանում են շատ տարբեր: Շատ հաճախ շրջադարձային պահերը իդեալական ժամանակ են պատմությունը խմբագրելու համար, որ ձևավորում է նոր քաղաքական ու հասարակական իրավիճակ: Ոչինչ այդքան չի համախմբում հասարակությանը, որքան հերոսական անցյալին հղումները: Երբեմն կարելի է զոհել անցյալը՝ ապագան նվաճելու համար: Մենք գերադասում ենք պատմությունից ընտրել փառահեղ պահերը՝ հաղթանակները, պատվավոր պարտությունները, խելագար խիզախությունը: Քննադատական հայրենասիրությունը նախընտրում է պարտությունները, ձախողումները: Հպարտության հիմքով միավորման կողմնակիցները համարում են, որ պատմության բացասական դրվագների ցուցադրումը (իսկ մենք միշտ չենք հրեշտակներ) ճանապարհ է անարգանքի հիմքով ընդհանրություն ստեղծելու: Դա դասական մեքենայություն է, չարի ու բարու, լույսի ու խավարի երկգոյություն: Ազգային նույնականության իսկապես ուժեղ մոդելը պատմության բոլոր դրվագներն է ներառում: Եվ հպարտություն ներշնչողը, և ամոթալին: Պատմական ճշմարտությանն ընտրովի վերաբերմունքը բոլորովին էլ չի ավելացնում որևէ ժողովրդի հեղինակությունը, ինչ էլ ներկայացնեն քաղաքական գործիչները: Նման քարոզչությունը վերածվում է հակաքարոզչության ի վերջո: Պետք է խոստովանել մեղքերն ու առաջ գնալ: Սեփական ժողովրդի պատմությանը պետք է քննադատաբար նայել և ամեն ինչ ընդունել: Չի կարելի դաժանությունը, հանցագործությունը կոծկել: Անաչառությունը և սեփական պատմությանը քննադատաբար վերաբերվելը նպաստում է քաղաքական գործընկերությանը: Հակառակ պարագայում ձեզ պարզապես չեն վստահի:
ՄԱԿ-ը 1948-ին հստակ սահմանել է ցեղասպանությունը, սակայն վեճերը, թե որ հանցագործություններն են ցեղասպանություն, որոնք՝ ոչ, անվերջ շարունակվում են: Հոլոքոստից բացի՝ սկզբունքորեն կոնսենսուս կա Առաջին համաշխարհային պատերազմում հայերի նկատմամբ, թութսիների նկատմամբ 1994-ին Ռուանդայում իրագործված ցեղասպանության վերաբերյալ: Հիտլերի և Ստալինի տոտալիտարիզմը ընդհանրական շատ գծեր ունեն, բայց ճիշտ չէ հավասարեցնելը՝ տարբեր էին ակունքները, գաղափարախոսությունը, քարոզչությունն ու իրականացման ձևերը: Հանցագործությունները չի կարելի հավասարեցնել, չի կարելի ընդհանրացնել հիշողությունը: Ժամանակակից պատմաբանը պատմական գիտակցության ձևավորմամբ չի զբաղվում: Ո՞վ է այսօր կարդում պատմական ուսումնասիրություններ: Կա ինտերնետ, որտեղ ամեն ոք գտնում է իրեն անհրաժեշտը: Պատմական մշակույթ հիմա ձևավորում են լրատվամիջոցները, իսկ երիտասարդները չգիտեն՝ ո՞ւմ վստահել, ո՞ւմ վարկածն է ճիշտ: Այդ պատճառով էլ կլլում են դյուրամարս նյութերը: Ազնիվ ու պատասխանատու պետք է լինեն ոչ միայն պատմաբանները, այլև հրապարակախոսները, լրագրողները: Ի վերջո, լրատվամիջոցներն են որոշում՝ որ թեմաներին ի՞նչ ծավալով և ե՞րբ անդրադառնալ:
Բայց փոխադարձ առևտուրը, թե ով է ավելի տուժել, անկանխատեսելի հետևանքներ է ունենում: Աշխարհում կոնֆլիկտները ծագում են հենց պատմական աղետների հիման վրա: Եթե դուք սպասում եք պատմական արդարության, չկա պատմական արդարություն: Ավելի ճիշտ է՝ մտածել, թե ինչո՞ւ եք դիմում անցյալին և ի՞նչ եք որոնում: Պատերազմը երբեք չի ավարտվում, միայն փոխում է համազգեստները: Ի՞նչ պիտի հասկանան երիտասարդները պատմությունից: Մտահորիզոնի ընդլայնո՞ւմ միայն: Նրանք պիտի սովորեն եզրակացություններ անել այսօրվա համար և պատասխանատու լինել անցյալի ու ապագայի համար: Հակառակ պարագայում խաղաղության մասին մարդկության երազանքները միայն պատրանք են»:


Խոստովանում եմ՝ գերագույն հաճույքով կստորագրեի այս տողերի տակ, բայց ընդամենն ընտրովի թարգմանել եմ լեհական "Rzeczpospolita"-ից, պատմաբան, Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի աշխատակից, Բեռլինի պատմական հետազոտությունների կենտրոնի գիտական խորհրդի նախագահ Աննա Վոլֆ-Պովենսկայի հարցազրույցը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ հետգրության պատիվը թողնում եմ ընթերցողին:

Դիտվել է՝ 2016

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ