Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԵԱՏՄ-ն՝ ծովից ծով, լճանում է

ԵԱՏՄ-ն՝ ծովից ծով, լճանում է
14.05.2015 | 22:43

Ես չեմ ասում, ես ընդհանրապես լավատես եմ, նույնիսկ անհիմն լավատես: «ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներին ծածկել է ճգնաժամի ալիքը, սակայն պետք է աշխատել և լուծումներ գտնել»,- կառավարությունում հրավիրած ասուլիսում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Անդրեյ Սլեպնյովը: Հարցրել են՝ ինչո՞ւ ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո Հայաստանը կանգնեց արտահանման ճգնաժամի առաջ: Պատասխանել է: Նա էլ է լավատես՝ Նուրսուլթան Նազարբաևի պես չի ասել՝ ամբողջ աշխարհում է ճգնաժամ: Ընդամենն արձանագրել է, որ Ռուսաստանում և ԵԱՏՄ անդամ երկրներում տեղի ունեցած իրադարձությունները չէին կարող չազդել առևտրի վրա: «Առևտրի ծավալները նվազել են Չինաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ, ներքին շուկայում, տասնյակ տոկոսներով, կա հորիզոնական նվազում, կա պահանջարկի նվազում, ներդրումային ոչ լավ սպասումներ կան, և գնալու տեղ չկա»,- ասել է Անդրեյ Սլեպնյովը: Փաստորեն՝ նա այնքան էլ լավատես չէ: Կամ՝ ամենալավատեսն է՝ էլ ո՞ւր գնալ, եթե տեղ ես հասել՝ ԵԱՏՄ: Հույս էլ է տվել՝ «Մայիսի 29-ին քննարկումներ են լինելու, թե ինչպես մեծացնենք առևտրի ծավալները: Լուրջ աշխատանք է սպասվում, ճգնաժամ է: Միությունը լավն է, հնարավորություններ տալիս է, բայց խնդիրները պետք է լուծել»: Հետո՝ Վիետնամ կա, Վիետնամի հետ պայմանագիր կա:
Պարզապես մենք անդամակցել էինք պատրաստվում բոլորովին այլ միության, բայց անդամակցեցինք՝ ինչ մնաց ծրագրվածից: Վրացական երազանքը, պարզվեց, եվրոպական է: Կրակելով հեռացավ ՈՒկրաինան: Հեռացավ՝ հեռացավ, պատժամիջոցներ թողեց: Նավթը ինքն իրեն թերագնահատեց ու գնալով գինը գցում է: Գազը ճանապարհը կորցրեց՝ մեկ «Հարավային հոսք» է, մեկ՝ «Թուրքական հոսք» ու մինչև հիմա հայտնի չէ՝ որտեղից որտեղ է հոսելու վերջապես:
ԵԱՏՄ-ն ընդհանուր քաղաքացիություն չտվեց, մինչդեռ ծրագրված էր, արտաքին և ռազմատեխնիկական ընդհանուր քաղաքականությունը, սահմանների ընդհանուր պահպանումը մերժվեց, և՝ փառք Աստծո, թե չէ ընդհանրապես ոչ նախագահ կունենայինք, ոչ կառավարություն, ոչ դրոշ, ոչ զինանշան, հիմնն էլ կերգեինք գաղտնի: Փառք ու պատիվ Նուրսուլթան Նազարբաևին. ասաց՝ անկախությունը արժեք է, որ մենք վաճառքի չենք հանում: Այդպես ընդհանուր խորհրդարանն էլ ջրվեց, անձնագրային և վիզային ռեժիմը, արտահանման վերահսկումը: ՈՒկրաինան կրակելով հեռացավ ու կռիվ գցեց ԵԱՏՄ-ում: Բելառուսը հանկարծ հասկացավ, որ Եվրոպայում է, ուրեմն՝ եվրոպական է: Ղազախստանը Ասիայում է, բայց կապերն Արևմուտքի հետ չցանկացավ խզել:
ՈՒկրաինան պոկվեց, Մոլդովան պոկվեց, Եվրասիային մնաց Ասիան: Փաստորեն՝ միայն Ղրղզստանը, որ արդեն հասցրել է լավ ինտեգրվել Չինաստանին՝ առևտուր է անում, էժան: ԵԱՏՄ բարձր մաքսատուրքերը իմաստազրկում են չինական ապրանք վաճառելը: Բիշքեկը արտոնություններ էր ուզում, որ ցածր մաքսատուրքը պահի, ԵԱՏՄ-ն չտվեց՝ ինքն էր չինական ապրանքներով հեղեղվելու, սեփական արտադրանքն ի՞նչ աներ: Մոսկվան հանձն առավ փոխհատուցել՝ դոլարով: Ղրղզստանը միացավ ԵԱՏՄ-ին:
Նախկին ԽՍՀՄ երկրներից ՈՒզբեկստանը չտարվեց եվրասիական երազանքով, ավելին՝ 2012-ին հեռացավ ՀԱՊԿ-ից: ՆԱՏՕ կա, ԱՄՆ կա, ԵՄ, Չինաստան: Ինչո՞ւ Չինաստանը թողնի, վերադառնա մի տեղ, ուր ավելի լավ չէ: Թուրքմենստանը նույնպես այլ ծրագրեր ունի՝ սեփական նավթ ու գազ, «Գազպրոմն» ինչի՞ն է պետք, եթե կողքին կան Իրան ու Չինաստան: Տաջիկստանում ռուսական ռազմաբազա կա, բայց Դուշանբեն, որ մեծ կախում ունի Ռուսաստանում աշխատող միգրանտներից, դեռ դիմադրում է: Ռուսաստանը բացահայտ բախվում է Չինաստանին: Չինական տնտեսական պատը իսկապես խոչընդոտ է ԵԱՏՄ-ի ասիական տարածքներում ծավալման համար: Չինաստանին Ռուսաստանը պատերազմ հայտարարել չի կարող, մնում է համագործակցելը: Դե իսկ Նազարբաևին մնում է ԵԱՏՄ բերել Ադրբեջանին ու Թուրքիային, որ մենակ չմնա: Բայց նրանք էլ դիմադրում են: Ամեն մեկը իր պահանջներն է դնում: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որ մի օր ուզում է ԵՄ գնալ, մի օր՝ ոչ, ընդհանրապես ԵԱՏՄ-ի հետ ծրագրեր ունի, բայց միայն իրավունքներ է ուզում, առանց պարտականությունների: Ադրբեջանը իր նավթն է առաջ մղում ու Ղարաբաղն է ուզում: ՈՒ այս քաոսում մենք ուզում ենք օգուտներ ունենա՞լ: Չինաստանի «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի՞ն»: Իսկ պատրա՞ստ ենք մենք դրան: Եթե ծովից ծով ԵԱՏՄ-ն այսօր արդեն լճանում է, մենք ճահճանում ենք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Բայց ես անուղղելի լավատես եմ՝ եթե գնալու տեղ չկա, ուրեմն պետք է վերադառնալ:

Դիտվել է՝ 1279

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ