Հասունացել է փոխադարձ հարգանքի հիման վրա բանակցությունների սուր անհրաժեշտությունը: Արդեն ռեալ չի թվում ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավում սպասելը: Տխուր է, բայց փաստ՝ երկու պետությունների հարաբերությունները այսօր ավելի վատ են, քան եղել են խորհրդային ժամանակներում: Դա իրադարձությունների չափազանց վտանգավոր զարգացում է: Ռուսներն ու ամերիկացիները հասկանում են, որ իրենց ղեկավարները տնտեսական, քաղաքական ու տեղեկատվական առճակատման մեջ են: Բայց դիմակայությունը նաև այլ ոլորտում է, որին հետևում է միայն փորձագետների նեղ շրջանակ: Այս ոլորտում լարվածությունը կապված է անվտանգության ամենալուրջ խնդիրների հետ: Խոսքը սպառազինության գլխավոր պայմանագրերին է վերաբերում: Այդ պայմանագրերը բազմամյա, դժվար բանակցությունների արդյունք էին, իսկ հիմա մեկը մյուսի հետևից բեկանվում են: Վաշինգտոնն ու Մոսկվան շարունակում են մեղադրել միմյանց պայմանագրերը խախտելու մեջ ու դիմում են արմատական հակաքայլերի: Ռուսաստանը պնդում է, որ դեպի վատը շրջադարձը կատարվել է 2002-ին, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ 1972-ին կնքված հակահրթիռային պաշտպանության համակարգերի սահմանափակման պայմանագրից և դարձավ առաջին մեծ պետությունը, որ հրաժարվեց սպառազինությունների վերաբերյալ պայմանագրից Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Պայմանագրից դուրս գալով՝ ԱՄՆ-ը սկսեց հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայել Արևելյան Եվրոպայում՝ Ռուսաստանի սահմանների մոտ:
Մոսկվան նույնպես պարբերաբար քննադատում է ՆԱՏՕ-ին: Չնայած խորհրդային Վարշավայի պայմանագրի լուծարմանը, ՆԱՏՕ-ն, հակառակը, ընդլայնվեց, և 12 երկրների փոխարեն ալյանսում այժմ 28 երկրներ են, ընդլայնման քաղաքականությունը շարունակվում է: ԱՄՆ-ը Եվրոպայում պահում է նշանակալից միջուկային զինանոց, թեպետ ՆԱՏՕ-ի երկրները ամբողջությամբ գերազանցում են Ռուսաստանին կոնվենցիոնալ զինատեսակներով: ԱՄՆ-ը մեղադրում է Ռոսաստանին փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի խախտման մեջ, որ ստորագրել են Ռոնալդ Ռեյգանն ու Միխայիլ Գորբաչովը 1987-ին: Այդ կարևոր պայմանագրով ոչնչացվեց 2692 հրթիռ, ԱՄՆ-ը՝ 846, Ռուսաստանը՝ 1846: Պայմանագիրը նախատեսում էր փոխադարձ ստուգումներ, որը նպաստում էր ընդհանուր անվտանգությանը:
Ի պատասխան առաջընթացի բացակայության ԱՄՆ-ի հակհրթիռային պաշտպանության համակարգի վերաբերյալ բանակցություններում, Վաշինգտոնում Մոսկվայի տագնապների անտեսման՝ Ռուսաստանը հայտարարեց, որ այլևս իրեն կաշկանդված չի համարում Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրով: Ի հավելումն՝ Ռուսաստանը քննարկում է փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման վերաբերյալ պայմանագրից հրաժարվելու հնարավորությունը:
Չնայած բյուջետային ու տեխնոլոգիական սահմանափակումներին, փորձագետները կարծում են, որ ԱՄՆ-ը ևս պետք է այդ պայմանագրից դուրս գա և ձեռնամուխ լինի համապատասխան զինատեսակների մշակմանը՝ դիմակայելու համար ոչ միայն ռուսական, այլև չինական մեծացող ռազմական հավակնություններին: Այս ամենը վկայում է սպառազինությունների նոր մրցավազքի սկիզբ՝ անկանխատեսելի հետևանքներով:
Ամենատրամաբանական լուծումը, որ կկանխեր նոր մղձավանջը, ուղիղ բանակցությունների անցկացումն է կամ գոնե քննարկումները ամերիկացի ու ռուս փորձագետների միջև՝ հանուն փոխզիջումային տարբերակի որոնման, որը կբավարարեր երկու կողմերին: Բայց ոչինչ տեղի չի ունենում:
Երբ Բարաք Օբաման եկավ Սպիտակ տուն և հայտարարեց վերաբեռնման քաղաքականության մասին, ձևավորվեցին 21 երկկողմ կառավարական խմբեր, որ քննարկում էին գործնականում բոլոր հնարավոր ոլորտները՝ գիտությունից ու բժշկությունից մինչև մարդու իրավունքներ ու տիեզերքի յուրացում: Որոշ խմբեր քննարկում էին զենքի վերահսկողությունը, միջազգային անվտանգությունը, կիբեռտարածքի անվտանգությունը, համագործակցությունը պաշտպանության և միջուկային ոլորտներում: Հետո Օբաման, Կոնգրեսի աջակցությամբ, ղեկավարվելով անհասկանալի տրամաբանությամբ, հրահանգեց սառեցնել բոլոր խմբերի աշխատանքը՝ պատժելու համար Ռուսաստանին ՈՒկրաինա ներխուժելու ու Ղրիմը գրավելու համար: Ինչ էլ այս իրադարձությունների մասին մտածում ենք, այդ խմբերի աշխատանքը կասեցնելն իռացոնալ քայլ էր, եթե հաշվի առնենք, թե ինչ վտանգներ էին կոչված կանխելու: Ռուսաստանում ու ԱՄՆ-ում գիտնականները տագնապած են այն ճանապարհից, որ ընտրել են երկու երկրները: Լոս Ալամոսի լաբորատորիայի նախկին ղեկավար Զիգֆրիդ Հեկերը, այլ գիտնականներ պնդում են, որ Ռուսաստանի հետ համագործակցությունն անհրաժեշտ է միջուկային անվտանգության, միջուկային ահաբեկչության ու մաքսանենգության կանխման, միջուկային սպառազինության սահմանափակման ոլորտներում: Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ժողովուրդները իրենց կառավարություններից պետք է պահանջեն դադարեցնել զենքեր ճոճելն ու սկսեն բանակցել՝ պաշտպանելու համար իրենց քաղաքացիներին ու ամբողջ աշխարհը հնարավոր աղետից: Ոչ ոք այդ երկրներում շահագրգռված չէ միջուկային առճակատմամբ, բայց եթե համեմատաբար փոքր տարաձայնություններին ուշադրություն չդարձվի, լարվածությունը մեծանալու է և հայտնի չէ, թե ինչի կհանգեցնի 10, 20 ու ավելի տարիներ հետո: Անհրաժեշտ է հնարավորինս արագ վերականգնել երկկողմ աշխատանքային խմբերի քննարկումները միջուկային անվտանգության և սպառազինությունների վերահսկման գծով:
Դա միակ ճիշտ ճանապարհն է օրեցօր առավել վտանգավոր դարձող իրավիճակում:
Էդուարդ ԼՈԶԱՆՍԿԻ
Մոսկվայի ամերիկյան համալսարանի նախագահ, Մոսկվայի պետհամալսարանի պրոֆեսոր
«The Washington Times»
Հ.Գ. Քիչ է մնում հավատաս, որ ՈՒկրաինայի ճգնաժամը 21-րդ դարում Ֆրանց Ֆերդինանդի սպանությունն է, որից սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը 20-րդ դարում 1 տարի առաջ: Գուցե կես դարը այն օպտիմալ ժամանակն է, որ տրված է խաղաղության համար, իսկ հետո ընթացքում կուտակված ու չլուծված խնդիրները բանակցությունների սեղանից անցնում են մարտադաշտ: Բայց անցյալ դարի երկու համաշխարհային պատերազմները, ռազմական ու քաղաքական միավորումների ստեղծումը, տնտեսական գլոբալացումը ու վերջապես քաղաքակրթության զարգացումը պետք է փոխադարձ հավակնությունները բանակցություններով հաստատելու նախադրյալ լինեն: Ի տարբերություն անցյալ դարի համաշխարհային պատերազմների ժամանակների, հետո հնարվեց զանգվածային ոչնչացման միջուկային զենքը, որը մյուս զինատեսակները խաղալիք է դարձնում իր ահավորության ու անդառնալի հետևանքների հարուցումով: Հիբրիդային պատերազմները կարո՞ղ են վերաճել միջուկայինի, թե՞ միջուկային զենքը իրականում տեղեկատվական պատերազմի միջոց է և որևէ մեկը չի էլ պատրաստվում ճակատագրական հրաման տալ: Այս ընթացքով հարցը կարող է գործնական դառնալ ոչ 10, 20 ու ավելի տարիներ հետո, այլ շատ ավելի արագ: ՈՒ բոլորովին այնպես չէ, որ միջուկային զենք չունեցող Հայաստանին այս հարցը չի վերաբերում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ