Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ոսկե ձկնիկը ակվարիումից դուրս լողաց

Ոսկե ձկնիկը ակվարիումից դուրս լողաց
08.12.2015 | 00:55

Հանրաքվեն կայացավ: Սահմանադրական բարեփոխումներն ընդունված են: Հայաստանում հայտարարվում է համատարած երջանկացման դժվար, աշխատանքային գործընթաց: Քանի դեռ բոլորս անպարագիծ երջանիկ չենք, հպանցիկ հետահայաց է պետք անցյալին, որ տևելու է մինչև 2018-ը, երբ կավարտվեն գործող նախագահի լիազորությունները, և նա հպարտ կհեռանա՝ իբրև վերջինը համաժողովրդական ընտրությամբ Բաղրամյան 26 մտնողներից: Մի հիշեցում՝ խորհրդարանական ընտրությունները 2017-ին և 2017-ի մայիսը, որ ակնհայտորեն անցնելու է գործող նախագահի կազմած ընտրացուցակներով, ինքնըստինքյան վերածվելու են խորհրդարանանախագահական ընտրությունների, ու հետընտրական լարվածությունից խուսափելը չի ստացվելու նույնքան ինքնըստինքյան: 2014-ին ով ինչ գիտեր-չգիտեր, բոլորս գիտեինք, որ 2015-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է և լինելու է տարվա գլխավոր իրադարձությունը, որ ապրիլի 24-ով սկսվել, առավել ևս, ավարտվել չի կարող: Բայց բոլորով վրիպեցինք՝ 100-րդ տարելիցը՝ 100-րդ տարելից, քաղաքական տարին սկսվեց փետրվարի 12-ին, ժամը 20-ից ու ավարտվեց դեկտեմբերի 6-ին, ժամը 20-ին: Քաղաքական դաշտի տրամաբանական վերադասավորումը ազդարարելուն զուգահեռ՝ 2015-ի փետրվարի 12-ին ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը իր հունով գնում է: Քչերն ուշադրություն դարձրին նրա խոսքի այդ հատվածին, օրվա մեջ առավել կարևոր համարվեց ընթացիկը՝ ԲՀԿ-ի տրանսֆորմացիան, որ խաղից հանում էր Հայաստանի առաջին ու երկրորդ նախագահներին: Մնացածը տեխնիկա էր՝ հանձնաժողովի նիստեր, քննարկումներ ու լուսաբանումներ, «այո»-ներ ու «ոչ»-եր, որ «այո»-ից ոչնչով չէին տարբերվում կամ խիստ սկզբունքային ու հիմնավորված էին: Եթե ունեինք «այո»-ի մեկ գույն, ունեցանք «ոչ»-ի երկու երանգ և բազում կիսատոներ: «Ոչ» ասողներ, որ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ սկզբունքային առարկություններ ունեն իշխանության վարած կուրսին, և «ոչ» ասողներ, որոնց տեսակետները իշխանության տեսակետներից ոչնչով չեն տարբերվում, պարզապես նրանք իրենց են տեսնում իշխանություն, իշխանությունը՝ ինքն իրեն: 2017-ի անխուսափելիությունն ավելի շոշափելի ու կարևոր էր բոլորի համար, քան պետական կառավարման մոդել փոխող հանրաքվեն: Հոկտեմբերի սկզբին ԱԺ-ն ընդունեց սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Նոյեմբերից դեկտեմբեր՝ քարոզչության մեկ ամիսը ցույց տվեց, որ քարոզչության ձևերը տարբեր էին, բայց երկու ճամբարներն էլ աշխատում էին նույն արդյունքի վրա: Եթե իշխանությունն ի սկզբանե ասում էր «այո» ու պնդում էր իր «այո»-ն՝ ամրագրելով վարչական անպարագիծ ռեսուրսներով, անսահմանափակ եթերով, ընդդիմությունն իր հրապարակային «ոչ»-ով միայն լեգիտիմացնում էր իշխանության «այո»-ն, բովանդակային քննարկումների մեջ չմտնելով, բայց իր բուռն ու անբովանդակ գործողություններով ստեղծում էր տեսակետների պայքարի, հետևաբար ժողովրդավարական մթնոլորտի տպավորություն: Որ ընդդիմությունն ընդամենը այդ խնդիրն էր լուծում և ստանձնել էր իր անփառունակ դերը սոսկ 2017-ի հեռանկարով, երևաց դեռ հանրաքվեից առաջ, երբ բուռն հայրենասիրական, աշխարհացունց ելույթներից հետո ընտրական հանձնաժողովներում, նույնքան բուռն ներկայության փոխարեն, հազիվ տեղերի կեսը լրացրեց, իսկ հետո ստորագրեց արձանագրությունները: Որ ժողովուրդն այս անգամ նույնքան բուռն նրանց հավատալու ցանկություն չուներ, վկայեցին «Նոր Հայաստանի» ու ՀԱԿ-ի հանրահավաքները:

Եվ խնդիրն այն չէ, որ խոսքը հանրաքվեին է վերաբերում, իսկ հանրաքվեն ընտրությունից տարբերվել է միշտ: Մասնակցության ընդամենը 51 %-ն էլ վկայեց, որ ժողովուրդը ոչ իշխանությանն է հավատում, ոչ ընդդիմությանը: Թե ինչպես ձևավորվեց այդ 51 %-ը, հարցի երկրորդ կողմն է: Եվ ինչպես ձևավորվեց 51 %-ի 63 % «այո»-ն ու 32 % «ոչ»-ը, մեծ գաղտնիք չէ: «Այո»-ն ստեղծվել է կրկնաքվեարկությամբ լրացուցիչ ցուցակներով՝ ինքնության քարտերով ու բացակա ընտրողների հաշվին: Ընտրահանձնաժողովներում ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը համագործակցել է իշխանության հետ: Ինչպես է «ոչ»-ը ստեղծվել՝ հաշվեք նաև անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 53332:
Անցել է ընդամենը երկու օր, բայց այս ամենը թվում է արդեն վաղուց անցած, լավ հայտնի ու կիսամոռացված պատմություն, որին մասնակիցները վերաբերվում են խիստ ընտրովի՝ յուրաքանչյուրը հիշում է իր ցանկացածը և ժխտում մյուս կողմի հիշողությունները: Սա էլ է լավ հայտնի պատմություն:
Այնուամենայնիվ, Սահմանադրության 113-րդ հոդվածով «հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը»։ Նախնական տվյալներով՝ «այո» է քվեարկել ընտրողների 32,17, «ոչ»՝ 16,42 %-ը։ Դեկտեմբերի 6-ին հանրաքվեին մասնակցեց ընտրողների 51 %-ը: Սա խորապես համեստ ցուցանիշ էր իշխանության համար, որն ընդամենը իրավականորեն կայացած է դարձնում հանրաքվեն: Ավելին պետք էլ չէր, որովհետև իրականում իշխանության բացարձակ հաղթանակն էր՝ իրական դիմադրության բացակայության պայմաններում: 2013-ին առաջին անգամ հայտարարվեց սահմանադրական փոփոխությունների մասին, անցել է ընդամենը երկու տարի, ընդ որում, բուն փոփոխությունները հայտնի դարձան միայն այս տարվա սեպտեմբերին: Փաստորեն, Հովիկ Աբրահամյանը իզուր էր տրտնջում, թե կախարդական փայտիկ չունի. եթե իբրև վարչապետ չունի, իբրև ՀՀԿ-ի շտաբի պետ՝ ունի: Լավ էլ կախարդում է:
Երբ դեկտեմբերի 4-ին իր հեռուստահարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օդում կախեց իր քաղաքական կարիերայի հետագան, նա անկեղծ էր: Քաղաքականության մեջ անցած կյանքի փորձը նրան սովորեցրել է երկարաժամկետ ծրագրերը իրականացնել կարճաժամկետ քայլերով՝ իրար հետևից, առանց վաղօրոք անոնսելու: Անկեղծ էր ոչ միայն քաղաքական կենսափորձի թելադրանքով: Կան պայմանավորվածություններ, որոնց կատարման հավանականությունն ու անհավանականությունը ժամանակի մեջ են պարզվում: Ինքն իրեն հարգող որևէ քաղաքական գործիչ, առավել ևս` պետության նախագահ, 2-3 տարի առաջ չի ասի՝ ինչ է անելու հետո, բայց պարտավոր է ասել, թե ինչ է լինելու պետության հետ, պարտավոր է զարգացման հեռանկար ծրագրել: Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց, որ պաշտոնավարման ժամկետից հետո կարող է նախագահ կամ վարչապետ դառնալ, թեմա, որին նվիրվեց հարցազրույցից մինչև հանրաքվե ամբողջ քաղաքական ու կուլիսային ժամանակը՝ հարուցելով գուշակությունների հորձանք ու նոր նրբերանգներ հաղորդելով հանրաքվեին: Լուծում էր մեկ հիմնական ու խիստ գործնական խնդիր: Նրա խոսքի անմիջական հասցեատերը թիմն էր, քաղաքական էլիտան, որին հանրաքվեից առաջ պետք էր վերստին հիշեցնել՝ ով է նախագահը և մինչև երբ, ուստի պատնեշել նրանց բնական ու արդեն ավանդական դարձած որոնումները: Հաջորդ տիրոջ: Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը որքան նախորդ, նույնքան հաջորդ կարող է լինել, ինչը սառը ցնցուղ էր ողջ իշխանական բուրգում: Իհարկե, նրանք գիտեն, որ ՀՀԿ նախագահությունից Սերժ Սարգսյանը հրաժարական չի տալու, որ հերթական համագումարում նորից նրան ընտրելու են նախագահ: Նա կարող է վարչապետ չլինել, երբ կառավարությունն ամբողջովին կախված է խորհրդարանից, երբ ԱԺ նախագահը շատ կարևոր դեմք է դառնում: Իսկ երբ ԱԺ կայուն մեծամասնությունը կազմում է ՀՀԿ-ն, իսկ ՀՀԿ նախագահը Սերժ Սարգսյանն է, ԱԺ նախագահը ևս նրան է նայելու որոշումներ ընդունելիս: Բայց նաև Սերժ Սարգսյանը գիտի, որ Հայաստանում՝ ոնց Հայաստանում, միայն պաշտոնն է որոշում՝ ով ես ու ինչ կարող ես անել՝ առաջին երիտասարդ թոշակառուն աչքի առաջ է, չէ՞, բավական է ոչ միայն սեփական խաղի, այլև հակախաղից պաշտպանվելու փորձ կուտակելու համար: Ապահովության բազմակի երաշխիքներ են պետք, պետք է բացառել որևէ դիմադրություն ու դիմադրության ցանկություն: Իսկ նախագահի երեք թեկնածուների թեզը քաղաքական դետեկտիվի ժանրից էր: Պատկերացնո՞ւմ եք այդ երեք անհայտների (իսկ Հայաստանը փոքր երկիր է` մեծ գաղտնիքներ ու անհայտներ ունենալու համար) փոխհարաբերությունները միմյանց հետ և հարաբերությունը գործող նախագահի հետ: Հրաշալի քառյակ-եռյակների սկիզբն ու վերջը լավ գիտեն նրանք, ովքեր հայտնվում են վերջում ու ավարտում պատմությունը:
Ինչո՞ւ թողած պատմական՝ կառավարման մոդել փոխած հանրաքվեն, հանրաքվեի ընթացքը, ընտրակեղծիքներն ու ընտրախախտումները, Ազատության հրապարակի «ապստամբներին», վերջին հաշվով, հետընտրական իրադարձությունները Սերժ Սարգսյանի հարցազրույցն եմ հիշել: Պարզ պատճառով: Հանրաքվեն անցյալ է, իսկ հարցազրույցը նախանշում էր ապագան, և «ակադեմիկոսների» մեր հանրությանը ուրվագծում էր, թե ապագան ինչ արագությամբ ու ինչ կանգառներով է գալու: Արդեն իսկ ակնհայտ է, որ իշխանությունը Հայաստանում մինչև 2017-ը կարող է հանգիստ զբաղվել սեփական շարքերի զտումներով ու վերադասավորումով` ըստ քաղաքական քաշի: Նույնքան և ավելի ակնհայտ է, որ ժողովրդի խնդիրները մեկով էլ ավելացան՝ ընդդիմություն ստեղծել: Իր ընդդիմությունը՝ չկառավարվող ու չդավաճանող, չմոլորվող ու չմոլորեցնող: Այս հանրաքվեն քաղաքական ասպարեզում պարզապես զրոյացրեց իրենց ընդդիմություն համարող ու հայտարարողներին: Չի կարելի անդառնալիորեն խրվել-մնալ սեփական պատրանքների մեջ, չի կարելի այդքան ոչնչացնել «ընդդիմություն» հասկացությունը. ձմռան կեսին հրապարակում գիշերելով, փողոցներում գնալ-գալով, իրականությունից կտրված ելույթներ ունենալով շարժում չեն ստեղծում: Ինքնարտահայտման ավելի տպավորիչ ու առողջության համար նվազ վտանգավոր ձևեր կան: Եթե պիտի գնաս-գաս ու մտածես գործող նախագահի անվան «Հայոց պատմության մեջ հիշատակման մասին», գնա տուն ու քնիր։ Սերժ Սարգսյանը հրաժարական չտվեց 2008-ին, 2013-ին, 2015-ին ո՛չ հիմք ունի, ո՛չ ցանկություն: Դռները կբացեն, կփակեն, կհանեն, թե կջարդեն, Նոր Հայաստանը չի գալու՝ այս բերողները պիտի գնան, որ գա:
Իսկ հիմա ընդամենը ոսկե ձկնիկը դուրս լողաց ակվարիումից։ Նա սկսում է կատարել հաղթողների ցանկությունները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. ՈՒ ի՞նչ անել: Հանրաքվեն հայելի էր, որ բացահայտ շարեց իշխանության, խորհրդարանական ընդդիմության ու ժողովրդի խնդիրները: Իշխանությունը հիմա պարտավոր է.
1. Հնարավորինս արագ մոռացնել հանրաքեն ու մտածել տնտեսական վիճակի մասին:
2. Հնարավորինս նվազագույնի հասցնել պետական կառավարման մոդելի բացասական հետևանքները պետության վրա:
3. Մտածել անվտանգության ապահովման մասին՝ իրականում, ոչ ցուցադրական ելույթներով:
Խորհրդարանական ընդդիմությունը, որ «ոչ» էր խաղում, այսուհետ պարտավոր է.
1-2-3. Հնարավորինս անվնաս հեռանալ:
Ժողովուրդը, որ հավաքական մեծամասնության մեջ անտարբեր էր ու բացասական էր վերաբերվում հանրաքվեով իրեն առաջադրվող խնդրին, բայց նորից «գնաց» ու «հաղթեց», պարտավոր է.
1. Մինչև խորհրդարանական ընտրությունները ձևավորել իրական ընդդիմություն:
2. Վերագնահատել պետության ինքնապահպանման և սեփական ինքնապահպանման հարաբերակցությունը՝ հօգուտ մշտական կայուն եկամտի՝ մերժելով մեկանգամյա փոքր վճարը:
3. Չհեռանալ երկրից՝ երկրում լուծել սեփական ու պետական հարցերը:

Դիտվել է՝ 1569

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ