Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Եվրամիությունը Բրյուսելում որոշում է իր ներկան ու ապագան

Եվրամիությունը Բրյուսելում որոշում է իր ներկան ու ապագան
18.12.2015 | 14:29

Մարտահրավեր Պուտինի գազային ռազմավարությանը


Բրյուսելի սամմիթում Եվրոպայի ղեկավարները պետք է վճռական ճակատամարտ մղեն Գերմանիայի, որ Ռուսաստանի հետ ուզում է կառուցել երկրորդ «Հյուսիսային հոսքը», և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի միջև՝ գրում է The Wall Street Journal-ը:
«ԵՄ կենտրոնական և արևելաեվրոպական անդամները լիովին հիմնավորված զգուշանում են, որ այդ խողովակաշարը կխարխլի իրենց էներգամատակարարման անվտանգությունը, որը կապված է Արևմտյան Եվրոպա գազի տարանցիկ երկրի իրենց գործառնության հետ: Քանի դեռ Ռուսաստանին պետք են տարանցիկ ճանապարհները շահութաբեր արևմտաեվրոպական շուկաներ մուտք գործելու համար, էներգամատակարարումից նրանց անջատումը քիչ հավանական է՝ կարծում է Ատլանտյան խորհրդի աշխատակից Ալան Ռայլին: «Հյուսիսային հոսք -2»-ը ծրագրում է շրջանցել այդ երկրները և ռուսական գազը ուղիղ Գերմանիա հասցնել: Այդ դեպքում Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրները կախված կլինեն Ռուսաստանի ցանկությունից՝ իրենց գազ մատակարարել գոյություն ունեցող գազատարով: Այլընտրանքային տարբերակ կարող է դառնալ Գերմանիայից ռուսական գազ գնելը, եթե Ռուսաստանը Գերմանիային այդքան գազ վաճառի, իսկ Գերմանիան ցանկանա այդ երկրներին գազով ապահովել՝ հակառակ Ռուսաստանի հնարավոր բողոքի: Ռուսաստանից ու Գերմանիայից նման կախումը այնքան էլ հաճելի հեռանկար չէ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի մայրաքաղաքների համար, եթե հիշեն, որ Գազպրոմը քանիցս փորձել է փակել ԵՄ անդամների գազամատակարարումը՝ ՈՒկրաինային գազ տալու համար: Այդ երկրների հավատը Գերմանիայի բարի կամքի նկատմամբ այլևս խարխլվել է «Հյուսիսային հոսք -2»-ը կառուցելու Գերմանիայի ցանկությամբ: Սակայն «Հյուսիսային հոսք-2»-ը կասեցնելու գլխավոր կռվանը էներգետիկ ոլորտի ազատականացման եվրոպական օրենսդրությունն է: Գազպրոմի համար առաջին խոչընդոտը ԵՄ գազային դիրեկտիվի 11-րդ հոդվածով նախատեսված թույլտվությունն է, որով երաշխավորվում է, որ ոչեվրոպական երկրների վերահսկած գազատարները չեն սպառնա առանձին երկրների կամ ամբողջ միության էներգետիկ անվտանգությանը: Բացի այդ՝ «Հյուսիսային հոսք -2»-ը ամբողջ հզորությամբ օգտագործելու համար Գազպրոմը պետք է ազատվի պարտավորություններից, որոնք նախատեսված են Գազային դիրեկտիվի մեկ այլ հոդվածով, որը պահանջում է խողովակաշարը օգտագործման տրամադրել երրորդ երկրի: Այդ թույլտվությունը հնարավոր է, եթե գազատարը մատակարարման նոր ալիքներ ստեղծի և ուժեղացնի մրցակցությունը, սակայն այս պայմաններից ոչ մեկը չի կատարվում: Այդ պահանջներին Գերմանիայի գլխավոր հակափաստարկն է, որ Գազային դիրեկտիվը չի վերաբերում ստորջրյա խողովակաշարերին: Սակայն այս փաստարկը քննադատության չի դիմանում՝ ԵՄ բոլոր օրենքները բխում են այն դրույթից, որ օրենքը գործում է ԵՄ բոլոր անդամների տարածքում, այդ թվում՝ ջրային:
Հաշվի առնելով ԵՄ շատ անդամների անհանգստությունը «Հյուսիսային հոսք -2»-ի շինարարությունից իրենց էներգետիկ անվտանգության համար, նրանք կպնդեն ԵՄ կանոնների խիստ պահպանումը: Ցանկացած երկիր, որ դժգոհ է արդյունքներից, փոխհատուցում է պահանջելու դատարանի միջոցով՝ սկսած ԵՄ ընդհանուր դատարանից մինչև Եվրադատարան:
Ալան ՌԱՅԼԻ, The Wall Street Journal

Եվրոպան պատրաստվում է քաղաքական վճռական դեբատների
«Քննարկման տեքստ չի լինելու, գուցե լինեն սակավաբառ եզրակացություններ հանրության համար: Բայց ԵՄ ղեկավարութունը Բրյուսելում պատրաստվում է քաղաքական վճռական դեբատների Դևիդ Քեմերունի Մեծ Բրիտանայի «նոր կարգավորման» համար, որը կսահմանի վերջնական համաձայնության շրջանակները փետրվարին»,- գրում է Financial Times-ը: Ցանկալի է ԵՄ բոլոր 28 անդամների մասնակցությունը քննարկումներին: ԵՄ մի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ առաջին անգամ չեն ԵՄ ղեկավարները քննարկում Մեծ Բրիտանիայի պահանջները, բայց սա գուցե նրանց առարկությունները ներկայացնելու վերջին շանսն է, որը կարող է ձախողել համաձայնագիրը: Եթե ամեն ինչ ըստ ծրագրի լինի, հանդիպումը կդառնա ամփոփումը այն տարբերակների, որը բավարարում է Քեմերունի չորս հիմնական պահանջները՝ ԵՄ-ի մրցունակությունը, եվրոյի գոտուց դուրս երկրների իրավունքները, միգրանտների հարկային արտոնությունների կրճատումը և ազգային խորհրդարանների անկախությունը: Միգրանտների հարկային արտոնությունները մեծ խնդիր են մնում, որի լուծումը դեռ շատ հեռու են համարում բանակցողները: Սամմիթից առաջ հանդիպումներում Քեմերունն ասում էր, որ մեկ ճանապարհ է մնում միգրանտների քառամյա հարկային արտոնությունները կրճատելու համար՝ համաձայնագրերի անհապաղ վերանայում, որպեսզի հնարավոր լինի սահմանափակումներ մտցնելը: Բացի այդ՝ կան բոլորովին այլ միջոցներ՝ կանխելու միգրանտների հոսքը Մեծ Բրիտանիա, որոնցից մեկը ԵՄ մուտքի արգալափակումն է, եթե պետական ծառայությունները գերբեռնված են: Այս քայլի օրինականությունը մեծ վեճեր է հարուցում և պարզ չէ՝ կդիմի՞ ԵՄ-ին Քեմերունը այդ հարցով: Քեմերունի գլխավոր նպատակն է ԵՄ գործընկերներին համոզել, որ պետք է քաղաքական տարածքը մաքրել միգրացիայի խնդիրը լուծելու համար, որը նրան թուլ կտա հաղթել հանրաքվեում՝ թույլ չտալով ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը: Հավանաբար քաղաքական գործիչները ավելի մեծ ըմբռնում կունենան Քեմերունի քաղաքական խնդիրների, քան իրավաբաններն ու բյուրոկրատները:
Ալեքս ԲԱՐԿԵՐ, Ջորջ ՊԱՐԿԵՐ, Financial Times


Հ.Գ. ԵՄ բրյուսելյան համաժողովը սկսվել է երեկ և այսօր շարունակում է աշխատանքները՝ Մեծ Եվրոպան պարտավորված է լուծել իր քաղաքական, ռազմական ու տնտեսական անվտանգության խնդիրները: Բայց Արևմտյան ու Արևելյան Եվրոպաների տեսակետները տրամագծորեն հակառակ են շատ խնդիրներում, կհաջողվի՞ ԵՄ որոշումների մեջ արտահայտել բոլորի շահերը, թե՞ սամմիթ առ սամմիթ ԵՄ-ն իսկապես ճաքեր է տալիս:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1631

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ