Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«Ինչպես առաքյալ ուղարկվեց երկիր»

«Ինչպես առաքյալ ուղարկվեց երկիր»
15.01.2016 | 02:45

Մինչ դարասկզբին բոլորս միաձայն նվնվում էինք, որ գրականություն չկա, գրողները չեն գրում, ով չէր ալարում՝ Հրանտ Մաթևոսյանին էր մեղադրում՝ ինչո՞ւ չի գրում, որ նա չի գրում, ո՞վ պիտի գրի, երկրում ստեղծվում էր ՄԵԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Փոխխմբագիր էի «Հայաստանի Հանրապետութիւն»-ում ու աշխատանքի բերումով գրախոսում էի նոր լույս ընծայված գրքերը: Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզը» պատահաբար ձեռքս անցավ, կարդացի մի օրում՝ վազելով ու պարբերաբար հետ դառնալով, հաջորդ օրը գրեցի: Արդեն չեմ հիշում՝ ինչ, հիշում եմ միայն հետգրությունը՝ որ այս «Սև գիրքը» աշխարհի ամենալուսավոր գիրքն է, որի ամեն էջից ուզում ես ապրել ու ապրել՝ հակառակ «Ծանր բզեզի»: Գիրքը խմբագրություն չվերադարձրի ինչպես գրախոսվող մյուս գրքերը: Այդ տարիներին երկու գիրք եմ միայն պահել՝ Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզը» և Վանո Սիրադեղյանի «Ձեռքդ ետ տար ցավի վրայից»-ը: Հեռվից հեռու իրար գիտեինք, ծանոթացրեց Այդին Մորիկյանը, ու ես միանգամից հարցազրույց առաջարկեցի, կտրականապես մերժեց: Զարմացա, փորձեցի համոզել՝ առարկեց. «Դու, որ Հրանտ Մաթևոսյանի խոսքն ես կտրում, ինձ չես թողնի խոսեմ»։ Ապշեցի՝ երբեք չէի մտածել, որ Հրանտ Մաթևոսյանի խոսքը որևէ հարցազրույցում կարող էի ընդհատել, տուն եկա ու հին հարցազրույցները հանեցի՝ եղել էր, փաստորեն եղել էր, որ խոսքը շեղել էի ու չէի զգացել, որովհետև Հրանտ Մաթևոսյանի խոսքը հորձանք է, որ կտրել հնարավոր չէ:
Համարյա տարեկիցներ ենք, դու-ի անցանք միանգամից, թեպետ ինձ համար դա դժվար ու երկար գործընթաց է՝ չեմ սիրում ոչ ինքս դու-ով դիմել, ոչ ինձ դու-ով դիմողներին: Բայց ստացվեց, ու՝ հետ չդարձանք: Տարիներ հետո պիտի հասկանայի, որ դու-ի դաշտը բացել էր գրականությունը, որ նա գրել էր աշխարհում միայն ինձ համար: ՈՒ այդ զգացողությունն ունեցել է յուրաքանչյուր ընթերցող: Լևոն Խեչոյանին կարդալը դժվար է. միանգամից զուգորդումների այնքան դռներ է բացում ու փակում, որ քեզ լաբիրինթոսում ես զգում, ինքն էլ գիտի ու միշտ մի դուռ բաց է պահում, որ չմոլորվես: Ձեռքդ բռնած՝ տանում է, ձեռքդ թողեց՝ ուզում ես դու գրել, ինքդ ավարտել պատմությունը, որ նա է սկսել: Երբեք չես կարող: Նրա ոչ մի ավարտ ավարտ չէ: Որևէ պատմվածք չկա, որ հստակ ավարտ ունենա, ինչպես մեզ սովորեցրել են մեր ավարտած համալսարաններում՝ սյուժեի, ֆաբուլայի, գլխավոր ու երկրորդական հերոսների, հանգույցի ու հանգուցալուծման դասերին: Ավարտվում է՝ երբ հեղինակն ուզում է ավարտել, բայց հաջորդ նախադասությամբ կարող է շարունակվել՝ թե պատումը, թե հերոսների կյանքը: Որ «Խնկի ծառերից» (1991), «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի»-ից (1995), «Սև գիրք, ծանր բզեզից» (1999), «Տան պահապան հրեշտակից» (2002), «Հունիսի հինգը և վեցը»-ից (2002), «Երրորդ որդին։ Արշակ արքա, Դրաստամատ ներքինի»-ից (2002), «Հողի դողից» (2003), «Ձայներ և տեսիլքներ»-ից (2007), «Փուշը, հայր, փուշը»-ից (2011) հետո գրելու է «Մհերի դռան գիրքը» (2014), ոչ ոք չէր կարող ասել՝ իրենից բացի: Փաստորեն՝ «Գիրքը» գրել է ի սկզբանե, ամեն բառի հետ՝ ներսում ունենալով քարանձավված Մհերին, որոնելով նրան ու նրան քարանձավից հանելու ճանապարհը: Փաստորեն՝ «Գիրքը» գրել է անընդհատ՝ մտքում պահելով, իսկ թղթին հանձնելով դեռ ուրիշ տողեր ու ուրիշ բառեր: Փաստորեն՝ «Գիրքը», ի վերջո, գրվեց՝ ավարտին մարաթոնյան արագություն հավաքելով, որովհետև այլևս ժամանակ չուներ ու ինքը բոլորից լավ գիտեր: «Ես միշտ, դեռևս վաղ տարիքից մտածել եմ, որ արվեստագետը առաքյալի նման է երկիր գալիս: Ինչպես առաքյալը ուղարկվեց երկիր, որպեսզի մահկանացու մարդու, նրա փրկության համար աղոթք անի, այդպես էլ արվեստագետը՝ նկարիչը, երաժիշտը, գրողը երկիր են գալիս, մի գիրք են գրում, սիմֆոնիա են ստեղծում աղոթքի պես»՝ իր բառերն են: Եվ ուրեմն՝ Մհերի աղոթքը մեր աղոթքն է, մեր խոսքը, մեզ ասված՝ մեր բառը, որ մեզնից յուրաքանչյուրին առաքյալի իրավունք է տալիս:
Բոլոր գրքերն ունեն իրենց ճակատագիրը՝ անկախ հեղինակից: Նարեկացու «Մատյանից»՝ Չարենցի «Գիրք ճանապարհի»՝ «Մհերի դռան գիրքը» ամփոփեց ու եկավ նոր մակարդակ ու նոր որակ բացելու գեղարվեստական գրականության մեր ընկալումներում: Գեղարվեստականությունից զերծ, անգամ հակագեղարվեստական, տարածք, որտեղ ապրում են մարդու սիրտն ու հոգին, տարածք, որտեղ մարդու սիրտն ու հոգին բանականությանը չեն ենթարկվում: Դա գեղարվեստի նոր մտածողության, նոր զգացողության ու նոր դրսևորման չափանիշ է, որտեղ դու ազատ ես ու անձամբ պիտի որոշումներ կայացնես՝ լավ ու վատի, ճիշտ ու սխալի, մեծ ու փոքրի մասին, երբ հասկանում ես, որ լավ ու վատ, ճիշտ ու սխալ, մեծ ու փոքր չկա ու չի եղել երբեք, եղել է ընկալումը՝ համեմատության մեջ: Կա մաքուր գրականություն՝ վերջ: ՈՒ այդ գրականությունը համեմատության մեջ չի որակվում՝ ինքն արդեն արժեք է, որ արժեք է ստեղծում: Ինչպես իր ժամանակի մեջ եղավ ու մնաց Հրանտ Մաթևոսյանի արձակը: Սկսեց ու կիսատեց Վանո Սիրադեղյանը:
ՈՒ եթե արդեն մեզնից անբաժան է դարձել մեր նվնվոցը, պիտի արձանագրեմ՝ ունեցել ենք ու ունենք սքանչելի, ուժեղ, համաշխարհային գրականությանը ոչ արձակում, ոչ պոեզիայում չզիջող գրականություն, որ մնում է ինքնակա ու ինքնաբավ արժեք, քանի դեռ չի ընթերցվում: Լատինամերիկյան գրականության բումը չսկսվեց ոչ Արգենտինայում, ոչ Կոլումբիայում, ոչ Պարագվայում, ոչ Մեքսիկայում, ոչ որևէ այլ լատինամերիկյան երկրում: Մոգական ռեալիզմը իրավունքները հաստատեց ֆրանսախոս ու իսպանախոս Եվրոպայից: Պարադոքս է, բայց փաստ, որ Խորխե Լուիս Բորխեսից՝ Գաբրիել Գարսիա Մարկես ու Մարիո Վարգաս Լիոսա՝ իրենց հայրենիքում ճանաչվեցին, երբ Եվրոպան շնչահեղձ կարդում էր նրանց գրքերը: Նոբելյան մրցանակներ նրանց Եվրոպան տվեց՝ համաշխարհային մեծություններ հռչակելով:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու,
երկրորդ դասի պետական խորհրդական

Հ. Գ. Հրանտ Մաթևոսյանին հարցրի՝ ինչո՞ւ հայ գրողները Նոբելյան մրցանակ չեն ստանում՝ գրականությո՞ւնն է թույլ, թե՞ չեն թարգմանվում: «Կենսատարածք չունենք»՝ եղավ լակոնիկ պատասխանը: Ես չհասկացա, թե ինչու: «Կենսատարածք» փոքրիկ Կոլումբիան ունի, փոքրիկ Հայաստանը՝ ոչ, ու նորից հարցրի՝ ի՞նչ անենք, որ ունենանք: Պատասխանեց՝ երկիրդ մեծ ու հզոր պիտի լինի, որ գրողիդ թիկունք դառնա ու առաջ տանի: Հանդգնությունս չհերիքեց հարցնել՝ ո՞վ՝ ո՞ւմ պիտի մեծացնի: Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը», որ նրա գրականության ամփոփումն է, երկիր հզորացնող ուժ է, բայց դա հասկանալու ուժը մենք դեռ չունենք:

Դիտվել է՝ 3727

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ