«Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում հունվարի 23-ին Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության ղեկավար ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ, ակումբի անդամներ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԸ և ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ ամփոփեցին ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության առաջին տարին՝ հիմնականում տնտեսական կտրվածքով:
Իբրև 2015-ի ամփոփում Արամ Սաֆարյանը առանձնացրեց մի քանի փաստեր: Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից 2015-ին Հայաստանը ստացել է 150 միլիոն դոլար ներդրումային վարկ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության նախագծի համար: Նույն հիմնադրամը Հայաստանին հատկացրել է 40 միլիոն դոլար ներդրումային վարկ՝ ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի համար: Տնտեսական կայունության աջակցմանն ուղղված բարեփոխումների եռամյա ծրագրի իրականացման համար հատկացվել է 300 միլիոն դոլար ֆինանսական վարկ (3 տրանշ՝ 100-ական միլիոն դոլար) 20 տարի մարման ժամկետով և 10-ամյա արտոնյալ փուլով: ԵԱՏՄ-ին Հայաստանի ինտեգրման հնգամյա ծրագրով, ճանապարհային քարտեզի իրականացման համար 2015-ից սկսած 3 տարի Հայաստանը կստանա 50 միլիոն դոլարի անհատույց ֆինանսավորում: Մեծամորի ատոմակայանի գործողության ժամկետը երկարաձգելու ծրագրի համար 2015-ի համաձայնագրով Հայաստանը ստացել է 270 միլիոն դոլարի պետական վարկ և 30 միլիոն դոլար անհատույց աջակցություն: 2015-ի հունիսին համաձայնագրով Հայաստանը ստացել է 200 միլիոն դոլարի պետական վարկ ՌԴ ռազմատեխնիկական արտադրանքի ձեռքբերման համար:
Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսության մարտահրավերները և հաղթահարման ուղիները, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը ևս ներկայացրեց ռիսկերը և անդրադարձավ կանխատեսումներին: Հավարտ ասուլիսի՝ Եվրասիական փորձագիտական ակումբի երեք անդամներին էլ խնդրեցի պատասխանել թեմայից բխող մի քանի հարցերի:
«ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐՆ ԷԼ ՄԻՄՅԱՆՑ ՄԵՋ ՄՐՑԱԿԻՑ ԵՆ ՏԵՍՆՈՒՄ»
ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
-Ի՞նչ է իրենից ներկայացնում երեք «և»-ի քաղաքականությունը:
-Իբրև ԵԱՏՄ անդամ՝ մենք պետք է օգտագործենք պայմանագրով մեզ տրված բոլոր հնարավորությունները: Նախ՝ երկկողմանի հարաբերություններ զարգացնել այլ երկրների հետ, մենք պետք է զարգացնենք մեր տնտեսական հարաբերությունները ԵՄ երկրների հետ: Երկրորդ կարևորագույն և-ը պետական ինստիտուտների զարգացման հարցն է, շատ կարևոր է հումք արտահանողից պատրաստի արտադրանք արտահանող երկիր դառնալը: Իրական վեկտորը ցույց է տալիս, որ մենք արտահանում ենք դեպի Ռուսաստան, եվրոպական շուկայում բարձրագույն մրցակցություն է: Մենք փայլուն իրանագետներ ունենք և պետք է օգտագործենք նրանց գիտելիքները նոր իրավիճակում Իրանի հետ կապերը զարգացնելու համար: Կոնկրետ ուսումնասիրություններ են անհրաժեշտ՝ որոշակի առաջարկություններ անելու համար: Եթե մենք փոփոխություն չմտցնենք տնտեսական քաղաքականության մեջ, կարծրությամբ հետևենք որոշակի դրույթների, չենք կարող բոլոր ուղղություններով բացվող շանսերն օգտագործել:
-Երբ Ռուսաստանը բյուջեի տասը տոկոսանոց սեկվեստր է անում, տնտեսությունը ռեցեսիայի մեջ է, մենք իրավունք ունե՞նք հիմնական ուղղություն ռուսականը համարել:
-Ոչ, մեր հիմնական սխալն է, որ շարունակում ենք խորհրդային ժամանակների մտածողությունը՝ եթե մի միության մեջ ենք, իրենք մեզ պիտի պահեն: Չկա դա, ընդամենը շանսեր կան, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի մեզ լրացուցիչ վնասներ հասցնենք՝ թանկ գազ ստանանք, լրացուցիչ մաքսատուրքեր վճարենք: Մենք պիտի բոլոր շուկաներով զբաղվենք:
-Ձեր կարծիքով՝ ՌԴ-ի պատժամիջոցների վերացումը, որի մասին Ֆրիդից Քերի խոսում են, կփոխի՞ Հայաստանում տնտեսական իրավիճակը:
-Իհարկե, պատժամիջոցների վերացումը կբարձրացնի ռուսական շուկայի գնողունակությունը: Ինչո՞ւ մենք ակտիվ քաղաքականություն չենք վարում, նավթի գները կտրուկ անկում են ապրել, բայց մենք գնանկման ազդեցությունը չունենք, ներքին գնագոյացման և արտաքին հարաբերությունների պայմանագրերը հօգուտ մեզ չօգտագործենք, խնդիրներ կունենանք:
-ԵԱՏՄ-ին անդամակցությունից մեկ տարի անց ինչո՞ւ է դեռ քննարկվում, լա՞վ է, թե՞ վատ, փաստ է:
-Վստահ եղեք, որ եթե ԵԱՏՄ անդամ չլինեինք, ավելի ուժեղ տնտեսական հարվածներ կստանայինք:
-Գուցե ավելի մեծ պաշտպանվածություն ունենայինք:
-Ոչ, դա ցույց է տալիս մեր հարևան երկրների փորձը, որոնք ավելի մեծ հարվածներ ստացան՝ Ադրբեջանն էլ, Վրաստանն էլ: Իրանի հետ հարաբերությունների զարգացմանը ԵԱՏՄ անդամ լինելը որևէ կերպ չի խանգարում:
-Մենք պայմանագիր ունենք «Գազպրոմի» հետ, որ պիտի գազը միայն իրենից գնենք: Այդքան խոսում ենք իրանական գազի մատչելիության մասին, իսկ պայմանագի՞րը:
-Պայմանագիրը ԵԱՏՄ-ի հետ կապ չունի և, կարծում եմ, անհրաժեշտության դեպքում կվերանայվի՝ ըստ այն խնդիրների, որ առաջանում են:
-Ռեա՞լ եք համարում, որ Ռուսաստանը Իրանի մեջ կտեսնի ոչ թե մրցակից, այլ գործընկեր:
-Բոլոր երկրներն էլ միմյանց մեջ մրցակից են տեսնում, իսկ երբ ընդհանուր տնտեսական շահեր են ունենում, դառնում են գործընկերներ: Իրանի շահերը ավելի շատ են համապատասխանում Ռուսաստանի ռազմավարական ու տնտեսական շահերին:
«ՑԱՆԿԱՑԱԾ ԵՐԿԻՐ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ»
ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
-Ինչո՞ւ ԵԱՏՄ-ին անդամակցելուց մեկ տարի հետո մենք նորից բացատրում ենք, համոզում ենք, որ դա ճիշտ էր:
-Բարեբախտաբար, այս դեպքում իմաստուն քայլ արվեց: Ցանկալի կլիներ, որ նախապես հանրային կարծիքը նախապատրաստվեր, բայց գուցե դա խանգարեր արտաքին քաղաքական խնդիրներում: Սա ձիով քայլ էր: Ժամանակին ես էլ անակնկալի եկա, ինչպես բոլորս, բայց խոր վերլուծելով, նաև գիտականորեն, վստահ եմ, որ ճիշտ էր: Իսկ հակառակը ճի՞շտ կլիներ:
-Հակառակը ո՞րն էր: Եվրաասոցացո՞ւմը:
-Հակառակը չանդամակցելն էր: Մեզ համար երկուսն էլ կարևոր են: Բրյուսելը և Մոսկվան իրենց քաղաքական հարաբերությունների լարվածությունը փոխադրեցին տարածաշրջան: Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամներ են, ԵՄ բոլոր երկրները ԱՀԿ անդամ են, ԱՀԿ-ն խաղի կանոններ է սահմանում բոլոր անդամների համար, ինչպե՞ս կարող են տարբերություններ լինել տարածաշրջաններում, երբ բոլոր խաղացողները ԱՀԿ անդամ են: Պարզ չէ՞, որ կամ-կամ-ը տնտեսական խնդիր չէր, այլ քաղաքական: ԵԱՏՄ-ն Հայաստանի համար լրջագույն շանս է այսօրվա հնարավորությունները օգտագործելու, որտեղ ապրանքներն ու ծառայությունները դեռևս եվրոպական շուկայում մրցունակ չեն:
-Շատ չե՞նք շահարկում այդ գործոնը: ԵԱՏՄ երկրներում ազգային արժույթների արժեզրկում է, տնտեսական նահանջ, ի՞նչ կարող ենք ստանալ քաղաքականապես ու տնտեսապես ոչ լավագույն ժամանակներն ապրող միությունից:
-Ես այն մարդկանցից չեմ, ովքեր ասում են՝ մենք ունենք մեր ավանդական շուկաները, այնտեղ աշխատենք: Դա անցումային փուլ է: Այն ապրանքների ու ծառայությունների, որոնք համաշխարհային շուկա մտնելու բացարձակ մրցունակության պայմաններին չեն բավարարում, բայց պահանջարկ ունեն, արտահանումով մենք հնարավորություն կստանանք վերազինել մեր արտադրությունը և մրցունակությունը բարձրացնել այն մակարդակին, որ կարողանանք եվրոպական շուկա մտնել: Սա է բանաձևը:
-Ձեր բանաձևը թղթի վրա չի՞ մնա: Մինչև մենք հասնենք այսօրվա մակարդակին, նրանք նոր աստիճանի կհասնեն, ժամանակի կորուստը հաշվի առնո՞ւմ եք:
-Մենք հաջողության պատմություններ էլ ունենք: Օրինակ՝ մեղրը, ձկնամթերքը, որոշ խմիչքներ, հյութեր: Արտադրողի համար կա միասնական օրակարգ՝ ավելի բարձր շուկա մտնել, եթե կա հնարավորություն: Մեկուսանալը մեզ համար բացարձակ ճիշտ չէ: ԵՄ-ն իր բոլոր դրական կողմերով հանդերձ՝ դեղատոմս չէ: Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրները, որ քաղաքական որոշումով անդամակցեցին ԵՄ-ին, ավելի լա՞վ վիճակում են: Կոռուպցիա, տեղական արտադրության կորուստ, միջնորդավորված խտրականություն՝ երբեք այդ երկրների աշխատուժը Արևմտյան Եվրոպային հավասար չի գնահատվում: Այդ երկրները, որ ակնկալում էին Եվրոպայի հաշվին շտկել իրենց մեջքը, կորացրին Եվրոպայի մեջքը: Ցանկացած երկիր ազգային օրակարգ պետք է ունենա:
-Ո՞րն է Հայաստանի ազգային օրակարգը:
-Հայաստանի օրակարգի հիմքում պետք է դրվի մարդկային, հումքային, արտադրական, ֆինանսական ռեսուրսների հաշվառումը: Մենք մեզ չենք ճանաչում, չգիտենք ինչ ունենք, ցանկացած ծրագիր այդ դեպքում աբսուրդ է: Ռեսուրսները պետք է նպատակային օգտագործել: Ոչ միայն Հայաստանի, այլև հայության: Մենք համառորեն մեզնից վանում ենք սփյուռքի մասնագիտական ներուժը: Հայկական սփյուռքը Հայաստանի մրցակցային առավելություններից մեկն է: ԵԱՏՄ-ում մեր հաջողություններից մեկը այդ երկրներում հայկական համայնքների ակտիվացումն է՝ գործարար շրջանակների հետ համագործակցությունը:
-Ասենք, բոլոր ռեսուրսները գույքագրեցինք, ո՞վ պիտի զբաղվի տվյալներով՝ կառավարությո՞ւնը, թե՞ այլ կառույցներ:
-Պետք է հրաժարվել այդ մտայնությունից՝ կառավարություն, դու այս պիտի անես, այն, այն էլ, ես էլ պիտի նայեմ՝ լավ աշխատեցի՞ր: Մենք չենք սովորել կառավարությանը աշխատեցնել: Որպես հարկատու՝ մենք պահանջատեր չենք: Կառավարությունը պատասխանատու է՝ պիտի անի, բայց մենք էլ որպես քաղաքացի պահանջատեր և տեր պետք է լինենք, կառավարությունն իր բոլոր անդամներով պիտի ծառա լինի պետությանը ու ժողովրդին:
«ԵԱՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԱԿԱՍՈՒՄ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԱՅԼ ՈՒՂԻՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ»
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության ղեկավար
-Ինչո՞ւ ԵԱՏՄ-ին անդամակցելուց մեկ տարի հետո նոր ենք պատասխանում հարցին՝ ճի՞շտ, թե՞ սխալ էր:
-Որովհետև աշխարհում գլոբալ առճակատում կա ուժային բևեռների միջև, և այդ բախումը զուգորդվում է քաղաքակրթական հակամարտությամբ, վերաբերում է առանցքային արժեքների: Տեղեկատվական պատերազմ է, որում ներգրավված են հսկայական թվով մարդիկ: Շատ մեծ արժեք է ստանում տեղեկացված, գիտակ և անաչառ մարդու տեսակետը: Մեկ տարում եվրասիական խողովակով Հայաստանը բազմակի շատ է ստացել, քան հնարավոր վնասները, որ կրել ենք արտահանման-ներկրման ծավալների նվազումով: Եվրասիական փորձագիտական ակումբը խնդիր ունի Հայաստանում և Հայաստանից դուրս գործընկեր կառույցների հետ աշխատելով՝ ապահովել Հայաստանի օգուտը Ռուսաստանում ընթացող փոփոխություններից: Ռուսաստանի հետխորհրդային պատմության մեջ լուրջ բախում կա երկու ուժերի միջև՝ նեոլիբերալների և պետականամետների միջև:
Նեոլիբերալները կարծում են, որ պետք չէ կոնֆլիկտի գնալ Արևմուտքի հետ, պետք է հարմարվել, պետականամետները վստահ են, որ Ռուսաստանը կարող է դառնալ ուժային բևեռներից մեկը: Երկրորդ գաղափարի կողմնակիցները սկսում են թափ հավաքել: Եթե հաղթեն նրանք, ովքեր այն կարծիքին են, որ Ռուսաստանը պետք է դառնա ինքնաբավ պետություն, մենք պատրաստ ենք ներգրավվել կոոպերացիոն գործընթացներում, որոնք կոչված են բավարարել ռուսական հասարակության պահանջները: Եթե մենք ուզում ենք տնտեսական միացյալ օրգանիզմ ունենալ, պիտի զարգացնենք տնտեսական կոոպերացիան: Դա պիտի քաղաքական-պետական լուծում լինի, որովհետև եթե մնա շուկայական լծակներին, երկար տարիներ կպահանջի: Եվրասիական փորձագիտական ակումբը այս տարի շարունակելու է տնտեսագիտական, քաղաքագիտական և սոցիոլոգիական հետազոտությունները՝ գտնելու դեռևս չօգտագործված ռեսուրսներ համագործակցությունը զարգացնելու համար:
-Ռուսաստանը մի քանի տարի խոսում է տնտեսության դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին, նավթի գնանկումը կմղի՞ վերջապես այդ քայլին:
-Որևէ պայքար վերջնական հաջողության հասնելու համար երկար ճանապարհ պիտի անցնի: Նեոլիբերալների և պետականամետների պայքարը շարունակվելու է և նոր դրսևորումներ է ունենալու: Չինական հիերոգլիֆ կա, որ կարդացվում է և որպես ճգնաժամ, և որպես շանս: Ռուսաստանի տարածքում ճգնաժամային երևույթները հնարավորություն են ստեղծում լրջորեն մտածել այնպիսի ռեսուրսներ գործարկելու մասին, որ առայսօր գործադրված չեն եղել: Եթե կարողացանք հաջողությամբ հավաքել մեր տնտեսությունը, հասարակությունը, ԵԱՏՄ-ն հաջողության կհասնի, եթե տնտեսական անբարենպատ միտումները վախեցրին և մենք հրաժարվեցինք ինտեգրման սկզբունքներից, կորցնելու ենք միանշանակ:
-Չե՞ք կարծում, որ Հայաստանը շատ քիչ է մերանի դեր կատարելու համար, երբ բոլոր երկրներում արժեզրկվում է պետական արժույթը, տնտեսությունը ռեցեսիայի մեջ է, և այդ երկրները ԵԱՏՄ-ից դեպի Եվրոպա պատուհաններ են բացում:
-ԵԱՏՄ-ի անդամակցությունը չի հակասում ինտեգրման այլ ուղիների հաստատմանը, որոնք կնպաստեն մեր տնտեսության զարգացմանը: Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները կարծում են, որ Ռուսաստանում, Ղազախստանում և Բելառուսում այնքան համախոհներ կգտնենք, որ կկարողանանք ազդել գործընթացների վրա մեր մասնագիտական կարողություններով, իշխանության նոր ուղղությունների հաստատման, հասարակություններում նոր գաղափարների ընդունման վրա:
-Ռուսաստանն Իրանի մեջ մրցակի՞ց է տեսնում, թե՞ գործընկեր:
-Նախկինում գուցե եղել են միտումներ, երբ տարածաշրջանում ազդեցության համար Մոսկվան ու Թեհրանը մրցակցել են, աշխարհաքաղաքական նոր իրավիճակում Ռուսաստանն ու Իրանն ունեն միմյանց կարիքը հումքային ռեսուրսների, վերամշակված ապրանքների գծով, որ շատ ավելի մատչելի կարող են միմյանց հետ փոխանակել, քան Եվրոպայի: Ռուսաստանն ակտիվ քաղաքականությունը Իրանի հետ պիտի պահի, որ Իրանը շատ չհեռանա ու ռուսական քաղաքականության համար նոր խնդիրներ չառաջացնի:
Հարցերը հնչեցրեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ
Հ.Գ. Այսքանը: Պատկերն ամբողջական դարձնելու համար ևս մեկ տասնյակ հարցեր ու ավելի շատ պատասխաններ են պետք, փոփոխվող իրավիճակը բերում է նոր մարտահրավերներ ու նոր հնարավորություններ՝ նայած ինչպես ես գնահատում: Բոլոր դեպքերում ԵԱՏՄ-ին անդամակցությունից մեկ տարի անց արձանագրենք, որ դա դատավճիռ չէ, ոչ էլ մեղադրական եզրակացություն, և Հայաստանի Հանրապետությունն ազատ է ինտեգրման այլ ճանապարհների որոնման մեջ, բայց կաշկանդված է պարտավորություններով, որոնք չեն աշխատում: Քաղաքական որոշումներ են պետք՝ թե՛ ԵԱՏՄ հնարավորությունները տնտեսության մեջ օգտագործելու, թե՛ ԵԱՏՄ-ից դուրս գոյություն ունեցողները, բայց մենք չենք հաղթահարել սկսնակի բարդույթը, իսկ գուցե նաև՝ սպառողի հոգեբանությունը: