Ինչո՞ւ ենք մենք ընտելացել միայն այսօրով ապրելուն, առավելագույնը՝ երեկվա սխալների համար մեղավորներ, բայց ոչ պատճառներ որոնելուն: Ինչո՞ւ վաղվա օրը հազարավոր մղոններով հեռու ապագա է, որի հետ մենք ոչ մի կապ չունենք:
Երեքշաբթի օրը ԵԽԽՎ-ն քննարկեց երկու զեկույց՝ Հայաստանին ու Ադրբեջանին վերաբերող, մեկն ընդունեց, մեկը՝ մերժեց: Մերժեց մեզ համար առավել վտանգավորը: Արդեն երրորդ օրն է՝ հեռուստաեթերում ու մամուլում քննարկվում են զեկույցները՝ ասվում է ինչ ասես, հիմնովին մեկնաբանվում, բացահայտվում, անարգանքի սյունին են գամվում մեղավորները (կապ չունի՝ հայ, թե ադրբեջանցի, թե այլազգի), բայց որևէ մեկը հարց չի տալիս՝ իսկ ինչո՞ւ 70 (յոթանասուն) պատգամավոր դեմ քվեարկեց Ռոբերտ ՈՒոլթերի զեկույցին: Ինչո՞ւ զեկույցի վտանգավորությունն ու ԵԽԽՎ-ի համար անընդունելիությունը բացատրող ելույթներն իրենց վրա վերցրին Ֆրանսիան ու Գերմանիան: Երբվանի՞ց է Ֆրանսիան «որդեգրել» Հայաստանին և ինչո՞ւ պիտի մեր փաստաբանը լինի ամենուր: Եթե ընդունենք, որ Գերմանիայի դեպքում կա բացատրություն՝ Գերմանիան ԵԱՀԿ նախագահող երկիրն է հիմա և չի կարող թույլ տալ իր նախագահության ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ բանաձևի ընդունում, ինչո՞ւ փաստացի Եվրամիությունը մերժեց զեկույցը: Եթե քվեարկության պատկերը դասդասենք ըստ երկրների, 2004-ին ԵՄ-ին անդամակցած պետությունների պատվիրակությունները կամ կողմ էին, կամ ձեռնպահ: Իսկ նախկին հետխորհրդային տարա՞ծքը: Ռուսաստանը ԵԽԽՎ նստաշրջանին չի մասնակցում, իսկ եթե մասնակցեր, ո՞վ կարող է ասել՝ կողմ, դեմ, թե՞ ձեռնպահ էր մնալու: Կամ՝ եթե ակնհայտ է, որ որոշակի թվով պատվիրակներ կատարում էին ԵՄ ներքին հրահանգը, նույն օրինաչափությամբ՝ իր «կայսրության» տարածքի պետություններին Ռուսաստանը չէ՞ր կարող նույն հրահանգը տալ՝ եթե ոչ դեմ, նվազագույնը ձեռնպահ մնալ Հայաստանի համար կարևոր խնդրում: Բայց չեղավ, չէ՞: ՈՒրեմն՝ ի՞նչ մտածել, որ հակառա՞կն է եղել: Եվ ինչո՞ւ: Կամ՝ ինչո՞ւ Ֆրանսիայի պատվիրակության աջերը դեմ քվեարկեցին, սոցիալիստները՝ կողմ: Պատճառը մենք չէի՞նք: Մենք, որ Արմենպրեսի (պետական լրատվական գործակալության) մակարդակով հարց ենք տալիս ու հրապարակում Աննի Ժիրարդենին, միշտ և ամենուր նշելով նրա կուսակցական պատկանելությունը: Շատ են, չէ՞, հարցերը, իսկ պատասխանն ո՞վ պիտի տա: ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությո՞ւնը: Զավեշտ չէ՞, երբ նույն այդ պատվիրակության անդամը հպարտորեն հայտարարում է, որ Հայաստանի դիվանագիտությունը հերթական ձախողումը կրեց: Եթե նա Ադրբեջանի պատվիրակության անդամ լիներ, կհամարվեր, որ սխալների ուղղում են ուզում սկսել: Բայց երբ Լևոն Զուրաբյանը Սարսանգի ջրամբարին վերաբերող հակահայկական զեկույցի ընդունումը Հայաստանի դիվանագիտության հերթական ձախողումն է համարում, ինչո՞ւ չի հիշում Ռոբերտ ՈՒոլթերի զեկույցը։ Ինչո՞ւ չի հիշում, որ ինքը, իբրև պատվիրակության անդամ, անձամբ է «ձախողման» պատասխանատվությունը կրում, ինչո՞ւ չի ասում, թե ինքը ի՞նչ է արել, որ զեկույցը չընդունվեր, բայց զեկույցը ընդունվեց: Թե՞ կա հայկական երկու դիվանագիտություն, կեսը հաջողվում է, կեսը՝ ձախողվում: Ավելի ճիշտ՝ հայկական դիվանագիտություն ընդհանրապես չկա, քանի դեռ ՀԱԿ-ը իշխանություն չէ: ՈՒ չի էլ լինելու, որովհետև այս ընթացքով ՀԱԿ-ին իշխանություն դառնալը սպառնում է դարավերջից ոչ շուտ, եթե այդքան գոյատևեն:
Վերջապես՝ ինչպե՞ս իրեն պահեց Լեռնային Ղարաբաղը: Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, ունենալով բավարար ժամանակ, չմշակեցին ու ԵԽԽՎ չփոխանցեցին Սարսանգի զեկույցի հակազեկույցը՝ մեկ առ մեկ հերքելով ադրբեջանական փաստարկները, որ Միլիցա Մարկովիչը ներկայացնում էր իբրև սեփական դիտարկում: Պաշտոնապես չէին կարող, ոչ պաշտոնապես թող բաժանեին բոլոր պատվիրակներին, հրապարակեին կայքերում, թերթերում: Թե՞ իրենք էլ համաձայն են, որ թունավորում են հարևանի ջրերը, հատում անտառները, կենսաբանական, մանրէաբանական ու անգամ միջուկային զենք են օգտագործում՝ ինչպես հայտարարում էր Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Ռաֆայել Հուսեյնովը: Կամ՝ մեկ-երկու ֆեյսբուքյան գրառումը, մի հայտարարությունը համարում են բավարար: Ի՞նչ արեցին ԼՂՀ իշխանությունները Ռոբերտ ՈՒոլթերի ու Միլիցա Մարկովիչի Ղարաբաղ գալ-չգալու հարցը իրենց օգտին դարձնելու համար, որ գլխավոր շահարկվող հարցն էր: Ոչինչ, եթե ոչ հակառակը: Ինչո՞ւ: Ե՞րբ են Ղարաբաղում դուրս գալու կաղապարված մտածողությունից ու հասկանալու, որ իրենց համակ ռուսամետությունը (ինչո՞վ բացատրել, երբ ԼՂՀ ԱԺ պատգամավորի մակարդակով ափսոսանք է հայտնվում, որ ՌԴ-ն ԵԽԽՎ նստաշրջանին չի մասնակցում, ափսոս, Հայաստանին ծանր օրեր են սպասում) իրենց դեմ է ուղղվում, որովհետև ԵԽԽՎ-ն համաեվրոպական կառույց է և իրենց նախասովետական ու սովետական պատկերացումները աշխարհի մասին զրոյական օգուտ են բերում, եթե ոչ վնաս: Սա՞ էլ է դիվանագիտության գործը, թե՞ պարզապես խելք է պետք ու մեկ-մեկ էլ մտածել: Մահացու չէ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ամենատարօրինակը, որ մենք մեզ լիովին արժանի համարեցինք, որ Ռոբերտ ՈՒոլթերի զեկույցը մերժվեց (այդպես էլ չխորանալով, թե ինչու) և խիստ նեղացանք, որ Միլիցա Մարկովիչի զեկույցն ընդունվեց: Ավելին՝ հայտարարեցինք՝ «Հակափաստարկներ մենք ունենք, և դրանք պետք է հնչեցվեին»: Եվ գիտե՞ք՝ ո՞վ է այդպես կարծում: Ղարաբաղցի, երևանաբնակ Ալեքսանդր Մանասյանը։ Քաղաքական հետազոտությունների ակադեմիայի ղեկավար Ալեքսանդր Մանասյանը: Նա կարծում է, որ Մարկովիչի զեկույցի ընդունումը «կարելի էր կանխել, հազար ձևով կարելի էր կանխել»։ ՈՒ բացատրում է՝ «Ենթադրենք՝ Լեռնային Ղարաբաղում արդեն ժամանակին գերազատություններ են տրվել դեռևս խորհրդային տարիներին սկսած Ադրբեջանի հիդրոտեռորի քաղաքականությանը, ջրային տեռորի քաղաքականությանը ընդդեմ Լեռնային Ղարաբաղի։ Դա եղել է խորհրդային տարիներին, այսօր էլ դա կա. բազմաթիվ հողատարածքներ, որոնք Ադրբեջանից պետք է ջուր ստանան, չեն ստանում, հենց Լեռնային Ղարաբաղի հյուսիսային հատվածներում։ Այնպես որ, հակափաստարկներ մենք ունենք, և դրանք պետք է հնչեցվեին»: Չհնչելու պատճառն էլ է բացատրում. «Ես կարծում եմ՝ մենք խնդիրը լավ չգիտենք, մեր փորձագիտական համայնքի և այն մարդկանց միջև, ովքեր այդ խնդրով զբաղվում են եվրոպական կառույցներում, կապ չկա»։ Հիմա ի՞նչ՝ Ֆրանսիայի պատվիրակության անդամ Ռենե Ռուքեն գա, այդ «կապը» հաստատի՞, թե՞ հայաստանաբնակ ու ակադեմիա ղեկավարող գիտնականները քայլ առաջ ինքնուրույն կանեն: Չեն անի, միշտ ավելի ձեռնտու է մեղադրելը, քան գործ անելը: Լուռ, առանց շքանշանների սպասումի, պարզապես գործ, որի արդյունքը բոլորին է վերաբերում, ոչ քո անձին: Ի վերջո, միշտ էլ կա «փրկարար» մխիթարությունը՝ «Անկասկած զեկույցն իրավական հետևանքներ չի ունենա, որովհետև փաստաթուղթն իրավական բնույթ չունի, բանակցային գործընթացի վրա էլ չպետք է ազդի, ինչո՞ւ՝ որովհետև բանակցային գործընթացը գտնվում է այնպիսի հզոր ձեռքերում, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ռուսաստանը։ Այո, համանախագահող երկրները և Մինսկի խումբը, ոչ միայն եվրոպական այդ պետությունները, որոնք այսօր այդ հարցը քննարկել են, ուրիշ եվրոպական պետություններ, որոնք բնավ, հատկապես իմ թվարկած երեք պետությունները, իրենց ձեռքից չեն տա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը եվրոպական այդ կառույցին, բնավ չեն տա»։ Հասկացա՞ք ակադեմիայի ղեկավարի մտքի թռիչքը՝ ոչինչ ոչ մի ազդեցություն ոչնչի վրա չի ունենում: Փաստորեն՝ ԱՄՆ Կոնգրեսը, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն, ԵԱՀԿ Մինսկի խումբը իզուր էին խառնվել իրար, մի զանգ միայն Ալեքսանդր Մանասյանին ու կհասկանային՝ ինչ պիտի անեն: Հզոր, շատ հզոր է հայկական միտքը: Մանավանդ, երբ հավարտ եզրակացնում է. «Մենք չենք աշխատում ուղղակի, մենք ունենք անկասելի փաստարկներ, միայն թե այդ փաստարկները պետք է մշակվեն գիտական լաբորատորիաներում, ոչ թե հանպատրաստից ինչ-որ հարցերի մեջ խրված մարդիկ էստեղից վեր կենան գնան, այլ խումբ պետք է աշխատի դրա վրա»։ Հասկացա՞ք, ես՝ ոչ: Մարդու սիրտը լաբորատորիա՞ է ուզում, իսկ ակադեմիան ինչի՞ն է պետք: Ալեքսանդր Մանասյանին հիշեցի հընթացս, պարզապես նա մարմնավորում է մտածողության գերիշխող տեսակետը: Ընդամենը: ՈՒ դա է պատճառը, որ մենք երբեք մեզ հարց չենք տալիս՝ ինչո՞ւ և ի՞նչ է լինելու վաղը: ՈՒ խրվում մնում ենք երեկվա ու այսօրվա մեջ, իսկ վաղը, երբ մեր առաջ նոր հարցեր ծագեն, մեր կողքին կլինե՞ն նրանք, ում ոչ հասկանում ենք, ոչ գնահատում, որովհետև մենք արժանի ենք ամեն ինչի ու ոչ մեկին ոչինչ պարտք չենք: Աշխարհն է մեզ պարտք: