Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ադրբեջանը փլուզում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, հետո՞

Ադրբեջանը փլուզում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, հետո՞
01.02.2016 | 19:09

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նորից է քննադատել ԵԱՀԿ Մինսկի խմբին.

«Ցավոք, հայկական կողմը ջանում է ժամանակը ձգել: Շատ ափսոս, որ Մինսկի խմբի համանախագահները, որ պետք է անմիջականորեն աշխատեն այդ հարցով, ձգտում են ոչ թե կարգավորման, այլ կոնֆլիկտի սառեցման,- ասել է Ալիևը:- Նրանց այսօրվա գործունեությունը բացարձակապես անիմաստ է: Նրանք ոչ միայն ճնշում չեն գործադրում Հայաստանի վրա, այլև պաշտպանում են բոլոր հնարավոր պրոբլեմներից: Տեսեք՝ ինչի հանգեցրեց նրանց սադրիչ գործունեությունը Եվրոպայի խորհրդի վերջին լսումներում: Ի՞նչ գնահատական կարելի է տալ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը: Միայն բացասական: Ես նրանց երեսին եմ ասել ու ասում եմ: Այսօր բարձրաձայնում եմ, որ հասարակությունն իմանա: Նրանք ամենամեծ դերն ունեն, որ հարցը չի լուծվում: Ինչո՞ւ: Որովհետև կրկնակի ստանդարտներով են գործում: Ինչո՞ւ: Հարցնում ես՝ պատասխան չկա: Դա էլ է տակտիկա: Երբ հարցը հարմար չէ, չեն պատասխանում: Բայց մենք գիտենք պատասխանը՝ կրկնակի ստանդարտներ: Իհարկե, և դուք պետք է իմանաք, և ադրբեջանական ժողովուրդը: Ավելի ճիշտ՝ գիտի, բայց ես պիտի ասեմ: Կրոնական գործոնն իր դերն ունի: Մենք մուսուլմաններ ենք, այդ պատճառով մեզ վերաբերվում են կրկնակի ստանդարտներով: Հատկապես հիմա, երբ իսլամաֆոբիան Եվրոպայում հասել է գագաթնակետին»:
Ադրբեջանի նախագահը հիշեցրել է, որ Բաքուն հրաժարվել է ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը նաև այն պատճառով, որ «փաստաթղթում չկար արդար դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հարցով»: Դա նշանակում է, որ եվրոպական ուղղությամբ ադրբեջանական դիվանագիտությունը լիակատար ձախողում է կրել: Բաքուն բացատրությունը գտնում է միայն «հայկական լոբբիի գործունեության» և «իսլամաֆոբիայի» մեջ: Բայց այս փաստարկները քննադատության չեն դիմանում, թեպետ Ալիևը ամեն ինչում փորձում է պատճենել Ռեջեփ Թայիբ Էրդողանին, որ իր ամբողջ ներքին և մասնակի արտաքին քաղաքականությունը կառուցում է «դավադրությունների տեսության» վրա: Իհարկե, գաղտնիք չէ, որ հայկական լոբբին ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում, նաև Եվրոպայում ակտիվ պայքար է մղում Լեռնային Ղարաբաղում իր դիրքերի համար, բայց այնքան ուժեղ չէ, որ ուրվագծի միջազգային քաղաքականության գլխավոր ուղղություններն այդ հարցում: Ինչ վերաբերում է «իսլամաֆոբիային», ինչպե՞ս բացատրել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եվրոպական տուրնեն (պատժամիջոցները հանելուց 10 օր անց): Այց, որ ավարտվեց նշանակալից համաձայնագրերով՝ ընդհանուր գնահատականով 32 միլիարդ եվրոյի: Բաքվից քաղաքագետ Ռասիմ Աղաևը ժամանակին արձանագրում էր, որ Իրանը պատժամիջոցների գործունեության ժամանակ, հիմա էլ, օգտվում է ԱՄՆ-ում ու Եվրոպայում հայ լոբբիստների ծառայություններից: Անկարան ու Բաքուն չեն կարողանում ու հարցը «իսլամաֆոբիան» չէ: Ադրբեջանը համառորեն առաջ է մղում ՄԽ համանախագահների թվում Թուրքիայի ներգրավման գաղափարը՝ իբրև իսլամական աշխարհի ներկայացուցչի, իսկ եվրոպական երկրներից՝ Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի: Բայց Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը ձևավորվում է կոնսենսուսով, հետևաբար, Հայաստանի ղեկավարությունը, հայտնի պատճառներով, հազիվ թե համաձաjնի փոփոխութունների:
Օրերս այլ տարբերակ հայտնվեց՝ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Իրանի ԱԳ փոխնախարար Իբրահիմ Ռահիմպուրի հետ, ի թիվս տարածաշրջանային և գլոբալ այլ խնդիրների, քննարկել է և Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորման հարցը: Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուսեյն Ջաբար Անսարին հաղորդել էր, որ Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի հաղթահարման գործում: Մոսկվայում իրանական կողմը հաղորդել է, որ նախապատրաստվում է Ադրբեջանի նախագահի այցը Իրան, որի ընթացքում, հնարավոր է՝ այդ հարցը քննարկվի: Հասկանալի է, որ ձևական պատճառով Իրանը չի կարող դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, բայց նրա ակտիվ ներգրավումը խնդրի կարգավորման մեջ, ի տարբերություն Թուրքիայի, պատմականորեն ավելի հիմնավորված ու արդարացված է և նոր իրավիճակ կստեղծի Անդրկովկասում, նաև ամբողջ Մերձավոր Արևելքում՝ մի քանի շերտերով:
Ենթադրենք, Իրանը ճանաչվի միջնորդ: Հաշվի առնելով լարվածությունը, որ Թուրքիան ստեղծել է Ռուսաստանի հետ հարաբերություններում, Անկարային Անդրկովկասից դուրս են մղելու Մոսկվայի ու Թեհրանի համատեղ ուժերով, որ ընդհանուր սահման ունեն Ադրբեջանի հետ: Իր հերթին Բաքուն շանս է ստանում բանակցային գործընթացը տեղափոխել նոր ձևաչափ, հրաժարվելով, իր համար, թվում է, ատելի մադրիդյան սկզբունքներից, որ կարգավորման հիմքում են: Ղարաբաղյան գործերում Իրանի մասնակցությունը Հայաստանին չպետք է նյարդայնացնի, քանի որ Երևանն ու Թեհրանը տարբեր ժամանակներում կարողացել են ընդհանուր լեզու գտնել, ինչ չես ասի Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունների մասին: Բայց ի՞նչ կլինի հետո՝ իրադարձությունները կզարգանան ադրբեջանակա՞ն սցենարով, կամ, ինչպես կարծում են որոշ փորձագետներ, ամեն ինչ կորոշվի XIX դարի պե՞ս՝ պատմականորեն տարածաշրջանային երկու հեգեմոնների՝ Ռուսաստանի ու Իրանի միջև առևտրով: Եթե, օրինակ, Իրանը հաշվի առնելով իր տարածքում բնակվող էթնիկ ադրբեջանցիների շահերը, սկսի ղարաբաղյան ուղղությամբ խաղարկել այդ քարտը, որ չի կարելի բացառել, ինչ-որ փուլում հնարավոր է աշխարհաքաղաքական փոխանակության տարբերակ՝ Ստեփանակերտը Ադրբեջանի իրավազորությունից հատուկ գոտի դուրս բերելով: Այն ուժերը Բաքվում, որ գնդակոծում են ԵԱՀԿ Մինսկի խումբը, լուրջ պիտի մտածեն այս թեմայով՝ Իրանը Լեռնային Ղարաբաղի պատճառով չի հանդգնի հակադրվել միջազգային հարաբերությունների գլոբալ համակարգին, որտեղ վերջերս է վերականգնվել: Եվ եթե փորձի ԵԱՀՄ ՄԽ ձևաչափից դուրս, առանձին հուն գտնել, զարմանալի չի լինի, որ ի վերջո հանգի Մինսկի խմբի սցենարներից մեկին:
Իսկ մինչ այդ, ինչպես հայտարարում էր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԵԱՀԿ-ում պահպանվում են ղարաբաղյան կարգավորման հինգ թե վեց փաստաթղթեր, մնացածը «փնտրտուք է, ուղեղային գրոհ»:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր զայրալից ու հուզական գնահատականը տվել է ԵԽԽՎ-ում բանաձևերի քվեարկությունից անմիջապես հետո: Անցել է համարյա մեկ շաբաթ, ինչո՞ւ հայտնի դեպքերին REGNUM-ն անդրադառնում է երեկ՝ այսքան ուշացումով: Հրապարակման մեխ դարձնելով Իրանի ներգրավումը բանակցային գործընթացում: Հանուն ամբողջականության՝ պետք է նշել, որ Վրաստանն էլ է առաջարկում իր միջնորդական ծառայությունները, բայց այդ թեման չի քննարկվում, իսկ Թեհրանի առաջարկը առավել հետաքրքրել է ռուսական կողմին, պատճառը «XIX դարի՝ պատմականորեն տարածաշրջանային երկու հեգեմոնների՝ Ռուսաստանի ու Իրանի միջև առևտրի» հեռանկա՞րն է, թեպետ հենց հեղինակն է փաստում, որ հանուն Ղարաբաղի Թեհրանը դեմ չի գնա միջազգային հանրությանը: Թե՞ կա այլ տարբերակ, որը հենց Լավրովի առաջարկն է, որից ինքն էլ հրաժարվում է: Բայց դիվանագիտության մեջ հաճախ է հրաժարումը հենց հաստատում նշանակում՝ մղելով քննարկումների, բարենպաստ պայմաններում՝ համաձայնության: Ի վերջո, Ղարաբաղի հարցում համընկնում են ոչ միայն Իրանի ու Ռուսաստանի, այլև Իրանի և Արևմուտքի շահերը՝ երկուսն էլ չեն ուզում շփման գծում տեսնել ռուս խաղաղապահների: ՈՒ՝ ի՞նչ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1420

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ