Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               

Նոր, լայնածավալ կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղում կդառնար իսկական մղձավանջ

Նոր, լայնածավալ կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղում կդառնար իսկական մղձավանջ
09.04.2016 | 14:45

Համարյա երեք տասնամյակ Անդրկովկասի լեռներում, Լեռնային Ղարաբաղ կոչվող վայրում նիրհում է Մեծ Եվրոպայի ամենավտանգավոր չկարգավորված կոնֆլիկտը՝ The New York Times-ում գրում է Կառնեգիի եվրոպական կենտրոնի գիտաշխատող Թոմաս դե Վաալը: Նա հիշեցնում է, որ 1980-ական թթ. տարածաշրջանը փակուղի մտցրեց Գորբաչովին, 1990-ականներին 20 հազար մարդ զոհվեց և միլիոնից ավելի փախստականներ հայտնվեցին, իսկ 1994-ին Ղարաբաղի համար պատերազմում Հայաստանը հաղթեց Ադրբեջանին և երկու երկրները զինադադար կնքեցին, բայց ոչ լիարժեք խաղաղության համաձայնագիր: Անցած շաբաթ Լեռնային Ղարաբաղը հիշեցրեց իր մասին, հակամարտող կողմերից մեկը, ավելի ստույգ՝ Ադրբեջանը, վճռեց փոխել իրավիճակը տեղում: Նոր, լայնածավալ կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղում կդառնար իսկական մղձավանջ՝ երկու կողմերն էլ հիմա ունեն ժամանակակից զենք, տասնյակ հազարավոր երիտասարդներ կզոհվեն: Ռուսաստանն ու Թուրքիան, որ առանց այդ էլ լարված են, ռազմական պարտավորություններ ունեն Հայաստանի ու Ադրբեջանի առաջ, կարող են ներքաշվել միջնորդավորված պատերազմի մեջ: Ռազմական գործողությունները տարածաշրջանում կապակայունացնեին նաև Վրաստանը, Իրանը և ռուսական Հյուսիսային Կովկասը: Սպառնալիքի տակ կհայտնվեին Կասպից ծովից սկսվող նավթատարներն ու գազատարները: Այս մռայլ բնանկարում հույսի մի ճառագայթ կա միայն՝ արդեն սկսվել է (թեկուզ սայթաքելով) խաղաղ գործընթացը: Խաղաղ կարգավորման 2005-ին կազմված ծրագիրը երկու կողմերին էլ խոստումներ տալիս է՝ հարկադրաբար բռնագաղթված ադրբեջանցիների վերադարձ, Ադրբեջանին կորցրած հողերի վերադարձ՝ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության ապահովության դիմաց և ազատ կամահայտնության, ի վերջո, գուցեև անկախություն տրամադրելու խոստում: Անդրկովկասին պակասում է թշնամու հետ գործարքի մեջ մտնելու քաղաքական կամքը: Միջազգային հանրությանը պակասում է խոստովանությունը, որ այս կոնֆլիկտը կարգավորելու էժան միջոց չկա: Անցյալ շաբաթ միջնորդները կարողացան նոր հրադադարի հասնել, սակայն Լեռնային Ղարաբաղին մաքոքային դիվանագիտությունը քիչ է: Նրա պրոբլեմները լուծելու համար պետք է միջազգային խաղաղարար բարդ գործողություն, որ ենթադրում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի ջանքերի համատեղում իբրև խաղաղ գործարքի համատեղ երաշխավոր: Դա լուրջ մարտահրավեր է, բայց ոչինչ է՝ համեմատած նոր աղետալից պատերազմի հեռանկարի հետ: Մեծ պետությունները պետք է սկսեն խաղաղության կոնֆերանս հրավիրելուց Մինսկում, որ 1992-ին հիշատակվեց ու այդպես էլ չսկսվեց: Դա կնշանակի, որ աշխարհը վերջապես սկսել է լուրջ ընդունել այս կոնֆլիկտը, քանի դեռ ուշ չէ:
Թոմաս դե ՎԱԱԼ, The New York Times


Հ.Գ. Աշխարհն ուզում է օր առաջ գլուխն ազատել բոլոր հակամարտություններից, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի, և շարունակ վրիպում է: Այս օրերի հրապարակումները վկայում են, որ համաշխարհային քաղաքական միտքը համաշխարհային քաղաքական զարգացումներից հետ է մնում և անհույս փորձեր է անում՝ հին կաղապարները հագցնել նոր իրողություններին ու իրականությանը ոչ համարժեք իր լուծումներով ավելի է խճճում իրավիճակը: Եվ առանց բացառության բոլորը՝ հարցը քննարկում են իրենց շահերի տեսանկյունից: Սա պետք է սովորել: Լավ սովորել ու պարտադիր կիրառել:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3262

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ