Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Ինչո՞ւ են լռում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները

Ինչո՞ւ են լռում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները
12.11.2016 | 21:14

Նոյեմբերի 11-ի ժամը 12:15-ից սկսած Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում լարվածությունը պահպանվել է նոյեմբերի լույս 12-ի գիշերը: Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 55 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից և գնդացիրներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 570 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան (Յարըմջա) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է 60 (13 արկ) և 82 (56 արկ) միլիմետրանոց ականանետեր: Հակառակորդի նախահարձակ գործողություններից Պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել: Սա ամենակարևորն է:

ԼՂՀ ԱԳ-ն հաղորդագրություն է տարածել, որ նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը և օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը 60 և 82- միլիմետրանոց ականանետներից արկակոծել են Թալիշ և Յարըմջա գյուղերի ուղղությամբ տեղակայված ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը, «ականանետների նմանատիպ զանգվածային կիրառումը, որը Լեռնային Ղարաբաղի դեմ ապրիլյան լայնածավալ ագրեսիայից հետո առաջին անգամ է տեղի ունենում, դարձավ շփման գծում լարվածությունը սրելու Ադրբեջանի կողմից վերջին շրջանում ձեռնարկվող գործողությունների շարունակությունը։ Լուրջ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ իրավիճակի սրումը տեղի է ունենում ԼՂՀ սահմանագլխին Ադրբեջանի կողմից մեծաթիվ ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ներգրավմամբ լայնամասշտաբ ռազմական զորավարժությունների նախապատրաստման ֆոնին։ Նման գործողությունները կոպտորեն խախտում են շփման գծում լարվածության սրման անթույլատրելիության վերաբերյալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները և վկայում են Ադրբեջանի մտադրության մասին՝ խոչընդոտել բանակցային գործընթացի վերսկսման համար պայմանների ձևավորմանն ուղղված միջոցառումների իրականացմանը։


Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումից և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումից, այլև ձգտում է խափանել հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկող միակ միջազգային մեխանիզմը՝ արկակոծելով այն շրջանը, որտեղ նախօրեին ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է իրականացրել»։


Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ ստեղծված իրավիճակում կոչ է արել «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահին և ողջ միջազգային հանրությանը՝ խստագույնս դատապարտել Ադրբեջանի իշխանությունների ապակառուցողական քաղաքականությունը և գործուն միջոցներ ձեռնարկել լարվածության հետագա սրացում թույլ չտալու համար» և զգուշացրել է, որ ԼՂՀ-ն կանխելու է Ադրբեջանի ցանկացած գործողություն, որը սպառնում է հանրապետության անվտանգությանը, տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը:


Նախօրեին Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր, որտեղ Թալիշի ուղղությամբ զինտեխնիկա է կուտակել: Ինչո՞ւ: Թալիշի ուղղությամբ սադրանքներ նախապատրաստելու համար շփման գծի ադրբեջանական հատվածում զինուժի և զինտեխնիկայի կուտակումները պետք չէր տեսանելի դարձնել ԵԱՀԿ առաքելությանը: ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը չի արձագանքել, որ իրեն թույլ չեն տվել առաջնագիծ գնալ: Ինչո՞ւ:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա)։ Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը (Մեծ Բրիտանիա)։


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պարբերաբար գալիս են տարածաշրջան՝ ըստ իրենց աշխատանքային ժամանակացույցի, իրենց մանդատի համաձայն՝ նրանք իրականացնում են միջնորդական առաքելություն: Հոկտեմբերին նրանք նորից պտտվեցին տարածաշրջանում՝ հաստատեցին, որ պատրաստակամ են շարունակել առաքելությունը և փորձում են նախապատրաստել երկու նախագահների հանդիպումը, որից առաջ պիտի հանդիպեն արտաքին գործերի նախարարները: Նրանց հետ բանակցությունների ընթացքում քանիցս շեշտվել է, որ նախագահների հանդիպումը հնարավոր է բանակցությունների համապատասխան պայմանների առկայությամբ, որոնց մեջ հաստատ շփման գծում լարվածությունը չի մտնում:


Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում էլ նրանք չեկան տարածաշրջան: Ինչո՞ւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չեն արձագանքում ԼՂՀ ԱԳՆ հայտարարությանը, որ ոչ միայն լրացնում է ԵԱՀԿ դիտորդական առաքելության թերացումը, այլև տագնապի ազդանշան է ու նախազգուշացում: Առաջին հերթին հենց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը, Իրժի Աբերլեն, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Գենադիե Պետրիկան և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը պիտի տագնապ բարձրացնեին, որ չեն կարողացել դիտարկումը ամբողջական իրականացնել: Թե ինչ են նրանք հաղորդել, հայտնի չէ: Ստացվում է փակ շրջանակ՝ դիտորդական առաքելությունը իրականացվում է՝ դիտորդները գալիս-գնում են, եզրակացություններն անում են, հետևություններ չկան, իսկ ադրբեջանցիները կրակում են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իլհամ Ալիևը հերթական զորավարժություններն է հայտարարել՝ խախտելով նախապես իրազեկման կարգը: Ադրբեջանի զինուժն այսօր սկսել է լայնամասշտաբ զորավարժությունների առաջին փուլը: Նոյեմբերի 12-18-ը վարժանքներին կմասնակցի 60 հազար զինվորական, 50 ինքնաթիռ և ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ, 700 հրթիռահրետանային համակարգ: Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել էր այդ զորավարժությունների անցկացումը, այն համարելով իրավիճակի ապակայունացման հերթական փորձը: Բաքուն նաև փորձում է օգտագործել ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո ստեղծված իշխանության փոխանցման շրջանը՝ սադրանքներով նոր իրավիճակ ստեղծելու ու բանակցային սեղան նոր դիրքերում վերադառնալու համար: Բաքվում հույսը դնում են Դոնալդ Թրամփի իրավիճակին հնարավոր անտեղյակությունը իրենց «գիտելիքներով» համալրելու հնարավորության վրա, հիմք ընդունելով համատեղ բիզնես-անցյալը, մոռանալով, որ իշխանության է եկել նաև հանրապետական կուսակցությունը, և բիզնեսմեն Դոնալդ Թրամփը մնաց անցյալում, առաջիկա չորս տարում նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է: Հետո ինչ, որ Ռուսաստանում նույն նախագահն է: Ադրբեջանի նախագահն այսօր ծանոթացել է շփման գծի իրավիճակին՝ «Ադրբեջանի նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը շաբաթ օրը ծանոթացել է Ֆիզուլիի շրջանի շփման գծի օպերատիվ իրադրությանը: Ադրբեջանի ղեկավարին իրազեկել են առաջնագծում տիրող ընդհանուր իրավիճակի մասին»,- հաղորդել է ԱՊԱ-ն: Նա հանդիպել է զինծառայողների հետ, ելույթ ունեցել ու «արժեքավոր նվերներ է հանձնել մարտական ծառայության ընթացքում աչքի ընկած մի խումբ զինծառայողների»: Նվերների փոխարեն՝ ճիշտ կաներ հրադադարը չխախտեր ու տուն վերադառնալու երաշխիքներ տար:

Դիտվել է՝ 948

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ