BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Երեցփոխանը

Երեցփոխանը
17.02.2017 | 09:36

1913 թ. փետրվարի 26-ին Ղզլարի ողջ հայ բնակչությունը ոտքի ելավ: Բոլոր հայապատկան խանութներն ու հաստատությունները փակ էին: Խուռներամ հուղարկաթափորը վերջին հրաժեշտն էր տալիս` ձեռքերի վրա քաղաքից Սուրբ Գևորգ ուխտատեղի-եկեղեցի տանելով նույն ուխտատեղիի երեցփոխան, 61-ամյա Ոսկան Խաչատուրի Քալանթարյանին, ում, Վեհափառ Հայրապետի թույլտվությամբ, հողին պիտի հանձնեին եկեղեցու բակում:


Ո՞վ էր այդպիսի հեղինակություն ու հարգանք վայելող անձնավորությունը: Ավարտել էր Լազարյան ճեմարանը, Բեռլինի համալսարանի պատմա-լեզվաբանական ֆակուլտետը, ուր եղել էր Վիլհելմ II-ի դասընկերը, ապա Վիեննայի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը: ՈՒսումնառությունից հետո վերադարձել էր ծննդավայր, ընտրվել Ղզլարի քաղաքային դումայի պատգամավոր, քաղաքագլուխ, Ռուսաստանի պետական բանկի Վլադիկավկազի բաժանմունքի վարչության անդամ, արժանացել բազմաթիվ շքանշանների ու պարգևների:


Բայց հոգով ու սրտով անմնացորդ ծառայեց Սուրբ Գևորգին` երկար տարիներ հանդիսանալով ուխտատեղիի պահապան-հրեշտակը: Կառուցեց փառավոր զանգակատուն, ուխտավորների ու ծառայողների կացարաններ, եկեղեցու սեփականություն դարձրեց սահմանակից 70 դեսյատին վիճելի հողատարածքը: Կրթությամբ լինելով նաև գյուղատնտես` եկեղեցու տարածքը վերածեց ծառաստանի, ինչպես նաև կառուցեց Ղզլարի շրջանի Ղարաջալիլ (Ղարաբաղլի) միակ հայկական գյուղի եկեղեցին:
Մի երազանք ուներ` գոնե մեկ անգամ այցելել Հայաստան, տեսնել Սբ Էջմիածինը, մյուս սրբավայրերը, ծանոթանալ ազգակիցների նիստուկացին: Բայց, ավաղ, երազանքն անկատար մնաց:


Ոսկան Քալանթարյանն ուներ ինը զավակ, որոնցից հինգը համալսարանավարտ էին: Մարտի 2-ին տեղի ունեցավ ծխական ժողով, որի ժամանակ երեցփոխան ընտրվեց նրա որդի Հարությունը, որը թողել էր Մոսկվայի դատական պալատում ծառայությունը և վերադարձել Ղզլար: Մնալու և շարունակելու հոր գործը:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2221

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ