ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Paradise Papers. Նոր սկանդալ աշխարհի հզորների մասնակցությամբ

Paradise Papers. Նոր սկանդալ աշխարհի հզորների մասնակցությամբ
06.11.2017 | 23:56

Appleby-ն բրիտանական իրավաբանական ընկերություն է Բերմուդյան կղզիներում, որ աղբյուր է դարձել 7 միլիոն փաստաղթերի` 13,4 միլիոնից, որ կազմում են Paradise Papers-ի դոսիեն` գրում է Le Figaro-ն: Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդը, ԱՄՆ առևտրի նախարար ՈՒիլբուր Ռոսը, Վլադիմիր Պուտինի փեսան… Paradise Papers-ի ցանկից գլխապտույտ է առաջանում:

Appleby-ն իր ինտերնետ կայքում ներկայանում է «լեգալ օֆշորային ծառայություններ մատուցող ամենախոշոր ընկերություններից մեկը», որ գրասենյակներ ունի Մեն կղզում, Մավրիկիայում, Սեյշելներում: 19-րդ դարավերջին ստեղծված ընկերությունը փաստաբան Ռեջինալդ Էպլբիի շնորհիվ ժամանակի հետ հայտնվել է և բրիտանական գաղութներում: «1979-ին ընկերությունը դարձել է հաստատությունների գլոբալ ցանց 700 աշխատակցով»` հայտնում է ավստրալիական ABC հեռուստաալիքը: Հայտարարված նպատակը` օգտագործել այդ տարածքների հատուկ արտոնություններով հարկային իրավունքը: Այդ սկզբունքը հիմա էլ արդիական է: Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի 2013-ին հրապարակած փաստաթղթերի հիման վրա` Appleby ընկերությունը դիտարկում էր նոր գրասենյակների բացումը Կուկի կղզիներում ու Վանուատուում: Appleby-ն առաջարկում է ծառայությունների լայն ցանկ և ձեռնարկություններին, և մասնավոր անձանց: Ցանկը բավականին երկար է` կեղծ կազմակերպությունների ստեղծում` ավելացված արժեքի հարկից խուսափելու համար, չհարկվող «ընտանեկան ներդրումային ընկերությունների ստեղծում` կարողությունը կամ ժառանգությունը կառավարելու համար» և այլն, և այլն: «Appleby-ի աշխատակիցները հիանալի հեղինակություն ունեն, նրանք շատ պրոֆեսիոնալ են, աշխատում են բարձր որակով»`գրել է ժնևցի մի փաստաբան Le Temps-ում: Ովքե՞ր են հաճախորդները: Politically exposed persons` կամ հրապարակային քաղաքական գործիչներ` հաղորդում է BBC-ին: Խոսքը քաղաքական գործիչների, դիվանագետների և դատական համակարգի ներկայացուցիչների մասին է: 150 քաղաքական գործիչներ ու ընկերությունների ղեկավարներ են հիշատակվում Paradise Papers-ում` իբրև Appleby-ի հաճախորդներ: Չսպասելով Paradise Papers-ի բացահայտումներին` Appleby ընկերությունը անցած շաբաթ հայտարարեց, որ անօրինական ոչինչ չի արել: «Մենք մեծ լրջությամբ ենք վերաբերվում մեր հաճախորդների գաղտնիությանը և հիասթափված ենք, որ ԶԼՄ-ները որոշել են օգտագործել տեղեկություններ անօրինական ճանապարհով ձեռք բերված աղբյուրից,- նշում են նրանք:- Մենք շատ լուրջ ենք վերաբերվում ցանկացած մեղադրանքի, որ քրեական պատասխանատվություն է ենթադրում` բացահայտ կամ հավանական: Appleby-ն մանրազնին ու խոր հետաքննություն է վարել բոլոր մեղադրանքներով, և մենք համոզված ենք, որ չկա որևէ ապացույց ինչպես մեր քրեորեն դատապարտելի արարքների, այնպես էլ մեր հաճախորդների»:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Նոր բացահայտումները ցավագին հարվածելու են կոնցեռններին, քաղաքական գործիչներին ու կցնցեն գերհարուստների աշխարհը` գրում է գերմանական Sueddeutsche Zeitung-ը` Paradise Papers-ի վերաբերյալ: Appleby-ի հաճախորդների ցանկում հանրահայտ ազգանուններ են` արքայադուստրեր, վարչապետներ, հոլիվուդյան աստղեր, ամբողջ աշխարհի ամենահարուստ օլիգարխները` Ռուսաստանից, Մերձավոր Արևելքից, Ասիայից ու Աֆրիկայից:

Sueddeutsche Zeitung-ի` իբև ICIJ-ի անդամի, տնօրինության տակ որոշ ժամանակ առաջ է հայտնվել Appleby-ի ընկերությունների փաստաթղթերի արխիվը: 13,4 միլիոն գաղտնի փաստաթղթեր, որ ապացուցում են` որոշ հաճախորդներ օգտագործել են օֆշորային ընկերությունները հանցագործություններով կամ կասկածելի աղբյուրներից ստացված եկամուտների քողարկման համար: Paradise Papers-ում են Nike-ը, Apple-ը, Uber-ը կամ Facebook-ը: Նոր բացահայտումները ցույց են տալիս ինչպես են 120 քաղաքական գործիչներ 50 երկրներից օգտագործել հարկային դրախտի գաղտնի աշխարհը: Գերմանիայում կան հազարավոր հաճախորդներ, ոչ բոլորն են, իհարկե, օրինախախտ: Օֆշորային ընկերությունների գործունեությունից շահույթ են ստացել միլիարդատերեր ու արիստոկրատներ, ձեռներեցներ, ներդրողներ ու խաբեբաներ: Ցուցակում նաև նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերն է, Sixt, Deutsche Post ընկերությունները, Meininger, Siemens, Allianz, Bayer հյուրանոցների ցանցը, Deutsche Bank-ը:

Paradise Papers-ը վկայում է` որքան սերտ են արդյունաբերապես զարգացած երկրները ներգրավված օֆշորային բիզնեսում: Հարկային դրախտը օգնում է խուսափել հարկեր վճարելուց ոչ միայն կոնցեռններին, այլև մասնավոր անձանց: Խոսքը ոչ միայն հարկեր չվճարելու մասին է, այլև հարուստներին խանգարող օրենքները շրջանցելու: Այդ համակարգից շահում են նրանք, որ կարող են իրենց թույլ տալ զուգահեռ աշխարհի մաս դառնալ: Օֆշորների գործունեության հետևանքները վերաբերում են բոլորին: Երկրների տնտեսությունները չեն ստանում միլիարդներ, որ հարկի տեսքով պիտի գանձարան մտնեին` աշխատատեղեր ստեղծելու, հիվանդանոցներ ու դպրոցներ պահելու համար: Խնդրի մասշտաբները ցույց են տալիս թվերը` գերհարուստները օֆշորներում թաքցրել են 7,9 տրիլիոն եվրոյի հարկ: Փաստացի` օֆշորները հարուստներին ավելի են հարստացնում, աղքատներին` ավելի են աղքատացնում: Paradise Papers-ը հաստատում է` ոչ քաղաքական գործիչները, ոչ կոնցեռնները, ոչ մասնավոր անձինք, որ հարկեր չեն վճարում, չեն կարող գաղտնիության հույս ունենալ: Ֆինանսական գլոբալ աշխարհի չերևացող կողմը ցանկացած պահի կարող է երևացող դառնալ:

Դիտվել է՝ 3370

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ