Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ի՞նչ են անում մասոնները Վեստմինստրում

Ի՞նչ են անում մասոնները Վեստմինստրում
05.02.2018 | 19:38

Guardian-ը գրում է մասոնական երկու գաղտնի լոժաների մասին, որ գործում են Վեստմինստրում: Իեն Կոբեյնը սենսացիայի չի հավակնում` ընդունելով, որ մասոնական լոժաները սովորական երևույթ են, բայց այս դեպքում խոսքը գաղտնի լոժաների մասին է, որ ստեղծվել են հատուկ խորհրդարանի պատգամավորների ու քաղաքական հարցերով զբաղվող լրագրողների համար: Այդ լոժաների անդամների անունները, ինչպես ընդունված է մասոնների դեպքում, արտաքին աշխարհի համար գաղտնի են, բայց և լոժաների միջև որոշ անվստահություն կա: New Welcome Lodge-ի, որտեղ ընդունում են խորհրդարանի անդամներին ու աշխատակիցներին, անդամներից մեկը ասել է, որ Gallery Lodge-ի լրագրողներին փորձում են տարածության վրա պահել` թեպետ նրանք մասոնական եղբայրության անդամ են, բայց լրագրող են մնում, իսկ ո՞վ կցանկանա, որ իր զրույցներին ականջ դնեն լրագրողները: Անգլիայի ու ՈՒելսի միացյալ մեծ լոժայի ղեկավար Դևիդ Սեյպլզը փորձել է հերքել նախապաշարումները, հայտարարելով, որ մասոնական եղբայրության անդամների ու ժուռնալիստիկայի միջև հակասություններ չկան: «Հակառակ տարածված տեսակետի` մասոնական լոժայի անդամությունն օգնում է լրագրողներին, քաղաքական գործիչներին, ոստիկաններին ու իրավաբաններին ավելի լավ ծառայել հասարակությանը,- կարծում է Սեյպլզը,- և ընդհանրապես ավելի շատ մարդիկ չէին զգուշանա հայտարարել եղբայրությանն իրենց պատկանելության մասին, եթե չվախենային կանխակալ վերաբերմունքից ու ճնշումներից»:


Guardian-ը նաև հակիրճ ներկայացրել է մասոնների պատմությունը Մեծ Բրիտանիայում: Անգլիայի ու ՈՒելսի միացյալ մեծ լոժան հիմնվել է լոնդոնյան Սիթիի փաբերից մեկում 1717-ին: Այդ ժամանակ Լոնդոնում արդեն 4 լոժաներ կային: Էդինբուրգի արխիվներում պահպանված տեղեկություններով մասոնական լոժա եղել է արդեն 1599-ին:
Ինչու՞ են մասոնները այդքան գաղտնապահ: Ժամանակակից մասոնները միջնադարյան ազատ քարտաշների գործի շարունակողներն են, որ երբեմն ենթարկվում էին հետապնդումների ու ստիպված էին ընդհատակում գործել: Հենց այդ ժամանակ է մշակվել նշանների, շարժումների, ծածկագրերի համակարգը, որով եղբայրները ճանաչում էին միմյանց: Շատերն են կասկածում, որ գաղտնիությունը մասոններին պետք է, որ եղբայրության անդամներին առաջ մղեն ծառայության կամ բիզնեսի մեջ: Բոլո՞ր մասոններն են գաղտնի պահում իրենց եղբայրության անդամ լինելը: Ոչ, ցանկացած մասոն ցանկության դեպքում կարող է հրապարակել լոժային իր պատկանելության մասին: Ավելին` Միացյալ լոժայի բոլոր բարձրաստիճան անդամների անունները կան տեղեկագրում: Միացյալ լոժայի Մեծ վարպետը Քենտի հերցոգն է, իսկ արքայազն Ֆիլիպը ռազմածովային լոժայում է, բայց մասոնների մեծ մասը գերադասում է գաղտնի պահել իր պատկանելությունը լոժային: Կարելի՞ է մասոնությունը համարել կրոն: Ոչ, թեպետ նոր անդամագրվածներից պահանջում են ընդունել աստվածային կերպարի` տիեզերքի ճարտարապետի նկատմամբ հավատը: Սկզբունքորեն բավական է մոնոթեիստ լինելը և ընդհանրապես լոժաներում սկզբունքորեն արգելված են կրոնական ու քաղաքական թեմաներով բանավեճերը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Լոժաներում կրոնական ու քաղաքական թեմաներով չեն բանավիճում, բայց քաղաքական գործիչներին մասոններն առաջ են մղում կարիերայում ու բիզնեսում: Հակասություն է, չէ՞: Եվ հենց խոսքի ու գործի այդ հակասություններն են ստիպում շարքային մասոններին գաղտնի պահել իրենց մասոնությունը: Առավել արդյունավետության համար: ՈՒ ոչ միայն Մեծ Բրիտանիայում: Նաև` Հայաստանում:

Դիտվել է՝ 4313

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ