Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Միրաժներ, միրաժներ, միրաժներ

Միրաժներ, միրաժներ, միրաժներ
06.02.2018 | 01:17

Դուք երբևէ տեսե՞լ եք` ինչպես է ծովի վրա ծագում արևը: Լուսաբացի առաջին նշանը աստղերի անհետանալն է: Հետո փոխվում է ջրի գույնը: Միանգամից լռում են բոլոր թռչունները: Թվում է` ալիքներն էլ սկսում են լուռ բախվել իրար ու ափերին: Գնդի տեսքով նոսր դեղնավարդագույնը երկնքում սանտիմետր առ սանտիմետր ավելանում է: Հետո միանգամից բռնկում` վերջ: Լույսը բացվեց: Ալիքները վազում են լույսի արագության հետ մրցելով, ու սկսում են աղմկել բոլոր թռչունները: Հատկապես ճայերը խելահեղ պտտվում են արևի ու ջրի միջև: Ի՞նչ կապ ունի մեզ հետ: Ոչ մի: ՈՒղղակի: Ով ինչպես զգում ու հասկանում է: Դա ամենօրյա ծես է, բայց ամեն օր ունի իր տարբերությունները նախորդ ու հաջորդ օրերից: Ոչ մի լուսաբաց չի կրկնվում: Երբեք: Եվ Երկրի վրա ոչ ոք լուսաբացը միանման չի տեսնում: Տեսանկյան խնդիր է: Տեսողության: Տրամադրության: Եվ այն ամենի, որ երկրաբնակներին տարբերում է երկնաբնակներից:


Հայաստանում բոլորը հանդիպումների մեջ են: Երկրում ու երկրից դուրս: Կիսանախագահական կառավարման առաջին տրենդը` բոլորը հանդիպում են բոլորին: Երկրորդը դառնում է խոսելը: Ինքնարտահայտման տենդը: Խոսում են երբեք չլռողները ու վաղուց մոռացվածները: Երրորդ տրենդը կսկսվի փետրվարի վերջից` բոլորը կվարակվեն ամփոփումի ու եզրակացության համաճարակով: Պատճառը միայն կառավարման մոդել փոխելը չէ: Ղարաբաղյան շարժման 30 տարին պարտադրելու է հետահայաց: Լավատեսները ամեն ինչից գոհ են լինելու: Հոռետեսները ողբալու են իրենց կյանքի ավերակները: Իրատեսները առաջ են նայելու` վստահ, որ կյանքը այստեղ է ու հիմա, իմաստնությունը հետադարձ ուժ չունի ու կարող է միայն ապագայի շինանյութ լինել:
ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը իր ճանաչողական հանդիպումների աշխարհագրությունը Հայաստանից դուրս բերեց (մարզերում կհասցնի լինել իբրև նախագահ) և առաջին հասցեն Մոսկվան էր: Մինչ Երևանում սկսել էին խորիմաստ ու հեռագնա եզրակացություններ անել Մոսկվա մեկնելու մասին (գնաց «հաղթանակը բերի»` Րաֆֆու պես, գնաց արևմտամետությունը հավասարակշռելու, գնաց ռուսահայ օլիգարխների հետ խաղի կանոնները պայմանավորելու), նա ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը` Լազարյանների առանձնատանը, հանդիպեց մոսկովյան բուհերի հայ ուսանողների հետ և կարևորեց նրանց մասնակցությունը Հայաստանի հասարակական-քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային կյանքին, հետաքրքրվեց` ինչպիսին են տեսնում Հայաստանի ապագան ու իրենց այդ ապագայի մեջ: Հետո մոմ վառեց և հիացավ Մոսկվայի հայկական եկեղեցով։ Թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի առաջնորդությամբ Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում նրան պատմեցին թեմի հոգևոր, կրթական ու սոցիալական գործունեության մասին:

Հաստատ նաև` թեմի ֆինանսական ու բիզնես խնդիրների, բայց այդ մասին պատմությունը լռում է: Պատմությունը լռում է նաև, թե ինչու երկրորդ երկիր Արմեն Սարգսյանը ընտրեց Իտալիան (ոչ Ֆրանսիան, որտեղ հայերն ավելի վաղուց են, ավելի շատ են ու լավ կազմակերպված) և ինչու՞ ոչ մայրաքաղաք Հռոմը, ուր տանում են բոլոր ճանապարհները (որովհետև Հռոմում Վատիկա՞նն է), այլ Միլանը (հետաքրքիր է` քաղաքականություն վերադարձող Բեռլուսկոնիի՞ն չի հանդիպել քաղաքականություն վերադարձող դեսպանը): Կամ` Վենետիկը, որտեղ Մխիթարյան միաբանությունն է (այնտեղ հայերի ու հայության եռաչափ` անցյալ-ներկա-ապագա գոյության մասին գիտեն ավելին, քան Հայաստանում): Միլանի հանդիպմանը հայկական ազգային և հոգևոր հաստատությունները ներկայացել էին ամբողջ կազմով` 10 կազմակերպություն, ու միմյանց փոխանցել Հայաստանի ապագայի տեսլականն ու տեսակետները: Կհասցնի՞ Արմեն Սարգսյանը լինել ԱՄՆ-ում ու Լատինական Ամերիկայի հայկական համայնքներում (թե՞ կբավարարվի սփյուռքի նախարարի կցկտուր-սպառիչ տեղեկություններով), որտեղ ևս կան տեսլականներ ու տեսակետներ:

Ավելի ծանր պայմաններում էր վարչապետը: Կարեն Կարապետյանը մեկնել էր Ալմաթի` Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստին մասնակցելու, որի ամենահիշարժան դրվագը երկրաշարժը դարձավ: Դավոսյան հովերով տարված` նա ԵԱՏՄ վարչապետներին էլ է ասել, որ Հայաստանում 2017-ի հունվար-նոյեմբերին, 2016-ի համեմատ, ԵԱՏՄ անդամ պետությունների հետ փոխադարձ առևտրի ծավալն աճել է 25 %-ով, և այդ թվերը տարվա կտրվածքով ավելի բարձր կլինեն, որ արձանագրվել է Հայաստանից դեպի ԵԱՏՄ շուկա արտահանման մատակարարումների աճ՝ 40,4 %-ով, ներմուծման աճ՝ 18,9 %-ով: Նախորդ տարվա համեմատ մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը 7,7 % է, ՀՆԱ-ի աճը նույն մակարդակի է լինելու: Պատմել է հայ-իրանական սահմանին՝ Մեղրիում, ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին ու հավատացրել, որ դա լավ հարթակ է ԵԱՏՄ երկրների բիզնեսի համար, եթե ուզում են մտնել իրանական շուկա: Վարչապետները քննարկել են ԵԱՏՄ թվային օրակարգին, ներքին շուկային մասնակից երկրների պարտավորվածությունների, մակրոտնտեսական իրավիճակին և կայուն տնտեսական զարգացմանը, համատեղ առևտրին, արդյունաբերությանը և ագրոարդյունաբերությանը, աշխատողների կենսաթոշակային ապահովությանը վերաբերող հարցեր, ու նույնիսկ ստորագրվել են մի տրցակ փաստաթղթեր: Գիտի՞ Կարեն Կարապետյանը, որ ՌԴ ՆԳՆ-ի տվյալներով` 2017-ին ՌԴ քաղաքացի է դարձել ՀՀ 25144, Ադրբեջանի 10394, Վրաստանի 2535 բնակիչ: 25144-ը տեղավորվու՞մ է 2040-ին 4 միլիոնի ծրագրում, թե՞ Հայաստանն առայժմ լուծում է Ռուսաստանի ժողովրդագրական անկման կանխման հարցը, հետո է անցնելու իր խնդիրներին: Եթե հայերը հերիքեն:
Սերժ Սարգսյանն իրեն տվել էր մշակույթին, առողջապահությանն ու հյուրանոցային պայմանների ստուգմանը (ԱԳՆ-ից, բանակից ու Անվտանգության խորհրդից հետո կարելի է և մի քիչ հանգստանալ): Նախարարների ու մյուս գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումներում գործող նախագահը իր համար վերջնականորեն պարզում է` կաշխատե՞ն նրանք ապրիլից հետո, թե՞ «սուրը փառքով կդնեն պատյան»` անցնելով կադրերի ռեզերվ կամ վաստակած հանգստի (անկախ տարիքից): Եվ բոլորը դա գիտեն ու ջանում են նախագահին (ապագա վարչապետին) ներկայանալ լավագույն որակներով ու իրենց ոլորտների անվերապահ հաջողություններով (ու՞մ են խաբում` իրե՞նց, թե՞ Սերժ Սարգսյանին):


Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո (գուցե զուգադիպություն էր), ՀՅԴ-ն որոշեց, որ ԱԺ-ում նախագահի առաջին փուլով ընտրությունը չպետք է թողնել ԲՀԿ-ի հայեցողությանը, եթե ԲՀԿ-ն կարող է առևտուր անել, ինքն էլ կարող է, բայց` քաղաքակիրթ ու քաղաքական (փորձն իրենն անում է): Փետրվարի 1-ին ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի 3-րդ նիստի օրակարգում քաղաքական կոալիցիայի մեկամյա գործունեությունն էր՝ ձեռքբերումների, բացերի ու թերությունների գնահատումը, առաջիկա անելիքների ու մարտահրավերների արձանագրումը, հաղթահարելու պատասխանատու աշխատանքի կարևորումը (ձևակերպումները ՀՅԴ-ական են): Դատելով հավարտ արված հայտարարությունից` Հայաստանում գաղտնի ընդդիմություն է եղել (իրենք էլ չեն իմացել): Ձևակերպումների զրնգուն պաթետիկան (օրինակ` «Անցումը խորհրդարանական կառավարման նոր սկզբի, երկրի առաջընթաց զարգացման խոչընդոտները հաղթահարելու հնարավորություն է՝ առանց զիջելու մեր ազգային-պետական ռազմավարական շահերը») և ինքնամեծարումը (օրինակ` «Կոալիցիոն կառավարությունը, իր ծրագրին համապատասխան, առաջնորդվում է ՀՅԴ-ի պաշտպանած՝ «զարգանալ՝ չզիջելով» դժվարին, բայց արժանապատիվ սկզբունքով»), քաղաքական պատեհապաշտությունը (օրինակ` «ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված համաձայնագրի կնքմամբ ստեղծված է խորհրդարանական համակարգի առաջադեմ փորձը տեղայնացնելու անհրաժեշտ միջավայր»), երազապաշտությունը (օրինակ` «Արդարադատություն երաշխավորող դատական անկախ համակարգի ձևավորման գործընթաց է սկսվել») մի կողմ թողած` ՀՅԴ-ն իր պահանջներն է ներկայացնում ՀՀԿ-ին` դժգոհ ապագա կառավարման համակարգում մասնաբաժնից: Ներկայացնում է ինքն իրեն նաև հակասելով` և ընդունում է, որ «Վերջին տարիների համեմատ արձանագրվել է աննախադեպ տնտեսական աճ, կտրուկ ավելացել է արտահանման ծավալը, էականորեն բարելավվել է հարկային և մաքսային վարչարարությունը, գերակատարվել է 2017-ի բյուջեն, ընթացքի մեջ են մի շարք ներդրումային ծրագրեր, մարզերում տնտեսական աշխուժության նշաններ կան», և պահանջում է ազատվել նախորդ համակարգի ձևավորած կարծրատիպերից, հաստատել նոր համակարգից բխող ներիշխանական հարաբերություններ:

Ո՞ր երկրում է գործել ՀՅԴ-ն այս տարիներին և ու՞մ վրա է գցում «նախորդ համակարգի ձևավորած կարծրատիպերի» մեղքը: Չի՞ ստացվում, որ չստացվածի մեղավորը ՀՀԿ-ն է, ստացվածի համար (ՀՅԴ-ն ինքն իրեն բազում «հաղթանակներ» է վերագրում, այդ թվում` անցումը խորհրդարանական կառավարման) երախտապարտ պիտի լինենք «ընկերներին»: Եթե երախտապարտ ենք, պիտի կատարենք նոր պահանջները, այն է` շահերի բախումը բացառել, բիզնեսն ու հանրային իշխանությունը տարանջատել, բարձր որակավորում ունեցող, մրցունակ ու վստահելի կադրեր ընտրել` արդար ու թափանցիկ, կառավարության կառուցվածքն օպտիմալացնել, Ընտրական օրենսգրքում վերանայել տարածքային ռեյտինգային ընտրակարգը, հստակեցնել սոցիալական-շուկայական տնտեսության մոդելը՝ նպատակ ունենալով մեղմել սոցիալական բևեռացումը, խթանել աշխատատեղերի ստեղծումը, ձևավորել բազմակենտրոն տնտեսական զարգացման օջախներ, հասնել աղքատության 12 % նվազման, նվազագույն աշխատավարձի 25 % աճի, ժողովրդագրական իրավիճակի բարելավման, սոցիալապես անապահով ընտանիքների ինքնուրույն կայուն եկամտի ձևավորման, պարենային ինքնաբավության 75 % ապահովման: Նաև` թույլ չտալ, որ ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցողները հակամրցակցային համաձայնություններով միասնական գնային քաղաքականություն թելադրեն, վերանայել սոցիալական քաղաքականությունը՝ նպատակ ունենալով քաղաքացիների կենսապահովման նվազագույն պայմանների ապահովումը և գնաճի ազդեցության մեղմումը: Դուք իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության ձայնը լսեցիք: Միանշանակ` իշխանության, որ ուզում է մեծացնել իր շրջանակները: ՀՅԴ-ի հայտարարությունը ոչնչով չի տարբերվում երախտամոռի բարի մտադրությունների շարանից, որ մոռացվելու է մեկական (ավելին ՀՀԿ-ն չի տա, եթե դա էլ տա) պորտֆելի ավելացումով տարբեր մակարդակներում: Ընդամենը: Պետք չէ ակնկալել, որ ՀՅԴ-ն իր հայտարարության կետերը սկզբունքային հարթության վրա է դնելու ու հրաժարվելու է կոալիցիայի մաս կազմել, եթե իրեն «չհասկանան»: Այդպես եղել է և լինում է ընտրություններից հետո, կառավարությունների հրաժարականից ու հատկապես նոր կառավարության ձևավորումից առաջ: ՀՅԴ-ն փորձում է բազմապատկել իր 7 ձայնի հզորությունը: Միրաժներ: Միրաժներ: Միրաժներ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Միրաժախտի միակ զոհը ՀՅԴ-ն չէ: Մենք բոլորս էլ ուզում ենք օազիս մեր սեփական անապատում: Դուք երբևէ տեսե՞լ եք` ինչպես է ծովի վրա ծագում արևը և ինչպես է արևը մայր մտնում: Դա ամենօրյա ծես է, բայց ամեն օր ունի իր տարբերությունները նախորդ ու հաջորդ օրերից: Ոչ մի լուսաբաց և մայրամուտ չի կրկնվում: Երբեք: Եվ Երկրի վրա ոչ ոք լուսաբացն ու մայրամուտը միանման չի տեսնում: Տեսանկյան խնդիր է: Տեսողության: Տրամադրության: Եվ այն ամենի, որ երկրաբնակներին տարբերում է երկնաբնակներից: Կուսակցականներին` ոչ կուսակցականներից: Նրանք ապրում են տրենդով, իսկ դա իշխանության տենդն է: Միջին վիճակագրական հայերին, որ մեծամասնություն են, մնում է մեկ ելք` իրենց անապատը իրական օազիս դարձնել` առանց միրաժների, տրենդ ունենալով արևածագի ու մայրամուտի միջև սեփական օրակարգով ապրելը: Կյանքը հարատև չէ, եթե նույնիսկ թվում է այդպես: Միրաժները լավ են իբրև տեսլական, բայց տեսլականի ու տեսիլքի տարբերությունը զգետնում է: Իսկ ապրել ու մեռնել պետք է ոտքի վրա:

Դիտվել է՝ 2605

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ