Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայերն ունեն հայությունն ապացուցող միայն մեկ Բեսսե Քաբաք

Հայերն ունեն հայությունն ապացուցող միայն մեկ Բեսսե Քաբաք
12.02.2018 | 22:17

Փետրվարի 20-ին Մայր Աթոռում եկեղեցական ժողով է հրավիրվելու` քննարկելու Պոլսի հայոց պատրիարքարանում ստեղծված վիճակը: Վիճակը, որ, մեղմ ասած, չափազանց տհաճ է: Բայց Մայր Աթոռը պետք է որոշում կայացնի` ընդունե՞լ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին իբրև տեղապահ, թե՞ ոչ: Հարցը վաղուց արդեն եկեղեցական չէ ու դարձել է քաղաքական:

Պատմությունը սկսվեց 2008-ին, երբ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը առողջական խնդիրների պատճառով հեռացավ հոգևոր առաջնորդի պարտականություններից։ Պոլսո հայոց պատրիարքարանի կանոնադրությամբ պատրիարքն ընտրվել է ցմահ: Թուրքիայի կառավարությունը իրավիճակն ի նպաստ իրեն օգտագործելու համար` հայոց եկեղեցում գոյություն չունեցող պաշտոն ստեղծեց ու նշանակեց Կրոնական խորհրդի առաջնորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին` առանց Ստամբուլի հայ համայնքի կարծիքը հարցնելու: Հետո իրավիճակն ավելի բարդացավ` Արամ արքեպիսկոպոսի բացահայտ թուրքահաճո քաղաքականությունը դրդեց հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչներին ու մի քանի հոգևորականների ելքեր որոնելու:

Նրանք որոշեցին` 8 տարի կոմայի մեջ գտնվող պատրիարքին անգործունակ ճանաչել և պատրաստվել նոր ընտրությունների։ 2017-ի մարտի 15-ին Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ ընտրվեց Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը։ Աթեշյանը, իհարկե, դեմ էր և անմիջապես հայտարարեց, որ ընտրությունները թուրքական իշխանությունները չեն ընդունում, ապացույցն էլ` նրանց նամակն է: Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը երկար հրաժարական չէր տալիս և միայն Մայր Աթոռում Վեհափառի հետ հանդիպումից հետո կարճ ժամանակ անց հրաժարական տվեց: Իսկ այդ ընթացքում համայնքը եռում էր` բաժանվելով թուրքամետների ու հայամետների: Դժվար է դա պատկերացնել, բայց պետք է հասկանալ Թուրքիայի իշխանության քաղաքականությունը` ազգային փոքրամասնությունների և հատկապես քրիստոնյաների նկատմամբ: Եկվոր թուրքերը տեղաբնիկներին երբեք չեն ներում իրենց հայրենիքում ապրելու կամքն ու կարողությունը: Հայերին ուծացնելու ու սպանելու թուրքական քաղաքականությունը նույնն է մնացել հարյուրամյակներ շարունակ ու 21-դ դարում էլ, հատկապես Էրդողանի իշխանության տարիներին, որ նպատակ է դրել Օսմանյան կայսրության վերականգնումը ու իր ելույթներում անվերջ հիշեցնում է սուլթանների հզորությունն ու երեք մայր ցամաքներում տարածված կայսրության փառքը: Բնական է, որ նա պետք է դեմ լիներ, երբ Պոլսո հայոց պատրիարքարանում համայնքի ակտիվ մասնակիցները պատրիարքի ընտրության նախաձեռնող խումբ էին ստեղծում և սկսում պատրիարքի ընտրության առաջին քայլերն անել։ Նախ գրություններ են ուղարկվում Ստամբուլի նահանգապետարան ու Թուրքիայի ՆԳ նախարարություն, որում նշվում է, որ պատրիարքը անգործունակ է ճանաչվել և նոր ընտրություններ են անցկացվելու։ Ընտրությունները նախատեսված էին 2017-ի դեկտեմբերին: Թուրքիայի իշխանությունները նամակին չպատասխանեցին:

Ընտրությունները հետաձգվեցին: Նախաձեռնող խումբը դատական հայց ներկայացրեց ՆԳ նախարարության դեմ, որից հետո Ստամբուլի նահանգապետարանը փետրվարի 5-ին նամակ գրեց Պոլսո հայոց պատրիարքարան, որ փոխպատրիարք ճանաչում են Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին ու չեն ընդունում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին որպես պատրիարքի տեղապահ, նրա որոշումներն էլ անօրինական են համարում։

Փետրվարի 7-ին Ստամբուլի նահանգապետարան հրավիրված հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն կրկնեց, որ պետությունը Արամ Աթեշյանին է նշանակել փոխպատրիարք և քանի դեռ հայոց պատրիարքը ողջ է, նոր ընտրություններ չեն կարող լինել։ Այնուամենայնիվ` խոստացավ նոր ընտրությունների պահանջը փոխանցել նախագահին ու վարչապետին և մեկ ամիս անց կրկին հանդիպել նույն կազմով։ Հանդիպումից 2 օր անց Պոլսո հայոց պատրիարքարանում արտահերթ ժողովում կրոնական խորհուրդը որոշեց, որ ստեղծված իրավիճակում Աթեշյանը կշարունակի կատարել իր պարտականությունները։ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը չմասնակցեց ժողովին` բանավոր հայտնելով հրաժարականը։ Ինչու՞ այս ընթացքը ստացան իրադարձությունները։

Օսմանյան կայսրության օրոք Հայոց պատրիարքարանը մեծ իրավունքներ է ունեցել։ Նույնիսկ անվանել են պետություն պետության ներսում, սակայն Թուրքիայի Հանրապետության կազմում մի քանի անգամ լուրջ խնդիրներ են առաջացել պատրիարքների ընտրության ժամանակ և համայնքը քայլ առ քայլ նահանջել է իր իրավունքներից։ Կեղծ հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում արտակարգ դրություն է հայտարարված և Էրդողանը չի շտապում հանել այդ ռեժիմը: Տասնյակ հազարավոր թուրքեր են ձերբակալել ու ձերբակալվում կեղծ մեղադրանքներով: 2019-ի նախագահական ընտրություններից առաջ ամեն ինչի մեջ վտանգ ու թշնամի տեսնող Էրդողանը չէր կարող ու չի կարող թույլ տալ հայ համայնքին և պատրիարքարանին դուրս գալ իր վերահսկողությունից:

Առավել ևս` Եվրոպայից եկած հոգևորականի պատրիարքական տեղապահ ընտրվելը։ Նրան պետք են աթեշյաններ ու աթեշյանատիպեր, որոնց օգտագործել ու օգտագործելու է այնքան, որքան իրեն պետք է` ընթացքում նրանց դեմ ստեղծելով ու հավաքելով վարկաբեկիչ նյութեր` բացարձակապես կառավարելի պահելու համար: Պատահական չէ Արամ Աթեշյանի հոգևորականին անվայել պահվածքը ամբողջ գործընթացում: Նա գիտեր, որ վերադառնալու է ու մնալու է: Ավելին` եթե Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանն էլ հրաժեշտ տա երկրային կյանքին, հենց ինքն է «ընտրվելու» պատրիարք: Քանի կա Էրդողանը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Իսկ հայ համա՞յնքը: Հայ համայնքն ապրում է կյանքի ու կայքի համար համատարած վախի մթնոլորտում և գերադասում է սուլթանին չբարկացնել: Սահմանի այս կողմից դա ազգուրացություն է, սահմանի այն կողմում` կենսակերպ: Բայց հայի իսկական տեսակը կա և չի դադարում պայքարել: Միայնակ: Ստամբուլի Ֆերիքյոյ շրջանի Սուրբ Վարդանանց եկեղեցում պոլսահայ գրող Բեսսե Քաբաքը պատրիարքի փոխանորդ վերանշանակված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի եկեղեցական քարոզը ընդմիջել է ոտքի կանգնելով ու բարձրաձայն աղոթքով՝ թույլ չտալով սկսել: Աթեշյանը քարոզը շարունակել է միայն ոստիկանության օգնությամբ: Նրա պահանջով տիկին Բեսսե Քաբաքին ոստիկանները տարել են բաժանմունք և այնքան պահել` մինչև Աթեշյանի քարոզի ավարտը: Հետո բաց են թողել՝ ասելով` «Մեր հյուրն էիք»: Բեսսե Քաբաքը նույնկերպ բոյկոտել էր Աթեշյանին Ստամբուլի Սամաթիա թաղամասի Սուրբ Գևորգ եկեղեցում՝ նրա քարոզի ժամանակ բարձրացնելով Ավետարանը ու կոչ անելով Աթեշյանին շարժվել քրիստոնյային վայել: Արամ Աթեշյանը այդպես էլ վարվում է` իր կարծիքով ու ապրում է քրիստոնյային վայել կյանքով, որ նրան թելադրում է Էրդողանը: Իսկ Էրդողանը իր գործը գիտի ու շարժվում է օրենքով` պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի կենդանության օրոք որևէ նոր ընտրության հայ համայնքին չի թույլատրվի, պետությունը հավատարիմ է 2010-ին Նախարարների խորհրդի Արամ Աթեշյանին պատրիարքի փոխանորդ կարգող որոշմանը: Թուրքիայի կառավարությունը հանուն հայերի 8 տարին մեկ որոշում չի փոխի, չէ՞ որ թուրքերն իմաստուն են ու «իմաստուն» որոշումներ են ընդունում դարերի համար: ՈՒ` հայերի:

Իսկ հայերը Թուրքիայում ունեն հայությունն ապացուցող միայն մեկ Բեսսե Քաբաք:

Դիտվել է՝ 2064

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ