Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ի՞նչ կանի Արմեն Սարգսյանը

Ի՞նչ կանի Արմեն Սարգսյանը
13.02.2018 | 03:05

Մինչև մարտի 2-ին ՀՀ նախագահի ընտրությունները ժամանակը օր առ օր կրճատվում է: Պաշտոնական տեղեկատվության կայուն մաս են դարձել ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումները` Մոսկվա, Լոնդոն, Փարիզ, Ստեփանակերտ: Երևանում` «Ելքի» ու Արա Բաբլոյանի, ԲՀԿ-ի ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Բուռն տեմպ է: Զուգահեռ` խորհրդարանում քննարկվում ու ընդունվում են օրենքներ, որոնցով գործելու են նախագահն ու վարչապետը: Օրենսդրական գործընթացը պակաս բուռն չէ` Հայաստանում ձևավորվում է սուպերվարչապետական կառավարում, փոխարենը ԱԺ-ն ու նախագահը որոշակիորեն խաղից դուրս են մնում:


ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկեց «Ներման մասին» օրինագիծը, որ սահմանում է ներման խնդրագիր ներկայացնող սուբյեկտներին: Սահմանադրության պահանջով խնդրագիրը պետք է ներկայացնի դատապարտյալը՝ որպես բացառիկ իրավունքի սուբյեկտ: Չեն բացառվում դեպքեր, երբ միջազգային կազմակերպությունները, դատապարտյալների հարազատները, հայտնի անձինք ներման միջնորդությամբ կարող են դիմել ՀՀ նախագահին: Ներում շնորհում է նախագահը, բայց առաջարկությունը ներկայացնում է վարչապետը: Այսինքն` գործնականում ներման իրավունքը վարչապետինն է, նախագահը միայն վավերացնում է նրա առաջարկը: Առավել ևս, որ ոչ թե նախագահին, այլ վարչապետին կից է գործելու ներման հարցերով խորհրդատվական հանձնաժողովը: Նախագահը 3 օրում կամ ստորագրում է հրամանագիրը, կամ իր առարկություններով վերադարձնում վարչապետին: Վարչապետը կարող է խմբագրել նախագիծը կամ չընդունել և նորից ներկայացնել նախագահին: Եթե նախագահը նորից չի ընդունում, դիմում է Սահմանադրական դատարան: Թեև ներման դիմումը արդարադատության նախարարությանն է ուղղվում, բայց հստակ է, որ ամբողջ շրջապտույտի մեջ գլխավոր գործող անձը վարչապետն է: Իսկ Սահմանադրական դատարանի ֆունկցիան ձևական է:


ԱԺ-ն քննարկեց նաև Անվտանգության խորհրդի ձևավորման կարգը, որտեղ ընդհանրապես չկան նախագահն ու ԱԺ նախագահը: Գործող Ազգային անվտանգության խորհուրդը կազմավորվել է 2005-ի Սահմանադրության պահանջներով` գլխավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, 14 անդամներն են` ԱԺ նախագահը, վարչապետը, փոխվարչապետը, Սահմանադրական դատարանի նախագահը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության և ԱԳ նախարարները, նախագահի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր դատախազը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանապետը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նոր անվտանգության խորհուրդը կղեկավարի վարչապետը, կունենա 10 անդամ` վարչապետից բացի` փոխվարչապետները, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության և ԱԳ նախարարները, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանապետը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Խորհրդի կազմում չեն ընդգրկվի նախագահը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, ԱԺ նախագահը, Սահմանադրական դատարանի նախագահը և գլխավոր դատախազը։ ՀՀԿ-ն կարծում է, որ եթե Անվտանգության խորհրդում ներկայացված լինեն ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը, կխախտվի իշխանության ուժերի տարանջատման սկզբունքը, ԱԺ նախագահը չի կարող լինել մի մարմնում, որի ղեկավարը վարչապետն է: Արա Բաբլոյանը բոլորովին վիրավորված չէ, նույնիսկ ընդդիմությանը կոչ էր անում չվիրավորել ԱԺ նախագահին ու չներմուծել մի մարմին, որը ԱԺ-ի վերահսկողության տակ է և այլն, և այլն: Իրապես տարօրինակ էր, որ նախագահի ու ԱԺ նախագահի շահերը պաշտպանում են միայն ընդդիմադիրները, իսկ իշխանությունը հիմնավորում ու փաստարկում էր պետական կառավարման համակարգից նրանց դուրսգրումը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հայաստանում ավանդույթ է, որ յուրաքանչյուր նախագահ 10 տարին մեկ ինքն իր համար Սահմանադրություն է փոխում: 1995-ին առաջինը Լևոն Տեր-Պետրոսյանինն էր, 2005-ին երկրորդը Ռոբերտ Քոչարյանինն էր, 2015-ին երրորդը Սերժ Սարգսյանինն էր: Հիմա նաև օրենքներն են ընդունվում անձնավորված` միջազգային փորձը հանիրավի վկայակոչելով` ՀՀԿ-ն ամեն ինչ հարմարեցնում է ապագա վարչապետի բնավորությանը, նախասիրություններին, աշխատաոճին ու սովորություններին: Այդպես կորոշվի կառավարության նիստերը փակ անել, այդպես օրենքներում կատարվում են փոփոխություններ, որոնցով վարչապետի ձեռքում կուտակվում է ավելի մեծ իշխանություն, քան ունեցել է նախագահական կառավարման ժամանակ նախագահը: Ելնելով նաև ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ունակություններից ու հնարավորություններից` հնարավորինս պակասեցվում են նախագահի գործառույթները, որ նա չլինելով դեյուրե առաջին դեմք` դեֆակտո չփորձի ու չդառնա: Ինչպե՞ս է այս ամենին վերաբերվում նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը: Սա հարց է, որի պատասխանն ավելի կարևոր է, քան նրա բոլոր հանդիպումները միասին վերցրած, որովհետև գծում է նրա աշխատանքի սահմանները: Իսկ այդ սահմանները` նրանից սպասումների հետ համադրած, ուղղակի պրոկրուստյան են: Եվ զարմանալի է, թե ինչու՞ են նրան այդքան հարցեր տալիս ու նրանից այդքան պատասխաններ պահանջում: Օրինակ` Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ, ու հանդիպումը տևել է երկու ժամ։ Գևորգ Պետրոսյանն ասել է, որ սուր հարցադրումներ են հնչեցվել` աղքատության հաղթահարման, արտագաղթի տեմպերը մեղմելու, բանկային համակարգում փոփոխություններ կատարելու, հարկային բեռի թեթևացման, դատարանների անկախությունը ամրապնդելու և այլնի, և այլնի վերաբերյալ: Հասցեակա՞ն են այդ հարցերը: Ավելի զարմանալի է, որ Արմեն Սարգսյանն է հավաստիացնում, որ եթե առաջադրվի ու ընտրվի՝ քայլ առ քայլ փոփոխություններ է բերելու և փորձելու է շտկել իրավիճակը։ Հրաշալի ցանկություն է, իսկ ինչպե՞ս: Այդ հարցերը վարչապետին պետք է ուղղել, ըստ սահմանադրության ու ընդունվող օրենքների` նախագահը ընդամենը թուղթ ստորագրող է լինելու ու հյուր ընդունող-գնացող: Եվ արդեն բնավ զարմանալի չի լինի, եթե մեկ տարի անց Արմեն Սարգսյանը թողնի ու գնա Լոնդոն: Իսկ հետո հուշերում գրի, որ ինքը ցանկանում էր լինել չորրորդ հանրապետության առաջին նախագահը, բայց ստացվեց` երրորդ հանրապետության չորրորդ նախագահը:

Դիտվել է՝ 2243

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ