Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

G7-ը չի շտապում Ռուսաստանին հրավիրել, ի՞նչ է անում Ռուսաստանը

G7-ը չի շտապում Ռուսաստանին հրավիրել, ի՞նչ է անում Ռուսաստանը
14.02.2018 | 09:21

G7-ը չի քննարկում Ռուսաստանին հրավիրելու հարցը և չի պատրաստվում մոտ ապագայում քննարկել` հաղորդում է The Globe and Mail-ը` հղում անելով G7-ում Կանադայի ներկայացուցիչ Պիտեր Բոմին: Օտավայում ՌԴ դեսպանության ներկայացուցիչ Կիրիլ Կալինինը, մեկնաբանելով այդ հայտարարությունը, ասել է, որ Ռուսաստանն առավել արժեքավոր է համարում աշխատանքը G20-ում և ոչ G7-ում:

«Մենք կարծում ենք, որ G20-ն առավել արդյունավետ և համարժեք մեխանիզմ է լուծելու խնդիրները, որոնց բախվում է ժամանակակից բազմաբևեռ աշխարհը, ի տարբերություն G7-ի, որ հայտնվել է անցյալում: Կենսականորեն կարևոր ոչ մի հարց չի կարող լուծվել առանց G20-ի անդամների` Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի ու Հարավային Աֆրիկայի»` հայտարարել է Կիրիլ Կալինինը: Կանադան 2018-ին գլխավորում է G7-ը և հունիսին Քվեբեկում անցկացվելու G7-ի ղեկավարների հանդիպում: Ռուսաստանի անդամությունը G8-ին դադարեցվեց 2014-ին Ղրիմի միացումից հետո:

The Globe And Mail, Կանադա

Հ.Գ. Կիրիլ Կալինինը, իհարկե, ճիշտ է: Մասամբ: Բացի քաղաքական պատճառներից կան տնտեսականներն էլ: NG.ru-ն գրում է, որ տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար Ռուսաստանին 15 տարի է պետք: Նույնիսկ նոր ինդուստրացման ու մոդեռնացման ծրագրի անհապաղ գործարկման դեպքում: Երկրի հիմնական ֆոնդերի կորուստները վերջին 25 տարում համադրելի են երկրորդ աշխարհամարտի կորուստների հետ: Փոխհատուցումը պահանջում է 27-28 տրիլիոն ռուբլի: Փետրվարի վերջին ճգնաժամի խորության ու հաղթահարման խնդիրները քննարկելու են ԳԱԱ էկոնոմիկայի ինստիտուտի ակադեմիկոսները: Ներդրումների մեծացման աղբյուր առաջարկվում է բնակչության ընթացիկ սպառման կտրուկ կրճատումը: Կես միլիոն մենահարուստ ռուսաստանցիների եկամուտներն առաջարկվում է 6 անգամ կրճատել, բնակչության հիմնական հատվածինը` 1/3-ով: Որտեղի՞ց ստանալ տնտեսությանն անհրաժեշտ ներդրումները:

Տնտեսագետները մի քանի տարբերակներ են տեսնում: Ցանկացած պետության ֆինանսական ռեսուրսները կենտրոնացած են երեք հատվածներում` ձեռնարկություններ, պետություն, բնակչություն: Կա արտասահմանից ներդրումներ ստանալու հնարավորություն ևս: Բյուջեից միջոցներ վերցնելը խիստ սահմանափակ հնարավորություն է` ՌԴ բյուջեն, ներառյալ արտաբյուջետային պետական հիմնադրամները, վերահսկում է ՀՆԱ-ի 1/3-ը: Առավելագույն կրճատումներով բյուջեից կարելի է «պոկել» 4-5 տրիլիոն ռուբլի: Ձեռնարկություններից նույնպես մեծ հույսեր չկան` ֆինանսական այլընտրանքային գնահատումը ցույց է տվել, որ ձեռնարկությունները չունեն բավարար ֆինանսական միջոցներ իրենց նյութական ներուժի նորացման համար: Առավելագույնը նրանցից կարելի է ստանալ 3-4 տրիլիոն ռուբլի: Տնտեսության նորացման համար հնարավոր աղբյուր է համարվում վերջին 25 տարում Ռուսաստանից դուրս բերված ֆինանսական կապիտալը` 1 տրիլիոն դոլար: Այդ գումարի մի մասը պետական խելամիտ քաղաքականության միջոցով կարելի է վերադարձնել ու օգտագործել տնտեսության մեջ: Բայց դրանք կաթիլ են ծովում: Ռուսական տնտեսության ճյուղերի գերակշիռ մասի քրոնիկ վնասով աշխատելու և պետական-բյուջետային ֆինանսական անբավարարության պայմաններում տնտեսության նորացման հիմնական աղբյուր են մնում միայն բնակչության միջոցները: Առավելագույն նյութական զոհողություններ պետք է անեն ամենաապահով շերտերը: Առաջին, առավել հարուստ մարդկանց` 0,4 միլիոն մարդ, եկամուտները պետք է կրճատել 6 անգամ:

Երկրորդ խմբի` 15 միլիոն մարդ, 3 անգամ: Երրորդ խմբի` 100 միլիոն մարդ` 30 %-ով: Ամենացածր եկամուտ ունեցողների 7,5 միլիոն և 22 միլիոն մարդ, եկամուտները կամ անփոփոխ կմնան, կամ մեկուկես անգամ կավելանան: Ընդհանուր եկամտի այդ վերաբաշխումից բնակչության ընդհանուր եկամուտները կկրճատվեն 2 անգամ, իսկ ազատված միջոցները կկազմեն 22 տրիլիոն ռուբլի և 60 %-ով կապահովեն տնտեսության վերականգնմանն անհրաժեշտ գումարը: 22 տրիլիոնը կներդրվի մեքենաշինության, արդյունաբերական շինարարության, կրթության, գիտության, նախագծակառուցվածքային, բնական պաշարների հայտնաբերման ոլորտներում: Իսկ ներդրումային ու ռեալ արտադրության զարգացումը պետք է կատարվի սպասարկման ոլորտի, առևտրի, հասարակական սննդի, զբոսաշրջության, զվարճանքների կրճատման հաշվին: Արդյունքները կզգացվեն 10-15 տարի հետո: Անկախ տնտեսագետների առաջարկները հեղափոխական ու վայրենի են հնչում գուցե, բայց այդպիսին են և կառավարական ու մերձկառավարական կառույցների առաջարկները: Ռազմավարական մշակումերի կենտրոնի տնօրեն Իգոր Կուդրինն առանց առարկություններ ընդունելու` կրկնում է, որ անխուսափելի է կենսաթոշակային տարիքի բարձրացումը Ռուսաստանում, անհրաժեշտ է մեծ ներդրումներ անել մարդկային ներուժի զարգացման մեջ` վերաբաշխելով բյուջեի ծախսերը հօգուտ կրթության ու առողջապահության, ի վնաս սոցիալական ծախսերի: Հակառակ կարծիքներ էլ կան` չի կարելի ամեն ինչ հանգեցնել արտադրության վերականգնմանը, դա տանելու է հետամնացության ճանապարհով: Ներդրումային ու ռեալ արտադրության աճի առաջարկները սպառման ոլորտի հաշվին հիշեցնում են ստալինյան ինդուստրացման մեթոդները: Այսօր դա արդեն չի աշխատի: Տնտեսության աճի լուրջ գործոն են մարդկային կապիտալն ու նոր տեխնոլոգիաները և, սահմանափակելով մարդկային կապիտալը` զարգացման հակառակ արդյունքը կստացվի: Աշխարհն այսօր բաց է և շատ բարդ կլինի բնակչության եկամուտները կրճատելու հաշվին արտադրություն վերականգնել` առանց արհեստական մեկուսացման ու սահմանները փակելու:

Նման ծրագրերը իրագործման տեսակետից քիչ հավանական են: Եթե ուզում ենք փրկել երկիրը, պետք է զարգացնել շուկայի ուսումնասիրման, մրցունակ արտադրանքի ստեղծման, նոր նյութերի ու նոր տեխնոլոգիաների ստեղծման ընկերությունները: Զբոսաշրջության ու առևտրի կրճատումը միայն կփոքրացնի սպառման շուկան ու անհնար կդարձնի արդյունաբերության վերականգնումը: Զարգացած երկրներն ունեն հետինդուստրիալ տնտեսություն: Անցումը թվային տնտեսության անհնար է արդյունաբերության որևէ ճյուղի սահմանափակման պայմաններում: Սպառման ոլորտի ու առևտրի կրճատումը կհարվածի ստվերից դուրս եկող ընկերություններին ու նրանց, որ աշխատում են երկրում, իսկ արտասահմանյան ընկերությունները կստանան առավելություններ և չզբաղված շուկա:

Իսկ ի՞նչ ճանապարհով է զարգանալու Հայաստանի տնտեսությունը: Ստալինյան մեթոդներո՞վ, թե՞ հետինդուստրիալ աշխարհի: Հայ տնտեսագետները, ցավոք, անկախ ուսումնասիրություններ չեն անում և պատկերը կազմում են ըստ պատվիրատուի ցանկության: Բայց հարցն ամենակարևորն է Հայաստանի համար: Ավելի կարևոր` քան ո՞վ կդառնա վարչապետ: Ով էլ դառնա, բախվելու է նույն կոտրած տաշտակին, որը աշխատեցնելու համար փող է պետք:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1585

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ