Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սի Ցզինպինին առաջարկում են մնալ 2023-ից հետո

Սի Ցզինպինին առաջարկում են մնալ 2023-ից հետո
26.02.2018 | 22:06

Չինաստանի կոմկուսն առաջարկում է Սահմանադրությունից հանել պետության ղեկավարի լիազորությունները երկու ժամկետով սահմանափակող հոդվածը: Դա հնարավորություն կտա ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինին պաշտոնում մնալ 2023-ից հետո, երբ ավարտվի երկրորդ ժամկետը: Երկրում ինչ-որ ժամանակ լուրեր էին պտտվում, որ ՉԺՀ նախագահը կփորձի իշխանության մնալ 2023-ից հետո: 2017-ի հոկտեմբերին կոմկուսի համագումարում Սի Ցզինպինն ավելի ամրապնդեց Մաո Ցզեդունի ժամանակներից առավել ազդեցիկ ղեկավարի իր կարգավիճակը: Այն ժամանակ սոցիալիզմի զարգացման չինական ճանապարհի մասին գաղափարները ներմուծվեցին սահմանադրության տեքստ և խախտելով հաստատված ավանդույթը` ոչինչ չասվեց իրավահաջորդի մասին: Սի Ցզինպինը ծնվել է 1953-ին ՉԺՀ-ի կոմկուսի հիմնադիրներից մեկի ընտանիքում: 1974-ին նա դարձել է կոմկուսի անդամ և աննախադեպ կարիերային թռիչքով 2013-ին դարձել է ՉԺՀ նախագահ: Նրա իշխանության գալուց հետո երկրում սկսվեցին տնտեսական բարեփոխումներ ու կոշտ հակակոռուպցիոն պայքար, նկատելի դարձավ ազգայնականության աճն ու քաղաքացիական ազատությունների կրճատումը:


Նոր առաջարկի մասին կիրակի օրը հայտարարեց Սինխուա պետական լրատվական գործակալությունը: «Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն առաջարկում է երկրի Սահմանադրությունից հանել դրույթը, որ ՉԺՀ նախագահն ու նախագահի տեղակալը չեն կարող իրենց պաշտոնները զբաղեցնել երկու անընդմեջ ժամկետից ավելի»` ասված է հայտարարության մեջ: Հետագա բացատրություններ չեղան: Առաջիկայում հրապարակվելու է առաջարկվող լրացումների ու փոփոխությունների լրիվ տեքստը:


Առաջարկը բարձրաձայնելու պահը պատահական չի ընտրված` երկուշաբթի երկիրը վերադառնում է նորմալ աշխատանքային ռիթմի չինական Նոր տարվա տոներից հետո: Չինաստանն ուշադրության կենտրոնում է նաև ձմեռային օլիմպիական խաղերի պատճառով` Հարավային Կորեան ձմեռային օլիմպիական խաղերի էստաֆետը փոխանցեց Պեկին, որտեղ 2022-ին կայանալու են հաջորդ օլիմպիական խաղերը: ՉԺՀ կոմկուսի անդամները երկուշաբթի Պեկինում նիստ են անցկացնելու, սահմանադրական փոփոխությունները կքննարկվեն Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի ամենամյա նստաշրջանում, մարտի 5-ին:


Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ВВС-ի վերլուծաբան Սիլիա Հաթոնը կարծում է, որ այս հայտարարությանը շատերն էին սպասում: Մի քանի տասնամյակ կոմկուսը երկրի կյանքում գլխավոր դերն է խաղացել: Հիմա առաջնագիծ է դուրս գալիս Սի Ցզինպինը ու ստվերում է կուսակցությունը, որ իրեն իշխանության գագաթն է բարձրացրել: Նրա մեծադիր լուսանկարները փակցված են ամբողջ երկրում գովազդային վահանակների վրա, իսկ վերևների հետ համաձայնեցված «Հայրիկ Սի» կոչնակը հնչում է բոլոր պաշտոնական երգերում: Նախկինում կոմկուսը ամուր պահում էր իշխանությունը, իսկ նախագահները կարող էին միայն սահմանափակ ժամկետում ղեկավարել: Բարձրագույն պաշտոնում 10 տարի ծառայելուց հետո նախագահները հաջորդում էին իրար: Սի Ցզինպինը հաստատված կարգը խախտեց իր իշխանության առաջին օրերից: Նա գործարկեց հակակոռուպցիոն արշավը, որով ճանապարհից հեռացրեց իր քաղաքական մրցակիցներին: Նա հստակ քաղաքական ծրագիր առաջարկեց` տնտեսական զարգացման համազգային հսկայածավալ նախագծեր, ինչպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը նոր գլոբալ առևտրական ճանապարհների կառուցման ուղղությամբ, հայտարարելով 2020-ին Չինաստանում աղքատության վերացման վիթխարի ծրագրի մասին:


Գործող օրենքով Սի Ցզինպինը պետք է պաշտոնից հեռանա 2023-ին: Նախագահական ժամկետը 10 տարով սահմանափակելու կարգը Սահմանադրության մեջ ամրագրվել է 1990-ականներին Դեն Սյաոպինի օրոք, որ իշխանական լիազորությունների սահմանափակմամբ` ձգտում էր խուսափել անսահմանափակ կառավարման վնասների ու Մաոյի անձի պաշտամունքի կրկնությունից: Սի Ցզինպինի երկու նախորդները հետևեցին ընդունված կարգին, 2013-ին իշխանության եկած Սի Ցզինպինը ի ցույց դրեց սեփական կանոններով կառավարելու պատրաստակամությունը: Առայժմ պարզ չէ, որքան երկար ներկա նախագահը կարող է մնալ իշխանության ղեկավար: Կառավարական Global Times չինական թերթը խմբագրականում գրել է, որ փոփոխությունները չեն նշանակում, որ ՉԺՀ նախագահը ցմահ է մնալու իշխանության գլուխ: Թերթը մեջբերում է քաղաքագետ ու կոմկուսի անդամ Շու Վեյին, որ ասել է` դա շատ կարևոր որոշում է ՉԺՀ-ի համար, քանի որ երկիրը կարիք ունի «կայուն, ուժեղ ու հետևողական առաջնորդության» 2020-2035 թվականներին:
ВВС


Հ.Գ. Փաստորեն Սի Ցզինպինը հետևում է Պուտինի օրինակին` Ռուսաստանը ևս կայուն ու ուժեղ ու հետևողական առաջնորդության կարիք ունի: Մշտապես: Դեռ որքա՞ն կարող է կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ Սի Ցզինպինը իր ճանապարհից մրցակիցներին հեռացնել` հայտնի չէ: Միակուսակցական համակարգում նրա նույնիսկ ցմահ իշխանությունն է հնարավոր, որ հիմա, իհարկե, չի հայտարարվի, բայց 2035-ին կարող է անհրաժեշտ համարվել, եթե 65-ամյա նախագահը 17 տարի հետո` 82 տարեկանում, ողջ լինի ու կառավարելու ունակ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3484

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ