Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բրյուսել. Հիմա ավելի բարդ է, քան սառը պատերազմի տարիներին

Բրյուսել. Հիմա ավելի բարդ է, քան սառը պատերազմի տարիներին
26.03.2018 | 10:23

Գերմանիայի կանցլերն ու Ֆրանսիայի նախագահը Բրյուսելում հայտարարել են «Սոլսբերիի գործին» ի պատասխան Եվրոպայի հետագա հավանական գործողությունների մասին: Գերմանիան ու Ֆրանսիան փաստացի առճակատման են գնում Ռուսաստանի հետ:

Համաժողովից հետո ասուլիսում Մերկելն ու Մակրոնը հայտարարել են, որ ԵՄ-ն պետք է պատասխան քայլեր ձեռնարկի Սոլսբերիում Սկրիպալի թունավորմանը` գրել է Die Welt-ը: Առայժմ Մոսկվայից հետ է կանչվել ԵՄ դեսպանը` խորհրդակցությունների: «Մենք, այսպես, թե այնպես համաձայնեցինք, որ արձագանքել անհրաժեշտ է»` ասել է Մերկելը: Մակրոնը հավելել է, որ կրկնակի գործակալ Սկրիպալի թունավորման հետևում «առավել հավանական է», որ պատասխանատուն ռուսական կողմն է: «Դա լուրջ մարտահրավեր է մեր անվտանգությանը և ուղղակի հարձակում մեր ինքնիշխանության վրա: Մենք մտադիր ենք համակարգել մեր գործողությունները»` ասել է Մակրոնը: Նրանք չեն մանրամասնել, թե ինչ է նշանակում «համակարգել գործողությունները» և ինչ են ձեռնարկելու իրենք: Դիվանագիտական շրջանակներում լուրերն են պտտվում, որ կամ կարտաքսվեն ՌԴ դիվանագետները, կամ ԵՄ անդամները ժամանակավորապես իրենց դեսպաններին հետ կկանչեն Մոսկվայից:

Բուլղարիայի վարչապետ և ԵՄ խորհրդի գործող նախագահ Բոյկո Բորիսովը այս իրադարձությունների առիթով նկատել է, որ հիմա ավելի «բարդ է, քան սառը պատերազմի տարիներին»: «Այն ժամանակ գոնե ինչ-որ կանոններ կային, իսկ հիմա ամեն ինչ այնքան բարդ է, որ ես լավատեսական հույսեր չունեմ,- ասել է Բորիսովը:- Ես սպասում եմ առաջիկա շաբաթներին լարվածության արագ աճի, ամենայն հավանականությամբ, շատ երկրներ մտադիր են հետ կանչել իրենց դեսպաններին»: Մեկ կամ մի քանի դիվանագետի արտաքսելու մտադրությունն արդեն բարձրաձայնել է Լատվիան: Բրյուսելի համաժողովից հետո սպասվում է, որ շատ երկրներ կդիմեն այդ քայլին: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը «բացառիկ միջոց» է համարել ԵՄ դեսպանի հետկանչը Մոսկվայից, որին պետք է կողմ քվեարկեն ԵՄ 28 երկրները: Որոշ պետություններ` Հունաստանը, Բուլղարիան, Ավստրիան, հրաժարվում են կողմ քվեարկել և պահանջում են Ռուսաստանի մեղքի կոնկրետ ապացույցներ: Մերկելն ու Մակրոնը Եվրոպայից «արագ արձագանք» են պահանջել և գուցե ԵՄ երկրները իրենց քայլերն անեն մինչև ՔԶԱԿ-ի միջազգային փորձագետների հետաքննության պաշտոնական արդյունքների հրապարակումը: Շտապողականությունը Մերկելը արդարացնում է նրանով, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն արդեն ներկայացրել է հետաքննության արդյունքները, որ «հավանաբար» շատ չեն տարբերվի ՔԶԱԿ-ի եզրակացությունից: «Մենք կարծում ենք, որ վերլուծության արդյունքներն արդեն իսկ շատ հիմնավոր են և որևէ հարց չեն թողնում»` ասել է կանցլերը: Մեյը, իհարկե, գոհ էր բրիտանական մեղադրանքներին եվրոպացիների այդպիսի համերաշխությունից:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Ընտրություններում 77 տոկոս բերած «արևմտյան համերաշխությունը» ՌԴ նախագահին ներկայանում է արդեն իր բացասական կողմով: Բոլոր դեպքերում` գործը դիվանագիտական հարաբերությունների խզմանը չի հասնի` մի քանի ամսով կամ կես տարով արտաքսված ու հետ կանչված դիվանագետները կվերադառնան ծառայության: Սերգեյ ու Յուլիա Սկրիպալները ողջ են, հարցը նրանց առողջության վերականգնումն է, որ բժիշկները գրեթե անհնար են համարում, երբ ի վիճակի կլինեին անձամբ վկայություն տալու: Հիմա աստիճանաբար ի հայտ կգան ընկերների, բարեկամների, ծանոթների վկայությունները, որ սուտ կամ ճիշտ իրողություններ կպատմեն նրանց կյանքից: Բոլոր դեպքերում` մեկ հարց մնում է բաց, և ոչ ոք այդ հարցը չի բարձրացնում` բրիտանական փառաբանված հատուկ ծառայությունները որտե՞ղ էին ու ինչպե՞ս հնարավոր դարձավ նախկին լրտեսի ու նրա դստեր թունավորումը Սոլսբերիում: Փաստորեն` Լոնդոնն ի զորու չէ ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը:

Ի դեպ` Բրյուսելում Թերեզա Մեյին Սկրիպալների գործով առանց ապացույցների քարտ բլանշ տված ԵՄ-ն նույնը չարեց Brexit-ի գործով: ԵՄ 27 երկրները առայժմ համաձայնեցին Բրիտանիային առաջարկել միայն ազատ առևտրի պայմանական համաձայնագիր, որ շատ ավելի քիչ էր, քան ակնկալում էր Մեյը:

Դիտվել է՝ 2163

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ