Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՈՒխտագնացություն առ Հայաստան, որի թիրախում Ղարաբա՞ղն է

ՈՒխտագնացություն առ Հայաստան, որի թիրախում Ղարաբա՞ղն է
28.03.2018 | 12:04

Նոր էր գնացել Կոնստանտին Կոսաչովը, եկավ Կոնստանտին Զատուլինը: Մոսկվայում մոդայիկ է դառնում ուխտագնացությունը դեպի Հայաստան: Այնքան, որ նույնիսկ Վազգեն Սարգսյանից են մեջբերումներ անում` իրենց հարմար ու ձեռնտու ենթատեքստով:


Ինչու՞ է Երևան եկել Զատուլինը: Ո՞րն է նրա առաքելությունը: Եթե Ռուսաստանը այդքան կարևորում է Հայաստանը, դեկտեմբերի վերջից փաստորեն Իվան Վոլինկինի առաքելությունն ավարտվել է, ինչու՞ նոր դեսպան չի նշանակում: Պատգամավորները Վոլինկինի՞ գործն են անում: Համենայն դեպս` Զատուլինը հրապարակավ ավելին չի ասել Կոսաչովից: Մենք նորից իմացանք, որ Ռուսաստանը հետևություն է արել ապրիլյան քառօրյայից և Բաքվին մատակարարվում է նախկին պայմանագրերով զենքը, իսկ Հայաստանին տվել են նորագույն սպառազինություն: Հայաստանը այդ հավաստիացումներին կարող է հավատալ մի դեպքում` եթե Մոսկվան դադարեցնի իր «ընդամենը բիզնեսը», որով պատճառաբանվում էր Ադրբեջանին սպառազինելը, պաշտոնական մակարդակով հայտարարությամբ: Պատգամավորները ժողովրդական դիվանագիտության ներկայացուցիչներ են և նրանց խոսքը կարող է տարբերվել պաշտպանության, ԱԳ նախարարի, վարչապետի ու նախագահի տեսակետից:

Առավել ևս նրանք պատասխանատու չեն ՌԴ այն պաշտոնյաների հայտարարությունների համար, որ զենք վաճառելով Բաքվին` Մոսկվան վերահսկում է զենքի գործադրումը: Կամ էլ զարմանքի համար` ո՞վ կմտածեր, որ Բաքուն այդ զենքը կուղղեր Ղարաբաղի դեմ: Մոսկվայում փաստորեն վստահ էին, որ ժամանակակից հարձակողական զենքով Բաքվում մտադիր են ագռավների վրա կրակել: Եթե հերթով Հայաստան են գալիս ռուս բարձրաստիճան պատգամավորներ ու հայտարարում են, որ Ռուսաստանը ապրիլյան պատերազմից հետևություններ է արել, պետք է այդ հետևությունները բացահայտեն: Եթե խոսքն ընդամենը ավարտված պայմանագրերից հետո նոր պայմանագրեր չկնքելու մասին է, դա ոչ թե հետևություն է, այլ` բիզնեսի ավարտ: Եվ գուցե ոչ թե Մոսկվայի, այլ` Բաքվի ցանկությամբ: Կա՞ երաշխիք, որ Բաքվի նոր առաջարկի դեպքում Մոսկվան կմերժի զենք վաճառել: Եղե՞լ է կառավարության որոշում, նախագահի հանձնարարական: «Բարաթ» կա՞: Ի՞նչ հետևություններ է արել Մոսկվան քաղաքականության մեջ: Վերստի՞ն Բաքուն մնում է ցանկալի տնտեսական գործընկեր, Հայաստանը` հարկադիր քաղաքական գործընկեր:
ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հարցերով հանձաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը նաև հայտարարեց. «Հայաստանի նկատմամբ ցանկացած հարձակում կամ ռազմական վտանգ Ռուսաստանը դիտարկելու է սպառնալիք հենց իր նկատմամբ»: Ոչ մի նորություն այս հայտարարության մեջ չկա` Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ՀԱՊԿ անդամ որևէ երկրի նկատմամբ հարձակման կամ ռազմական ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ անդամ մյուս երկրները պարտավոր են նրան պաշտպանել: Իրականում այս «անմեղ» հայտարարությունը շատ վտանգավոր է, որովհետև աշխարհում ամրապնդում է տեսակետը, որ Հայաստանը Ռուսաստանի քաղաքականության կցորդն է ու ինքնիշխան երկիր չէ: Իսկ դա շատ ավելի մեծ վնաս է Հայաստանի ազգային անվտանգությանը, քան Ադրբեջանից արձակված կրակոցները, որոնց ՀԱՊԿ-ը, ի դեպ, միայն երբեմն ալարկոտ քաղաքական հայտարարություններով է պատասխանում` հիշեցնելով, որ Հայաստանից չի ստացել օգնության պաշտոնական դիմում:


Զատուլինի այցի «ֆիշկան» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին տեղը դնելն էր թերևս: Երևանն ու Զանգեզուրը գրավելու նրա ցանկությանը Զատուլինը պատասխանել է. «Ադրբեջանի հարգարժան նախագահը նման հայտարարությամբ պարզապես թուլացրել է իր դիրքերը միջազգային ասպարեզում: Նման հայտարարությունն ամենայն հավանականությամբ նախատեսված էր ներքին լսարանի համար՝ հաշվի առնելով սպասվող ընտրությունները: Սակայն այն չի դիմանում ոչ մի պատմական կամ քաղաքական քննադատության: ՈՒղղակի պարզ չէ, թե ինչպես կարող էր որևէ մեկը լուրջ վերաբերվել նման հայտարարությանը»:
Եթե իսկապես Զատուլինն այդպես է մտածում, ինչու՞ է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ համատեղ հայտարարություն ստորագրում, որով դատապարտում է ղարաբաղյան հարցում Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն ու այլատյացությունը:


ԱԺ մեկ պատվիրակության Վաշինգտոն այցին ՌԴ երկու պատվիրակության Երևան այցով պատասխանող Մոսկվան ուզում է ցույց տալ` ով է իսկական բարեկա՞մը:
Վտա՞նգ են զգացել: ՈՒզում են համոզվել, որ ոչ Վաշինգտոն մեկնած ԱԺ պատվիրակությունը, ոչ Արցախի նախագահ Բակո Սահակյանը ԱՄՆ-ից չեն ստացել որևէ խոստում կամ առաջա՞րկ: Այսինքն` խնդիրը Հայաստանի ինքնիշխանությունն է այնուամենայնիվ: Ռուսաստանին պետք է համոզվել, որ Հայաստանը իր ֆորպոստն է մնում: Հիմա արդեն «Երուսաղեմի կարգավիճակով»: Բայց եթե ԱՄՆ-ը բոլոր հարցերում Երուսաղեմի հետ է ու նույնիսկ նրան միջուկային զենք է տվել, ի՞նչ է արել Մոսկվան իր «Երուսաղեմի» համար: «Պատմամշակութային» Իսկանդե՞րը:
Քիչ չէ՞: Առավել ևս, երբ Հայաստանը շարունակում է հայտարարել, որ Ռուսաստանի հետ դաշնակցությունն այլընտրանք չունի, որ Հայաստանը շարունակելու է զենք գնել Ռուսաստանից` հակառակ պատժամիջոցների տակ հայտնվելու վտանգի, որ Հայաստանը շարունակելու է գազ գնել միայն Ռուսաստանից, իբր Իրանն ավելի էժան գազ չի առաջարկում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Մոսկվան պահեստային տարբերակ էլ ունի` եթե մի քանի այցով Հայաստանում իր նկատմամբ հանրային վստահության վերականգնումը չհաջողվի, կա ու կա ուժային տարբերակը` Գյումրու ռուսական 102-րդ ռազմակայանում և Երևանի զինվորական կայազորում կտեղակայվեն ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ` հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Հարավային զինվորական օկրուգի լրատվական ծառայությանը։ Ռուսաստանը Հայաստանում ռազմական ոստիկաններ տեղակայելուն անդրադառնում է որպես փաստի, ՀՀ ՊՆ-ն ասում է, որ ռազմական ոստիկաններ տեղակայելու հարցով դեռ փաստաթուղթ չկա: «Այդ խնդիրը այս պահին քննարկման մեջ է, և կիրականացվի միայն համապատասխան միջպետական համաձայնագրով, իրավական կարգավորումով: Կարող է նոր համաձայնագիր լինի, պայմանագիր լինի, լրացում լինի գործողին՝ չեմ կարող ասել: Բայց համապատասխան իրավական կարգավորում տալուց հետո», ֊ ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Պարզվում է` Գյումրու 102-րդ ռազմակայանում այնքան անլուծելի են կարգապահական խնդիրները, որ պետք է լուծեն միայն ՌԴ ռազմական ոստիկանության ուժերը: Իսկ նրանք նաև Երևանում կտեղակայվեն, որովհետև «Երևանում ևս 102 ռազմաբազան որոշակի զորամասեր ունի»: Եվ ինչու՞ է ՊՆ-ն համաձայնել, որ ՌԴ զինուժը Երևանում ևս «որոշակի զորամասեր» ունենա, որոնք հիմա համալրվելու են հատուկ պատրաստություն անցած զինվորականներից՝ պայմանագրային սպաներից, սերժանտներից և զինվորներից, որ զինված կլինեն ստանդարտ սպառազինությամբ, ոստիկանական հատուկ միջոցներով։ Երկու Կոնստանտինները` Կոսաչով ու Զատուլին, այս հարցով ասելիք չունեի՞ն: Ինչի՞ն է Մոսկվան նախապատրաստվում Հայաստանում:


Իսկ հայ պաշտոնյանե՞րը: Երբ 3 տարի առաջ ռազմաբազայի զինվորը ինքնակամ ու զինված հեռանում էր ռազմաբազայից ու սպանում Ավետիսյանների ընտանիքին, Մոսկվան ռազմական ոստիկաններ չուղարկեց իրավիճակը իր ռազմաբազայում կարգավորելու: Ի՞նչ է եղել հիմա: Ռուսական բազայի զինծառայողների` բազայի տարածքից դուրս կատարված հանցագործություններով ո՞վ պիտի զբաղվի: Պայմանագրով` ՀՀ իրավապահ մարմինները, ուրեմն ռուսական ոստիկանությունն ի՞նչ է անելու: Թե՞ նախատեսվում է նաև պայմանագրի վերանայում ու պետություն պետության մեջ` Հայաստանի տարածքում ռուսական ոստիկանությունը պիտի զբաղվի ռուսական բազայի տարածքից դուրս իր զինծառայողների հակաօրինական գործողություների քննությամբ: Եվ ի՞նչ մեղավորության կանխավարկած է սեփական զինվորների նկատմամբ, Ռուսաստանը Հայաստան պոտենցիալ իրավախախտների՞ է ուղարկում, հետևից էլ` իր ոստիկանների՞ն: Իսկ եթե այս ամենը ոչ մի կապ չունի ռուս զինվորականների ու նրանց ապագայում գործելիք հանցանքների հետ, պարզապես նախապատրաստվում է Արցախի հարցի արագ լուծման տարբերակ` ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի, այլ` Ռուսաստանի օգտի՞ն:

Դիտվել է՝ 3402

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ