Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայոց համատիեզերական պատմությունը

Հայոց համատիեզերական պատմությունը
30.03.2018 | 00:26

Առանց սիրո մենք մեռնում ենք կամ լավագույն դեպքում ապրում ենք խեղված: Անմիտ բարությունը ծնում է խելամիտ դաժանություն: Մենք բոլորս նվիրական նպատակ ունենք` մոռանալ, ինչ գիտենք, և խնձորը վերադարձնել ծառին: Չարն ու բարին երկնքից չեն ընկնում, մենք ենք ստեղծում: Կյանքը դժոխք է, բայց սքանչելի դժոխք: Շրջագայությունները հեռացնում են մահը` մղոններով մենք կյանք ենք գնում: Պարզապես պետք է պատկերացնես կյանքդ, ու ցանկությունդ կկատարվի: Եթե նույնիսկ ռոմանտիզմն է մարդուն առաջ մղում, ռեալիզմն է պահում ռոմանտիզմի հիմքերը:


Մտնում ենք ապրիլ: Մայիսին մոռացած ենք լինելու ապրիլն ու նետվելու ենք տոնական շրջապտույտ` 8-28-ը: Եվ, ինչպես միշտ, առանց իմաստավորման: Օրվա սկզբին ասելու ենք ճռճռան ճառեր, փառավորվելու ենք անցյալի փառքով, հիանալու ենք ապագայի հեռանկարով, օրավարտին մոռանալու ենք: Հոգնած մոռանալու ենք: Առաջին հանրապետության 100-ամյակը արդեն պիտի առիթ տված լիներ` տարեսկզբից, անդրադառնալու պետականության վերականգնման ու պատմության, կործանման պատճառների վերհանմանը: Իրական պատճառների, որ 100 տարի սպասում են անուն առ անուն, փաստ առ փաստ բարձրաձայնվելու: Արդեն գրքեր պիտի հրապարակված լինեին, որ հասարակության թեկուզ 5 տոկոսը, բայց կարդար ու մտածեր: Ֆիլմեր պիտի նկարահանված լինեին` վավերագրական ու գեղարվեստական: Թատրոններում գլամուրայինին պիտի ազգայինը գերիշխեր ու հանդիսատեսին պատմեր` ինչպե՞ս էր 100 տարի առաջ կայսրության ավերակներում պետություն ստեղծվում, ինչու՞ դեկտեմբերի 2-ին այդ պետությունը պարտվեց, երբ 11-րդ Կարմիր բանակը մտավ Երևան: Ճշմարտության գիտակցության անհրաժեշտության թելադրանքով: Հասարակական քննարկում պիտի լիներ` հանուն անցյալի ու ապագայի պատմության: Ինչու՞ անկախությունը սպանեց ու տարագրեց իր զավակներին: Ինչու՞ համաշխարհային պատմությունը եկավ ու անցավ մեր տարածքներով ու մեզ թողեց 29000 քառակուսի կիլոմետր, ինչպե՞ս Օսմանյան կայսրության փլուզումից հետո բոլոր ժողովուրդները պետականության տեր դարձան, ցեղասպանված հայերը Կարսն ու Արդահանն էլ կորցրին: Որ սովորենք ճշմարտության աչքերին նայել առանց բարդույթների: Որ դադարենք 20-րդ դարում մեր պատմությանը նայել սպանվածի, կողոպտվածի, բռնաբարվածի ու խաբվածի հայացքով: Որ պատմությունը զատենք քաղաքականությունից ու մեր հաղթանակների իրական արժեքը հասկանանք: Նշանակությունը գնահատենք: Որ չվախենանք նորից սպանվել, կողոպտվել ու խաբվել, որովհետև հարևանները նույնն են ու նույնն են նրանց նպատակները: Բայց փոխվել ենք մենք: Այդ փոփոխությունը պիտի դարձնեինք մեր հաղթության մեխը ու հպարտության առանցքը: Մտածողության ու մթնոլորտի փոփոխության: Չենք անում: Առավելագույնը հուզված երգում ենք` «Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա»: Մենք ամեն ինչ կանենք ոտքի վրա մի քանի կամ նույնիսկ մեկ օրում ու կանցնենք հաջորդ տոներին: Տոները մեզ համար աշխատանք են: Կարևոր աշխատանք: Պետական: Բայց` առանց քաղաքացու:


Պետության ու քաղաքացու առանձին կյանքը Երրորդ հանրապետության ավանդույթն է: Գուցե նաև չորրորդ, որ այս օրերին է սկսվում: Պաշտոնապես: Իրական սկիզբը 2014-ն էր: Սահմանադրականը` 2015-ը: Քաղաքականը` 2018-ը:
Մայիսին մենք այդ մասին էլ մոռացած կլինենք: Հունիսին` առավել ևս: Ո՞վ է ամռանը արձակուրդից բացի այլ խնդիրների մասին մտածում: Բայց չէ՞ որ ամռանն էլ մարդիկ ծնվում են ու մեռնում, և ուրեմն կյանքից չես փախչի: Խնդիրներից` առավել ևս: Առանց սիրո մենք ապրում ենք խեղված, ու մեր անմիտ բարությունը ծնում է խելամիտ դաժանություն, երբ նպատակը երեկն ու վաղը մոռանալն է ու այսօր մղոններով կյանք գնելը և տապալվելը ինչ-որ ժամանակ աննպատակ նետված ու վերադարձած բումերանգի անակնկալ հարվածից, երբ պատյան արդեն չունես:

Երբ պատյան չունի պետությունդ, որ իրականում քո միակ արժեքն է, քո Այբ-ն ու Ֆե-ն, իսկ դու խրվել ես այբուբենիդ սկզբնամասում ու իբր մտածում ես` պե՞տք են քեզ մյուս տառերն ու հնչյունները, երբ մի քանի ձայնավորներով ու բաղաձայններով էլ հարաբերվում ես մարդկանց ու աշխարհին: Իբր: Ի՞նչ շքեղություն` 36 տառ ու 39 հնչյուն: Հույներն էլ այդքան չունեն: Ռուսներն էլ: Ոչ էլ Աշոկան: Մաշտոցն էր` գցեց կրակը: Հիմա հանգիստ կամ հույն, կամ պարսիկ էինք դարձել ու վատ չէինք ապրի: Հաստատ: Կամ` մի, կամ` մյուս ծովի ափին: Գուցե` օվկիանոսի: ՈՒ քանի դեռ ծովերի ու օվկիանոսների մասին անհող երազողները կան, ժայռերը ներսից ճաք են տալիս: Հողի զգացողությունը նախ հողը պահելն է, հետո բազմապատկելը: Հողը հողի վրա են պահում, հեռվից հող պահելը ֆիկցիա է, որ չունի արդարացում: Մայիսին որևէ մեկը մեզ կասի՞, որ հայրենիքը նաև ժամանակ է: Ապարդյուն ժամանակը կուտակվում է սև խոռոչներում ու չի կորչում, վերադառնում է, բայց` բացասական էներգիայով, որ ընդմիշտ տանի, ինչ շռայլել էր` հուսալով, որ գտել էր հասցեատիրոջը: Իսկ դրական էներգիան վերադառնում է նրանց, ում համար հողը հայրենիք է, ժամանակը հայրենիք է, կյանքը հայրենիք է ու հայրենիք է սերը, որի չափման միավորը մղոնները չեն:


Իսկ հիմա մենք ծուլորեն սողում ենք` տիեզերքի արագությունների համեմատ, ծուլորեն ապրում ենք` երկրի արագությունների համեմատ ու չենք գիտակցում, որ ամեն ակնթարթն իր գինն ունի: Վճարողը միշտ մենք ենք: Կյանքով վճարողը:
ՈՒ քանի դեռ ընդամենը ապրիլն է, որ ունի-չունի` 30 օր ունի, հայոց համատիեզերական պատմությունը գրում է իր էջերը, որտեղ մարդիկ չգիտեն սև խոռոչների ուժն ու գործունեության կերպը: Նրանք իրենց համարում են կավիճը ձեռքին գործող անձինք, պատմությունը` մաքուր գրատախտակ, որի վրայի գրերն անջինջ են: Մաշտոցն անգամ այդ վստահությունը չուներ ու սուրը ձեռքին քանդում էր մեհյանները, որ եկեղեցի կառուցեր, կողքին` դպրոց ու այբուբեն սովորեցներ: Նրա համար այլևս անկարևոր էր, որ հայոց արքաները ճակատամարտերում կպարտվեն, որ նրանց հայոց իշխանները կդավաճանեն, օտարները կթունավորեն, պատանդ կտանեն, կսպանեն, որ նրանք կդավաճանեն, մեկ էր` կար զենք, որի դեմ մարդկությունը հակազենք չունի` ինքնագիտակցությունը: Մարդու ու ազգի ընդհանրական ինքնագիտակցությունը, որ կարող է բթանալ, բայց մեռնել` երբեք: Հազարավոր անտարբերների մեջ միշտ լինելու են զգոն ու զգայուն մի քանիսը, որ երկրի աղն են ու նրանց ժամացույցը համատիեզերական ժամանակն է ցույց տալիս: Նրանց մարգարե կկոչեն, թե խելագար, միևնույն է, երկրի առանցքը նրանք են: Նրանք են, որ ճշմարտությունը ճանաչում են դեմքով ու չեն մոռանում հիշեցնել: Նրանց ձեռքինը կավիճ չէ, նրանք քարագրում են, և աշխարհի որևէ օվկիանոս միլիոն տարում այդ գրերը չի ջնջի, եթե ալիքների ամբողջ ուժով թափվի նրանց վրա:


Իսկ մե՞նք: Մեզ հիմարաբար թվում է, որ այդ մարդը մենք չենք ու չենք կարող լինել, ո՞վ ենք մենք, որ ճակատագրի առաջ խնդիր դնենք, պատմություն փոխենք ու որոշում կայացնենք: ՈՒ քանի դեռ մեզ համարում ենք ընդամենը պտուտակ, որ առավելագույնը կարող է իր տեղում անխափան պտտվել, մենք չենք որոշի, թե ուր է գնալու անիվը: Ինքնագիտակցության այս ընդարմացումը մեր պաշտպանությունն է կյանքից, մեր վախը սխալներից ու ձախողվելուց: Ընդարմացումը սնում է ազդակ չունենալը` մենք չենք պատասխանում «ինչու՞» հարցին, շրջանցում ենք` քամու արագությամբ հեռու փախչելով, որովհետև չգիտենք ի՞նչը ինչո՞վ կփոխվի ու ի՞նչ կկատարվի մեզ հետ: Շատ ավելի անվտանգ է դիտորդի դերը` սպասենք, տեսնենք` ի՞նչ կլինի: Եղավ` կհարմարվենք, չեղավ` կդիմանանք: Մենք ապրում ենք մեր պատասխանատվությունը, մեր ցանկությունները, մեր նպատակները ուրիշներին փոխանցած, իսկ նրանք ունեն բոլորովին այլ ցանկություններ ու նպատակներ: Այդ խզումը մենք անվանում ենք քաղաքականություն ու առավելագույնը տրտնջում կամ հայհոյում ենք քաղաքականության մեջ եղածներին, որ մեզ չեն հասկանում, դավաճանում են կամ անզոր ու թույլ են: Իրականում թույլն ու անզորը, անպատասխանատուն մենք ենք, որ մեր նպատակներն ու ցանկությունները վստահում ենք ուրիշներին ու տեր չենք կանգնում կատարմանը` մեր նպատակների ու մեր ցանկությունների, ոչ թե իրենց, կատարմանը: Պարզ մեխանիզմ է, հազարավոր տարիներ աշխատում է երկրի վրա ու խափանվում հեղափոխությունների տեսքով, որոնց հետևանքը միշտ ավելի ավերիչ է լինում` հեղափոխությունները խժռում են իրենց զավակներին ու բոլոր հարցերին նախ պատասխանում են գիլիոտինով, հետո` անցյալին վերադարձով: Մի քանի փոփոխություններով հանդերձ: Անձանց փոփոխություններով` նախ, հետո` գործելաոճի: Ձևերը փոխվում են, բովանդակությունը մնում է նույնը, եթե չի փոխվել ինքնագիտակցության մակարդակը:


ՈՒրեմն ինչպիսի՞ն է լինելու մեր 2018-ի ապրիլը: Հեղափոխությու՞ն ենք անելու, թե՞ սպասելու ենք լավագույն ժամանակների: Փաստացի` ոչ մեկը, ոչ մյուսը: Մենք ապրում ենք խոտի կյանքով, որի միակ նպատակը լույսը տեսնելն է, արևին հասնելը, ջուր ու սնունդ գտնելը: Մեր հոգևոր կյանքը սավառնում է համատիեզերական հեռուներում ու հազվադեպ է մեր երկրային կյանքի հետ համընկնում: Մենք պատրաստ չէինք անկախությանը 100 տարի առաջ, երբ Ռոմանովների կայսրությունը փլուզվեց, ու անկախությունն ընկավ մեր գլխին ինչպես քարը: Մենք պատրաստ չէինք անկախությանը, երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, ու նորից քարի պես անկախությունն ընկավ մեր գլխին: Ամենահեշտը դրոշ, զինանշան ու օրհներգ ունենալն է: Ամենահեշտը քաղաքական անկախությունը հռչակելն է: Մենք նույնիսկ այդ դեպքերում անցյալի փեշերից կախվեցինք` ոչինչ չփոխելով: Իսկ իրական անկախության գիտակցությունը խրվեց-մնաց մեր վախերի մեջ` փոքր ենք, անպաշտպան ենք, մեկին պիտի գտնենք` թևի տակ մտնենք, նրա հաշվին ապրենք, հարևանները կգան մեր տունը կքանդեն, հացից կզրկեն: Միայն հողը պաշտպանելու բնազդն է մեր մեջ հզոր, որ հազարամյա գենի ուժով դիմադրում է ու պաշտպանում մեզ ու մեր տարածքը ոտնձգությունից: Մյուս հարցերում բնազդը լռում է, գիտակցությունը քնած է, կյանքը ինքնահոսի է մատնված: Անիմաստ է սպասել, որ գալու է մարգարե ու արթնացնելու է, անվանելու է ճշմարտությունն ու հաղթանակը ոսկե սկուտեղի վրա ամեն մեկիս դուռը թակելով` հրամցնելու է մեզ` առեք, կերեք, դուք արժանի եք: Դուք եք ձեր երկրի տերը հետայսու: Այդպես չի լինում` մարգարեները գալիս են, երբ իրենց պատրաստ են հասկանալ: Մարգարեին իր մեջ պիտի ունենա մեզնից յուրաքանչյուրը, որ մեզնից մեկը դառնա բոլորիս ցանկություններն ու նպատակները կատարողը ու մեզ տեր դարձնողը մեզ: Այլապես տերերը գալու են հեռուներից ու գնալու են հեռուներ` մեզ հեռացնելով մեզնից: Սա նույնպես պարզ մեխանիզմ է` հազարամյակների պատմությամբ փորձարկված: Հողը պաշտպանություն է, բայց ինքն անպաշտպան է: Պատմության դեմքը ոչ ոք չի տեսնում` պատմությունը անցյալն է, իսկ ամեն մեկս մեր անցյալն ունենք: Ապագան միակ ժամանակն է, որ հնարավոր է ծրագրել, ոչ թե սպասել, որ կգա ու մեզ ոսկե սկուտեղը կտա, այլ հիմա ու այստեղ այդ սկուտեղի վրա հավաքել անկախության ու ինքնիշխանության, ինքնագիտակցության մանրակերտը, որ վերադարձնելու է մեզ մեր տեր լինելու իրավունքն ու պարտականությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Ով եկավ, ով գնաց, ով ինչ ասաց ու չասաց, ով ինչ արեց ու չարեց` ամեն շաբաթ ու ամիս, ու տարի` ձեր կյանքի ժամանակն է: Առանց սիրո մեռնում ենք կամ ապրում ենք խեղված: Անմիտ բարությունը ծնում է խելամիտ դաժանություն: Մեր նպատակն է` մոռանալ: Չարն ու բարին երկնքից չեն ընկնում, մենք ենք ստեղծում: Կյանքը դժոխք է, բայց սքանչելի դժոխք: Շրջագայությունների մղոններով մենք կյանք ենք գնում: Պետք է պատկերացնես կյանքդ, ու` ցանկությունդ կկատարվի: Եթե ռոմանտիզմն է մարդուն առաջ մղում, ռեալիզմն է պահում ռոմանտիզմի հիմքերը: Մի նվիրեք ձեր կյանքը տիեզերական սև խոռոչներին, որտեղ դրական էներգիան դառնում է բացասական, ու բումերանգը զգետնում է ձեզ: Ապրեք ժամանակն իբրև ես ու հայրենիք: Երկրորդ հնարավորություն չկա: Երրորդ` առավել ևս:

Դիտվել է՝ 4339

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ