Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մակրոնը կանգնում է Էրդողանի ճանապարհին

Մակրոնը կանգնում է Էրդողանի ճանապարհին
01.04.2018 | 09:32

Ֆրանսիան չի ծրագրում նոր ռազմական գործողություն Սիրիայում` ԻՊ արմատական խմբավորման դեմ միջազգային կոալիցիայի շրջանակներում պայքարին զուգահեռ` հայտարարել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը` հերքելով ԶԼՄ-ներով տարածված սիրիական Քրդստանի ղեկավարության ներկայացուցիչների տեղեկությունները, որ Ֆրանսիան կուժեղացնի իր ռազմական ներկայությունը Սիրիայի հյուսիսում:

Le Parisien-ը հղում անելով` «Սիրիայի Դեմոկրատական ուժերի» պատվիրակության ներկայացուցիչ Ասիա Աբդելահին` հաղորդել էր, որ Ֆրանսիան զինվորականներ կուղարկի Մանբիջ` քրդերին օգնելու համար: Հենց այդ քաղաքն են թուրքերը պատրաստվում գրոհել Աֆրինը գրավելուց հետո: Ելիսեյան պալատում արաբաքրդական պատվիրակության հանդիպումից հետո մամլո ասուլիսում էր Աբդելահն արել այդ հայտարարությունը: Սիրիայի հյուսիսի քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունները սկսելուց հետո դա առաջին այցն էր Փարիզ: Որ Մակրոնը խոստացել է ուժեղացնել ռազմական ներկայությունը Սիրիայում, հայտարարել է և Փարիզում հյուսիսային Քրդստանի ներկայացուցիչ Խալեդ Իսան, որ ներկա է եղել հանդիպմանը:

«Պարոն Մակրոնը հայտարարեց, որ համագործակցությունը կուժեղացվի և բոլոր հնարավոր միջոցներով աջակցություն ցույց կտրվի «Սիրիայի դեմոկրատական ուժերին»: Մենք կշարունակենք գործել Սիրիայի հյուսիսի և այդ ուժերի ազատագրած տարածքների վերականգնման ու անվտանգության ապահովման ավելի վաղ կազմած ծրագրով»` հայտարարեց Խալեդ Իսան: Լրագրողի ճշտող հարցին` նախատեսվու՞մ են լրացուցիչ ռազմական ուժեր, Փարիզում սիրիական Քրդստանի ներկայացուցիչը պատասխանեց` «այդ թվում ռազմական միջոցներով»: «Զինվորականների թիվը կորոշեն մասնագետներն ու իրավասու մարմինները: Իրավիճակը պահանջում է լրացուցիչ ուժեր, որովհետև Էրդողանն ու նրա ենթակաները չեն թաքցնում իրենց հավակնությունները Մանբիջի ու Սիրիայի հյուսիսում արաբաքրդական ուժերի ազատագրած մյուս շրջանների նկատմամբ: Թուրքիայի կառավարությունը սպառնալիք է նրանց համար»` ընդգծեց Խալեդ Իսան Ելիսեյան պալատում հանդիպման արդյունքներն ամփոփելիս: Հերքելով լրացուցիչ զինուժ Սիրիա ուղարկելու տեղեկությունը, Ելիսեյան պալատը «Սիրիայի դեմոկրատական ուժերին աջակցություն արտահայտեց` մասնավորապես Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգության գոտին կայունացնելու և ԻՊ-ի վերադարձը թույլ չտալու համար քանի դեռ գտնված չէ սիրիական կոնֆլիկտի քաղաքական լուծումը»: Սիրիայի դեմոկրատական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Էմանուել Մակրոնը նաև աջակցություն է հայտնել այդ ուժերի ու Թուրքիայի երկխոսությանը` ֆրանսիացիների ու միջազգային ուժերի միջնորդությամբ: Հենց Սիրիայի դեմոկրատական ուժերն էին ԻՊ-ի դեմ ցամաքային գործողություններ վարում միջազգային կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ: Փարիզը ԱՄՆ գլխավորած կոալիցիային միացել է 2014-ին: ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունները Ֆրանսիայի նախագահն անվանել է գերակա` պահպանվող ահաբեկչական սպառնալիքի առկայությամբ և նշել, որ այդ պայքարը կշարունակվի: Փարիզն անհանգստացած է հունվարի 20-ին Սիրիայի հյուսիսում Թուրքիայի սկսած «Ձիթենու ճյուղ» ռազմարշավից քրդերի դեմ, որոնց Անկարան անվանում է «ահաբեկիչներ»: Թուրքական ուժերը վերահսկողություն են հաստատել Աֆրինի ու նրա շրջակայքի նկատմամբ մարտի 18-ին: Այդ քաղաքը գրավելուց հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ «պայքարելու է Սիրիայում, քանի դեռ չի վերացվել Մանբիջով, Քոբանիով, Թել Աբյադով, Ռաս էլ Այնով ու Կամիշլիով անցնող ահաբեկչական միջանցքը»: Անկարան միշտ դեմ է եղել իր սահմանների մոտ Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության ստեղծմանը: Մեկնաբանելով Ելիսեյան պալատում արաբաքրդական պատվիրակության հետ հանդիպումը` Անկարան կոշտ մերժեց երկխոսության ֆրանսիացիների միջնորդությունը: «Ես ուզում եմ ընդգծել, որ վշտացած եմ Ֆրանսիայի սխալ մոտեցումից: Ո՞վ եք դուք, որ խոսեք Թուրքիայի ու ահաբեկչական կազմակերպության միջև միջնորդության մասին»` զայրացել է Էրդողանը: Ավելի վաղ Անկարան զգուշացնում էր Ֆրանսիային քրդերին ռազմական օգնություն ցույց տալուց` նշելով, որ ֆրանսիական զորքերը կարող են թուրքական ուժերի թիրախ դառնալ: Ֆրանսիական հատուկ ջոկատայիններն արդեն Սիրիայում են, սակայն Փարիզը չի հրապարակում իր ուժերի թվաքանակը:
RFI


Հ.Գ. Ֆրանսիացիները մեղմացնում են: «Քեզ չվերաբերող հարցերին մի խառնվիր, մենք միջնորդի կարիք չունենք: Թուրքիան բանակցությունների չի նստում ահաբեկիչների հետ, այդ դուք եք բանակցում ահաբեկիչների հետ, մինչդեռ մենք կռվում ենք նրանց դեմ Աֆրինում»,- դիմելով Մակրոնին` ասել է Էրդողանը: «Մակրոնն իր տեղը չի ճանաչում»` հայտարարել է Էրդողանը: «Լսում ե՞ք, Մակրոնն ասել է՝ մենք երաշխավորում ենք մեր աջակցությունը Սիրիայի քրդական ուժերին, կամ թե՝ մենք կարող ենք միջնորդ լինել թուրքերի և քրդերի միջև: Նման հայտարարություններ անող մարդն իր տեղը չի ճանաչում: Ո՞վ է քեզ նման իրավունք տվել: Քեզ չվերաբերող հարցերին մի խառնվիր, մենք միջնորդի կարիք չունենք»,- ասել է Էրդողանը:


Ոչ միայն Էրդողանը` Մևլութ Չավուշօղլուն է զանգահարել Ֆրանսիայի ԱԳ նախարար Իվ Լե Դրիանին ու հարցրել` ի՞նչ կմտածեին, եթե Էրդողանն Անկարայում հյուրընկալեր ահաբեկչական խմբավորման առաջնորդների, որ հարձակումներ են իրականացնում Ֆրանսիայի դեմ: «Փարիզը, ցավոք, ազնիվ չէ և լիովին կորցրել է իր չեզոքությունն ու սթափութունը»,- ասել է Մևլութ Չավուշօղլուն: Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը սպառնացել է Ֆրանսիային: «Նրանք, որ համագործակցում են կամ համերաշխություն են հայտնում Թուրքիայի դեմ գործող ահաբեկչական խմբավորումներին, նույն այդ ահաբեկիչների նման, կհայտնվեն Թուրքիայի թիրախում»։ «Հուսով ենք, որ Ֆրանսիան կխուսափի նման անտրամաբանական քայլերից»: «Այդպիսի դիրք գրավելուց հետո Ֆրանսիան այլևս իրավունք չունի բողոքելու որևէ ահաբեկչից ու ահաբեկչական հարձակումից: Նրանք, որ ապրում են ահաբեկիչների հետ և անգամ նրանց հյուրընկալում են իրենց նստավայրում, վաղ թե ուշ հասկանալու են, թե ինչ սխալ են արել: Նրանք, որ անամոթաբար աջակցում են ահաբեկիչներին, պետք է պատրաստ լինեն բացատրություններ տալու իրենց արածների համար»,- ամփոփել է Էրդողանը:


Նահանջելու՞ է Մակրոնը: Բնավ: Ելիսեյան պալատը վերահաստատել է, որ Ֆրանսիան շարունակելու է ԱՄՆ-ի հետ աջակցել Սիրիայի քրդերին և համագործակցել նրանց հետ՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում: «Ռոյթերզի» հետ զրույցում Ելիսեյան պալատի ներկայացուցիչն ասել է.
«Եթե նախագահը զգա, որ «Իսլամական պետության» դեմ պայքարի համար անհրաժեշտ է ամրապնդել մեր ռազմական միջամտությունը, մենք դա կանենք, սակայն միջազգային կոալիցիայի շրջանակներում»: Փարիզը համամիտ է Վաշինգտոնի դիրքորոշմանն ու անընդունելի է համարում Սիրիայի տարածքում ավելի խորանալու և մինչև Մանբիջ հասնելու Անկարայի մտադրությունը: Էրդողանը իրեն բնորոշ ոճով հակադարձել է. «Մեզ Արևմուտքի կարծիքը չի հետաքրրքում, Անկարան շարունակելու է պայքարը՝ սահմանից քրդական խմբավորումներին հեռացնելու համար»: «Հե՛յ, Արևմուտք, ուզում եք Սիրիայի դեմոկրատական ուժեր կոչեք, ուզում եք՝ այլ անուն տվեք, միևնույն է՝ նույն ահաբեկչական խմբավորումն է: Մի փորձեք մեզ մոլորեցնել: Մենք նրանց վաղուց ենք ճանաչում ու գիտենք՝ ուր են տանում արմատները: Մենք շարունակում ենք մեր հարձակումն Աֆրինի ուղղությամբ, ծրագրում ենք շարժվել Մանբիջ ու վերացնել ահաբեկիչներին նաև Սիրիայի մյուս շրջաններից»:

Փաստացի` ձևավորվում է ԱՄՆ-Ֆրանսիա գործակցություն ընդդեմ Անկարայի` Մակրոնը կանգնում է Էրդողանի ճանապարհին: Ի՞նչ է նա ուզում: Միջամտելով Մանբիջի հիմնախնդրին՝ Ֆրանսիան ուզում է վերականգնել իր դիրքերը տարածաշրջանում և խառնվել գլոբալ խաղին ու գլոբալ առևտրից իր շահաբաժինը ստանալ: Բնականաբար` եթե իրոք Ֆրանսիան մտնում է Սիրիա լրացուցիչ զինուժով` նա ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համաձայնությունը և գուցե հենց այդ համաձայնությունից հետո Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը հեռանում է Սիրիայից: Քրդերը կշահեն` Ֆրանսիան շատ ավելի կոշտ ու անզիջում կլինի ԱՄՆ-ից` երիտասարդ ու եռանդուն Մակրոնը փորձում է վերականգնել Ֆրանսիայի դերը համաշխարհային քաղաքականության մեջ և անսպասելի չէր ամենասուր կոնֆլիկտին նրա միջամտության ցանկությունը: Թուրքիան այլևս չի կարողանա խաղալ ԱՄՆ-ՌԴ հակասությունների վրա կամ օգտվել ՌԴ-ի թողտվությունից: Մայիսին սպասվում է Մակրոնի ու Պուտինի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում: Եթե թուրքերը շարունակեն գրոհը Մանբիջի ուղղությամբ ու փորձեն մտնել Իրաք, ինչպես խոստացել են, այդ հանդիպումը կարող է դառնալ սկզբունքային ու շրջադարձային Մերձավոր Արևելքի համար: Չի բացառվում, որ մինչ այդ Մակրոնը նաև քայլեր ձեռնարկի Ասադի հետ պայմանավորվելու շուրջ: Ճիշտ է` Սիրիայի հյուսիսը վերահսկող քրդերը խնդրում են Ֆրանսիայի աջակցությունը, բայց Սիրիայում նրանք չունեն սուբյեկտայնություն` ինքնուրույն որոշումներ ընդունելու համար, ուստի Մակրոնին պետք է նաև Ասադի խնդրանքը, որ շատ ավելի բարդ է ստանալ` Պուտինը դա կդիտարկի հարված թիկունքից, եթե մինչ այդ Մակրոնի հետ որևէ համաձայնության չգա: Խաղը բարդանում է ու անսպասելի լուծումներ կարող է բերել ոչ միայն տարածաշրջանին, այլև` Եվրոպայում ու Ռուսաստանում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3244

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ