Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կսկսվի՞ ՌԴ-ԱՄՆ պատերազմ երրորդ երկրում

Կսկսվի՞ ՌԴ-ԱՄՆ պատերազմ երրորդ երկրում
12.04.2018 | 09:29

Մի քանի օրում Սիրիայում նորից ամեն ինչ խառնվեց իրար: Արևմուտքը մեղադրում է Բաշար Ասադին Արևելյան Գուտայի Դումա քաղաքում քիմիական զենք կիրառելու մեջ: Սիրիայի ԱԳՆ-ը պաշտոնական հրավեր է ուղարկել ՔԶԱԿ-ին Դումա գալու ու տեղում հետաքննություն անցկացնելու: ՌԴ-ն հերքել է քլորով ռումբի տեղեկությունը, որն իբր նետել են Ասադի զինվորականները: Մոսկվան Վաշինգտոնին «լուրջ հետևանքներով» է սպառնացել, եթե ԱՄՆ-ն Սիրիայի կառավարական ուժերի դեմ ռազմական գործողություններ սկսի՝ ի պատասխան Դումայում քիմիական հարձակման` հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան: Նա պնդում է, որ Դումայում քիմիական հարձակում չի եղել: Ապրիլի 9-ի երեկոյան ՄԱԿ –ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Դումայում քիմիական զենքի կիրառման հարցը: ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մեղադրում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիկի Հեյլին նշել է, որ Վաշինգտոնն արձագանքելու է հարձակմանն անկախ՝ ԱԽ-ն հավանություն կտա, թե ոչ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել այս շաբաթ նախատեսված այցը Հարավային Ամերիկա` հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսին:

Թրամփը ցանկանում է մնալ Վաշինգտոնում` «Սիրիայում ստեղծված կացությանը հետևելու նպատակով»: Նա խորհրդականների հետ քննարկում է Սիրիային հզոր հարված հասցնելու հնարավորությունը` գրել է The New York Times-ը: Հնարավոր է` միանգամից մի քանի թիրախի և մի քանի օրում: Խոստանում են, որ հարվածն ավելի հզոր է լինելու, քան 2017-ի ապրիլինը, երբ 50 հրթիռ էր արձակվել Հոմսի ավիաբազայի վրա: Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում ընդունել է Կատարի շեյխ Տամիմ բեն Համադ ալ Տանիին ու նրա հետ քննարկել Իրանի ու Ռուսաստանի տարածաշրջանային սպառնալիքը: «Նախագահը և էմիրը քննարկել են տարածաշրջանային հարցեր, ակդ թվում` Սիրիայի, Եմենի ու Իրանի: Նրանք քննարել են իրանական և ռուսական կործանրար ազդեցությունը, այդ թվում` Իրանի և Ռուսաստանի դերը Ասադի վարչակարգի վայրագությունների դեմ պայքարում, սպառնալիքը, որ Իրանն ու Ռուսաստանը ներկայացնում են տարածաշրջանի կայունությանը և այս հարցերով ԱՄՆ-ի ու Կատարի համագործակցության ընդլայնման ուղիները»` հաղորդել է Սպիտակ տունը:
Եթե Փարիզը որոշի հարվածել Սիրիային՝ ի պատասխան Դումայում քիմիական զենքի ենթադրյալ կիրառման, թիրախներ կարող են դառնալ վտանգավոր քիմիական նյութեր արտադրող օբյեկտները` հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հարվածը չի դիպչի Դամասկոսի դաշնակիցներին։ «Որոշումը, որ պետք է կայացվի, ոչ մի դեպքում չպետք է վնասի ռեժիմի դաշնակիցներին»,– ասել է Ֆրանսիայի նախագահը` Ֆրանսիան շահագրգռված չէ մերձավորարևելյան տարածաշրջանում ռազմական էսկալացիայով։ Նա նաև կոչ է արել վերականգնել ՄԱԿ–ի և ՔԶԱԿ-ի համատեղ մեխանիզմի աշխատանքները՝ Սիրիայում քիմիական զենքի ենթադրյալ կիրառման դեպքերի հետաքննության համար։


Իսրայելը օդային հարվածներ հասցրեց Սիրիայում` թիրախավորելով Իրանին, փաստացի կոնֆլիկտի մեջ ներքաշելով Լիբանանը ու Գազայի հատվածը: Իսրայելի օդային հարվածները հիմնականում հասցեագրված են Հեզբոլահին, որի մարտիկները պաշտպանում են Ասադին: Իսրայելի զինվորականները հայտարարում են, որ օդային հարվածների շնորհիվ կանխել են հեռահար հրթիռների ու թունավոր նյութերի Հեզբոլահի ձեռքն անցնելը: Իսրայելի սահմանին ու Գազայի հատվածում կոնֆլիկտները ցույց են տալիս, որ պաղեստինյան Համասի հետ դիմակայությունը նորից կարող է բռնկվել: Թեպետ Սաուդյան Արաբիան իսրայելապեղեստինյան կոնֆլիկտում խաղաղ կարգավորման կողմնակից է, Համասին Էր Ռիադը չի պատրաստվում պաշտպանել: Սաուդյան Արաբիան նորից անցել է Իսրայելի կողմը` համատեղ ընդհանուր թշնամու` Իրանի դեմ պայքարի համար: Իսրայելը, սիրիական ավիաբազային հարված հասցնելով, ցանկանում է շեղել հասարակության ուշադրությունը Գազայի ողբերգությունից` հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Հասեմին: Նրա կարծիքով` հրթիռային հարվածը «Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կոպտագույն խախտում է», որը կարող է սրել իրավիճակը ոչ միայն Սիրիայում, այլև ողջ տարածաշրջանում: Բացի դրանից` Թել Ավիվը աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին: «Իսրայելը ստիպված կլինի պատասխան տալ սիրիական ավիաբազային ավիահարվածի համար»` ասել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին: Սիրիայի ԱԳՆ-ն ենթադրում է, որ հարվածը Իսրայելի պատասխանն էր Արևելյան Գուտայում ահաբեկիչների դեմ պայքարում կառավարական զորքերի հաջողությունների:


Թվում էր` այս իրավիճակում Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանը իբրև Սիրիայի հարցում դաշնակիցներ, պետք է համախմբվեն, բայց Անկարան հարմար պահ գտավ իր անկախությունը հայտարարելու: «Թուրքիան Աֆրինը կվերադարձնի ոչ թե Բաշար Ասադի վարչակազմին, այլ այդ շրջանի բնակիչներին»` Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ թուրքական բանակի դուրսբերումից հետո Աֆրինի վերահսկողությունը պետք է հանձնվի Սիրիայի կառավարությանը: Լավրովը հիշեցրել էր, թե Թուրքիայի նախագահը երբեք չի ասել, որ Թուրքիան նպատակադրել էր գրավել Աֆրինը: Թեպետ ուրիշ ի՞նչ են անում, երբ հարձակվում են: Մոսկվան իզուր է վստահել Էրդողանին, որ քրդերից մաքրելուց հետո Աֆրինը Ասադին կհանձնի: «Դա սխալ մոտեցում է: Մենք Աֆրինը կհանձնենք բնակիչներին, երբ գա հարմար պահը»` հայտարարել է Էրդողանը: Թեպետ հենց ինքն էր խոստանում, որ բարեկամ Սիրիայի համար մաքրում է նրա տարածքը «ահաբեկիչներից»: Սիրիան բարեկամ է, Ասադը` թշնամի: Էրդողանը նաև հայտարարել է, որ ոչ ոք իրավունք չունի Թուրքիային ասել ինչպես գործել Աֆրինում` մոռանալով, որ Ռուսաստանի համաձայնությամբ Աֆրին մտավ:


Լավրովին պատասխանել է նաև Թուրքիայի ՊՆ նախարար Նուրեթին Ջանիքլին։ «Ամբողջ շրջանում ահաբեկչության վտանգը վերանալուց հետո ընտրություններով իշխանության եկած կառավարությանը կհանձնենք Աֆրինը», ասել է նա։ Իրանը նույնպես պահանջում է Աֆրինը վերադարձնել Ասադի կառավարությանը: Եվ հիմա Պուտինն ու Ռուհանին պետք է համատեղ որոշեն` ի՞նչ անել Էրդողանի հետ: Փաստացի Էրդողանը շարունակում է դաշնակիցներին գոտկատեղից ներքև հարվածների տեխնոլոգիան: Չի բացառվում, որ նրա համար արդեն սկսվում է արևմտամերձության շրջանը` ի հաշիվ Պուտինի ու Ռուհանիի:
Պատահական չէ, որ Էրդողանը հայտարարում, բայց դեպի Մանբիջ չի շարժվում:
Անկարան սպասում է, որ Թրամփը կհարվածի Դամասկոսին ու Աֆրինը օրակարգից դուրս կգա: Կհանդուրժի՞ Պուտինի Էրդողանի խաղերը: Իսկ Ռուհանի՞ն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ի՞նչ կանի Դոնալդ Թրամփը: Իրո՞ք կհրթիռակոծի Սիրիան նորից և չի՞ վերածվի դա ԱՄՆ-ՌԴ պատերազմի երրորդ երկրի տարածքում, որտեղ ՌԴ միակ դաշնակիցը կլինի Իրանը: Երեկ, մեկնաբանելով Սիրիային հարվածելու հնարավորությունը, Թրամփը իր Twitter-ի էջում գրեց. «Ռուսաստանը խոստանում է խփել Սիրիայի վրա արձակված բոլոր հրթիռները: Պատրաստվիր, Ռուսաստան, որովհետև նրանք թռչելու են` լավերը, նորերը և «խելացիները»: Նա նորից խորհուրդ տվեց Ռուսաստանին չհամագործակցել Ասադի հետ` «գազանի, որ սպանում է իր ժողովրդին գազով ու հաճույք է ստանում»:

Դիտվել է՝ 2755

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ