Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մի ուրբաթ՝ 13-ին

Մի ուրբաթ՝ 13-ին
13.04.2018 | 00:04

Արթնացա սոված: Հիշեցի` կառավարություն չունենք, վարչապետ չունենք, լացս եկավ, բայց սոված էի, լաց լինելու հավես չկար: Հիշեցի, որ պիտի քայլ անել ու մտա խոհանոց: Սուրճով չես կշտանա: Իսկ սառնարանը դատարկ է, հավես չկա տնից դուրս գալու, որոշեցի հացադուլ անել: Համ էլ կնիհարեմ: Կառավարություն չկա, վարչապետ չկա, իսկ դու` սոված եմ: Հայրենասիրական չէ: Ավելին` ապաքաղաքական է: Հա, բայց քաղաքականությունն ինձ ի՞նչ: Ե՞րբ է ինձ կերակրել, որ հիմա կերակրի: Սոված գլխով լավ է մտածվում: Հիշեցի, որ տանը միշտ շոկոլադ կա, գտա ու երանությամբ սկսեցի ուտել: Ի՞նչ հացադուլ: Գի՞ժ եմ: Հացադուլ որ ի՞նչ: Բայց քայլ անել պետք է: Քայլեցի դեպի հեռուստացույցի վահանակը: Սերիալ էր, նորից սերիալ ու ևս մեկ սերիալ, մյուս ալիքներով երգում էին, ռուսները իրար վրա էին բղավում: Ձայնն իջեցրի ու քայլ արեցի դեպի համակարգիչ: ՈՒ` սկսվեց: ՈՒրբաթ, այն էլ` 13: Պատկերացնու՞մ եք: Մոռացա, որ սոված եմ:


Ապրիլի 17-ին մնում է 4 օր: Ժամանակը թռչում է սամումի պես: Շաբաթվա սկզբին նախագահ օծեցինք, հաջորդ շաբաթ էլ վարչապետ պիտի ընտրենք: Բայց շոկոլադն էլ իր բացասական կողմերն ունի` սիրտդ խառնում է, որ շատ ես ուտում: Հա, ժամանակ էլ չկա: Ի՞նչ է պետք: Հա՞ց, պանի՞ր, մածու՞ն: Կաթնաշոռ էլ: Թթվասերով: Իսկ Ազատության հրապարակում հանրահավաքվում են ու սպասում: Նիկոլ Փաշինյանը այսօր պիտի գա ու զորահանդեսն ընդունի: Քայլոյի հետ: Քայլո՞ն ով է: Մի՞թե կարելի է Քայլոյին չճանաչել: Նա առաջին օրից քայլել է ՔՊ-ի հետ ու հիմա արշավախմբի լիիրավ անդամ է: Հետո ինչ որ շուն է: Շունը մարդուց հավատարիմ է: Քայլոյին արժի տեսնել: 50000` ԱԺ-ն շրջափակելու, 20000` մուտքը փակելու համար: 70000` մի քիչ ավել, մի քիչ պակաս: Կա՞ այդքան քայլ անող Երևանում: Իսկ սովա՞ծ: Մանավանդ առավոտյան: Մանավանդ` ուտելիքի համար: Կլինի: Հաստատ կլինի: Դուրս կգա՞ն իրենց տնից, որ հասնեն Բաղրամյան 19:


Բայց Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին զիլ նոկաուտ արեց: Ո՞վ կսպասեր: Տարուց ավելի` իրենց անձնական կարծիքներն էին ասպարեզ նետում` հավատարմության երդումի պես: Մի քանի ամիս ծանրացնում էին իրենց տեղը` ՀՀԿ-ն կքննարկի, ՀՀԿ-ն կորոշի, ՀՀԿ-ն կպարտադրի: Բա ո՜նց: ՀՀԿ-ն աշխարհի կենտրոնն է, տիեզերքի պորտը: «Նա ով մեզ խանգարում է, նա էլ մեզ կօգնի»` հիշու՞մ եք «Կովկասի գերուհին»: Ո՞վ փախցրեց Նինային: Շուրիկը, որ սիրահարված էր նրան: ՈՒ ապրիլի 9-ին, երբ դեռ ՀՀԿ-ն ոչ նիստ էր արել, ոչ քննարկել ու պարտադրել, Կարեն Կարապետյանը վերցրեց ու ասաց` ապրիլի 7-ին նախագահի հետ քննարկել ենք վարչապետի հարցը. «Համակարծիք էինք, որ երկրի առջև կանգնած մարտահրավերների և խնդիրների պարագայում կառավարման նոր համակարգին սահուն անցումը ապահովելը և վերջնական ձևավորումը չափազանց կարևոր խնդիր է: Հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիայով արձանագրված հաջողությունները՝ որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Որովհետև չափազանց կարևոր է սահուն, արդյունավետ և ռիսկերը նվազեցնելով անցում կատարել կառավարման նոր համակարգին»: Այսինքն` դուք ո՞վ եք որ: Երբ մենք ենք կոնֆիգուրացիան որոշել: Առաջին դեմքերով` առաջին դեմքերի մասին, իսկ դուք ձեր դեմքերը ձեզ պահեք: Ավելի ճիշտ` դեպքերը: Ավելի ճիշտ` սահուն նվազեցրեք կոնֆիգուրացիոն ռիսկերը: Կառավարման նոր համակարգին սահուն անցման չէ, ձեր անձնական ռիսկերը: Հիշեք գետերի ու առուների հին հայկական ավանդությունը: Չմոռանաք` եթե պետք լինի, գետը դեպի վեր էլ կհոսի, տեխնիկայի հարց է: Կոնֆիգուրացիոն տեխնոլոգիաների: Դրայվոտ: Բայց միայն ՀՀԿ-ն չէ նոկաուտի մեջ: ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին մնում է ծափ տալ` ծնծղաների տակ ու ընդունել հաղթողի տեսք` իբր իրենց ամեն ինչ հայտնի էր, ու իրենք երբեք ոչինչ չեն կորցնում, միայն ավելացնում են: Ֆինանսապես` այո, իսկ քաղաքականության մե՞ջ: Կա՞ որևէ կուսակցություն, որ որևէ դեր ունի Հայաստանի պետական կառավարման համակարգում: Այլևս` խորհրդարանական, որ ինքնին ենթադրում է կուսակցական համակարգի գոյություն:

Երբ Կլեոպատրային պետք էր, Հռոմեական կայսրությունը դաշնակից դարձնելով, Եգիպտոսի գահ բարձրանալ, Սենատին չդիմեց, Հուլիոս Կեսարի կինը դարձավ: Մեծ սեր էր: Փոխադարձ: Նույնիսկ որդի ունեցան: Ճիշտ է` նա էլ սպանվեց:
Կարեն Կարապետյանը երկրորդ հարվածն էլ ՀՀԿ-ին տվեց` չխցկվեք Սարգսյաններ-Կարապետյան կոնֆիգուրացիոն եռամիասնության մեջ` նախագահի հետ էլ ընկեր ու եղբայր ենք: Կարեն Կարապետյանը Արմեն Սարգսյանին հրաժարական տվեց, նա էլ ի լուր լրագրողների ասաց. «Կարճ զրույցի ընթացքում ես պարոն Կարապետյանին ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեցի իր վերջին շրջանի գործունեության, բեղմնավոր և արդյունավետ աշխատանքի համար: Հույս հայտնեցի ու նաև վստահ եմ, որ Կարեն Կարապետյանը ոչ միայն այս կարճ ժամանակահատվածում շարունակելու է աշխատանքը որպես ժամանակավոր կառավարության ղեկավար, այլև՝ հետագայում ևս այս կամ այն ձևով իր ներդրումն է բերելու և կառավարությունում, և ՀՀ-ում, քանի որ տաղանդավոր մարդիկ, տաղանդավոր գործիչները, ինչպիսին Կարեն Կարապետյանն է, ցավոք սրտի, շատ չեն»` շախ նախագահի կողմից և մատ Կարեն Կարապետյանից. «Պարոն Արմեն Սարգսյանի հետ ունենք շատ ջերմ ու լավ հարաբերություններ: Մենք երկար ժամանակ է, ինչ ճանաչում ենք միմյանց: Մենք բարեկամներ ենք և համախոհներ: Վստահ եմ, որ պարոն Արմեն Սարգսյանի գալով՝ նոր շունչ կմտնի կառավարման համակարգ, և իրականացվող բարեփոխումներին նոր թափ կտրվի»: Ո՞նց էր «կոնֆիգուրացիան»:


ՈՒ հիմա ՀՀԿ-ն արալեզներ է որոնում վերքերը փակելու համար, բայց նույնիսկ Քայլոն չի օգնի: Ոչ էլ Նիկոլը ՔՊ-ով: Անգամ Հայրիկյանը, որ դատի է տալիս Գագիկ Հարությունյանին: Տրամաբանորեն Սերժ Սարգսյանին պիտի դատի տար, եթե դեմ է նրա վարչապետ լինելուն: Գագիկ Հարությունյանը վարչապետի թեկնածու չէ: Ոչ էլ նույնիսկ Սահմանադրական դատարանի նախագահ, իր համար Դատական խորհրդի 71 տարեկան նախագահ է: Բայց Հայրիկյան ու տրամաբանությու՞ն: Երբ շոկոլադ շատ ես ուտում, թթվահամ է մնում: Մեկ է` հավես չկա տնից դուրս գալու: Միրգ է պետք ուտել, միրգ: Ցիտրուս: Արյան շրջանառությունն ու սրտի աշխատանքը բարելավելու համար:
Բայց չհասկացա` Րաֆֆի Հովհաննիսյանը, Ամերիկան թողած, ինչի՞ էր եկել: Արմեն Սարգսյանի՞ն, թե՞ Սերժ Սարգսյանին էր ուզում բարևել: Թե՞ նորին սարսափելի մեծություն Զարուհի Փոստանջյանի համբերության բաժակն էր ուզում լցնել: Լցրեց էլ, թափեց էլ: Րաֆֆին ասաց` Արմեն Սարգսյանը լեգիտիմ է, Զարուհին ոչ լեգիտիմ հանեց Րաֆֆուն: Զիլ էր: Կոնֆիգուրացիոն:


Հրապարակն ի՞նչ եղավ: Քանի դեռ Նիկոլն ու Քայլոն քայլում էին, իրեն-իրեն ներքին համաձայնություն ծագեց «Երկիր ծիրանիի», ՀՀՊ-ի ու ՔՊ-ի միջև: Համատեղ պայքարի շուրջ։ Շատ չոգևորվեք Արմեն Մարտիրոսյանի պես: Նիկոլ Փաշինյանը ասում է` կա պայմանավորվածություն չխանգարել միմյանց, մնացածն ընթացքում կերևա: Լուրջ պայմանավորվածություն է: Դարակազմիկ: Երբ քաղաքապետարանին խմբային դիմում են գրում Ազատության հրապարակի համար, միակ ու անանց տպավորությունն է, որ ուզում են իրարից առաջ անցնել իշխանափոխության թավշե ճանապարհին ու անձամբ դիմավորել հրապարակ մտնող 70000-ին: Պատկերացնու՞մ եք` հրապարակի մուտքի մոտ Զարուհին ծիրան է բաժանում, ավելի ճիշտ ծիրանի գունավոր նկար, ՀՀՊ-ն ծափ է տալիս կամ օդ կրակում, Նիկոլը ասում է` դուք արժանի եք ՀՀ քաղաքացի լինելու, իսկ Քայլոն պոչն է թափ տալիս: Հետո Ազատության հրապարակում գունավոր ծուխ է արձակվում ու բոլորով միասին ասում են` պետք է շարունակել պայքարը։ Մենք հույս ունենք, որ ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի ընտրությունը տեղի չի ունենա:


էսքան շոկոլադը ե՞րբ կերա: Շտապ սուրճ է պետք: Շատ: Մեծ գավաթով ու դառը: Մի քիչ դարչինը չէր խանգարի: Կիտրոնն էլ, որ ճնշումս չբարձրանա: Մեկ է` բարձրանալու է: ՈՒզեմ-չուզեմ: Իր ժամն է: Հիշու՞մ եք 10 տարի առաջ Սերժ Սարգսյանը ոնց էր ապահով Հայաստան խոստանում: Ասում էր` «2018-ին ես Հայաստանի հաջորդ նախագահին և մեր ժողովրդին հանձնելու եմ բոլորովին ուրիշ Հայաստան՝ նոր սոցիալ-տնտեսական և քաղաքական նկարագրով: Եվ դա լինելու է ապահով Հայաստանը: Ես սա համարում եմ իմ պարտքը»: Պարտքը չտվեց: Իմ դատարկ սառնարանը վկա: Նույնն էլ գրպանս: Մի քիչ էլ խորանամ` գլուխս էլ հետը: Որովհետև նույնիսկ մտածելու ու հիշելու հավես չկա կյանքիս 10 տարին, որ անցավ համապետական բարեփոխումների մեջ` աջ պատի տակից ձախ, ձախից աջ պատի տակ տեղաշարժի: Որ ի՞նչ: ՈՒ՞ր տարան պետականաշեն փոփոխությունները: Որ ես` միջին վիճակագրական, շարքային, սովորական հայս, այլևս հավես չունեմ փոփոխությունների՞, նույնիսկ սոված նստած` չեմ ուզում հացի գնա՞լ: Պաշտոնական տվյալներով` 10 տարում 260000 հայ հացի գնաց` երկրից դուրս: ՈՒ ի՞նչ: Հայաստանը դարձավ «ապահո՞վ», նրանք ապահովվեցի՞ն: 2016-ին Կարեն Կարապետյանը գմփոց-շմփոցով եկավ, չեմպիոն ծրագրերով, դրայվով, գոնե մի ժիլետ միջին վիճակագրական հայի զգեստապահարանում ավելացա՞վ: Կամ` ծաղկավոր փողկապ: Կամ` «Ռուսիանո»` «Ամերիկանոյի» փոխարեն խոհանոցում: Ամենայն սովածությամբ ու անժիլետ հայտարարում եմ` մեր տանը` ոչ: Իսկ ձե՞ր:


Պաշտոնական վիճակագրությամբ` 10 տարում աղքատությունը հասել է 30 տոկոսի: Գործազրկությունը ոչ միայն չի նվազել արտագաղթի աճով, այլև հասել է 18 տոկոսի: Պետական պարտքը՝ 2008-ի 1,9 միլիարդ դոլարից 2018-ին դարձել է 7 միլիարդ:
Կոռուպցիա՞ն ինչ եղավ: Ապրում է, տներ է կառուցում` բուխարիով, լողավազանով, ու պարտադիր` ցանկապատով, որ դրսից ներսը չերևա: Վերևից ներքևը կարևոր չէ:
2013-ին Սերժ Սարգսյանը կառավարության նիստում ատկատների վրա շանթ ու կայծակ էր սփռում, ասում էր` «Գլխից պիտի բռնենք: Մեծերին», իսկ նրանք սաղավարտներ ունեն ու օծված են այնպիսի յուղով, որ բռնում ես` պլստում են ու գնում իրենց տուն: Կամ` օֆշորվում են: Որի՞ ձեռքը բռնես, երբ գրպանդ է մտնում պետության անունից ու գերակա շահով, պարտադիր իրավունքով: Հայաստան-Իրան երկաթուղին ի՞նչ եղավ: Նոր ատոմակայանը: Համահայկական բանկը: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եկավ-տարա՞վ: Բայց ճգնաժամը գնացել է, իսկ պաշտոնյաների ուղեղում մնացել է` ասում են` բա որ նորի՞ց գա: Ինչների՞դ է պետք, մեկ է` ձեր կերածը կարտոֆիլ է, միս չեք ուտում: Կարտոֆիլի պահածն էլ սա է: Հնդկաձավարի գործն էլ չկպավ: Բանանի պես:


Արցախն ի՞նչ եղավ: Ալիևը վերընտրվեց: Սուլթանաբար: 7 տարի ասելու է` ակտիվ բանակցություններ եմ ուզում, չե՞ք գալիս, ես էլ կկրակեմ: Ի՞նչ անեմ այսքան զենքը, հո չի ժանգոտելու` փող եմ տվել` միլիարդներով: Ես չկրակեմ, ո՞վ կրակի: 2016-ի 800 հեկտարից հետո հիմա` սուբստանտիվով, օկուպացրածը հետ տվեք, հետո Ղարաբաղն էլ կվերցնեմ, Երևան էլ կգամ: Լավրովին էլ հետս կբերեմ, որ ասի` իմ պլանը սա չէր, իմ պլանը Ղարաբաղը Ռուսաստանին միացնելն էր: ՈՒ` ավելացնի` ռուս-թուրքական ռազմավարական համագործակցությունը շահեկան է տարածաշրջանի կայունության ու զարգացման համար: Եվ` ժպտա:


Լավ, հացի չեմ գնում-չեմ գնում, բայց բժշկի գնալ պետք է` մի ամիս է ջերմություն ունեմ ու հետը կռվում եմ մենակ: Բժիշկներից վախենում եմ` ինչպես նրանք իրենց անկանխատեսելի ու անկապ նախարարից: ՈՒ` չեմ հավատում: Մեկ է` բուժելու են ոչ թե ինձ, այլ հիվանդությունը` ստանդարտ դեղատոմսով: Հոգնել եմ: Ամեն ինչից: Ծով եմ ուզում, ու որ ոչ ոք, բացարձակապես ոչ ոք հանկարծ լողափին հեռախոս, հեռուստացույց, համակարգիչ չունենա: Միայն ալիքների ու քամու ձայնն եմ ուզում: Կվերադառնամ, երբ կարոտեմ աղմուկը: Չհավատաք, որ երբևէ կվերադառնամ: Եթե գնամ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Հետգրություն չկա` մտածեք ձեր մասին: Ես դուլ եմ հայտարարում, հետո կմտածեմ` ինչի՞: Հիմա սոված եմ ու հավես չկա: Համ 13-ն է, համ` ուրբաթ:

Դիտվել է՝ 3264

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ