Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թուրքիայի արտահերթ հունիսը

Թուրքիայի արտահերթ հունիսը
20.04.2018 | 10:23

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղորդել է, որ 2019-ի նոյեմբերի 3-ին նշանակված խորհրդարանական ու նախագահական ընտրությունները կանցկացվեն արտահերթ` 2018-ի հունիսի 24-ին: Այսպես է նա արձագանքել Ազգայնական շարժման նախագահ Դևլեթ Բահչելիի առաջարկին: Քննարկումը վաղուց էր սկսվել ԱԶԿ-ում: ԱԶԿ-ն և ԱՇԿ-ն Ժողովրդական կոալիցիա էին ձևավորել, երբ Բահչելին հրաժարվեց իր թեկնածությունն առաջադրել 2019-ի նախագահական ընտրություններում` աջակցոթյուն հայտնելով Էրդողանի վերընտրությանը: Դեռ վերջերս Էրդողանը հերքում էր արտահերթ ընտրությունների հնարավորությունը: Հիմա թուրք սոցիոլոգները, որ պարբերաբար ստուգում են հասարակական-քաղաքական տրամադրությունները, արձանագրում են նախագահի բարձր վարկանիշ: Հայրենասիրական ու ազգայնական տրամադրությունների աճը պայմանավորված է Սիրիայի հյուսիսում` Աֆրինում, «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությամբ և տնտեսական աճով: 2017-ին տնտեսական աճը 7,4% էր:

Իրադարձությունների ընթացքը Սիրիայում ու ամբողջ տարածաշրջանում ցույց է տալիս, որ 2019-ի նոյեմբերի 3-ին «հաղթական պատերազմի» քաղաքական էֆեկտը արդեն հօդս ցնդած կլինի, իսկ տնտեսության մեջ արդեն հիմա կան բացասական գործոններ` բյուջեի դեֆիցիտ, ինֆլյացիա, մասնավոր բիզնեսի պարտքերի կուտակում, լիրայի արժեզրկում: Փորձագետների գնահատականով` «Թուրքիայում ձևավորված տնտեսական անորոշությունը կարող է հարուցել քաղաքական ռիսկերի մեծացում»: Այսօր Էրդողանը Բահչելիի հետ ալյանսով հազիվ է հավաքում 50%: 2017-ի ապրիլին սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում, որ նախատեսում էր անցում նախագահական կառավարման, նա մեծ դժվարությամբ մեծամասնություն հավաքեց: Հիմա նախագահը կորցրել է քրդերի ձայները, որ ակտիվ աջակցում էին նրան: Էրդողանը ստիպված է ազգայնականների հետ ալյանսով գործել, թեպետ նախկինում ԱԶԿ-ն միայնակ էր գնում ընտրությունների: Վերջին հարցումներով` ԱԶԿ-ն կստանա 40%: Հարց է` ազգայնականները հաղթանակին անհրաժեշտ 10-15% կբերե՞ն Էրդողանին: Առավելևս, որ ԱՇԿ-ն տրոհվել է և ստեղծվել է «Լավ կուսակցությունը»: Նախագահական հայտ կարող է ներկայացնել և Թուրքիայի 11-րդ նախագահ ու ԱԶԿ համահիմնադիր Աբդուլա Գյուլը, որ փորձառու քաղաքական գործչի համբավ ունի երկրում ու երկրից դուրս: Եթե Գյուլը մասնակցի ընտրություններին, կարող է իր կողմը տանել ԱԶԿ-ի ընտրախավի նշանակալից մասին ու ընդհանրապես տրոհել կուսակցությունը:


Ազգային ռազմական քոլեջի պրոֆեսոր Օմեր Տաշպինարը գտնում է, որ «դա լրջորեն անհանգստացնում է Էրդողանին, որովհետև կհանգեցնի ընտրությունների երկրորդ փուլի, երբ Գյուլը կարող է ստանալ Ժողովրդահանրապետական կուսակցության և քրդամետ Դեմոկրատական կուսակցության աջակցությունը»: Ընդդիմությունը, աջակցելով արտահերթ ընտրությունների անցկացումը, հայտարարում է ալյանս ստեղծելու մտադրությունը, որ Քեմալ Քիլիչդարօղլուի խոսքով` «հողին հանձնի ԱԶԿ-ին ու վերջ դնի նրա կառավարմանը»: Բացառված չէ, որ ընդդիմության նախագահի թեկնածուն լինի «Լավ կուսակցության» նախագահ Մերալ Ակշեները: «Լավ կուսկցությունը» հայտարարել է, որ հնարավոր է դաշինք կազմի «Երջանկության կուսակցության» ու Դեմոկրատական կուսակցության հետ, բայց միայն երկրորդ փուլի դեպքում: Նոր ընտրակարգով` առաջին փուլով նախագահ դառնալու համար պետք է 50+1% ձայն: Արտահերթ ընտրությունները անցկացվելու են արտակարգ դրության պայմաններում: Հենց հիմա է Եվրահանձնաժողովը անհնագստություն հայտնում Թուրքիայիում օրենքի գերակայության առումով` արձանագրելով օրենքի գերակայության, մարդու իրավունքների ու տեսակետի ազատ արտահայտման վիճակի էական վատացում:

Եվրահանձնաժողովը պահանջել է հանել արտակարգ դրությունը: Չի բացառվում, որ Բրյուսելը չընդունի արտահերթ ընտրությունների լեգիտիմությունը: ԵՄ-ն «ներկա իրավիճակում» չի դիտարկում Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության բանակցությունների նոր փուլի հնարավորությունը, որ ձեռնտու է ընդդիմությանը: Արևմտության ուղղությամբ Էրդողանը արդյունավետ խաղի հնարավորություն ունի` ներկայանալով իբրև ՆԱՏՕ-ի անդամ ու ԱՄՆ-ին անվանելով կարևորագույն գործընկեր, որ ավելի քիչ է տագնապում մարդու իրավունքների ու ժողովրդավարության սկզբունքների պահպանությամբ: Այս բարդ իրավիճակում հնարավոր չէ վստահ լինել, որ Էրդողանի վարկանիշը իր բարձունքում կմնա: Թուրքիայում ամեն ինչ հնարավոր է:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Հունիսի 24-ին, Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններն, ըստ փորձագետների, մեկ նպատակ ունեն՝ ավելի ամրապնդել Էրդողանի դիրքերը: Նա խառնեց ընդդիմության խաղաքարտերը՝ պնդելով, թե անհրաժեշտ է ժամանակ չկորցնել ու որքան հնարավոր է արագ կյանքի կոչել Սահմանադրության փոփոխությունները, որ ուժի մեջ կմտնեն համապետական ընտրություններից հետո: «Սիրիայում և այլուր զարգացումները հրատապ են դարձնում անցումը նոր կառավարման համակարգի, որ մենք կարողանանք առավել վճռական որոշումներ կայացնել և իրագործել հանուն մեր երկրի ապագայի: Թեև նախագահն ու կառավարությունը հիմա աշխատում են միասին, սակայն հին համակարգի հիվանդությունները խոչընդոտում են մեզ յուրաքանչյուր քայլափոխի», - հայտարարեց Էրդողանը: Նախագահական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնը կլուծարվի, նախագահը կստանա բյուջե կազմելու, օրենքի ուժ ունեցող հրամանագրեր արձակելու, խորհրդարանը լուծարելու, արտակարգ դրություն հայտարարելու, խորհրդարանի կարծիքը հաշվի չառնելով նախարարներ նշանակելու իրավունք: Սահմանադրության փոփոխությունները չեղարկում են նախագահի պաշտոնավարման բոլոր նախորդ ժամկետները` 15 տարի իշխող Էրդողանը կարող է երկարաձգել իշխանավարումը ևս 12 տարի՝ մինչև 2029-ը: «Հաշվի առնելով՝ ինչ մարտահրավերների առջև է մեր երկիրը, մենք համաձայնեցինք մեր ընկերների հետ, որ պետք է դրական արձագանքենք արտահերթ ընտրությունների առաջարկին», - ասել է Էրդողանը: Եվրահանձնաժողովը Թուրքիայի թեմայով զեկույցում հստակ պահանջներ է ներկայացրել` նշելով ԵՄ հիմնական սպասումները Թուրքիայից՝ որպես ԵՄ-ին անդամակցության պաշտոնական թեկնածու: Զեկույցը, որը վերաբերում է Թուրքիայի թե ներքին, թե արտաքին խնդիրներին, թուրքական մամուլում որակվել է ԵՄ-ի` Թուրքիայի թեմայով մինչ օրս հրապարակված ամենակոշտ զեկույց:


Զեկույցում Թուրքիայից պահանջվում է.
1. Վերացնել երկրում արտակարգ դրության ռեժիմը: Ահաբեկչության դեմ պայքարը, գործող քրեական օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական արժեքներին ու ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքին:
2. Ձևավորել պայմաններ, որոնք թույլ կտան ապահովել և երաշխավորել արդարադատության համակարգի անկախությունը, դրա որակի բարձրացումը, պրոֆեսիոնալիզմն ու ազդեցությունը երկրի զարգացումներին:
3. Երկրում մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների հարցում հարգանք դրսևորել միջազգային պարտավորությունների նկատմամբ, արդյունավետ քննարկման դնել Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների միջադեպերը:
4.Վերացնել տնտեսության մակրոտնտեսական անհավասարակշռություններն ու ապահովվել առավել ներառական և լայն աշխատաշուկա:
5. Ապահովել հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ, անվիճելի հավատարիմ լինել միջազգային բոլոր պարտավորություններին և խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքին: Քայլեր ձեռնարկել անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերում ԵՄ հայտարարություններին ու Եվրախորհրդի որոշումներին չհակասելու համար:
Բայց այս ամենը Էրդողանի համար ոչինչ չի նշանակում` նա տեսականորեն կարևորում է այն, ինչ գործնականում չի անելու և որպես կանոն` առաջինը ինքն է իրեն հակասում: Հունիսին Թուրքիայում Էրդողանը հավասարապես կարող է ամեն ինչ կորցնել կամ դառնալ սուլթան: Եվ Հայաստանը կունենա հարևան երկու սուլթան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2937

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ