Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչու՞ է Կրեմլն այդքան հանգիստ

Ինչու՞ է Կրեմլն այդքան հանգիստ
26.04.2018 | 21:08

Որպես կանոն` Կրեմլը չի ընդունում իշխանափոխության պահանջով զանգվածային բողոքները, ինչու՞ Հայաստանի իրադարձություններին արձագանքն այդքան զուսպ էր: Պաշտոնական անձանց հայտարարությունները հիմնականում փաստի արձանագրում էին` ժողովրդի ընտրությունն ինքնիշխան է ու անբեկանելի: Կրեմլը, որ ավանդաբար զանգվածային բողոքներով իշխանափոխությունը համարում է Արևմուտքի թշնամական մտադրություններ, ինչու՞ է չեզոքություն պահպանում:


Ֆյոդոր Լուկյանով. «Россия в глобальной политике» ամսագրի խմբագիր
Կարծում եմ` սա պատահական չէ: Ամեն ինչ կատարվում է բոլորովին այլ ենթատեքստում: Այսպես կոչված «գունավոր հեղափոխությունները» ոչ միայն փողոցային ցույցերով իշխանափոխություն են` դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: «Գունավոր հեղափոխությունների» դարաշրջանը 2000-ականներն էին, երբ բավականին ակտիվ ու արագ առաջ էին մղվում արևմտյան, եվրատլանտյան ու եվրոպական ինստիտուտները սկզբում դեպի նախկին սոցճամբար, հետո` հետխորհրդային տարածք: Այն ժամանակվա ելույթները խիստ շաղկապված էին: Ես նկատի չունեմ Ռուսաստանում տարածված պարզունակ մեկնաբանությունը, որ բոլոր իրադարձությունները` Սերբիայում, ՈՒկրաինայում, Մոլդովայում կամ Վրաստանում, կազմակերպել էր Արևմուտքը: Բայց այդ ամենը հնարավոր էր միայն Եվրոպայի ու ԱՄՆ-ի ուշադրության ենթատեքստում այդպիսի գործընթացների նկատմամբ ու իրադարձությունների վրա շատ լուրջ քաղաքական-ինտելեկտուալ ներգործության` հօգուտ արևմտամետ կամ այդ պահին հակահամակարգային ուժերի: Ամեն ինչ վերջացավ, դարաշրջանը փակվեց: Բնականաբար, ինքնաբերաբար ընդլայնումն ավարտվեց, միջազգային միջավայրը շատ կտրուկ խստացավ: Հասկանալու համար «գունավոր հեղափոխությունների» ու հաջորդող շրջանի տարբերությունները, պետք է համեմատել 2004-ի և 2014-ի ՈՒկրաինան: Հայաստանի դեպքում բացահայտ ու նույնիսկ ոչ բացահայտ արտաքին մասնակցություն չի երևում: Իրոք, ցուցարարները բավականին դեմագոգիկ որակներով մարդու գլխավորությամբ ռեալ բողոքում են տեղում երկար մնացած ու գլխավորը` հեռանալու խոստումը չկատարած ղեկավարի դեմ, որ հասկացավ` այդ պայմաններում իմաստ չունի կառչել իշխանությունից: Ի՞նչ կտա դա Հայաստանին` առանձին հարց է: Կարծում եմ հիմա Հայաստանը մտնում է ներքին անկայունության փուլ: Փողոցի ճնշումով ցանկացած իշխանափոխություն չկարգավորվող հետևանքներ ունի: Բայց դա զուտ ներքին գործընթաց է և Ռուսաստանը հասկանում է, որ դա ներքին դինամիկա է: Իսկ արտաքին դինամիկան ընթացիկ իրավիճակում կամ արդեն իսկական միջամտություն է, եթե գտնվի այդպիսի արտաքին ուժ, ում համար իսկապես կարևոր է փոխել Հայաստանի իշխանությունը, բայց դա արդեն չի լինի «գունավոր հեղափոխություն»: Ով էլ գա Հայաստանում իշխանության, ինչպես էլ իրեն պահի, Հայաստանը գնալու տեղ չունի: Խորապես թշնամական շրջապատի մեջ գտնվող երկրի անվտանգության միակ գործունակ երաշխավորը Ռուսաստանն է: Ոչ ԵՄ-ն, ոչ ՆԱՏՕ-ն, ոչ ԱՄՆ-ը երբեք կյանքում չեն ստանձնի այն պարտավորությունները, որ ստանձնում է Ռուսաստանը:


Նիկոլայ Պետրով, քաղաքագետ
Կարծում եմ` երկու գործոն կա: Մեկը` քաղաքական ժամանակն է, այսօր առավել ինտենսիվ բանակցում են հաջորդ կառավարության կազմի ու ռազմավարության մասին և ինչ կատարվում է դրսում, այսօր այդքան սուր չի ընկալվում նաև այն պատճառով, որ Ռուսաստանի համար առավել լուրջ խնդիրների վրա է ուշադրությունը կենտրոնացած: Երկրորդը և գլխավորը` Հայաստանը աշխարհաքաղաքականորեն այնքան է կախված Ռուսաստանից, որ կարելի է բացարձակապես չվախենալ կողմնորոշման փոփոխությունից: Եվ այդ առումով բավականաչափ չեզոք վերաբերմունքն իշխանության եկող քաղաքական գործիչների նկատմամբ, կարծում եմ, հիմնված է այն ընկալման վրա, որ ցանկացած պարագայում բարեկամությունը Ռուսաստանի հետ և շատ ամուր կապերը բացարձակապես անխուսափելի են ցանկացած լուրջ հայկական քաղաքական ուժի համար: Գերակշռում է ռեալիստական պատկերացումը, որ ռուսամետ Հայաստանն այլընտրանք չունի: Թեպետ գուցե ինչ-որ դասեր ոմանք քաղել են ուկրաինական իրադարձություններից: Բայց ինձ թվում է, որ իմ նշած երկու գործոնը ամբողջական պատասխան են հարցին:


Թոմ դե Վաալ, Carnegie Endowment for International Peace-ի ավագ գիտաշխատող
Հայաստանի աշխարհաքաղաքական հիմքը ակնհայտորեն չի փոխվի: Արտաքին քաղաքական հարցերում կլինի կոնսենսուս: Փաշինյանը հակված է հասարակական կոնսենսուսի` Լեռնային Ղարաբաղի հարցում ավելի կոշտ դիրքորոշման, ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի: Ռուսաստանի հետ ալյանսը պետք է Հայաստանին: Սարգսյանն արդեն սկսել էր արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման գործընթացը ԵՄ-ի հետ առևտրական համաձայնագրերի միջոցով և հայկական սփյուռքի ներգրավվածությամբ երկրի տնտեսության մեջ: Ընդվզումը Ռուսաստանի ապահոված անվտանգության դեմ չէր, թեպետ, իհարկե, ռուսական տնտեսական մոնոպոլիաների դեմ էր:
BBC


Հ.Գ. Այսպիսին են Հայաստանը տեսնում դրսից: Եվ հաստատ` ինքնիշխանության ու ինքնուրույնության այսպիսի կորստի համար նրանք չեն մեղավորը, այլ` մենք: Որերո՞րդ հեղափոխությունից հետո է Հայաստանը դառնալու տնտեսապես ու քաղաքականապես անկախ երկիր` կա՞ այս հարցը «թավշե, ժողովրդական» հեղափոխության օրակարգում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3654

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ