Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թրամփը հիշեց տարածաշրջա՞նը

Թրամփը հիշեց տարածաշրջա՞նը
26.05.2018 | 10:30

Համեմատեք` երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն հնարավոր չի համարում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ուղղակի մասնակցությունը բանակցություններին: «Եթե Հայաստանի ղեկավարությունն առաջարկում է բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը, նշանակում է` ցանկանում են վերջ դնել խաղաղ գործընթացին»,- ասել է Մամեդյարովը՝ հավելելով, որ հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է Փարիզում ու նրանց ասել, որ հայկական կողմի առաջարկը «ծիծաղելի է»: Ի՞նչն է զվարճացրել Էլմար Մամեդյարովին:


Երեկ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողներին ասել է. «Մեր բոլորիս հույսն է, որ ղարաբաղյան կարգավորումը կլինի շատ շուտով»:
«Կարգավորումը պետք է արտահայտի մեր շահերը, մեր ձգտումները, մեր նպատակները, և բնական է՝ մենք խոսում ենք կոմպրոմիսի մասին, բայց դրա հիմքում դրված է առաջին հերթին մեր շահերի և նպատակների արտահայտությունը նորից, որի հիմքում դրված է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը և Արցախի ժողովրդի անվտանգությունը»` մանրամասնել է նախարարը:


Հարցին` հնարավո՞ր է Ստեփանակերտին բանակցությունների սեղան վերադարձնել, նա պատասխանել է. «Ես կսահմանափակվեմ միայն ասելով, որ մեր կարևորագույն նպատակը՝ վերներգրավել բանակցությունների մեջ՝ բացառապես Մինսկի խմբի նախագահության շրջանակներում»։ Նաև հավելել է. «Ներկայիս կարևորագույն խնդիրը պահպանելն է դինամիկան բանակցությունների, մենք պատրաստ ենք ներգրավվել, շուտով արդեն կլսենք, դուք տեղյակ եք, որ մենք մշտական կապի մեջ ենք համանախագահների հետ, նորից առիթներ են լինելու և այս շաբաթ է եղել, այս շաբաթավերջ կլսեք, մյուս շաբաթվա սկիզբ, մենք արդեն հեռախոսազրույց ենք ունեցել ՌԴ ԱԳ նախարարի հետ, էլի լինելու են կապեր, Ֆրանսիայի ԱԳ նախարարն է լինելու Հայաստանում և ԱՄՆ-ում»:


Զոհրաբ Մնացականյանի ծիծաղը ոչինչ չի հարուցել, թեպետ կարող էր Էլմար Մամեդյարովի «ծիծաղի» վրա ծիծաղել: Դա արել է Դավիթ Բաբայանը` ԱՀ նախագահի մամուլի խոսնակը: Նա հայտարարել է. «Մենք 20 տարի շարունակ ասել ենք՝ պետք է վերականգնվի բանակցությունների լիարժեք ձևաչափը, դրա դեմ Ադրբեջանի կողմից հնչեցվող կտրուկ, ամպագոռգոռ հայտարարությունները պարզապես անընդունելի են»: Ի պատասխան Մամեդյարովի «ծիծաղի»` Դավիթ Բաբայանն ասել է. «Եթե Ադրբեջանի ինչ-որ պաշտոնյա կարծում է, որ ԼՂՀ-ի մասնակցությունը բանակցություններին ծիծաղելի է, ես կուզենայի հիշեցնել, թե ինչպես էին Արցախյան պատերազմի ժամանակ նույն Հեյդար Ալիևը, մնացած պաշտոնյանները խնդրում, որ կապ հաստատվի Արցախի իշխանությունների հետ, որպեսզի զինադադարի ռեժիմ կնքվի: Այն ժամանակ ոչ ոք չէր ասում, որ դա ծիծաղելի է, խնդրում էին, աղաչում էին, որ բանակցեն մեզ հետ, մենք սա երեսով տալու համար չենք ասում, մենք պարզապես ասում ենք իրականությունը: Եթե ծիծաղում են, ուրեմն ծիծաղում են նաև իրենց նախորդ իշխանությունների վրա»:


Իրականում Արցախը բանակցային մաս է այնքանով, որ համանախագահները պարբերաբար լինում են Ստեփանակերտում ու հանդիպում Արցախի, ինչպես իրենք են նշում, «դեֆակտո իշխանության հետ»: Դավիթ Բաբայանը հիշեցրել է, որ
Արցախ-Հայաստան-Ադրբեջան ձևաչափը՝ գումարած համանախագահները, ընդունվել է կոնսենսուսի հիման վրա` ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում, 1994-ին, որպեսզի փոխվի ու նոր ձևաչափ լինի, նորից պետք է գագաթնաժողով լինի, ինչը չի եղել. «Փաստորեն, իրավական տեսանկյունից այս ձևաչափը չի համապատասխանում իրականությանը, և պետք է վերականգնվի Արցախի մասնակցությունը բանակցություններին: Դա քաջ գիտակցում են նաև համանախագահողները»:


Էլմար Մամեդյարովը նաև ասել է․ «Մեր հիմնական խնդիրը ադրբեջանական հողերի՝ Լեռնային Ղարաբաղի և յոթ շրջանների օկուպացիան է: Ադրբեջանը պատրաստ է հարաբերություններ հաստատել հայերի հետ իր տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո»: Նա պնդել է, որ Բաքուն երբեք չի հրաժարվի իր տարածքային ամբողջականությունը վերականգնելուց և չի զոհաբերի ինքնիշխանությունը: Նոր ոչինչ նրա ասածներում չկա: Չկա նաև զարմանալի ոչինչ:


Իլհամ Ալիևը իր իշխանության գալու պահից դուրս չի եկել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման փակ շրջանակից, այդպես հարմար է: Դա է նրա կառավարման գաղափարախոսությունը` նրան թշնամի է պետք, ամեն ինչ հանուն պատերազմի ու ընդդեմ հայերի սկզբունքով: Ալիևը չի կարող փոխվել: ՈՒ քանի Ալիևն է իշխանություն, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ոչ մի սկզբունք` հին, նոր, չի աշխատելու` նա ի զորու չէ իրականությունը համարժեք ընկալել, գնահատել ու որոշումներ ընդունել: Նրան Ադրբեջանում չեն հասկանա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հայաստանում տագնապի պատճառ է դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը Իլհամ Ալիևին` Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակի առիթով: Թրամփը գրել էր, որ առաջիկա ամիսները ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հնարավորություն կընձեռեն, որը առիթ է տվել եզրակացնելու, որ ԱՄՆ նախագահը պատրաստվում է հարցի լուծման նախաձեռնությունը իր ձեռքը վերցնել և որովհետև աշխարհաքաղաքական դրդապատճառներով այսօր Վաշինգտոնին պետք է Բաքվին «պոկել» Անկարայից, Մոսկվայից, Թեհրանից, ինչ-որ առավելություններ կտրվեն ի հաշիվ Ղարաբաղի: Մասնավորապես` նորից օրակարգ կգա տարածքների հանձնման հարցը: Սա սոսկ վարկած է: Մայիսի 28-ին Երևան ու Բաքու է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ լը Դրիանը: Այցի առանցքում, իհարկե, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հոկտեմբերին նախատեսված Երևան այցի ու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպական հարցերն են, բայց միանշանակ է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը Երևանում քննարկելու է Արցախի հարցը: Համարե՞լ, որ Փարիզը հարցի լուծումը իր ձեռքն է վերցնում: Իսկ Դոնալդ Թրամփը, եթե իրապես ուզում է Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպում կազմակերպել, ստիպված է վերադառնալ այն կետին, որ կետում մնացին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի անմիջական մասնակցությամբ կազմակերպված Վիեննայի բանակցությունները` վստահության միջոցների վերականգնման հարցը: 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Թրամփը նախ պետք է Ալիևին պարտադրի կատարել պայմանավորվածությունները, հետո անցնի հաջորդ քայլին: Եթե հերիքի նախագահական ժամկետը: Ի վերջո` դեռ հայտնի չէ, թե մայիսի 28-ին ի՞նչ ուղերձ կհղի Դոնալդ Թրամփը Հայաստան ու ի՞նչ կմաղթի:

Դիտվել է՝ 2399

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ