Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քաղաքական տունտունիկ կամ` երբ բոլորը երջանիկ էին

Քաղաքական տունտունիկ կամ` երբ բոլորը երջանիկ էին
27.05.2018 | 13:18

«ՀՀԿ-ն հեղափոխական կամ հակահեղափոխական կուսակցություն չէ, մենք ռևանշիստներ չենք, սաբոտաժի կողմնակիցներ չենք, մեր քաղաքական կենսագրությունը խարսխված է ՀՀ ազգային ու պետական շահերի վրա»` ասում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` ընկնելով մեծագույն թյուրիմացության մեջ` ազգային ու պետական շահը շփոթելով կուսակցականի հետ: Բայց կարևորը դա չէ, կարևորը` «Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը ՀՀԿ-ի օրակարգում գոյություն չունի: Կարծում եմ՝ այս հարցը առավելապես հանրային, քաղաքական քննարկումներ դիսկուրսում է: Կարծում եմ՝ վարչապետի ու նախագահի հայտարարություններն այս հարցի շուրջ նպաստում են բազմակարծությանը, բայց մեր քաղաքական օրակարգում նման բյուրեղացած հարց չկա»` ասում է Աշոտյանը: Իսկ երբ լինի, նա պայծառ կժպտա` հարցը բյուրեղացավ:


Սահմանադրական դատարանը չի համագործակցում երբեք որևէ քաղաքական ուժի հետ, Սահմանադրական դատարանն իրականացնում է իր գործառույթները` հայտարարում է Սահմանադրական դատարանի նախագահ, նախկին ՀՀԿ*ական Հրայր Թովմասյանը ու ասում, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ Հրաժարվում է ընդունել, որ «Սահմանադրությունը, որի մշակմանը ես մասնակցել եմ», որևէ խնդիր է առաջացրել, թեպետ այդ խնդիրներն ակնհայտ են բոլորին ու իրականում սահմանադրակա ճգնաժամ կա, որ երկրում ստեղծում է երկիշխանություն, հետևաբար` անկայունություն: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ևս արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում. «Հիմա ի՞նչ եք կարծում, մենք պետք է ասենք՝ Ազգային ժողովն ի վիճակի չէ աշխատելու, մենք գնում ենք արտահերթ ընտրությունների՞: Ազգային ժողովում մենք ենք իշխանությունը, բայց ընդդիմություն ենք կառավարությանը: Մենք կառուցողական ընդդիմություն ենք»:

Նա նույնիսկ չգիտի «ի՞նչն է դրդապատճառը, որ նրանք պետք է գնան արտահերթ ընտրությունների»: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ խորհրդարանը ցրելու հիմքեր չի գտնում: ՀՀԿ-ն ունի մեծամասնություն ԱԺ-ում եւ ՏԻՄ-ում, նրա նշանակած մարդիկ են ՍԴ-ում, Բարձրագույն դատական խորհրդում ու Գլխավոր դատախազությունում և այսքան «շարժական ու անշարժ գույք» պահպանելով` հանգիստ կարող են ոչինչ չտեսնել, չզգալ ու չիմանալ: Բայց` անցնում են ընդդիմության գործառույթների: Իբրև սկիզբ` մարդու իրավունքների պաշտպանության մասով` քաղհալածյալներից դիմումեր են հավաքում:
ՀՀԿ-ն ձգելու է ժամանակը ռեզինի նման` համոզված, որ էյֆորիան կանցնի: հեղափոխության տեղատվությունը իրենց համար ափին խարիսխներ կթողնի:


Կփորձի Ընտրական օրենսգքրի ու այլ օրենքների փոփոխություններին ձայն տալու համար իր տեղը «գնել» ապագա խորհրդարանում, ռուսաց թագավորին դիմել, հին հնարքները գործադել և հայտարարել` Ընտրական օրենսգիրքն ընդունվել է կոնսենսուսով, որը նաև միջազգային կառույցների, Վենետիկի հանձնաժողովի պահանջներից էր: Կասի` Մենք Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ եկել ենք կոնսենսուսի և ընդունել ենք Ընտրական օրենսգիրքը, որից հետո եղել են ընտրություններ, ընտրություններից հետո միջազգային կառույցների կարծիքները եղել են դրական, դիտողություններ եղել են մասնակի, Սահմանադրական դատարանում բողոքի ընդամենը մեկ դեպք է եղել, այսինքն՝ դրական արդյունքները բոլորին բավարարել էին՝ և քաղաքական ուժերին, և բոլորը երջանիկ էին։ Հիմա մենք, բնականաբար, առաջարկություններ չունենք և մենք չենք տեսել, թե ինչ նախաձեռնություն է, բայց որևէ քննարկումից չենք հրաժարվում, եթե կլինի նախաձեռնություն, պատրաստ ենք քննարկման` կասի Վահրամ Բաղդասարյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը կամ մեկ ուրիշը ու խմբակցությունով կհաստատեն, որ առաջ են շարժվում Սահմանադրությամբ, օրենքներով ու նախապատրաստվում են 2022-ի Աժ ընտրություններին։
Հետաքրքիր է` Հայյաստանի կուսակցություններից որը` ո՞ր երկրում է ապրում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ընդհանրապես` սկսվել է ոչ միայն կուսակցական շինարարության` մարզերում կառույցների ձևավորման բուռն շրջան, ընդորում` եթե առաջ լավագույն ապագայի համար բոլորը նետվուն էին ՀՀԿ, հիմա նետվուն են ՔՊ` բարդ ընտրության առաջ դնելով երիտասարդ կուսակցությանը, որ մի կողմից չի կարող նորագիրներին մերժել, մյուս կողմից չի ցանկանում կարիերիստների նոր ցատկահարթակի վերածվել, այլև միջկուսակցական երթուդարձի կամուրջների որոնում` ՀՀԿ-ականները ամուր տանիք են որոնում ԲՀԿ-ում, թեպետ ԲՀԿ-ն ինքը ԱԺ մտնելու խնդիր ունի առանց «բարերարության» ընտրության դեպքում: Որևէ մեկը չի կարող ասել` արտահերթ ընտրություններու ո՞ր ուժը ո՞ր դիրքերից է ներկայանալու` իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության ու ստացվելու է, որ ընտրողը դարձյալ ձայն է տալու կամ մերժելու է` ոչ թե գաղափարները, այլ` անձերին:

Դիտվել է՝ 3857

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ