Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայ օլիգարխների ծանր կյանքը

Հայ օլիգարխների ծանր կյանքը
31.05.2018 | 09:45

ԱԱԾ-ն «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում ստուգումների ընթացքում բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով տևական ժամանակ կիրառված սխեմա, որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ։ Պարզվել է, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, լինելով ԱԱՀ վճարող կազմակերպություն, 2016-ի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, որոնց իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն դրամ է:

Դա հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն վճարել 2 տոկոսի չափով շրջանառության հարկ: «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության ղեկավար կազմը, մինչև 2018-ի մայիսը ներառյալ, ինչպես իրենց ընկերության աշխատակիցների, այնպես էլ նրանց ընտանիքների անդամների և ծանոթների անվամբ, հիմնականում նույն նոտարի մոտ, գրանցել են 461 ԱՁ-ներ, որոնք գործունեություն են ծավալել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում: Դրանց մի մասը գրանցվել է առանց քաղաքացիների գիտության՝ օգտագործելով «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունում պահվող նրանց անձը հաստատող փաստաթղթերը կամ պատճենները։ Երբ ԱՁ-ների շրջանառությունը հասել է 115 մլն ՀՀ դրամի շեմին, գործունեությունը դադարեցվել կամ լուծարվել է, որից հետո օգտագործվել են նոր գրանցված այլ ԱՁ-ներ։ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը ԱՁ-ների անվամբ իրացրել է նաև բազմաթիվ այլ ապրանքատեսակներ, ներկրված գյուղմթերք, որոնց համար ևս վճարվել է միայն շրջանառության հարկը։ Նախնական հաշվարկով` 461 ԱՁ-ներով ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է 40 միլիարդ դրամ, որից վճարվել է 2 տոկոս շրջանառության հարկ, այնինչ՝ օրինական գործունեություն ծավալելու դեպքում «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունն այդ գումարից պետք է վճարեր 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկ: ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի («Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելը») և 189-րդ հոդվածի 3-րդ մասի («Կեղծ ձեռնարկատիրություն») հատկանիշներով:


«Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ն պատկանում է Սամվել Ալեքսանյանին: Նրա ընտանիքին պատկանող առևտրային օբյեկտներում դիմակավորված ստորաբաժանումների գործողության մասին տեղեկությունը հրապարակվել է մամուլում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնարկել էր, որ վենդետաներ չլինելու հայտարարությունները շատերն ընկալում են թուլության նշան, պետության նկատմամբ պարտավորությունները չկատարողները կզգան իրավապահների ու թավշյա հեղափոխության ուժը:


Եվ` զգում են: Սամվել Ալեքսանյանը առաջինն է: Հաստատ` ոչ միակը: Բիզնեսը սպիտակ դաշտ բերելու ճանապարհը դա է: Թավշե հեղափոխությունը գուցե պատրանք էր ստեղծել, որ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ ու ամեն ինչ ավարտվեց այդքանով: Թեպետ երբ ՀՀԿ խմբակցությունը որոշում էր ընդունում, որ իրենց գործարարները ձայն տան Նիկոլ Փաշինյանին` ընտրվելու համար, գուցե փորձում էր նրանց ապահովագրել: Բայց դա երաշխիք չէր ու չէ: Ոչ մեկի համար:
Ոմանք կարող են համարել վենդետա, եթե օրինականության հաստատումը վենդետա է, ուրեմն վենդետան անհրաժեշտություն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Խնդիրն այն է, որ օլիգարխների անօրինական գործունեության մեջ ներգրավված են բազում մարդիկ ու նրանք ևս հայտնվելու են հարվածի տակ: «Քաղաքական գործընթացներ են, մի զարմացեք: Որևէ մեկը երաշխավորված չէ, որ միշտ պետք է լինի իշխանություն»,- խորհրդարանում լրագրողներին ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ կողմից ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բիզնեսներում կատարվող ստուգումներին: Հարցին` ՀՀԿ-ի հենասյուն օլիգարխիան փլուզվու՞մ է, Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է, որ ՀՀԿ-ն գաղափարական կուսակցություն է, այսինքն` ՀՀԿ-ն այլևս ոչ մեկի տանիքը չի լինելու: Նա նաև չի բացառել, որ ՀՀԿ-ն կարող է խորհրդարանում փոքրամասնություն դառնալ. «Եթե իշխանություն չես, կարող ես նաև այդ վիճակում հայտնվել»: Այնուամենայնիվ` նա հարկ է համարել ասել. «Պետք է գնահատականներ տրվեն: Եթե համատարած, անկախ կուսակցական և քաղաքական պատկանելությունից կատարվում են ստուգումներ, դա նորմալ ենք համարում: Եթե միակողմանի է, ես չեմ ուզում գնահատական տալ՝ քաղաքական հետապնդում և այն: Հետաքրքիր է՝ եթե այդ պատգամավորները դադարեցնեն իրենց անդամակցությունը կուսակցությանը, նորից պետք է ստուգումները շարունակվե՞ն, թե՞ պետք է դադարեն»:

Դիտվել է՝ 4483

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ