Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱՄՆ-ը փորձում է Իրանին ծնկի բերել, նույնը սպառնում է Իրանը

ԱՄՆ-ը փորձում է Իրանին ծնկի բերել, նույնը սպառնում է Իրանը
05.07.2018 | 22:16

Իրանն ամերիկացիների համար, ինչպես ասում էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, երբ դեռ ԿՀՎ-ի տնօրենն էր, մնում է հակառակորդ «քայլերթի մեջ»: Պետդեպարտամենտի քաղաքական ծրագրման բաժնի տնօրեն Բրայան Հուկը օրերս հայտարարեց, որ Վաշինգտոնը պատրաստվում է մինչև 0 կրճատել Իրանի նավթային եկամուտները էներգետիկ պատժամիջոցներով, որ «կվերականգնվեն նոյեմբերի 4-ին»:

Տեղեկությունը հաստատեց և ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը` նշելով. «ԱՄՆ-ը հետագայում կարող է առանձին երկրների մեղմացում տալ, եթե կտրուկ կրճատեն նավթի ներկրումն Իրանից», թեպետ դեռ պարզ չէ` ի՞նչ է այդ «մեղմացումը»: Թեհրանի հետ միջուկային գործարքից դուրս գալուց հետո ԱՄՆ-ը ինտենսիվ մեծացնում է ճնշումը այդ երկրի վրա: Փորձագետները տարբեր բացատրություններ են տալիս` ինչպես դա կանդրադառնա իրավիճակի վրա Իրանում ու Մերձավոր Արևելքում, իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարներ են շարադրում: Առաջինը, որ աչքի է զարնում` ԱՄՆ-ը հիմա պատրաստ չէ Իրանի հետ լայնամասշտաբ ռազմական բախման: Պենտագոնը հասկանում է, ինչպես գրում է Հոնկոնգի Asia Times-ը, որ «մարտական գործողությունները թեթև զբոսանք չեն լինելու»: Իրանը երկար ժամանակ եղել է ռազմական ներխուժման վտանգի տակ և դիմադրության մշակված ծրագրեր ունի: ԱՄՆ-ում հրապարակվում են հատուկ վերլուծական խմբերի ուսումնասիություններ, որտեղ նշվում է, որ Իրանը հնարավորություն ունի սահմանափակել ԱՄՆ-ի մուտքը Օրմուզի ու Պարսից նեղուցներ, ձախողել այդ տարածաշրջանի երկրներից էներգակիրների մատակարարումը Արևմուտքին, պարտիզանական պատերազմ վարել` օգտագործելով քաղաքական, ժողովրդագրական, կրոնական ազդակները: Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարեց, որ «եթե ԱՄՆ-ը շարունակի ստիպել իր դաշնակիցներին հրաժարվել Իրանի նավթը գնել, Մերձավոր Արևելքի երկրներից սև ոսկու արտահանումը կհայտնվի սպառնալիքի տակ և ԱՄՆ-ի քայլերը հետևանքներ կունենան»: Պենտագոնը տեսական մակարդակում ի պատասխան հայտարարում է, որ մշակել է Թեհրանի հետ պայքարի նոր օպերատիվ հայեցակարգ, որի մանրամասները դեռ հայտնի չեն: Այս փուլում ենթադրվում է Իրանի դեմ պայքարել տարատեսակ պատժամիջոցներով, կրճատել բյուջեի եկամուտները նավթի վաճառքից և ներգործել ներքաղաքական իրավիճակի վրա: Առաջ բնակչության 85%-ն ապրում էր «նավթափողերից» վճարվող լրավճարների հաշվին: Երբ լրավճարներն անհետացան, սկսվեցին հուզումները: Ամեն ինչ կարող է կրկնվել հիմա:

2018-ի ապրիլից իրանական ռիալի կուրսը երկու անգան անկում է ապրել` հասնելով մեկ դոլարի դիմաց 90000 ռիալի: Արևմտյան ԶԼՄ-ները պնդում են, որ հենց դևալվացիան է զանգվածային բողոքների հանգեցրել: Վաշինգտոնը չի թաքցնում, որ մտադիր է օգտագործել ներքին դժգոհությունը իսլամական հանրապետության վարչակարգը փոխելու նպատակով: Ամերիկացիների այս որոշման մեջ աշխարհաքաղաքական գործոնը դեռ առաջին տեղում չէ, բայց երկրորդը բխում է առաջինից: Եթե Իրանում ներքին անկայունության գործընթացներ սկսվեն, դա կարող է նվազեցնել Թեհրանի ազդեցության մակարդակը Մերձավոր Արևելքում, որտեղ ուղիղ դիմակայում է ոչ միայն ԱՄՆ-ին, այլև Իսրայելին ու արաբական կոալիցիային Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ: Ապակայունացման բումերանգը հեշտությամբ կարող է նետվել Անդրկովկաս: Նախևառաջ` Ադրբեջան, որ պատմական պատճառներով ստիպված է զգայուն արձագանքել իրանական իրադարձություններին: Բաքվի ու Թեհրանի միջև կա համաձայնագիր, որ նրանք չեն կարող միմյանց շահերի դեմ գործել: Որքա՞ն երկար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կհաջողվի Իրանի ու ԱՄՆ-ի նկատմամբ վարել և\և-ի քաղաքականություն, ոչ ոք չգիտի: Բաքվեցի քաղաքագետներ Իլգար Վելիզադեն ու Զարդուշտ Ալիզադեն գտնում են, որ «Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները երբեք «գլամուրային» չեն եղել և միշտ հակասությունների կծիկ է եղել, որ հետին պլան է մղվել` զիջելով երկու երկրների պրագմատիկ շահերին»: Բայց ԱՄՆ-ը միշտ ունեցել է ու ունի «ադրբեջանական քարտը» խաղարկելու գայթակղություն` հաշվի առնելով, որ Իրանում ավելի շատ ադրբեջանցիներ են ապրում, քան` Ադրբեջանում: Կան ածանցյալ, բայց լուրջ խնդիրներ` կապված Թեհրանի նավթային եկամուտները զրոյի հասցնելու ամերիկացիների որոշման հետ: Վաշինգտոնի հիմնական տագնապները` Իրանի իշխանությունները օգտագործում են ռազմական ու բնական ռեսուրսները տարածաշրջանում իրենց ազդեցությունը մեծացնելու համար: Բացի այդ` եվրոպական երկրներին արգելակում են համագործակցել Իրանի հետ: ԱՄՆ-ի լրացուցիչ պատժամիջոցները կարող են վերաբերվել Թեհրանի հետ համագործակցող եվրոպական ընկերություններին: Առաջին հետևանքը կդառնա, ինչպես գրում է բրիտանական Financial Times-ը, «այդ երկրի հետ առևտրի փաստական սառեցումը»: Մեկ կարևոր առանձնահատկություն կա: Ի տարբերություն մինչև 2015-ի իրավիճակի, երբ ստորագրվեց համաձայնագիրը, ներկա պատժամիջոցները միակողմանի են: Չինաստանն ու Ռուսաստանը չեն միացել ամերիկացիների նավթային պատժամիջոցներին, այդ պատճառով նրանց հետևանքները Թեհրանի համար դժվար է ճշգրիտ կանխատեսել: Խոսքը Իրանի արտաքին քաղաքականության որոշակի փոփոխություննեի մասին է, որ դեռ չկան, թեպետ Ռուհանին սպառնացել է «ԱՄՆ-ին ծնկի բերել»:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. National Interest-ը գրում է, որ ԱՄՆ-ը Իրանին հաղթելու միայն մեկ միջոց ունի:
Ամիտայ Էտցիոնին գրում է, որ դեռ հայտնի չէ` ինչ է ուզում Վաշինգտոնը և ինչպես է մտադիր ուզածին հասնել: Սպիտակ տանը նորից թևածում է գաղափարը, որ պետք է ոչ թե գործող իշխանության վարքագիծը փոխել, այլ` իշխանությունը: Անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը, նախքան Սպիտակ տուն գալը, ասում էր, որ ԱՄՆ-ի նպատակը «պետք է լինի Իրանում վարչակարգի փոփոխությունը»: Նախքան պետքարտուղար դառնալը Մայք Պոմպեոն հայտարարում էր, որ «Կոնգրեսը պետք է միջոցներ ձեռնարկի Իրանի վարքագիծը, ի վերջո` Իրանի վարչակարգը փոխելու համար»: Այդ կոչերը կձախողեն բանակցությունները Իրանի հետ, որ կարող էին փոխել նրա պահվածքը, որովհետև ԱՄՆ-ը պահանջում է իշխանությունից հեռացնել կուսակցությանը, որի հետ Վաշինգտոնը պետք է բանակցի: Պատճառներից մեկը, որ սիրիական կոնֆլիկտը այսքան երկար է տևում, ԱՄՆ-ի համառ դիրքորոշումն է, որ բանակցությունների նախապայման է դնում նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությունը: Երկու տարբերակ կա Իրանում վարչակազմը փոխելու:

Առաջինը ռազմական ներխուժումն է` այդպես եղել է Աֆղանստանում ու Իրաքում: Հաշվի առնելով մարդկային ու տնտեսական վիթխարի կորուստները ու ներխուժման կործանարար հետևանքները, այդ տարբերակից պետք է հրաժարվել: Երկրորդը Իրանի ներսում ընդդիմադիր հասարակական խմբերին աջակցելն է: Իրանում բազմաթիվ էթնիկ խմբեր կան, որոնց մի մասը բավականին բացասական զգացումներ ունի վարչակարգի նկատմամբ: Նրանցից են քրդերը: ԿՀՎ-ն փորձում է կապվել այդ խմբերի ղեկավարների հետ` ակտիվացնելու նրանց բողոքական գործունեությունը: Փողոցային բողոքները հանգեցրին իշխանափոխության Թունիսում ու Եգիպտոսում, Իրանը շատ ավելի արդյունավետ է վերահսկում իր քաղաքացիներին: Իրանում արդյունավետ է աշխատում գաղտնի ոստիկանությունը: Նրանք, որ խաղը դնում են Իրանի ժողովրդի վրա, ստիպված են երկար սպասել: Միանշանակ չէ, որ իշխանության փոփոխությունը կհանգեցնի Իրանի վարքագծի ցանկալի փոփոխության: Հասարակական խմբերը, որ կարող են տապալել գործող իշխանությանը, իրենց երկրի հայրենասերներ են, որ ավելի են ատում ԱՄՆ-ին, քան Իրանի գործող ղեկավարությանը: Եթե նրանք գան իշխանության, անպայման կաջակցեն միջուկային ծրագրի զարգացմանը: Հենց Իրանի բարեփոխիչներն են սկսել միջուկային ծրագիրը: Գործող իշխանությունը ցույց է տվել, որ շահագրգռված է ապամիջուկայնացման բանակցություններով: ԱՄՆ պաշտոնատարները կարող են լավ կապտել, եթե շունչները պահեն` սպասելով փողոցային բողոքներով իշխանության տապալմանը: Նույնիսկ եթե «փողոցը» հաղթի Իրանի իշխանությանը, ոչ մի հիմք չկա, որ նոր կառավարությունը կհրաժարվի ռազմական միջուկային ծրագրից: Իրանի վրա կարող էր ազդել ռազմական ու դիվանագիտական ճնշման համադրումը, եթե ԱՄՆ-ը ցանկանում է փոխել վարչակարգի պահվածքը, ոչ թե վարչակարգին:


Եթե ԵՄ-ն ցանկանա, կարող է իրավիճակ փոխել և լուրջ գործոն դառնալ տարածաշրջանում` պահպանելով Իրանի հետ գործարար կապերը և շարունակելով նավթի առևտուրը: Իվերջո` դա նաև ԱՄՆ-ի հետ եվրոպացիները առևտրական պատերազմի խաղաթուղթ կարող է դառնալ: Իրանի հարցին կարող է անդրադարձ լինել ՆԱՏՕ-ի գագաթաժողովում, և, իհարկե, գագաթաժողովին հաջորդող Պուտին-Թրամփ հանդիպման ժամանակ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2462

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ