Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քրեական քրոնիկոն

Քրեական քրոնիկոն
06.07.2018 | 01:04

Ի՞նչ է կատարվում Հայաստանում: Իսկ Հայաստանից դու՞րս: Շուրջբոլորը: Վրաստանում վարչապետ փոխվեց` գնում են ընտրությունների: Իրանում վերսկսվել են բողոքի ցույցերը, պատճառը սոցիալական է` ռիալի կրկնակի անկումը, բայց կարող է և քաղաքական հետևանքներ ունենալ: Համենայն դեպս` ԱՄՆ-ի ու եվրոպական մամուլը ամեն օր գրում է Իրանում իշխանություն փոխելու Թրամփի մտադրությունների մասին, Իրանը ծնկի բերելու անդրօվկիանոսյան կոչերին Թեհրանից Հասան Ռոհանիի մակարդակով պատասխանում են, որ Իրանը ԱՄՆ-ին ծնկի կբերի: Ռոհանին Վիեննայում բանակցում է համաձայնագիրը ստորագրած երկրների հետ: Բենիամին Նեթանյահուն եկող շաբաթ հանդիպելու է Վլադիմիր Պուտինի հետ ու օրակարգում նաև Իրանի հարցն է լինելու: ԵՄ-ն սահմանափակվում է Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս չգալով, բայց եվրոպական բանկերը, զգուշանալով ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ ընկնելուց, դադարեցնում են գործարքները: Չինաստանն ու Ռուսաստանը շարունակում են Իրանի հետ համագործակցել: Վստահաբար` Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ու Մեծ Բրիտանիա այցից հետո` Հելսինկիում ՌԴ նախագահի հետ հանդիպմանը ԱՄՆ նախագահը ի թիվս այլ խնդիրների` Իրանի հարցն է օրակարգ բերելու:

Թուրքիայում Էրդողանը հաղթեց նախագահական ընտրություններում ու, ինչպես փորձագետներն էին կանխատեսում, ջանում է վերականգնել հարաբերություններն Արևմուտքի հետ` սկսելով ԱՄՆ-ից: Շատ մեծ խնդիր են լիրայի անկումն ու տնտեսության վերականգնումը, արտաքին քաղաքականության վերանայումը: Տարածաշրջանային քաոսին իր ներդրումն է բերում և Ադրբեջանը: Նախիջևանից սկսելով: Իր տարածքը վերագրավելուց հետո` չեզոք գոտում դիրքերն ամրապնդելու փորձը չստացվեց` հայկական զինված ուժերը կրակ բացեցին և թույլ չտվեցին ինժեներական աշխատանքներ անել: Մեղմ ասած` դիրքը վառելուց հետո Բաքուն, կարծես, առժամանակ լռեց: Փոխարենը` վերադարձավ հին հնարքներին` վարձավճարված ռուսներին բերեց Ադրբեջան ու նրանք ասացին` ինչ պետք էր Ալիևին` 1. Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն Ադրբեջանն է, 2. Երևանի, Բաքվի և Մոսկվայի կողմից համաձայնեցված ճանապարհային քարտեզ կա, որը նախատեսում է ԼՂՀ հարակից 5 շրջանների վերադարձ Ադրբեջանին: Սերժ Սարգսյանը խոստացել էր պայմանավորվածությունները կատարել վարչապետ ընտրվելուց հետո` ըստ Ալեքսանդր Դուգինի, 3. Հայաստանը պետք է առանց նախապայմանների Լեռնային Ղարաբաղը և 7 շրջաններ տա Ադրբեջանին` ըստ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևի: Հուլիսի 2-ից Ադրբեջանը զորավարժություններ է սկսել տարբեր զորամիավորումերի ներգրավումով` 20000 զինծառայողով: Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ զորավարժությունների հիմնական նպատակը «օկուպացված տարածքների ազատագրման» համար զորքերի գործողությունների տարբեր սցենարների մշակումն է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ շնորհավորական նամակ է գրել Դոնալդ Թրամփին ու բողոքել, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը ամենացավալի խնդիրն է, դեռևս չի կարգավորվել: Մենք անհամբերությամբ սպասում ենք այն օրվան, երբ կազատագրվեն մեր հողերը, երբ մեր փախստականները և հարկադիր տեղահանվածները կվերադառնան հայրենի օջախներ: Այդ պատճառով մենք մեծ հույսեր ենք կապում ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի և անձամբ Ձեզ հետ, պարոն նախագահ, հակամարտության խաղաղ և արդար կարգավորման գործում՝ մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում և միջազգային նորմերին համապատասխան»: Այսինքն` Բաքուն գործում է բոլոր ուղղություններով` ռազմական, ռուսական, ամերիկյան: Առայժմ շրջանցում են Մակրոնին: Տեղեկատվական պատերազմը մեծ արդյունքներ չունեցավ: «Արցախի հետ կապված ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևի հայտարարությունները չեն համապատասխանում ՌԴ-ի պաշտոնական դիրքորոշմանը և ոչ կոմպետենտ են»,- ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բացահայտ սուտ և զառանցանք որակեց Ալեքսանդր Դուգինի հայտարարությունները. «ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը երբեք իր համաձայնությունը չի տվել Ադրբեջանին 5 տարածքների վերադարձի հետ կապված։ Դա բացահայտ սուտ է»: Քաղաքագետ Վադիմ Դուբնովը բացատրեց. «Ես սա չէի համարի Մոսկվայից ազդակ, բավականին հաճախ պարոն Դուգինը, Մարկովը և մնացածը այդպիսի դիրքորոշումներ են հայտնում։ Բայց կան նաև Զատուլինն ու այլ գործիչներ, որոնք պաշտպանում են Հայաստանին»:
Միջադեպը սպառված համարելուց առաջ իմունիտետ է պետք ունենալ Բաքվի սադրանքներին և հակադարձել հանգիստ: Ի վերջո` ի՞նչ է մնում Ալիևին, եթե ոչ իր ցանկությունները բարձրաձայնել այլոց միջոցով: ԵԽԽՎ-ում կոռուպցիայի դեմ պայքար է հայտարարված, մնում է Ռուսաստանը, այնտեղ խավիարային դիվանագիտությունը գործուն է ու գործում է: Հավելեք, որ անգամ մասոնների աջակցությանն է ապավինել, թեպետ պաշտոնապես մասոնական լոժաներում քաղաքական հարցեր չեն քննարկվում, բայց ու՞մ համար է գաղտնիք, որ մասոնները քաղաքականության մեջ են ու վճիռներ են կայացնում: Հիմա նա պայքարում է խավարի դեմ բառացիորեն ու վախենում է, որ ամբողջ երկրում էլէներգիայի վթարային անջատումները իշխանափոխության ազդանշան են: Ադրբեջանը ամեն ինչ անում է, որ խառն աշխարհը չմոռանա Լեռնային Ղարաբաղի խնդիրը, նրան ռևանշ է պետք: Գուցե Ալիևի կարծիքով` հիմա է լավագույն ժամանակը նոր հարձակում սկսելու Արցախի կամ Հայաստանի դեմ, երբ հայերը խառն են:


Իսկ հայերը խա՞ռն են:
Ձերբակալվել է 2009-ից «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը և, ԱԱԾ հաղորդագրության համաձայն, խոստովանել, որ տնօրինելով հիմնադրամի 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով` խաղադրույքներ է արել առցանց խաղատներում: Միայն վերջին շաբաթում նա հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016-2018-ին` 130 մլն դրամ: Այսինքն` Մանվել Գրիգորյանը նրա մոտ դպրոցական երեխա է իր 2 միլիոնի պահածոյով: Համայն հայության հանգանակած գումարները` օնլայն խաղադրույքնե՞ր: Ինչպե՞ս են խաղամոլները հայտնվում նման պաշտոններում և ինչքա՞ն է կողոպտել 9 տարում: Բայց փաստաբանը հերքում է. «Արա Վարդանյանի գործողություններում հանցակազմ չկա, և նա չի ընդունում իրավապահ մարմնի հայտնած կասկածանքը, որի համար ինքն այժմ ձերբակալված է»: Լուսինե Սահակյանի խոսքով` ստեղծվել է թյուր կարծիք, թե ինքը իբր 130 մլն է յուրացրել, ոչ մի կոպեկ հիմնադրամից չի պակասել։ Հիմնադրամում անընդհատ աուդիտ է կատարվում և անհնար է գումարներ պակասեն:


Միայն նա չէր շաբաթվա բացահայտումների առանցքում: Վերաբացվում է Մարտի 1-ի գործը: Իբրև սկիզբ` հուլիսի 3-ին քրեական գործ է հարուցվել և մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի նկատմամբ. նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը: Խոսքը 2008-ի փետրվարի 23-ին Միքայել Հարությունյանի ստորագրած հույժ գաղտնի 0038 հրամանի մասին է` «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ»: Հրամանով ՀՀ Զինված ուժերի կազմից ստեղծվել են բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, որոնց զինել են հրաձգային զենքերով, Երևանում փաստացի սահմանված ռազմական դրության և զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման շրջանակներում, այդ հրամանով ձևավորված զինվորական կառավարման նոր կառույցի կազմակերպմամբ իրականացվել է բանակային ստորաբաժանումների տեղաշարժ՝ Զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ զինված դուրս են բերվել տեղակայման հիմնական վայրերից և տեղափոխվել Երևանում կամ քաղաքամերձ հատվածներում տեղակայված զորամասեր: Միքայել Հարությունյանը Հայաստանում չէ: Վերհիշեցնեմ հրամանի անունը` «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ»: 2008-ի գերագույն գլխավոր հրամանատարը ևս Հայաստանում չէ: Գործով հարցաքննվել է նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Բայց պարզվում է, որ Հատուկ քննչական ծառայությունը Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրել հոդվածով, որ 2008-ին չի եղել` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը լրացվել է 2009-ի մարտի 18-ին և ուժի մեջ է մտել 24-ին։ Սա, իհարկե, կազուս է: Մարտի 1-ը այն գործն է, որ պահանջելու է Հայաստանի երեք նախագահների հարցաքննությունը, իսկ Միքայել Հարությունյանն ընդամենը գերագույն գլխավոր հրամանատարի հրամանի կատարողն է:


Զարմացրեց Գագիկ Ծառուկյանը: Ձերբակալվեց նրա անվտանգության ծառայության պետը: Մարդ ծեծելու համար, որ պարզվեց` ընկել է: Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ ըստ տուժողի` նրան «հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։ Միջադեպին ներկա են գտնվել արտակարգ իրավիճակների նախարարը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը»։ Հետո ծեծվածն ու ծեծողը անցան հետին պլան` նոր իրադարձությունների հոսքում:


Համենայն դեպս` ասեմ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մեկ տարում` ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն ասել է, որ նախնական եզրակացությունը Ընտրական օրենսգրքի նոր տարբերակի վերաբերյալ կլինի հոկտեմբերին, և եթե մինչև տարեվերջ օրենսգիրքն ընդունվի, ընտրությունները կլինեն հաջորդ տարվա գարնանը: ՆԱՏՕ-ն ցանկանում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստակամ է աջակցել Փաշինյանի կառավարությանը՝ բարեփոխումներն ընդարձակելու հարցում: Լարսի անցակետում նորից հայկական բեռների կուտակումներ են: Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը իր ռուսական հովանավորների հետ ուզում է նոր կուսակցություն ստեղծել: Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի ռեստարտի ծրագիր է մշակում եռյակի հետ` Դավիթ Հարությունյան, Արփինե Հովհաննիսյան, Վիգեն Սարգսյան: «Հիմնադիր խորհրդարանը» պահանջում է մինչև ամառային արձակուրդները ազատ արձակել «Սասնա ծռերի»` բանտում պահվող 19 անդամներին, բայց դեռ չի ասում` ինչ կգրավի, եթե ազատ չարձակվեն: Կալանավորվել են Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանը, ու եղբորորդին` Նարեկ Սարգսյանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Զարմանալի չէ՞, որ.
1. համատարած ձերբակալությունների և ուղիղ եթերների բովում անմեղության կանխավարկած ի սկզբանե չկա, թեպետ հայտարարվում է, թե կա:
2. Մարդիկ ձերբակալվում են, հետո փաստաբանները ասում են` հանցակազմ չկա, օրենքը հետադարձ ուժ չունի, ոմանք ազատ են արձակվում, ոմանք` ոչ:
3. ՈՒ՞մ հետ ո՞վ է մրցակցում բացահայտումների մեջ, որ սահմանակցում են վարկաբեկումներին պետության մասշտաբով: Չունե՞ք տպավորություն, որ ընտրություններից առաջ սեփականության վերաբաշխում է կատարվում, բայց դա ընտրությունների հետ կապ չունի: Ինչպես կապ չունի քաղաքական դաշտի հետ, որտեղ այլևս ոչինչ չի կատարվում, թեպետ պիտի կատարվեր:
Վերնագիրը սխալ էր` կարդացեք «Մի մաս քրեական քրոնիկոնից», երբ գրում եմ այս տողերը, հարահոսը շարունակվում է: Կյանքը` նույնպես: Մնացածը` ըստ ԱԱԾ-ի, Ֆեյսբուքն ասում է` 2019-ին Հայաստանից «Եվրատեսիլի» ԱԱԾ-ն է գնալու:

Դիտվել է՝ 3714

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ