Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ICAPP. Չհամարձակվեք հրաժարվել երազանքից

ICAPP. Չհամարձակվեք հրաժարվել երազանքից
28.10.2018 | 15:15

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունենում Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանս (ICAPP) միջազգային կազմակերպության 10-րդ Գլխավոր Ասամբլեան: Կազմակերպության անդամ են 350 կուսակցություն` իշխանական ու ընդդիմադիր, նաև արտախորհրդարանական` Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, Մերձավոր Արևելքի 53 երկրներից: Կազմակերպությունը ստեղծվել է 18 տարի առաջ, նրա հիմնական նպատակը երկրների և մայրցամաքների միջև համագործակցության, փոխըմբռնման և վստահության զարգացման աջակցությունն է: Հայաստանից կազմակերպության հետ համագործակցում է ՀՀԿ-ն: Մոսկվայում գտնվող ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հերմինե Նաղդալյանը, որ կոնֆերանսի պատվիրակ է, պատմեց.


-Սա ICAPP–ի 10-րդ Գլխավոր Համաժողովն է, որը գումարվում է տարին մեկ անգամ: Մեր կուսակցությունը, որպես հրավիրյալ հյուր, երկրորդ անգամ է մասնակցում ICAPP-ի համաժողովներին՝ առաջինը այս տարվա հունվարին Թեհրանում էր: Այս համաժողովի թեման է՝ «Քաղաքական կուսակցությունների դերը միջազգային լարվածության թուլացման և էքստրեմիզմի դեմ պայքարում»: 320 մասնակիցներ 40-ից ավելի երկրների քաղաքական կուսակցություններից հավաքվել են Մոսկվայում` «Եդինայա Ռոսիա» կուսակցության հյուրընկալությամբ և քննարկում են ժամանակակից աշխարհի գլխավոր չարիքի՝ էքստրեմիզմի դեմ պայքարի խնդիրները, մարդկության առջև ծառացած մարտահրավերները և սպառնալիքները: Համաժողովի գլխավոր հաստատումը՝ աշխարհը երկխոսության կարիք ունի, մենախոսությունները, միաբևեռությունը մարտահրավերներ են: Խոշոր հաշվով աշխարհը համաշխարհային գլոբալ երկխոսության կարիք ունի՝ երկխոսություն քրիստոնյաների և մահմեդականների միջև, սուննիների և շիաների, հարավի և հյուսիսի, երկխոսություն, որպես հակամարտությունների լուծման և կանխարգելման ձև: Ժամանակակից աշխարհը չպետք է լինի բևեռացման աշխարհ, այլ` համընդհանուր արժեքների, համագործակցության և երկխոսության աշխարհ:


Ասիական հազարամյա քաղաքակրթությունների խորքից մինչև օրս կուտակված արժեքներն այսօր պետք է գործեն աշխարհն առավել խաղաղ և ապահով դարձնելու ուղղությամբ: ICAPP-ի նախագահ և հիմնադիր, ֆիլիպինցի, պառլամենտի երկարամյա նախագահ Ժոզե դե Վենիսիան բացելով համաժողովը` հիշեցրեց, որ ամենաբարդ և սուր հակամարտություններ են կարգավորվել, միավորել են երկու Գերմանիաները և երկու Վիետնամները, երկու Կորեաների խնդիրներն են կարգավորվում: Իր խոսքը կազմակերպության նախագահը ավարտեց՝ «Չհամարձակվեք հրաժարվել երազանքից» կոչով: Սա, իհարկե, համաժողովի քննարկումների ոգին է` աղը:
-Ի՞նչն են իրենց ելույթներում կարևորում պատվիրակները:
-Ելույթներ ունեցան 70-ից ավելի պատվիրակներ: Անվտանգությունը, տարբեր մարտահրավերները և նրանց հակազդումը, միջազգային կոոպերացիան և համագործակցությունը, տրանսպորտային միջանցքների աջակցումը, սուր հակամարտությունների լուծումը բոլոր կողմերի մասնակցության և հարգանքի պայմաններում ՝ սրանք ելույթներում արծարծվող թեմաներն էին: Ելույթ ունեցողներից մեկը բանաձևեց ՝ յուրաքանչյուր պրոբլեմի լուծումը պետք է լինի ոչ թե մի կողմի հաղթանակը և մյուսի պարտությունը, այլ բոլորի համար ընդունելի ելք ճգնաժամից` բոլոր մասնակիցների անվտանգության երաշխիքներով: Անվտանգությունը կարող է և պետք է ներառական և համընդհանուր լինի: Կոնֆլիկտային իրավիճակների և անվտանգության մարտահրավերների մեծ մասի արմատները գալիս են ՄԱԿ-ի ձևակերպած զարգացման խնդիրների չլուծվածությունից: Աշխարհը 20-րդ դարում վերապրեց 2 տաք և մեկ սառը պատերազմ: Բայց և այնպես` այսօրվա աշխարհը խաղաղ չէ՝ ո՞րն է ուղին: Պետք է տիրապետի իրավունքի ուժը, ոչ թե ուժի իրավունքը: Ժամանակակից աշխարհի սպառնալիքների և մարտահրավերների թվում նշվեցին նաև պոպուլիզմը և դեմագոգիան, կոչ անելով այդ «զենքերը» դուրս դնել քաղաքական գործընթացներից:
-Ադրբեջանը ներկայացվա՞ծ է Մոսկվայում:
-Իհարկե, Ադրբեջանի պատվիրակը հին ձայնապնակն էր լարել՝ հայերը տեռորիստ են, գրավել են մեր տարածքի 20%, 1 մլն փախստականներ, և այլն, և այլն: Բայց, կարծես, առանց նախկին էնտուզիազմի:
-Ձեր ելույթը ինչի՞ն էր նվիրված:
- Ժամանակակից աշխարհի բոլոր մարտահրավերները ուղղված են խաղաղ կյանքի և մարդու իրավունքների, առաջին հերթին ապրելու իրավունքի դեմ: Ես հիշեցրի 2016-ին Բաքվի սկսած ապրիլյան լայնամասշտաբ պատերազմի, ԻՊ-ի ոճով վայրագությունների, մարդու և մարդկայնության դեմ հանցագործությունների մասին, կոչ անելով դատապարտել ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության հանձնառություն ունեցող բոլոր կազմակերպությաններին: Ազգերի ինքնորոշման իրավունքի մասին ՝ ՄԱԿ-ի Խարտիայի տրամաբանությունը և Կանոնադրությունը աներկբա հաստատումներ են կատարել` ազգերի ինքնորոշման իրավունքը առանձնապես ընդգծելով, մարդու իրավունքները պաշտպանելով, մենք չենք կարող չպաշտպանել ազգի ինքնորոշման իրավունքը, ազգերի իրավունքը` ինքնուրույն տնօրինելու սեփական ճակատագիրը և իր իրավունքները, և իր կյանքը պաշտպանելու իրավունքը: Այսօրվա գլոբալ աշխարհում տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ազգի ինքնորոշման իրավունքին, չի կարող և չպետք է սահմանափակվի ազգի ինքնորոշման իրավունքը: Դարի մարտահրավերներից մեկը երկակի ստանդարտներն են, որ չունեն արդարացում և չպետք է կիրառվեն ոչ մի տեղ: Աստված բոլոր մարդկանց հավասար է ստեղծել` թե Ղրիմի, թե Արցախի և թե այլ ժողովուրդներ իրավահավասար են: Արցախի ժողովուրդը ոտքի է կանգնել, պայքարում է իր ճակատագիրը ինքնուրույն որոշելու իրավունքի համար, իր անկախությունը հռչակել է միջազգային հանրության համար ընդունելի միջազգային իրավունքին համապատասխան հանրաքվեի միջոցով և ոչ մի բացատրություն չի կարող լինել, թե ինչու մեկի իրավունքը ուղեկցվում է մյուսի անիրավությամբ:
Մեկ այլ մարտահրավերի՝ փախստականների, մասին նշել եմ, որ ՀՀ-ը Սիրիայից փախստակններ ընդունած 3-րդ երկիրն է: Թեկուզ նրանք մեզ՝ հայերիս համար փախստական չեն, այլ 1915-ին Օսմանյան Թուրքիայում կատարված ցեղասպանությունից 100 տարի հետո երկրորդ անգամ գաղթի ճամփան բռնած մեր հայրենակիցները: Ուստի հիշեցում բոլոր քաղաքական գործիչներին՝ ցեղասպանությունները և խաղաղության ու մարդկության դեմ հանցագործությունները կրկնվում են, քանի դեռ արժանի գնահատականը չեն ստացել:
-Հայաստանում այսօր քաղաքական ու ներքաղաքական պայքար է, կուսակցություններն իրար դեմ են դուրս գալիս, ներսում են անձնական ու խմբակային հարցեր լուծում, Դուք ինչ-որ կազմակերպության շրջանակներում զբաղված եք Ղարաբաղի խնդրով կամ ցեղասպանության հարցերո՞վ:
-Ինձ և իմ այն գործընկերների համար, որ իրենց ողջ կյանքում ծառայել են երկրին և ժողովրդին կա մեկ սկզբունք` «Արա ինչ պարտավոր ես, հետո ինչ կլինի` կլինի»: Համաձայն չեմ Ձեր «ինչ-որ կազմակերպություն» որակումին` այս կազմակերպությանը անդամակցում են բազմաթիվ երկրների բազմաթիվ կուսակցություններ, բավական ժամանակ անդամակցում է նաև մեր հարևան երկրի նախագահի կուսակցությունը, Թուրքիայի իշխող կուսակցությունը: Եվ կարծում եմ, որ մենք ունենք կարիք հանրահռչակելու մեր ժողովրդի արդար պայքարը և պահանջը, հասցնելու տարբեր ժողովուրդներին և նրանց քաղաքական խոսափողը և գործիքը հանդիսացող քաղաքական կուսակցություններին: Կարծում եմ` չի կարելի այդ մեծ դաշտերը բաց թողնել՝ որտեղ չենք գործում մենք, գործում են ուրիշները: Այս համաժողովում ոչ միայն հնչեցրինք մեր կարևոր սկզբունքային պոստուլատները, այլև կազմակերպության փաստաթղթերի մեջ մտցվեց հակամարտությունների խաղաղ կարգավորման դրույթը: Կարևոր է նաև,որ կազմակերպության աշխատանքներին մշտապես որպես ասոցացված անդամներ մասնակցում են Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի քաղաքական կուսակցությունների մշտական կոնֆերանսի, Աֆրիկյան քաղաքական կուսակցություների խորհրդի ներկայացուցիչները, այսինքն` իրապես բավականին մեծ ընդգրկում ունեցող համաժողով է և պետք է օգտագործել հնարավորությունը մեզ համար կարևոր տեղեկատվություն հնչեցնելու, ավելացնելու մեր երկրի բարեկամների թիվը կամ ընդլայնելու պատկերացումները Ղարաբաղյան հակամարտության և այլ խնդիրների մասին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2454

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ