Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պատմության ներկա-բացական

Պատմության ներկա-բացական
02.11.2018 | 00:59

2018-ը իսկապես դարձավ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տարի` նշանավորվելով թավշե հեղափոխությամբ, որի մասին վերլուծաբանները դեռ բանավիճում են` հեղափոխությու՞ն, հեղաշրջու՞մ, իշխանափոխությու՞ն տիրույթում: Եթե հետևենք պատմական օրինաչափություններին` 2020-ին Հայաստանում նորից իշխանափոխություն է լինելու: Եթե հետևենք փիլիսոփաներին` նույն գետը երկու անգամ չեն մտնում: Իսկ ընդհանրապես 50/50 է հավանականությունը: Ոչ այն պատճառով, որ քաղաքագետները չեն կողմնորոշվում ապրիլ-մայիսին ի՞նչ կատարվեց` հեղափոխությու՞ն-հեղաշրջու՞մ-իշխանափոխությու՞ն: Ոչ այն պատճառով, որ հեղափոխությունը չի ավարտվել, քանի չի ավարտվել իշխանափոխությունը: Նույնիսկ ոչ այն պատճառով, որ կա հեղաշրջման հնարավորություն: Պատճառը մեկն է ու անշրջանցելի` իր մեծամասնության մեջ հասարակությունը հեղհեղուկ ու անկայուն է ու հստակ չգիտի` ո՞վ կամ ի՞նչն է համապատասխանում իր սպասումներին: Եվ դա փաստ է, որ անկայուն է դարձնում թե ամենաժողովրդավարական իշխանությունը, թե ռազմական դիկտատուրան:


Նոյեմբերը սկսվեց 6-րդ գումարման Ազգային ժողովի լուծարմամբ, թեպետ կարող էր բոլորովին այլ պատկեր լինել, եթե ՀՀԿ-ն հետևողական լիներ ու իր քայլերում քաղաքական տրամաբանություն դներ: Ընտրական օրենսգրքի նախագծի երկրորդ քննարկումը ևս բարեհաջող տապալելուց (ոչ առանց հին ընկերների աջակցության) հետո` դատելով հուզումնառատ ու տպավորիչ ելույթներից, հանուն Հայաստանի ապագայի մտահոգություններից ու զուտ կուսակցական շահից` ՀՀԿ-ն նոյեմբերի 1-ին պետք է վարչապետ ընտրեր ժողովրդի թեկնածուին ու… առժամանակ փակեր դեկտեմբերին Աժ արտահերթ ընտրությունների խնդիրը: Առաջին քայլից հետո երկրորդ քայլը կվկայեր, որ ՀՀԿ-ն ունի ծրագիր, նպատակ, ոչ թե գործում է` ելնելով իրավիճակից կամ կամայական քայլեր է անում ինչպես նախկինում` առանց պատճառն իմանալու: Ժողովուրդը նորից փողոց դուրս կգա՞ր: ՀՀԿ-ն նորից կդառնար քարկոծման թիրա՞խ: Այնպես չէ, որ ՀՀԿ-ն «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»-ից հետո ման է գալիս լուսապսակով, ու այնպես չէ, որ նախկին դաշնակիցները չեն բզկտում այդ լուսապսակն առիթով ու անառիթ: Հիմա էլ, արտահերթի քարոզարշավում էլ ՀՀԿ-ն լինելու է չափանիշ, որի համեմատությամբ ասելիք չունեցող քաղաքական ուժերը ցույց են տալու իրենց առավելություններն ու գերադասելիությունը: Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելով ՀՀԿ-ն կլուծեր իր համար կարևորագույն երկու խնդիր` նախ կապացուցեր ինքն իրեն ու քաղաքական դաշտին, որ «քաղաքական դիակ» չէ (ինչպես բնորոշվել է) և բավականաչափ ուժ ունի բոլորի ծրագրերը խառնելու, և ժամանակ կշահեր` նորից ապացուցելով, որ լինում են իր ասածները: Օրենսդիր իշխանության (հետևաբար նաև գործադիր) լեգիտիմությունն ապահովելու համար, չշեղվելով Սահմանադրությունից, վարչապետը նորից պիտի հրաժարական տար` անցնելով երկշաբաթյա գործընթացով: Իսկ ո՞վ է նոր տարվա նախօրեին ընտրություն անում, կամ ո՞վ կգնար տարեմուտից առաջ ընտրության: Այդպես կգար պայծառ 2019-ը: Հունվարի կեսն էլ կանցներ: Բայց ՀՀԿ-ն պահպանողական է և, փաստացի, այնքան էլ դեմ չէ ՔՊ-ի հաղթանակին: Հենց այնպես` ձևի համար ու հանուն քաղաքական պատեհության ՀՀԿ-ն նաև հայտարարում է, որ գնալու է ընտրությունների ոչ 3-րդ, 4-րդ ուժ լինելու համար: Բոլորն են հայտարարում: Ինչու՞ ոչ: Ո՞վ ձայն կտա կուսակցությանը, որ չի ուզում առաջինը լինել: Մինչև արտահերթ ընտրությունների նախորդ օրը մենք լսելու ենք հարյուրավոր նման հայտարարություններ` տարբեր կատարումներով: Համոզիչ ու անհամոզիչ: Լուրջ ու անլուրջ: Հիմնավոր ու անհիմն: Ե՞րբ են մարդիկ ամենից շատ ստում` որսորդությունից հետո ու ընտրությունից առաջ: Ի վերջո ընտրությունն էլ որսորդություն է` ձայն են որսում, որ դառնում է մանդատ, հետո` իշխանություն: ՈՒստի մի հավատացեք նրանց, որ ի սկզբանե հայտարարում են, թե իրենց իշխանություն պետք չէ (պետք չէ, քաղաքականության մեջ ի՞նչ գործ ունեն), որ իրենց ուշքն ու միտքը ժողովրդին ծառայելն է (ժողովրդին ծառայելու տասնյակ ձևեր կան), ու ընդհանրապես` քաղաքականության մեջ ամենագնահատելի արժեքը անկեղծությունն է, որ գուցե պահանջվող դիվիդենդները չի բերում այստեղ ու հիմա (երբ բոլորը ջանում են ներկայանալ շահեկան ու անխոցելի), բայց վկայում է կայուն հետագիծ ու տրամաբանական հեռանկար:

Մի հավատացեք: Իշխանությունը ժողովրդին ծառայելու միջոց է, եթե նրանք չեն ուզում իշխանություն, ուրեմն չեն ուզում ծառայել ժողովրդին:


Որևէ մեկը ունի՞ բացատրություն` ինչու՞ ԱԺ-ն մերժեց Ընտրական օրենսգիրքը, բայց ընդունեց համաներման օրինագիծը: Ստացվում է` պատգամավորներն իրենց մեծամասնության մեջ չեն մտածում ազատության մեջ ապրողների մասին, բայց մտահոգված են ազատազրկվածների ճակատագրով: Երկու դեպքում էլ հարցը ներկայացնողը նույն մարդն էր` արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` մանրակրկիտ, հետևողական ու համառ` օրինագծերի հիմնավորման մեջ: Եթե Ընտրական օրենսգիրքը վերաբերում է բոլորին, համաներումը վերաբերում էր միայն կոնկրետ մարդկանց ու նրանց հարազատներին, ավելին` ուներ հակադարձ էֆեկտ` ո՞վ ասաց, որ որոշակի հանցանքներ գործած մարդկանց ներում են նրանք, որ հանցանքի մյուս կողմում են` տուժել են: Մինչդեռ նրանք էլ ընտրող են: Կա՞ տրամաբանություն: Կա: Համաներումը մարդասիրական ակտ էր, որով 6-րդ գումարման խորհրդարանն ուզում է մնալ պատմության մեջ, իսկ Ընտրական օրենսգիրքը քաղաքական իրավիճակ ու հնարավորություններ փոխող փաստաթուղթ էր: Խորհրդարանական քաղաքական ուժերը (բացառյալ «Ելքի» մի քանի պատգամավորների) չէին ուզում ընտրությունների կանոններ փոխել` անկախ իրենց հայտարարություններից: Նրանց կարծիքով` ռեյտինգային մնում է այն ոսկելարը, որով կարող են ապահովել իրենց թանկագին ներկայությունը նոր խորհրդարանում: Գուցե: Բայց փաստը մնում է փաստ, որ ԺՊ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ առանձնապես շահագրգռված չէր Ընտրական օրենսգրքի նախագծի ընդունմամբ` միանշանակ համարելով, որ հին, թե նոր` կարևորը քաղաքական կամքն է` իշխանության ու ժողովրդի: Իշխանությունը կապահովի ազատ-արդար-թափանցիկը, ժողովուրդը կապահովի ՔՊ-ի 70 տոկոսը: Իսկ 30 տոկոսի հարցը ով ինչպես ուզում է` թող լուծի: Ճիշտ էր կառավարությանն առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը. «Ընտրական օրենսգրքի ընդունումը, ի հեճուկս հեղափոխության հիմնական քայլերից մեկը լինելու հանգամանքի, պատշաճ տեղ չի գրավել վարչապետի առաջնահերթություններում: Նման պայմաններում զարմանալի չէ, որ ՀՀԿ-ին (ու մի քիչ էլ ՀՅԴ-ին) հաջողվեց տապալել նախագծի ընդունումը: Ավելի լավ (և հեղափոխության հռչակված քայլերին համապատասխան) կլիներ ընտրությունները անցկացնել գարնանը՝ բարեփոխված Ընտրական օրենսգրքով, քան հիմա՝ հնով: Արդյունքում կրկին ունենալու ենք կիսաքաղաքական և կիսաթաղային ընտրություններ: Քաղաքական մշակույթի զարգացումն էլ մի 5 տարով հետ է ընկնելու»:


Կլինե՞ն 7-րդ գումարման Ազգային ժողովում գործարարներ, որ Գագիկ Ծառուկյանի պես իրենց բիզնեսը կհանձնեն կառավարման, ու թաղային հեղինակություններ, որ խորհրդարանում քվեարկության ժամանակ պահանջարկ ունեն: ՈՒ՞մ է պետք հիմա ռեյտինգային ընտրակարգը: Միանշանակ` ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին, խորհրդարանական ու արտախորհրդարանական այլ կուսակցություններ այդ թանկ հաճույքից միայն տուժում են: Ընդհանրապես` ինչու՞ էին գործարարները դառնում պատգամավոր: Նրանց հանձնարարվում էր ֆինանսավորել ընտրարշավը և ձայն ապահովել` փոխարենը ստանում էին մանդատ ու բիզնեսի հնգամյա անձեռնմխելիություն: Բնականաբար, նաև իբրև պատգամավոր քվեարկում էին կողմ ու դեմ` ըստ անհրաժեշտության: Եթե իշխանությունը չունի ձայն գնելու կարիք, և բիզնեսը աշխատում է սպիտակ դաշտում, գործարարները հանգիստ կարող են զբաղվել բիզնեսով ու քաղաքականությունը թողնել քաղաքական գործիչներին: Բայց դա չի վերաբերում ԱԺ արտահերթ ընտրություններին: Այս ընտրություններում որոշումներն ընդունում են հին կուսակցապետերը ու իրենց կաղապարներն են պարտադրում թե՛ կուսակիցներին, թե՛ ընտրողներին: ՈՒ դա, իսկապես, 5 տարով հետ է գցում քաղաքական մշակույթի զարգացումը, որն ապահովելու համար պակասեց 1 ձայն` անհրաժեշտ 63-ի փոխարեն ԸՕ-ի նախագծին կողմ քվեարկեց 62 պատգամավոր: Բացական այս անգամ ոչ թե ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի պատգամավորներն էին:


ԲՀԿ-ն, ինչպես Աժ արտահերթ նիստերն են վկայում, առավելագույնս ջանում է ԱԺ ամբիոնը վերածել սեփական բենեֆիսի բեմի: ԸՕ-ի նախագծի երկրորդ քննարկումը` ԲՀԿ-ի ներկայացմամբ իրավական զավեշտ էր, երբ զեկուցողը տարրական հարցերի պատասխանը չուներ, փոխարենը խմբակցության բոլոր պատգամավորները ինչ-որ հարցեր էին անվերջ «զեկուցում» պարոն Ծառուկյանին, որ անձամբ էր պատվել խորհրդարանը: Նույնը շարունակվեց համաներման նախագծի քննարկման ժամանակ` թե՛ հարցերի, թե՛ ելույթների: Պարզվեց` տարիներով կուսակցությունը զբաղված է քրեակատարողական հիմնարկների հարցերով, համարյա թե անձնական նամակագրություն ունի կալանավորների հետ:
Նոյեմբերի 1-ից 6-րդ գումարման Աժ-ն համարվում է լուծարված, բայց գործելու է մինչև 7-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը` ըստ Կանոնակարգ օրենքի: Ոմանք համարում են, որ Հայաստանում սկսվում է պատմական զարգացման նոր շրջափուլ: Կա՛մ շտապում են, կա՛մ ֆանտաստիկ լավատես են: Ոմանք նաև համարում են, որ Հայաստանը սկսում է 0 կետից: Կա՛մ սխալվում են, կա՛մ մոլորված են: 0 կետից սկսելու համար չափազանց շատ են հայտնի ու անփոփոխ դեմքերն ու իրավիճակները: 0 կետը նաև ենթադրում է, որ հին սխալները կարող են կրկնվել ու շարունակվել: Ոմանց նաև թվում է, որ բովանդակության առումով Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը գրեթե 0 է: Բնավ: Նախ` բովանդակության բացակայությունն էլ բովանդակություն է, հետո` հենց հիմա է ժամանակը, երբ քննություն են հանձնում թե՛ ընտրողները, թե՛ ընտրվողները: Հիմա է ժամանակը, երբ յուրաքանչյուրը իր համար պետք է պարզի` ի՞նչ Հայաստան է ուզում ունենալ և ո՞ր կուսակցությանը ձայն տալով կնպաստի հենց այդ Հայաստանն ունենալուն: Սա ֆանտաստիկ պատասխանատվություն է հայրենիքի առաջ, որ պահանջում է անկեղծություն ու ազնվություն բոլորից: Հարկավ, կան կուսակցություններ, որ արդեն սկսել են ու շարունակելու են թուղթ ու գրիչով անձեր, տոկոսներ, ռեսուրսներ հաշվել Աժ մտնելու հեռանկարի համար, ինչ-որ տեղ` հեռվում թողած հանրային օգտակարության հարցը: Կլինեն հազարավոր ընտրողներ, որ ընտրվողների ցանկում, ցավոք, որոնելու են ոչ թե ծրագիր, այլ ծանոթ դեմքեր: Հենց այդ պատճառով այս ընտրությունը չի ապահովելու ԱԺ այն կազմը, որը պատրաստ է Հայաստանը դնել քաղաքական-տնտեսական-պատմական զարգացման հունի մեջ: Դա չէր լինելու, եթե ԱԺ արտահերթ ընտրությունները մայիս-հունիսին լինեին: Քաղաքական էլիտայի փոփոխությունից բացի մտածողության սերնդափոխություն է պետք, որ կուսակցություններին չի սպառնում, քանի դեռ նախկինի պես երիտասարդները կարիերիստ են իրենց մեծամասնության մեջ ու հայրենասիրության պաթետիկ ճառերի մեջ տեսնում են սեփական շահը` Հայրենիքին ծառայելը թողնելով Ազգային բանակին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Երեկ Աժ-ն ԺՊ Նիկոլ Փաշինյանին երկրորդ անգամ չընտրեց վարչապետ: Նա մեկ ժամ ներկայացրեց իր տնտեսական ծրագիրը` փաստերով, որ նրան բնորոշեցին ոչ թե որպես ապագա վարչապետի, այլ վիճպետկոմի պետի: Պատգամավորներին` չգիտեմ, ՀՀ հպարտ քաղաքացուն պետք են ոչ թե թվեր, այլ զարգացման ծրագիր` իր մեխանիզմով: Ծրագիր, որ ի հայտ չեկավ կես տարում ու հայտնի չէ` ի՞նչ ուրվագիծ կունենա առաջիկա 5 տարում` այս պատկերացումներով ու ընթացքով: Հայտնի չէ` ինչ արդյունք կունենար քվեարկությունը, եթե փակ-գաղտնի լիներ: Ոմանց իրավական քմահաճույքները երբեմն գրում են այլոց պատմությունը: Նոյեմբերը դրեց իր բացականերին, մնում է դեկտեմբերը որոշի ներկաներին: Ձեր ձեռքով: Հուսամ` նաև խելքով ու սրտով:

Դիտվել է՝ 2638

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ