Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մերկելի փոխարեն` Անեգրետ Կրամպ-Կարենբաուեր

Մերկելի փոխարեն` Անեգրետ Կրամպ-Կարենբաուեր
08.12.2018 | 12:47

Գերմանիայի իշխող կուսակցությունը` ՔԴՄ նոր նախագահ ընտրեց` 56-ամյա Անեգրետ Կրամպ-Կարենբաուերին: Նա Անգելա Մերկելի հովանավորյալն է, որ մտադիր է կանցլեր մնալ ևս 3 տարի: Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը Համբուրգում հրավիրված ՔԴՄ համագումարում 999 ձայներից ստացավ 517-ը, ընտրության երկրորդ փուլում առաջ անցնելով Մերկելի քաղաքական ընդդիմախոս Ֆրիդրիխ Մերցից` նրան 482 պատգամավոր ձայն տվեց: 62-ամյա Ֆրիդրիխ Մերցը շուտով նորից կարող է փորձել կուսակցության նախագահ դառնալ` ՔԴՄ նախագահն ընտրվում է 2 տարով: 56-ամյա Անեգրետ Կրամպ Կարենբաուերը Սաարլանդ երկրամասի վարչապետն էր, իսկ 2017-ից` ՔԴՄ-ի գլխավոր քարտուղարը: Նրա հաղթանակը մեծ փոփոխություններ չի բերի Գերմանիայի քաղաքականության մեջ, բայց որոշ փոփոխություններ ակնկալվում են:

Ի՞նչ է անելու Անգելա Մերկելը: Հոկտեմբերի վերջին հայտարարելով, որ Բավարիայում ու Հեսենում ՔԴՄ-ի ընտրություններում կրած անհաջողությունից հետո մտադիր է հեռանալ ՔԴՄ նախագահի պաշտոնից, միաժամանակ շեշտեց, որ մտադիր է մնալ կանցլեր մինչև ժամկետի ավարտը` 2021-ի աշուն: Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը Մերկելի առաջադրած թեկնածուն է և գերմանացի մեկնաբանների մեծ մասի կարծիքով` չեզոք կլինի կանցլերի նկատմամբ` գլխավորելով կուսակցությունը: ՔԴՄ-ի ու Գերմանիայի քաղաքականությունը Անեգրետ Կրամպ-Կարենբաուերի հաղթանակի հետևանքով կարելի է սահմանափակել 4 բառով` ամեն ինչ կմնա նախկինը: Բայց այս կանխատեսումը կարող է թվացյալ լինել, որովհետև այդ դեպքում Մերկելի կառավարությունը լիովին հնարավոր է, որ կազմալուծեն կոալիցիոն դաշնակիցները` սոցիալիստները ու քրիստոնյա սոցիալիստները: Թե նրանց, թե ՔԴՄ-ի վարկանիշն ընկնում է և այդ կուսակցությունների որոշ անդամներ գտնում են, որ խնդիրը կլուծվի ՔԴՄ-ի հետ դաշինքից դուրս գալով ու թոթափելով Մերկելի քաղաքականության պատասխանատվությունը: Նախևառաջ` միգրանտների հարցում: Մերկելի հեռանալը ցանկանում է գերմանացիների մեծ մասը` INSA սոցիոլոգիական ընկերության աշնանը անցկացրած հարցումը ցույց տվեց, որ 2\3-ը (62,2%) գտնում է, որ Մերկելը պետք է հեռանա 2019-ին: Բայց Մերկելը հրաժարականի մասին դեռ չի խոսում: «Ինձ պետք չէ կուսակցության նախագահ լինել` սերտ կապեր պահպանելու համար: Ու ես մնում եմ կանցլեր»` ասաց Մերկելը կուսակցության համագումարում ելույթում, որից հետո պատգամավորները 6 րոպե հոտնկայս ծափահարում էին նրան` բացականչելոբ «Շնորհակալություն, բոսս»:

Նախընտրական արշավի ժամանակ Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը ջանում էր ձերբազատվել «մինի Մերկելի» իմիջից և հարցերից մեկը, որում նա որոշ տարակարծություն ցուցաբերեց Մերկելից, Ռուսաստանն էր` Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը ասաց, որ Մոսկվայի հետ պետք է ավելի կոշտ լինել: ARD հեռուստաալիքով ելույթ ունենալով` Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը ասաց, որ Կերչի նեղուցում ուկրաինական երեք նավերը անձնակազմով գրավելուց հետո Գերմանիան առավել կոշտ դիրքորոշում պետք է ունենա Մոսկվայի նկատմամբ, մասնավորապես վերանայի վերաբերմունքը «Հյուսիսային հոսք 2» նախագծին: Ճիշտ է այդ վերանայումը Անեգրետ Կրամպ-Կարենբաուերի ներկայացմամբ` այնքան էլ արմատական չէ, նա առաջարկեց մտածել բնական գազի ծավալների սահմանափակման մասին, որ Ռուսաստանը մատակարարելու է խողովակաշարով: Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը հայտարարեց լրագրողներին, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը պետք է մտածեն` ինչպես արգելել Ազովի ծովում տեղակայված ռուսական նավերի մուտքը եվրոպական նավահանգիստներ:


Անեգրետ Կրամպ-Կարենբաուերի հայտարարություններից դատելով` սկզբունքորեն նոր ոչինչ չի լինի միգրանտների հարցում, նույնիսկ եթե նա տեսանելի ապագայում փոխարինի Մերկելին կանցլերի պաշտոնում` մեկնաբանները այդ հնարավորությունը տեսնում են: Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը այդ թեմայով զգուշավոր է` ասում է, օրինակ, որ միգրացիոն քաղաքականությունը պետք է հաճախակի ու համարձակ բացատրել ընտրողներին: Բուն քաղաքականությունը պետք է փոխել, թե ոչ` Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը չի ասում: Դա ստիպում է գերմանացիներին ենթադրել, որ նա պաշտպանում է Մերկելի տեսակետը միգրանտների հարցում:
Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը օրինակելի կաթոլիկ է, երեք երեխաների մայր: Գերմանիայի մամուլը նրան նկարագրում է իբրև Մերկելից մի քիչ ձախ սոցիալ-տնտեսական հարցերում և մի քիչ պահպանողական մնացած հարցերում: Նա, օրինակ, դեմ է անցուցքին ու միասեռական ամուսնություններին:
BBC


Հ.Գ. Ցանկանում են, թե ոչ գերմանացիները` Գերմանիայում ևս դարաշրջան է փակվում` Անգելա Մերկելի կառավարումը Եվրոպայի համար դժվարին տարիներին, ապահովում էր գոնե մեկ երկրի տնտեսական զարգացումն ու քաղաքական կայունությունը: Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը երբեք Անգելա Մերկել չի լինի` նույնիսկ կանցլեր դառնալու դեպքում: Գերմանիայում ևս սկսվում են նոր ժամանակներ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2891

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ