Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Խալիֆաթի կործանումից հետո կարո՞ղ է վերածնվել «Իսլամական պետությունը»

Խալիֆաթի կործանումից հետո կարո՞ղ է վերածնվել «Իսլամական պետությունը»
22.02.2019 | 13:42

Ջիհադականների հռչակած խալիֆաթը, որի իշխանության տակ հաջողության գագաթնակետին Իրաքի ու Սիրիայի 8 միլիոն բնակիչներ էին հայտնվել, համարյա ամբողջությամբ ջախջախվել է: Կարո՞ղ է խալիֆաթը վերածնվել, երբ և եթե տարածաշրջանից հեռանան Արևմուտքի զինվորները: Այո, բայց ուրիշ ձևով:


Թվում էր` շուտով արևմտյան մայրաքաղաքներում հնարավոր է հաղթանակ տոնել:

Հաղթանակի ճանապարհը չորս ու կես տարի ձգվեց ու պահանջեց 79 երկրների կոալիցիա ստեղծել ու միլիարդավոր դոլարներ ծախսել: Հաղթանակի գինը հազարավոր զոհերն են` այդ թվում խաղաղ իրաքցիներն ու սիրիացիները: Բայց ԻՊ-ի գործունեության հետախուզական գաղտնի տվյալներին տեղյակ մարդիկ հորդորում են չշտապել: Անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովում բրիտանական МИ-6 հետախուզության տնօրեն Ալեքս Յանգերն ասաց. «Խալիֆաթի ռազմական ջախջախումը չի նշանակում, որ մենք հեռացրել ենք ահաբեկիչների սպառնալիքները: Մենք տեսնում ենք` ինչպես են նրանք ձևափոխվում ու տարածվում: Սիրիայում ու Սիրիայից դուրս: Դա ահաբեկչական կազմակերպության ավանդական ձևն է»: Գերմանիայի ՊՆ նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Մյունխենի համաժողովում պատմեց, որ ԻՊ-ը անցնում է խոր ընդհատակ և կապեր է հաստատում ահաբեկչական այլ խմբավորումների հետ: Արևմտյան Ասիայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատար Ջոզեֆ Վոտելը նույնպես ասում էր, որ թեպետ ԻՊ-ի կառույցը փլուզված է, պետք է շարունակել պայքարը մասերի հետ, այլապես նորից կմիավորվեն: Տարբեր գնահատականներով` Սիրիայում ու Իրաքում ընդհատակ են անցել ԻՊ-ի 20-30000 զինյալներ: Նրանցից շատերն արտասահմանից են և չեն ցանկանում ու չեն կարող հայրենիք վերադառնալ` այնտեղ նրանց ձերբակալելու են: Իրաքից տեղեկություններ են ստացվում, որ հաճախացել են ԻՊ-ի զինյալների հարձակումները երկրի հյուսիսում: ԻՊ-ի ֆանատիկների ինչ-որ մասեր կան Լիբիայում, Եգիպտոսում, Արևմտյան Աֆրիկայում, Աֆղանստանում ու Ֆիլիպինների հարավում: Միով բանիվ` պատկերը մռայլ է:


Հիշենք` 2013-2014-ին ի՞նչը նպաստեց ԻՊ-ի վերելքին ու հասկանանք` հնարավո՞ր է նորից նույն մասշտաբներին հասնի: ԻՊ-ը վերաճեց Իրաքի Ալ Կայիդայից, որ ահաբեկչական խմաբավորում է համարվում շատ երկրներում: Այդ խմբավորումը իրավիճակային ալյանսն էր անգործ մնացած ու ստորացված իրաքցի զինվորականների ու հատուկ ծառայությունների` իդեալիստ ջիհադականների հետ, որ կենտրոնացել էին Իրաքում արաբական երկրներից ու աշխարհի տարբեր անկյուններից: Նրանք արձագանքեցին Ալ Կայիդայի առաջնորդներին, որ հայտարարում էին` յուրաքանչյուր մուսուլմանի պարտքն է գալ ու օգնել ԱՄՆ-ի` Իրաքի օկուպացիայի դեմ պայքարին: Բայց շուտով այդ իդեալիստների դաժանությունն ու անհանդուրժողականությունը` նրանք, օրինակ, կտրում էին սիգարետ ծխելիս բռնվածի մատները, իրենց դեմ տրամադրեցին Իրաքի բնակչության տարբեր խմբերի ու նրանք անցան կենտրոնական իշխանության կողմը և Ալ Կայիդային վտարեցին Իրաքի անապատային շրջաններ: Բայց Իրաքի շիայական կառավարությունը նաև իր դեմ տրամադրեց բնակչության մեծ խմբերի` սունիների համակարգված հետապնդումների պատճառով: 2014-ի ամռանը նրանք արդեն այնքան էին ատում կենտրոնական իշխանությանը, որ ԻՊ-ը` լինելով սունիական էքստրեմիստական շարժում, գրավեց երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը` առանց դիմադրության: Հավելեք Իրաքի նոր բանակի բարոյալքումը, որի ավագ սպաները իրենց զորամիավորումները լքելով` փախչում էին ԻՊ-ից ու կստանաք ԻՊ-ի տարածման գլխավոր պատճառները, որ իր վերահսկողության տակ վերցրեց Իրաքի տարածքի 1\3-ը: Հարևան Սիրիայում այդ ժամանակ բռնկվեց քաղաքացիական պատերազմ և այդ քաոսում ԻՊ-ը, իբրև ամենավճռական ու անողորմ զինված խմբավորում, հեշտությամբ գրավեց բավականին մեծ տարածքներ: Կարո՞ղ է նույնը կրկնվել: Եվ` այո, և` ոչ: Խալիֆաթի վերածնունդը հին ձևով չափազանց անհավանական է` թույլ չեն տա: Բայց շատ գործոններ, որ նպաստել են ԻՊ-ի վերելքին մի քանի տարի առաջ, ուժի մեջ են այսօր էլ: Իրաքը ողողել են շիայական աշխարհազորայինները, նրանց մի մասը զինված է, ֆինանսավորվում է շիայական Իրանից: Տեղեկություններ են ստացվում, որ այդ շիաները տներից վտարում են սունիներին` մեղադրելով, որոշ դեպքերում անհիմն, ԻՊ-ի հետ համագործակցության մեջ: ԻՊ-2-ից խուսափելու համար Իրաքը պետք է ազգային համաձայնության գործընթաց սկսի ու ստեղծի կառավարություն, որտեղ կլինեն բնակչության բոլոր խմբերի ներկայացուցիչներ: Բայց առայժմ հիմքեր չկան ասելու, որ իրավիճակն այդ ուղղությամբ է զարգանում:


Սիրիայում աղետալից քաղաքացիական պատերազմի պատճառը հաղթական տեսքով նստած է Դամասկոսի իր պալատում: Ռուս ու իրանցի դաշնակիցների ուժերով փրկված Բաշար Ասադի դիրքերը բավականին ամուր են: Սիրիացիները չափազանց շատ են տանջվել պատերազմից, որ նրան դիմադրեն: Բայց Ասադի վարչակարգի դաժանությունները շարունակում են շատերին մղել զինված դիմադրության, ու դա ԻՊ-ի համար շանս է: Նորագիրներ գտնելու շանսեր ԻՊ-ն ունի և հարևան երկրներում, և ամբողջ աշխարհում, ամենուր, որտեղ մուսուլմաններն զգում են իրական ու թվացյալ հալածանքներ, որտեղ ծայրաստիճան հիասթափված են իշխանություններից, որտեղ երիտասարդներին թվում է, որ իրենց պակասում է հեռանկարն ու նպատակը: Խալիֆաթը մեռավ, բայց նրա վտանգավոր ու վարակիչ գաղափարախոսությունը ողջ է:
Ֆրենկ Գարդներ, ВВС


Հ.Գ. ԻՊ-ի վերածնունդի արմատը մահմեդականության մեջ է` Ղուրանի նորօրյա քաղաքական մեկնաբանությունների, որ Մուհամեդ մարգարեի ուսմունքից չեն բխում, այլ հարմարեցվում են նվաճողական նպատակներին` հիմքում ունենալով շիաների ու սունիների միմյանց դեմ պայքարը և նավթի ու գազի հանաքավայրերին տիրանալով` հարստության անվերջ աղբյուրներ ունենալը: Նրանց գաղափարախոսությունը ոչ միայն ողջ է, այլև անվերջ է, որովհետև տարածաշրջանի պետությունների հակասությունները անհաղթահարելի են` հավելած Արևմուտքի ու Ռուսաստանի շահերի բախումները տարածաշրջանում: Գուցե ինչ-որ ժամանակ, եթե քաղաքական շահերը չխանգարեն, շիաների ու սունիների ուսուցչապետերը գաղափարական համաձայնության գան, բայց դա շատ հեռու ապագայի հեռանկար է: Իսկ հիմա աշխարհը փորձում է լուծել գերեվարված ոչ արաբ ԻՊ-ականների խնդիրը ու չի կարողանում` խճճվելով իրավական ու քաղաքական սահմանափակումների, ավելի պարզ` հանցագործ հայրենակիցների հայրենիք չվերադառնալու ցանկության մեջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2517

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ