Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Իսկ դուք գնացեք Կիև ու հարցրեք

Իսկ դուք գնացեք Կիև ու հարցրեք
21.01.2014 | 01:12

Երկու ամիս համբերող Կիևը երեկ կրկին պայթեց: Կողմերի «նյարդերը» չդիմացան. Յանուկովիչը վավերացրեց Ռադայի` նախորդ օրն ընդունած «ինկվիզիցիոն» փաստաթուղթը, որով նրա ձեռքերին ազատություն էր տրվում Մայդանը նույնպես ազատելու, ինչին ուկրաինական ընդդիմությունն ասաց` երբե՛ք:
Մի կողմ թողնելով բոլորին հայտնի մանրամասները` վառված ու դեռ վառվող բերկուտյան ավտոբուսներ, հատուկ դաժանությամբ` տասն աստիճանի սառնամանիքին տասը ժամ շարունակ ջրցան մեքենաներից ջրվող ընդդիմադիրներ, փորձենք հասկանալ կատարվածի քաղաքական ենթատեքստը:
Նախ` ինչո՞ւ հենց հիմա: Մի քանի պատճառներով. Սոչիի օլիմպիադան քթի տակ է, պետք է «մաքրել» տարածքը` ողջ շառավղով մեկ, որպեսզի օլիմպիադայի օրերին Մայդանը չշեղի աշխարհի ուշադրությունը` ինչ-ինչ անկանխատեսելի զարգացումներով, ու օլիմպիադայով գլուխը խառը Վլադիմիրի քթի տակից մեկ էլ ու հանկարծ ՈՒկրաինան «չտանեն»:
Եվ ապա` առաջիկա տարին ՈՒկրաինայում նախընտրական է, նախագահի ընտրություններ պետք է տեղի ունենան, և եթե այսօր Մայդանում` բարիկադների տարբեր կողմերում, միմյանց դեմ կանգնած քաղաքական ուժերը բալանսն իրենց հաշվին չփոխեն, ապա բուն ընտրությունների ժամանակ արդեն դժվար կլինի, որովհետև այդ ընթացքում շատ ջրեր կհոսեն:
Արևմուտքն ՈՒկրաինայում ներդրած շատ մեծ ջանքերը չէր կարող հենց այնպես լցնել ջուրը, եթե անգամ տասն աստիճանի սառնամանիք է Մայդանում, մանավանդ որ Ռուսաստանը մեծ ակտիվություն է դրսևորում նաև Իրանի հարցում, ինչն ամենևին Արևմուտքի սրտով չէր, և դա երևաց Լավրովին Քերիի նվիրած խիստ անհասկանալի ու կասկածելիորեն երկար երկու «կարտոֆիլներից»:
Ինչ սցենարներ կարող են զարգանալ Մայդանում: Ամենասարսափելին, որ կարող է տեղի ունենալ ՈՒկրաինայի հետ, նույնիսկ վերջինիս երկու մասի բաժանվելու հեռանկարը չէ: Ամենասարսափելին եգիպտական սցենարի կրկնությունը կարող է լինել. ասել է` տևական դիմակայությունը, այն է` քաղաքացիական պատերազմը: Կասկածում ենք, որ սցենարն այս ուղղությամբ զարգանա, քանզի Եվրոպայի սրտում նման «շռայլություն» թույլ տալն ուղղակի կամիկաձեություն կլինի:
Ամենապոզիտիվն ստեղծված վիճակում պայմանավորվելն է: Պայմանները կարող են մշակել «կողմերը»՝ Կլիչկո-Յանուկովիչ, Արևմուտք-Ռուսաստան տանդեմով, ինչն այս պահին նույնպես դժվար կլինի:
Հնարավո՞ր են նախագահի արտահերթ ընտրություններ։ Չի բացառվում՝ որպես փոխզիջում:
Բոլոր դեպքերում, Յանուկովիչի երգը երգված է. ուկրաինական երեկվա դեպքերից հետո նա ո՛չ Ռուսաստանին է պետք, ո՛չ էլ Արևմուտքին:
Իսկ գուցե հենց դրա համար էլ «կազմակերպվեցի՞ն» այս դեպքերը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2611

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ